ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի
մայիսի 21-ին
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
|
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկի հաշվարկման, վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների, ակցիզային հարկ վճարողների (այսուհետ՝ հարկ վճարողներ) շրջանակը, ակցիզային հարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:
|
Հոդված 2. |
Ակցիզային հարկը |
Ակցիզային հարկը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է:
|
Հոդված 3. |
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները և հարկ վճարողները |
1. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի և այլ գինիները, գինենյութը, սպիրտը և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի):
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարում են վերոհիշյալ ապրանքները ներմուծող կամ արտադրող (ներառյալ՝ շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) իրավաբանական (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում՝ շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են այդ անձինք (պատվիրատուները):
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում՝ շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են դրանք արտադրող (պատրաստող, շշալցնող) անձինք:
5. Որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե վերջինս սույն օրենքի համաձայն համարվում է հարկ վճարող:
|
Հոդված 4. |
Ակցիզային հարկով հարկվող օբյեկտը և հարկման բազան |
1. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է համարվում՝
ա) «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրողների (ներառյալ՝ շշալցնողների կամ այլ կերպ տարայավորողների) կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (այդ թվում՝ անհատույց):
Սույն հոդվածի կիրառման առումով հարկվող օբյեկտ է համարվում նաև գույքի (ներառյալ՝ ապրանքների), ծառայությունների, աշխատանքների և գույքային իրավունքների դիմաց ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (փոխանակումը):
2. Սույն օրենքի իմաստով հարկման բազա է համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների քանակը (ծավալը)՝ արտահայտված սույն օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով, որի նկատմամբ օրենքով սահմանված դրույքաչափերով և կարգով հաշվարկվում է ակցիզային հարկի գումարը:
|
Հոդված 4. |
Ակցիզային հարկի դրույքաչափերը |
1. Ակցիզային հարկը վճարվում է հետևյալ դրույքաչափերով՝
|
Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի |
Ապրանքախմբի անվանումը |
Հարկման բազայի միավորը |
Ակցիզային հարկի դրույքաչափը |
|
2203 |
Գարեջուր |
բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային արժեքի |
10 % |
|
2204 |
Խաղողի և այլ գինիներ, գինենյութ
|
բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային արժեքի |
10%, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 50 դրամ |
|
2207
2207 |
Էթիլային սպիրտ
Տեղական հումքից արտադրվող էթիլային սպիրտ |
1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)
1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) |
600 դրամ
300 դրամ |
|
2208 |
Սպիրտային խմիչքներ |
բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային արժեքի |
25% բայց ոչ պակա, քան 1 լիտրի համար 150 դրամ |
|
2403 |
Ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
1 կիլոգրամ |
1500 դրամ |
|
2709 |
Հում նավթ և նավթամթերք |
1 տոննա |
27000 դրամ |
|
2711 (բացառությամբ 2711 11 և 2711 21) |
Նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) |
1 տոննա |
1000 դրամ |
2. Սույն օրենքի իմաստով տեղական հումք է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսական արտադրանք արտադրողից ձեռք բերված և այդ հումքի բազայի վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերամշակում անցած արտադրանքը:
3. Ծխախոտի արտադրանքի և ներմուծվող դիզելային վառելիքի ու բենզինի ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանվում են առանձին օրենքներով:
4. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարներ:
|
Հոդված 6. |
Ակցիզային հարկի արտոնությունները |
1. Ակցիզային հարկով չեն հարկվում՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա արտահանված ապրանքների օտարումը (իրացումը), եթե առկա է սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված փաստաթուղթը.
բ) «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված մաքսային ռեժիմներով հանրապետության մաքսային տարածք ներմուծվող և այդ տարածքից արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.
գ) օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, պետությանը հանձնված տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը և օտարումը.
դ) մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ ապրանքների քանակը կամ մաքսային արժեքը չգերազանցող չափով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները:
2. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկի այլ արտոնություններ:
|
Հոդված 7. |
Ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորումը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ:
2. Հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշների ձեռք բերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար՝ հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար, և չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին, բացառությամբ դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերի:
|
Հոդված 8. |
Ակցիզային հարկի վճարումը և հաշվարկների ներկայացումը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն կետով նշված դեպքում վճարողներն ակցիզային հարկի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց համար ակցիզային հարկի գծով հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար՝ մինչև դրան հաջորդող ամսվա 15-ը, վճարում են ակցիզային հարկը և համապատասխան հարկային մարմին են ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով:
Ակցիզային հարկի հաշվարկը ներկայացվում է նաև սույն հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետում նախատեսված դեպքում:
4. Հարկ վճարողի կողմից ակցիզային հարկի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման և սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ, որոնց ներկայացման կարգը և ժամկետները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինը:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը՝
ա) այդ հումքից պատրաստված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքում ենթակա է վերադարձման՝ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում.
բ) բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետում նշված դեպքի, պակասեցվում է դրանց համար դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա՝ հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարի՝ այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարը գերազանցող մասը հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:
7. Հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, դրանց լրացման կարգը, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
|
Հոդված 9. |
Ակցիզային հարկի վերադարձման կարգը |
1. Պետական գրանցում ստացած անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված՝ ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման դեպքում վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման՝ այդ անձանց հարկային այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե նշված անձանց կողմից համապատասխան հարկային մարմին են ներկայացվում՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարողներից ակցիզային հարկով ձեռք բերված ապրանքների հաշվարկային և վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները.
բ) մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված բեռնառաքման հայտարարագրի պատճենը՝ «Բացթողումը թույլատրված է» նշումով:
2. Հարկի գումարը օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձվում է այլ հարկային պարտավորություններ չունենալու դեպքում կամ հաշվանցվում է այլ հարկային պարտավորությունների հաշվին՝
ա) ակցիզային հարկ վճարող անձանց համար՝ սույն օրենքով սահմանված յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի ակցիզային հարկի հաշվարկների հիման վրա՝ հարկ վճարողի դիմումի և սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում.
բ) ակցիզային հարկ վճարող չհամարվող անձանց համար՝ նրանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով դիմումի և սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:
|
Հոդված 10. |
Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար |
1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտը կամ հարկման բազան թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար հարկ վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված ակցիզային հարկի գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի չափով:
3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետում նշված կարգով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի ճշգրտված մեկից ավելի յուրաքանչյուր հաշվարկի ներկայացման դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ 200 հազար դրամի չափով:
|
Հոդված 11. |
Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը |
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինը:
|
Հոդված 12. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի օգոստոսի 4-ի «Ակցիզային հարկի մասին» և 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
1 հուլիսի 2003թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-52 |
|