ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''28'' փետրվարի 2005թ. |
N 106 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածների ու ԼՂՀ ջրային օրենսգրքի պահանջներին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն ԼՂՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 16–ի թիվ 442 որոշման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
2005թ. փետրվարի 28-ի
թիվ 106 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության (այսուհետ` վարչություն) աշխատակազմում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ ջրային ռեսուրսների (մակերևութային և ստորերկրյա) կառավարման բնագավառում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի ներկայացմամբ:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության ու արդյունավետ օգտագործման նպատակով քաղցրահամ և ստորերկրյա ջրային ռեսուրսների քաղաքականության ձևավորումն ու կառավարումը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրի ազգային պաշարի ապահովման ու ավելացման միջոցառումների իրականացման ապահովումը.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օգտագործելի ջրերի քանակի և որակի նախնական գնահատման, բնակչության ու տնտեսության ներկայի և ապագայի ջրի պահանջարկի ուրվագծման ապահովումը.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի նախապատրաստման աշխատանքների կատարման ապահովումը.
ե) ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի շրջանակներում ջրային ռեսուրսների կառավարմանն ու պահպանությանն աջակցելը.
զ) ջրային ռեսուրսների կառավարման ու պահպանության բնագավառում գիտատեխնիկական հիմնարար ու կիրառական հետազոտությունների կատարման և արդյունքների ներդրման ապահովումը.
է) ջրային ռեսուրսների որակական և քանակական մոնիտորինգի պահանջարկի ձևավորման ապահովումը.
ը) պետական ջրային կադաստրի վարման և ջրային հաշվեկշռի կազմման ապահովումը.
թ) ջրավազանային կառավարման պլանների մշակման ապահովումը:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) ջրի ազգային քաղաքականության մշակման և ջրի ազգային ծրագրի նախապատրաստման աշխատանքների համակարգում.
բ) ջրի ազգային ծրագրի մշակմանն ու նորարարացմանը մասնակցություն.
գ) տնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների վրա առաջացած ազդեցության գնահատման էկոլոգիատնտեսական հիմնավորման սկզբունքների ու նորմերի մշակում.
դ) իր իրավասության սահմաններում ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից բխող աշխատանքների կազմակերպում և իրականացում.
ե) ջրային ռեսուրսների` ըստ օգտագործման գործառույթի և կարգավիճակի դասակարգում.
զ) ջրերի ստանդարտների մշակմանը մասնակցություն և դրանց կիրառման նկատմամբ վերահսկում.
է) ջրի ազգային ծրագրի համաձայն` կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական և քանակական չափանիշների հաստատում.
ը) մակերևութային և ստորերկրյա ջրառի սահմանային մեծությունների հաստատում.
թ) ջրավազանային կառավարման պլանների մշակման ու դրանց իրականացման ապահովում.
ժ) ջրօգտագործման թույլտվությունների տրամադրում.
ժա) ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի` այլ անձանց փոխանցման ձևակերպում.
ժբ) ջրօգտագործման մասին հայտի գնահատման արդյունքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողին ջրօգտագործման թույլտվության ստացման պահանջից ազատում.
ժգ) ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման առաջադրանքի ձևավորում և դրանց մասին հաշվետվությունների գրանցում.
ժդ) պետական ջրային կադաստրում փաստաթղթերի գրանցում և տեղեկատվության տրամադրում.
ժե) ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև ջրային համակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը մասնակցություն.
ժզ) ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացում, պլանավորման ու կառավարման գործընթացում դրանց արդյունքների ներառում.
ժէ) ջրային ռեսուրսների կառավարման հարցերին առնչվող ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքների համակարգում.
ժը) ջրհավաք ավազանների սպառման վտանգի բացահայտում և ջրային էկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունները կանխելու նպատակով ծրագրերի մշակում.
ժթ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր կողմից մշակված փաստաթղթերի մասին հասարակայնությանը ծանուցման կազմակերպում.
ի) ստորերկրյա ջրերի արտոնյալ օգտագործման իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ ջրառի սահմանային չափի սահմանում.
իա) ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների քարտեզների մշակման ապահովում.
իբ) ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների սարքերի աշխատանքի, ինչպես նաև ջրապահպանման գոտիների պահպանության նկատմամբ հսկողության իրականացում.
իգ) ջրավազաններ թափվող կեղտաջրերի քանակական և որակական ցուցանիշների հսկիչ անալիզների կատարումը մասնագիտացված լաբորատորիաների միջոցով պարբերաբար կազմակերպելը.
իդ) ջրօգտագործողների կողմից ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտման դեպքում` ջրօգտագործման թույլտվության կասեցում, փոփոխում կամ չեղյալ համարում.
իե) ջրօգտագործման մասին հաշվետվությունների ամփոփման և վերլուծության աշխատանքներին մասնակցություն.
իզ) ջրային ռեսուրսների ռեժիմային դիտարկումների աշխատանքների համակարգում.
իէ) ջրային ռեսուրսների հաշվեկշռի կազմում:
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետը (այսուհետ` վարչության պետ): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթում սահմանված կարգով հաղթող ճանաչվելուց հետո, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչության պետը:
Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, վարչության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Գործակալության պետը պատասխանատու է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
11. Գործակալության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, վարչության պետին և գործակալության գործունեությունը համակարգող վարչության պետի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև վարչության աշխատակազմի ղեկավարին:
12. Գործակալության պետը
ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) վարչության պետին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ ու տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) վարչության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
ե) վարչության պետին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
զ) ապահովում է վարչության պետի հրամանների և ցուցումների, ինչպես նաև վարչության պետի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում վարչության պետին կամ նրա համապատասխան տեղակալին.
է) վարչության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.
ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժա) վերահսկողություն է իրականացնում գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժբ) վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման վերաբերյալ.
ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Գործակալության պետի բացակայության դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված՝ փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից՝ «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, վարչության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է վարչության աշխատակազմը:
15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
2005թ. փետրվարի 28-ի
թիվ 106 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Ջրային ռեսուրսների կադաստրի և մոնիտորինգի բաժին
Ջրօգտագործման թույլտվությունների բաժին
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |