Համարը 
ՀՕ-52
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.05.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.07.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 24.06.2009թ. ՀՕ-40-Ն օրենքի 2-րդ հոդվածը:


ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի

մայիսի 21-ին

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկի հաշվարկման, վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների, ակցիզային հարկ վճարողների (այսուհետ՝ հարկ վճարողներ) շրջանակը, ակցիզային հարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

 

Հոդված 2.

Ակցիզային հարկը

Ակցիզային հարկը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է:

 

Հոդված 3.

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները և հարկ վճարողները

1. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի և այլ գինիները, գինենյութը, սպիրտը և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի):

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարում են վերոհիշյալ ապրանքները ներմուծող կամ արտադրող (ներառյալ՝ շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) իրավաբանական (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում՝ շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են այդ անձինք (պատվիրատուները):

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում՝ շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են դրանք արտադրող (պատրաստող, շշալցնող) անձինք:

5. Որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե վերջինս սույն օրենքի համաձայն համարվում է հարկ վճարող:

 

Հոդված 4.

Ակցիզային հարկով հարկվող օբյեկտը և հարկման բազան

 

1. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է համարվում՝

ա) «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրողների (ներառյալ՝ շշալցնողների կամ այլ կերպ տարայավորողների) կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (այդ թվում՝ անհատույց):

Սույն հոդվածի կիրառման առումով հարկվող օբյեկտ է համարվում նաև գույքի (ներառյալ՝ ապրանքների), ծառայությունների, աշխատանքների և գույքային իրավունքների դիմաց ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (փոխանակումը):

Սույն հոդվածի կիրառման առումով ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է առաջանում նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում:

2. Սույն օրենքի իմաստով հարկման բազա է համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների քանակը (ծավալը)՝ արտահայտված սույն օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով, որի նկատմամբ օրենքով սահմանված դրույքաչափերով և կարգով հաշվարկվում է ակցիզային հարկի գումարը:

 (4-րդ հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-126)

 

Հոդված 5.

Ակցիզային հարկի դրույքաչափերը

 

1. Ակցիզային հարկը վճարվում է հետևյալ դրույքաչափերով՝

 

Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Հարկման բազայի միավորը

Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)

2203

Գարեջուր

1 լիտր

70

2204

Խաղողի և այլ գինիներ, գինենյութ

 

բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ

2205

Վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ

1 լիտր

500

2206

Խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)

1 լիտր

180

2207

Էթիլային սպիրտ

1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

600

2208

Սպիրտային խմիչքներ

բացթողման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի), իսկ ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 250 դրամ

2403

Ծխախոտի արդյունաբե րական փոխարինիչներ

1 կիլոգրամ

1500

2709

Հում նավթ և նավթամթերքներ

1 տոննա

27000

2711 (բացառությամբ 2711 11 և 2711 21)

 

Նավթային գազեր և գազանման այլ ածխաջրա- ծիններ (բացառությամբ բնական գազի)

1 տոննա

1000

 

2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան 2208 ծածկագրում ներառված` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության`40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով, իսկ մինչև 9 տոկոս սպիրտայնություն պարունակող խմիչքների համար սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար` 100 դրամ:

3. Ծխախոտի արտադրանքի և ներմուծվող դիզելային վառելիքի ու բենզինի ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանվում են առանձին օրենքներով:

4. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարներ:

(5-րդ հոդվածը խմբ. 28.12.2005 ՀՕ-247)

 

Հոդված 6.

Ակցիզային հարկի արտոնությունները

 

1. Ակցիզային հարկով չեն հարկվում՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա արտահանված ապրանքների օտարումը (իրացումը), եթե առկա է սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված փաստաթուղթը.

բ) «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված մաքսային ռեժիմներով հանրապետության մաքսային տարածք ներմուծվող և այդ տարածքից արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.

գ) օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, պետությանը հանձնված տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը և օտարումը.

դ) մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ ապրանքների քանակը կամ մաքսային արժեքը չգերազանցող չափով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանք արտադրողից ձեռք բերված և այդ հումքի բազայի վրա ակցիզային հարկ վճարող անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանված ԱՏԳ ԱԱ 2204 և 2208 ծածկագրերին դասվող գինենյութի և կոնյակի սպիրտի որպես հումք օտարումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկի այլ արտոնություններ:

(6-րդ հոդվածը լրաց. 14.06.2006 ՀՕ-297)

 

Հոդված 7.

Ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորումը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ԱՏԳ ԱԱ-2203, 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների հանրապետության տարածքում հարկային հսկողության ու հաշվառման կարգ, այդ թվում` իրացման քանակների հաշվառման հատուկ կարգ և պահանջներ, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշների ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջներ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Հայաստանի Հանրապետությունից բացի) ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ-2203, 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման մաքսային հսկողության ու հաշվառման կարգը, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշների ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշներ ձեռք բերելու համար հարկային մարմին ներկայացվում են՝

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ձևին համապատասխան դիմում՝ 2 օրինակից.

2) ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) հաշվետվություն` ձեռք բերված ակցիզային դրոշմանիշների օգտագործման մասին, հարկային մարմնի սահմանած ձևով.

4) արտադրողների (ներառյալ՝ շշալցում իրականացնողների) կողմից որպես հումք ձեռք բերված սպիրտի ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերի պատճենները.

5) լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի ու համապատասխանության սերտիֆիկատի (պարտադիր լինելու դեպքում) պատճենները: Լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենները կարող են չներկայացվել, եթե դրանք տվյալ տարվա համար մեկ անգամ արդեն ներկայացվել են: Համապատասխանության սերտիֆիկատը գործողության յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ներկայացվում է մեկ անգամ: Այս դեպքում սույն կետում նշված փաստաթղթերին կից ներկայացվող գրությունում նշվում են այն գրության ամսաթիվը և համարը, որին կից ներկայացվել են այդ պատճենները:

12. Ակցիզային դրոշմանիշները տրամադրվում են սույն հոդվածի 11-րդ մասում նշված փաստաթղթերի և արտադրողների մոտ հարկային մարմինների կողմից արտադրական կարողությունների ուսումնասիրության վերաբերյալ կազմված տեղեկանքի հիման վրա: Հարկային մարմինն ակցիզային դրոշմանիշները տրամադրում է փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Ակցիզային դրոշմանիշներ չեն տրամադրվում, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ արտադրական հզորությունները չեն համապատասխանում պահանջվող դրոշմանիշների քանակին: Այս դեպքում հայտը կարող է բավարարվել մասնակի՝ արտադրական հզորություններին համապատասխան:

13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, ալկոհոլային խմիչքի արտադրանքի համար` 50 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ, բացառությամբ բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշների:

14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար տարաների թույլատրելի չափեր:

2. Հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշների ձեռք բերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար՝ հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար, և չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին, բացառությամբ դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերի:

3. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշների վերադարձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետից ուշացնելու կամ սույն հոդվածի 4-րդ մասում սահմանած դեպքերում հարկային մարմինների կողմից հետ չընդունվելու դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային դրոշմանիշների թվին, տեսակին և տարողությանը համապատասխան պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով վճարվում է ակցիզային հարկ:

4. Հարկ վճարողի կողմից վերադարձվող ակցիզային դրոշմանիշները հարկային մարմինների կողմից չեն ընդունվում, եթե չեն պահպանվել հետևյալ պայմանները՝

ա) ակցիզային դրոշմանիշները պետք է փակցված լինեն առանձին էջերի վրա՝ առանց ծալքերի և անհարթությունների.

բ) պետք է պարզ երևան ակցիզային դրոշմանիշի սերիան և դրա կենտրոնական մասը.

գ) ակցիզային դրոշմանիշի պատռվածքի դեպքում պատռված մասերը պետք է միացված լինեն.

դ) վերադարձվող յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի մակերեսը (այդ թվում՝ հավաքված առանձին մասերից) պետք է կազմի իր սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած նմուշի դրոշմանիշները կիրառության մեջ են դրվում և կիրառությունից հանվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Այդ դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրելու ժամկետը չի կարող պակաս լինել երկու տարուց՝ սկսած դրոշմանիշները կիրառության մեջ դնելու պահից, կամ 6 ամսից` դրան հաջորդող նմուշի դրոշմանիշները կիրառության մեջ դնելու պահից:

(7-րդ հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-126, 24.12.2008 ՀՕ-82-Ն, փոփ. 24.06.2009 ՀՕ-40-Ն)

 

Հոդված 8.

Ակցիզային հարկի վճարումը և հաշվարկների ներկայացումը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն կետով նշված դեպքում վճարողներն ակցիզային հարկի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց համար ակցիզային հարկի գծով հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար՝ մինչև դրան հաջորդող ամսվա 15-ը, վճարում են ակցիզային հարկը և համապատասխան հարկային մարմին են ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով:

Ակցիզային հարկի հաշվարկը ներկայացվում է նաև սույն հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետում նախատեսված դեպքում:

4. Հարկ վճարողի կողմից ակցիզային հարկի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման և սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ, որոնց ներկայացման կարգը և ժամկետները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բանկային վճարմամբ ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը՝

ա) այդ հումքից պատրաստված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքում ենթակա է վերադարձման՝ սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում.

բ) բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետում նշված դեպքի, պակասեցվում է դրանց համար դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա՝ հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բանկային վճարմամբ ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարի՝ այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարը գերազանցող մասը հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:

61. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռք բերված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարին գերազանցելու դեպքում, գերազանցող մասը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով և 9-րդ հոդվածով սահմանված դեպքերի, հաշվանցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջաններում` սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ակցիզային հարկի գումարների հաշվին:

7. Հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, դրանց լրացման կարգը, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

8. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում ակցիզային հարկը վճարվում է ակցիզային դրոշմանիշների վերադարձման ժամկետը լրանալու կամ հարկային մարմինների կողմից դրոշմանիշները հետ չընդունվելու ամսվան հաջորդող ամսվա մինչև 15-ը:

Վնասված ակցիզային դրոշմանիշները սահմանված կարգով հարկային մարմիններ վերադարձվելու (վերջիններիս կողմից հետ ընդունվելու) դեպքերում վերադարձման ենթակա ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար նախկինում պետական բյուջե վճարված գումարը նվազեցվում է նույն ակցիզային դրոշմանիշների տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով:

Ակցիզային դրոշմանիշների յուրաքանչյուր նմուշի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափի վերաբերյալ տեղեկանքը հարկ վճարողին տրվում է համապատասխանաբար հարկային մարմնի կողմից` հարկ վճարողի պահանջով: Տեղեկանքը տրվում է հարկ վճարողի դիմումի ստացմանը հաջորդող 15-րդ օրվանից ոչ ուշ:

(8-րդ հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-126, 28.12.2005 ՀՕ-247, լրաց., փոփ. 12.12.2007 ՀՕ-92)

 

Հոդված 9.

Ակցիզային հարկի վերադարձման կարգը

 

1. Պետական գրանցում ստացած անձանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված՝ ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման դեպքում վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման՝ այդ անձանց հարկային այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե նշված անձանց կողմից համապատասխան հարկային մարմին են ներկայացվում՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարողներից ակցիզային հարկով ձեռք բերված ապրանքների հաշվարկային և վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները.

բ) մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված բեռնամաքսային հայտարարագրի պատճենը՝ «Բացթողումը թույլատրված է» նշումով:

2. Հարկի գումարը օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձվում է այլ հարկային պարտավորություններ չունենալու դեպքում կամ հաշվանցվում է այլ հարկային պարտավորությունների հաշվին՝

ա) ակցիզային հարկ վճարող անձանց համար՝ սույն օրենքով սահմանված յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի ակցիզային հարկի հաշվարկների հիման վրա՝ հարկ վճարողի դիմումի և սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում.

բ) ակցիզային հարկ վճարող չհամարվող անձանց համար՝ նրանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով դիմումի և սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:

(9-րդ հոդվածը փոփ. 28.12.2005 ՀՕ-247)

 

Հոդված 10.

Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

 

1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտը կամ հարկման բազան թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար հարկ վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված ակցիզային հարկի գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի չափով:

3. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետում նշված կարգով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի ճշգրտված մեկից ավելի յուրաքանչյուր հաշվարկի ներկայացման դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ 200 հազար դրամի չափով:

 

Հոդված 11.

Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 (11-րդ հոդվածը լրաց. 28.12.2005 ՀՕ-247)

 

Հոդված 12.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի օգոստոսի 4-ի «Ակցիզային հարկի մասին» և 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

1 հուլիսի 2003թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-52