ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի
հունիսի 23-ին
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Սույն հոդվածի կիրառման առումով ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է առաջանում նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ԱՏԳ ԱԱ-2203, 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների հանրապետության տարածքում հարկային հսկողության ու հաշվառման կարգ, այդ թվում` իրացման քանակների հաշվառման հատուկ կարգ և պահանջներ, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշների ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջներ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Հայաստանի Հանրապետությունից բացի) ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ-2203, 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման մաքսային հսկողության ու հաշվառման կարգը, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշների ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ, 4-րդ և 5-րդ մասեր՝
«3. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշների վերադարձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետից ուշացնելու կամ սույն հոդվածի 4-րդ մասում սահմանած դեպքերում հարկային մարմինների կողմից հետ չընդունվելու դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային դրոշմանիշների թվին, տեսակին և տարողությանը համապատասխան պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով վճարվում է ակցիզային հարկ:
4. Հարկ վճարողի կողմից վերադարձվող ակցիզային դրոշմանիշները հարկային մարմինների կողմից չեն ընդունվում, եթե չեն պահպանվել հետևյալ պայմանները՝
ա) ակցիզային դրոշմանիշները պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա՝ առանց ծալքերի և անհարթությունների.
բ) պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի սերիան և դրա կենտրոնական մասը.
գ) ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն.
դ) վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում՝ հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած նմուշի դրոշմանիշները կիրառության մեջ են դրվում և կիրառությունից հանվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Այդ դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրելու ժամկետը չի կարող պակաս լինել երկու տարուց՝ սկսած դրոշմանիշները կիրառության մեջ դնելու պահից, կամ 6 ամսից` դրան հաջորդող նմուշի դրոշմանիշները կիրառության մեջ դնելու պահից:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով՝
«8. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում ակցիզային հարկը վճարվում է ակցիզային դրոշմանիշների վերադարձման ժամկետը լրանալու կամ հարկային մարմինների կողմից դրոշմանիշները հետ չընդունվելու ամսվան հաջորդող ամսվա մինչև 15-ը:
Վնասված ակցիզային դրոշմանիշները սահմանված կարգով հարկային մարմիններ վերադարձվելու (վերջիններիս կողմից հետ ընդունվելու) դեպքերում վերադարձման ենթակա ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար նախկինում պետական բյուջե վճարված գումարը նվազեցվում է նույն ակցիզային դրոշմանիշների տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով:
Ակցիզային դրոշմանիշների յուրաքանչյուր նմուշի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափի վերաբերյալ տեղեկանքը հարկ վճարողին տրվում է համապատասխանաբար հարկային մարմնի կողմից` հարկ վճարողի պահանջով: Տեղեկանքը տրվում է հարկ վճարողի դիմումի ստացմանը հաջորդող 15-րդ օրվանից ոչ ուշ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԱՏԳ ԱԱ-2203 ծածկագրին դասվող ապրանքների մասով սույն օրենքի 2-րդ հոդվածի «ա» կետն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հոկտեմբերի 1-ից:
Սույն օրենքի 2-րդ հոդվածի «բ» կետի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված դրոշմանիշների նկատմամբ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
15 հուլիսի 2004թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-126 |
|