ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“28” նոյեմբերի 2003թ. |
N 335 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2003թ. նոյեմբերի 28-ի
թիվ 335 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման պայմանները և կարգավորում են դրա հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգով նախատեսված գործունեության լիցենզիա ստանալու իրավունք ունեն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, եթե «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) և իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականով սույն կարգով նախատեսված գործունեությունն իրականացնելն արգելված չէ:
3. Սույն կարգի գործողությունը տարածվում է վտանգավոր թափոնների վրա, բացառությամբ միջուկային և ռադիոակտիվ թափոնների, որոնց փոխադրման, օգտագործման, պահպանման, վերամշակման ու թաղման գործունեության լիցենզավորումն իրականացվում է լիցենզավորման առանձին կարգով:
4. Առանց սույն կարգով տրված լիցենզիայի վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեություն իրականացնելն առաջացնում է օրենքներով նախատեսված պատասխանատվություն:
5. Սույն կարգով սահմանված լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրերում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, որակավորման քննությանը մասնակցելու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու չափով:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
6. Սույն կարգով նախատեսված գործունեության համար լիցենզիան տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին) միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Միջգերատեսչական հանձնաժողովը կազմվում է ոլորտի իրավասու պետական կառավարման լիազոր մարմինների ներկայացուցիչներից ու բնագավառի մասնագետներից և ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի կողմից:
Միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:
7. Լիցենզիայի հայտը քննարկվում և դրա վերաբերյալ որոշումն ընդունվում է սույն կարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից առնվազն 30-օրյա ժամկետում:
8. Լիցենզավորող մարմինը որոշում է ընդունում հայտատուին լիցենզիա տալու կամ մերժելու մասին:
9. Սույն կարգով նախատեսված գործունեության տեսակով զբաղվելու լիցենզիան տրվում է անժամկետ:
Լիցենզիան ստանալուց հետո օրենքներով ժամկետային սահմանափակում նախատեսելու դեպքում լիցենզիան ենթակա է սահմանված ժամկետով վերաձևակերպման:
III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Հայտատուն սույն կարգով նախատեսված գործունեության տեսակով զբաղվելու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝
ա) լիցենզիա ստանալու մասին հայտը (NN 1 և 2 ձևերը կցվում են)՝ նշելով իրավաբանական անձի համար՝ իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը (վայրերը), իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրը (վայրերը), լիցենզավորման գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
բ) հայտին կից հետևյալ փաստաթղթերը՝
- տեղեկություններ այն մասնագետների մասնագիտական պատրաստվածության մասին, ովքեր ապահովելու են լիցենզավորվող գործունեության իրականացումը՝ նրանց որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճեններով,
- տեղեկություններ հայտը ներկայացնելու պահի դրությամբ գործունեության և աշխատանքի փորձի, լիցենզավորվող գործունեության կատարման նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի առկայության ու դրանց տիրապետման, նյութատեխնիկական հագեցվածության փորձաարտադրական տեղակայանքների, սարքավորումների և անալիտիկ գործիքների առկայության, լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի (վայրերի)՝ անհրաժեշտ պայմաններով ապահովվածության մասին, ինչպես նաև փորձաքննական եզրակացության համաձայն այլ տեղեկություններ,
- իրավաբանական անձինք՝ նաև կանոնադրության պատճենը, պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատերերը՝ պետական գրանցման վկայականի պատճենը,
- իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ նաև տեղեկանք համապատասխան տարածքային հարկային տեսչությունից՝ հաշվառման մեջ լինելու մասին,
- լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:
11. Սույն կարգով նախատեսված անձանց որակավորման ստուգումն իրականացվում է որակավորման հանձնաժողովի կողմից՝ օրենքին համապատասխան:
12. Լիցենզավորող մարմինը մինչև լիցենզիա ստանալու հայտի մասին որոշում ընդունելը միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով պարզում է հայտի և դրան կից ներկայացված փաստաթղթերի լիակազմությունը՝ սույն կարգի 10-րդ կետին համապատասխան:
Եթե հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերում հայտնաբերում է թերություն, ապա դրա մասին նա պատշաճ ձևով տեղեկացնում է դիմողին կամ նրա ներկայացուցչին, որից հետո՝ 10 օրվա ընթացքում հայտատուն պարտավոր է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը:
Լիցենզավորող մարմինը 5-օրյա ժամկետում սույն կարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողով:
Միջգերատեսչական հանձնաժողովը 15-օրյա ժամկետում լիցենզավորող մարմին է ներկայացնում փորձաքննական եզրակացություն՝ տվյալ հայտատուի՝ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեությամբ զբաղվելու նպատակահարմարության վերաբերյալ:
13. Լիցենզիա ստանալու հայտը բավարարելու դեպքում լիցենզիա տալու որոշումն ընդունելուց ոչ ուշ, քան օրենքով սահմանված ժամկետում, հանձնաժողովը հայտատուի անվամբ ձևակերպում է լիցենզիա՝ սույն կարգին կցված լիցենզիաներին համապատասխան (NN 3 և 4 ձևերը կցվում են):
14. Լիցենզիան անմիջականորեն տրվում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին, կամ օրենքով սահմանված կարգով ուղարկվում է նշված անձանց:
15. Լիցենզավորված անձն իրավունք ունի լիցենզիայով նախատեսված գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:
Լիցենզիան տալու համար պարտադիր է հայցվող գործունեության բնագավառում ներգրավվող մասնագետի առնվազն 3 տարվա (անընդմեջ) համապատասխան աշխատանքային ստաժի առկայությունը:
16. Լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները:
Պարտադիր պահպանման նորմերի և կանոնների ցանկերը լիցենզավորված անձին են հանձնվում լիցենզիայի հետ միասին: Նշված ցանկերում կատարված փոփոխությունների մասին լիցենզավորված անձին հայտնվում է այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-օրյա ժամկետից ոչ ուշ:
Լիցենզավորված անձը պարտավոր է պահպանել նաև օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված պահանջներն ու պայմանները:
Հանձնաժողովն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան տրված լիցենզիայի մասին հայտնում է բնապահպանական, սանիտարահամաճարակային և հակահրդեհային մարմիններին՝ համապատասխան վերահսկողությունն ապահովելու համար:
17. Լիցենզիա տալու համար վճարվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
18. Լիցենզիան ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով դրա գրանցման պահից:
19. Հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բողոքարկելու լիցենզավորող մարմնի որոշումներն ինչպես լիցենզիան մերժելու դեպքում, այնպես էլ լիցենզիայի գործողության ընթացքում դրա հետ կապված լիցենզավորող մարմնի գործողությունների դեմ՝ դատական կարգով:
20. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործունեության կասեցումը, դադարեցումը և հայտի մերժումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
21. Սույն կարգի համաձայն լիցենզիայի պահանջների և պայմանների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը՝ օրենքով սահմանված կարգով:
22. Սույն կարգին համապատասխան լիցենզավորված անձինք պարտավոր են օրացուցային տարվա ընթացքում յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել լիցենզիայով նախատեսված գործունեության իրականացման մասին` մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Ձև 1
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը ____________________________
______________________________________________________________________________
2. Կազմակերպական-իրավական ձևը ______________________________________________
______________________________________________________________________________
3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը __________________________________________
(հասցեն)
______________________________________________________________________________
4. Գործունեության իրականացման վայրը ___________________________________________
(հասցեն)
______________________________________________________________________________
5. Գործունեության տեսակը ______________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը
1. Կանոնադրության պատճենը
2. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը
3. Պետական տուրքի վճարման անդորրագիրը
4. Փորձաքննական եզրակացությունը
5.
6.
7.
8.
9.
10.
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
Հաստատում եմ _________________________________________________________________
(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը)
______ ________________ 200 թ.
Կ. Տ.
Ձև 2
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը ___________________________
______________________________________________________________________________
2. Բնակության վայրը, հեռախոսահամարը ___________________________________________
______________________________________________________________________________
3. Անձնագիր ___________________________________________________________________
(սերիան և համարը)
______________________________________________________________________________
4. Գործունեության իրականացման վայրը ___________________________________________
(հասցեն)
______________________________________________________________________________
5. Գործունեության տեսակը _______________________________________________________
Կից ներկայացվող փաստաթղթերը
1. Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը
2. Պետական տուրքի վճարման անդորրագիրը
3. Փորձաքննական եզրակացությունը
4.
5.
6.
7.
8.
9.
10.
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
Հաստատում եմ _________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի ստորագրությունը, ազգանունը,
______________________________________________________________________________
անունը, հայրանունը)
______ _________________ 200 թ.
Կ. Տ.
Ձև 3
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ N ____
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Տրված է __________________ 200 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության 200 թ. ____________ ____ -ի N ____ որոշման հիման վրա:
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ____________________________
__________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _________________________________________
(հասցեն)
__________________________________________________________________________
Գործողության ժամկետը՝ անժամկետ
________________________
(ստորագրությունը)
Կ. Տ.
Ձև 4
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ N ____
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Տրված է __________________ 200 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 200 թ. ____________ ___________-ի N ____ որոշման հիման վրա:
Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը և բնակության վայրը ___________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը __________________________________________
(հասցեն)
___________________________________________________________________________
Նշումներ___________________________________________________________________
Գործողության ժամկետը՝ անժամկետ
____________________
(ստորագրությունը)
Կ. Տ.