ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''27'' մայիսի 2003թ. |
N 140 |
ք.Ստեփանակերտ
«Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` ԼՂՀ կառավարությունը որոշում է.
Հաստատել «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2003թ. մայիսի 27-ի
թիվ 140 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:
1.2 Կազմակերպությունը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003թ. ապրիլի 15-ի թիվ 98 որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման միջոցով և հանդիսանում է նրա իրավահաջորդը:
1.3 Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
1.4 Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, սահմանված կարգով բացված բանկային հաշիվներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով, իր անվանմամբ (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կլոր կնիք և դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
1.5 Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:
1.6 Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփական գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություն, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան:
1.7 Կազմակերպության անվանումն է՝
հայերեն լրիվ` «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն
հայերեն կրճատ` «Հանրապետական անասնաբուժական լաբորատորիա» ՊՈԱԿ
ռուսերեն լրիվ` ''Республиканская ветеринарная лаборатория'' государственная некоммерческая организация
ռուսերեն կրճատ ''Республиканская ветеринарная лаборатория'' ГНКО
անգլերեն լրիվ` ”Republic veterinаry laboratory” state non commercial organization
անգլերեն կրճատ` ”Republic veterinary laboratory” SNCO
1.8 Կազմակերպության գտնվելու վայրն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Մաշտոցի պողոտա, 102
2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
2.1 Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝
ա) կենդանիների հիվանդությունների (այդ թվում թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների) լաբորատոր ախտորոշման սահմանումը.
բ) վարակիչ հիվանդություններով կամ նյութափոխանակման խախտումների և օրգանիզմի գործունեության այլ շեղումների հետ կապված հիվանդություններով հիվանդ կենդանիների հայտնաբերումը.
գ) կենդանիների զանգվածային հիվանդությունների պատճառների հայտնաբերումը.
դ) կենդանական ծագմամբ մթերքների (միս, կաթ, ձու, մեղր, պահածոներ) և հումքի փորձաքննության կազմակերպումը.
3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
3.1 Կազմակերպությունը՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կատարում է անասնապահությամբ զբաղվող տնտեսություններից կամ շրջանային անասնաբուժական ծառայություններից ստացված նմուշների, կենդանիների (այդ թվում թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների, մեղուների և այլ կենդանիների) հիվանդությունների ախտորոշման նպատակով լաբորատոր հետազոտություններ.
բ) տնտեսություններին, կազմակերպություններին, տնտեսավարող սուբյեկտներին հայտնում է սահմանված կարգով հետազոտված նյութերի հետազոտությունների արդյունքները և դրանց մասին տալիս եզրակացություններ` համապատասխան առաջարկություններով.
գ) հատուկ վտանգավոր հիվանդություններ հայտնաբերելու դեպքում որոշում է ախտորոշիչ հետազոտությունների բնույթը, ծավալը և կարգը, ապահովում է սեղմ ժամկետում դրանց իրականացումը.
դ) իրականացնում է շրջանային անասնաբուժական ծառայությունների ախտորոշիչ բաժինների մեթոդական ղեկավարումը.
ե) կենդանական ծագման մթերքի և հումքի անվտանգության ապահովման նպատակով անցկացնում է անասնաբուժասանիտարական փորձաքննություն.
զ) պրոպագանդում է կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի առաջավոր փորձը:
4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
4.1 Կազմակերպության կառավարման մարմիններն են՝
ա) հիմնադիրը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը,
բ) լիազորված պետական մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը,
գ) գործադիր մարմինը` տնօրենը:
4.2 Կազմակերպության հիմնադիրն իրավունք ունի վերջնական լուծում տալու կազմակերպության գործունեությանն ու կառավարմանը վերաբերող ցանկացած հարցի՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նրա բացառիկ լիազորություններն են՝
ա) կազմակերպության ստեղծումը, կանոնադրության հաստատումը և նրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելը.
բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների սահմանումը.
գ) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.
դ) օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը:
4.3 Լիազորված պետական մարմինը՝
ա) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող՝ պետությանը պատկանող գույքի կազմը.
բ) ստեղծում է կազմակերպության լուծարման հանձնաժողով և հաստատում լուծարման հաշվեկշիռը.
գ) իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում դրա բնականոն գործունեությունը և կրում պատասխանատվություն դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.
դ) ձևավորում է կազմակերպության կառավարման մարմինները, իրականացնում նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
ե) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության նկատմամբ.
զ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, կարգադրությունները և ցուցումները.
է) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրա գործունեության վերստուգման արդյունքները.
ը) իրականացնում է վերահսկողություն կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
թ) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և հիմնադրի որոշմամբ համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնելու համար.
ժ) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը.
ի) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշմամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
4.4 Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը` օրենքով սահմանված կարգով:
4.5 Կազմակերպության տնօրենն իրեն վերապահված լիազորության սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
4.6 Լիազորված պետական մարմնի ղեկավարը հիմնադրի անունից կազմակերպության տնօրենի գործառույթներ իրականացնող անձի հետ կնքում է պայմանագիր:
4.7 Կազմակերպության տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:
4.8 Կազմակերպության տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետական կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար:
4.9 Տնօրենի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
4.10 Տնօրենը պարտավոր է չկատարել վերադաս կառավարման մարմինների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
4.11 Տնօրենի բացակայության դեպքում նրան պաշտոնի նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն, տնօրենի լիազորություններն իրականացնում է այլ անձ:
4.12 Կազմակերպության տնօրենը՝
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում պայմանագրեր.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները.
գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
ե) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
զ) սահմանում է կազմակերպության կառուցվածքը.
է) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
ը) օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
թ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ.
5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
5.1 Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող և իր գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:
5.2 Կազմակերպությունն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, հիմնադրի որոշումներին և սույն կանոնադրությանը համապատասխան իր հայեցողությամբ տիրապետել, տնօրինել և օգտագործել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
5.3 Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
5.4 Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:
5.5 Կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:
6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ
6.1 Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանն անժամկետ և անհատույց ամրացվում է գույք:
6.2 Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքն օտարել, գրավ դնել և հանձնել անհատույց օգտագործման:
6.3 Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարուց ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:
6.4 Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները նրա սեփականությունն են:
6.5 Ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
6.6 Հիմնադրի կողմից գույքը կազմակերպությանն ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հիմնադրի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
6.7 Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության կողմից օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:
7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
7.1 Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:
7.2 Կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան հաշվետվությունը:
8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
8.1 Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
8.2 Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքներն ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
8.3 Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, ինչպես նաև սնանկության հետևանքով:
8.4 Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
8.5 Կազմակերպության լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե: