Համարը 
N 26
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
02.03.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
02.03.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՁԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"2" մարտի 1999թ.

N 26

ք.Ստեփանակերտ

 

Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կանոնադրությունը և անձին հաշմանդամ ճանաչելու կարգը հաստատելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կանոնադրությունը (կցվում է).

բ) (ենթակետն ուժը կորցրել է 08.07.2003 N 207)

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ մինչև 1999 թ. մայիսի 1-ը հաստատել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգումները և հաշմանդամության խմբերի որոշման չափանիշները:

3. Սահմանել, որ մինչև 16 տարեկան երեխաների հաշմանդամությունը 1999 թ. հուլիսի 1-ից որոշելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թ. հուլիսի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ժ. Պողոսյան 

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ԼՂՀ կառավարության

1999 թվականի մարտի 2-ի

թիվ 26 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները (ԲՍՓՀ, այսուհետև` հանձնաժողովներ) գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության համակարգում:

2. Հանձնաժողովներն ստեղծում, վերակազմավորում և լուծարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցապահովության նախարարությունը:

3. Հանձնաժողովների թիվը, նրանց մասնագիտական ուղղվածությունը և հաստիքների թիվը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցապահովության նախարարությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում:

4. Հանձնաժողովներն իրենց գործունեությունն իրականացնում են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցապահովության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահական մարմինների, գործատուների ու հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցված:

5. Հանձնաժողովների պահպանման ծախսերն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

6. Հանձնաժողովներն ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց անվամբ կնիք, դրոշմակնիք:

 

II. Հանձնաժողովների իրավասությունները, կառուցվածքը և կազմը

 

7. Հանձնաժողովների իրավասություններն են`

ա) անձի հաշմանդամության խմբի, հաշմանդամության պատճառական կապի, տևողության ժամանակաշրջանի և վաղեմության ժամկետի սահմանումը, հաշմանդամի սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերի որոշումը, վերականգնողական անհատական ծրագրերի մշակումը.

բ) հաշմանդամության շարժի (դինամիկա) և դրա առաջացման պատճառների վերլուծությունը.

գ) հաշմանդամների տվյալների հաշվառման պետական համակարգի ձևավորումը:

8. Հանձնաժողովները կազմակերպվում են հանրապետական և տարածքային (առաջնային) հանձնաժողովների կարգավիճակով:

9. Ելնելով բնակչության հիվանդացության և հաշմանդամության բնույթից` կարող են կազմակերպվել ընդհանուր, խառը և մասնագիտացված հանձնաժողովներ:

10. Ստեղծվում են տարածքային հանձնաժողովներ, և կազմակերպվում է 1 հանրապետական հանձնաժողով:

11. Տարվա ընթացքում 1800-2000 քննվողների կամ 100-120 հազար բնակչության թվի առկայության դեպքում կազմակերպվում է 1 տարածքային հանձնաժողով: Տվյալ չափանիշներին չհամապատասխանելու դեպքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով, ելնելով անհրաժեշտությունից, առանձին տարածքներում կարող են կազմակերպվել տարածքային հանձնաժողովներ:

12. Ընդհանուր բնույթի տարածքային հանձնաժողովների կազմում մտնում են վիրաբույժ, թերապևտ և նյարդաբան, իսկ մասնագիտացված հանձնաժողովներում` հանձնաժողովի բնույթին համապատասխանող մասնագիտության 2 բժիշկ, ինչպես նաև թերապևտ կամ նյարդաբան: Հանձնաժողովների կազմում ընդգրկվում են նաև վերականգնողական (ռեաբիլիտոլոգ), սոցիոլոգ և հոգեբան, որոնք իրենց իրավասությունների սահմաններում մասնակցում են փորձաքննությանը` խորհրդակցական ձայնի իրավունքով:

Մինչև 18 տարեկան երեխաների բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնելու նպատակով հանձնաժողովում որոշիչ ձայնի իրավունքով ներգրավվում է մանկաբույժ կամ մանկական հիվանդությունների գծով նեղ մասնագետ` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական նախարարության համատեղ հաստատված ցանկի:

(12-րդ կետը փոփ. 08.07.2003 N 207)

13. Հանրապետական և տարածքային հանձնաժողովների նախագահներին, անդամներին և հանձնաժողովների աշխատանքներն սպասարկող անձնակազմին (բուժքույր, բուժվիճակագիր, հավաքարար, վարորդ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը:

14. Հանրապետական հանձնաժողովի կազմում ընդգրկվում է չորս բժիշկ` թերապևտ, նյարդաբան, վիրաբույժ, իսկ չորրորդ բժշկի մասնագիտությունը որոշվում է` հաշվի առնելով սպասարկվող տարածքի յուրահատկությունները, բնակչության հիվանդացության և հաշմանդամության բնույթը: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև վերականգնողական, սոցիոլոգ, հոգեբան և այլ մասնագետներ` աշխատանքի վարձատրության ժամավճարային կարգով:

15. Մինչև 18 տարեկան անձանց բժշկասոցիալական փորձաքննությունն անցկացնելու համար հանրապետական հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև մանկաբույժ:

(15-րդ կետը փոփ. 08.07.2003 N 207)

16. Տարածքային և հանրապետական հանձնաժողովները ղեկավարում են հանձնաժողովների նախագահները: Որոշումներն ընդունվում են կոլեգիալ հիմունքներով` ձայների պարզ մեծամասնությամբ:

17. Եթե տարածքային հանձնաժողովի նախագահը կամ առանձին անդամներ համաձայն չեն ընդունված որոշմանը, ապա քննման ակտում կատարվում է համապատասխան գրառում և մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում հանրապետական հանձնաժողով` խորհրդատվական եզրակացության համար:

18. Հանձնաժողովի նախագահը կազմակերպում է քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունը, ապահովում դրա իրականացումը և պատասխանատվություն կրում հանձնաժողովի գործունեության համար:

 

III. Հանձնաժողովների պարտականություններն ու իրավունքները

 

19. Տարածքային հանձնաժողովները`

ա) սահմանում են 18 և բարձր տարիքի հիվանդների կենսագործունեության սահմանափակման բնույթն ու աստիճանը և նրանց վերականգնողական ներուժը.

բ) արձանագրում են հաշմանդամության առկայությունը, տևողության ժամանակաշրջանը, վաղեմությունը, ժամկետը, սահմանում են հաշմանդամության խումբն ու պատճառական կապը.

գ) որոշում են անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով)` աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման դեպքում.

դ) որոշում են տուժած անձի մահվան պատճառական կապը արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու և այլ հանգամանքների հետ, որոնց դեպքում մահացածի ընտանիքի անդամներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, նշանակում են կենսաթոշակ և փոխհատուցում վնասը.

ե) մշակում են հաշմանդամների անհատական վերականգնողական ծրագրեր, որոշում բժշկական, սոցիալական միջոցառումների տեսակներն ու ծավալները, հսկողություն սահմանում դրանց իրագործման ընթացքի նկատմամբ.

զ) ստեղծում են բժշկասոցիալական փորձաքննություն անցած քաղաքացիների տվյալների բանկ.

է) մասնակցում են հաշմանդամության պատճառագիտական գործոնների ուսումնասիրման և հաշմանդամության կանխարգելման ծրագրերի մշակման աշխատանքներին.

ը) զինապարտների և զորակոչային (18-28 տարին լրանալը) տարիքի անձանց հաշմանդամությունը սահմանելու բոլոր դեպքերի մասին տեղեկացնում են կազմակերպական-զորահավաքային բաժիններին.

թ) անհրաժեշտության դեպքում քաղաքացուն տեղեկացնում են փորձաքննության կարգի և պայմանների մասին:

(19-րդ կետը փոփ. 08.07.2003 N 207)

20. Հանրապետական հանձնաժողովը`

ա) իրականացնում է տարածքային հանձնաժողովների մասնագիտական, մեթոդական ղեկավարումը և վերահսկողությունը.

բ) իրականացնում է (խորհրդատվական կարգով) հանձնաժողովների կողմից ներկայացված դեպքերի բժշկասոցիալական փորձաքննություն.

գ) անցկացնում է բողոքարկված որոշումների փորձաքննություն.

դ) իրականացնում է մինչև 18 տարեկան երեխաների բժշկասոցիալական փորձաքննությունը.

- սահմանում է մինչև 18 տարեկան հիվանդների կենսագործունեության սահմանափակման բնույթն ու աստիճանը և նրանց վերականգնողական ներուժը.

- արձանագրում է հաշմանդամության առկայությունը, տևողությունը, տևողության ժամանակաշրջանը, վաղեմությունը, ժամկետը, սահմանում է հաշմանդամության խումբն ու պատճառական կապը.

- որոշում է երեխայի ուսման ունակության սահմանափակումը ըստ աստիճանի.

- մշակում է հաշմանդամների անհատական վերականգնողական ծրագրեր, որոշում բժշկական սոցիալական միջոցառումների տեսակներն ու ծավալները, հսկողություն սահմանում դրանց իրագործման ընթացքի նկատմամբ.

- ստեղծում է բժշկասոցիալական փորձաքննություն անցած երեխաների տվյալների բանկ.

- անհրաժեշտության դեպքում երեխայի ծնողներին կամ հարազատներին տեղեկացնում է փորձաքննության կարգի և պայմանների մասին.

- մինչև զինվորական ծառայության զորակոչվելը նախազորակոչային (16‑18 տարին լրանալը) տարիքի անձանց հաշմանդամությունը սահմանելու բոլոր դեպքերի մասին տեղեկացնում է կազմակերպչական-զորահավաքային բաժիններին:

ե) մասնակցում է հաշմանդամություն առաջացնող գործոնների ուսումնասիրմանը և կանխարգելիչ ծրագրերի մշակմանը.

զ) խորհրդատվական օգնություն է ցույց տալիս հանձնաժողովների մասնագետներին, կազմակերպում նրանց ուսուցումը.

է) կազմակերպում է գիտագործնական հանձնաժողովներ.

ը) ստեղծում է հաշմանդամների տվյալների հանրապետական բանկ:

(20-րդ կետը խմբ., լրաց. 08.07.2003 N 207)

21. Հանձնաժողովներն իրավասու են`

ա) բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց ուղեգրելու առողջապահական համակարգի բուժհիմնարկներ` լրացուցիչ հետազոտման.

բ) գործատուներից պահանջելու անհրաժեշտ տվյալներ քննություն անցնող անձանց աշխատանքի բնույթի և պայմանների վերաբերյալ.

գ) սոցիալական ապահովության շրջանային (տարածքային) կենտրոնների և Ստեփանակերտի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության բաժնի հետ համատեղ վերահսկելու հաշմանդամների աշխատանքային պայմանները և վերականգնողական միջոցառումների իրականացումը:

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ԼՂՀ կառավարության

1999 թվականի մարտի 2-ի

թիվ 26 որոշմամբ

Կ Ա Ր Գ

 

անձին հաշմանդամ ճանաչելու

(կարգն ուժը կորցրել է 08.07.2003 N 207)