ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» դեկտեմբերի 2007թ. |
N 733 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների և երկրաբանական գործակալությունը, ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը և կենսառեսուրսների կառավարման գործակալությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալություն:
2. Հաստատել`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալության կանոնադրությունը` համաձայն թիվ1 հավելվածի.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալության կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005թ. փետրվարի 28-ի «ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ106, «ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների և երկրաբանական գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 107 և «ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 108 որոշումները:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«25» դեկտեմբերի 2007թ.
թիվ 733 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության (այսուհետ` վարչություն) աշխատակազմում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ կենսաբազմազանության պահպանության, ջրային ռեսուրսների (մակերևութային և ստորերկրյա), մթնոլորտի, վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման և ընդերքի ուսումնասիրման, արդյունաբերական գնահատման և յուրացման բնագավառում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
2. Գործակալությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
7. Գործակալության գտնվելու վայրը` ք.Ստեփանակերտ Գ.Նժդեհ 68:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Կենսառեսուրսների կառավարման ոլորտում գործակալության նպատակներն ու խնդիրներն են`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնական էկոհամակարգերի, ներառյալ անտառների, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բուսական ու կենդանական աշխարհի օբյեկտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման ապահովումը, ինչպես նաև այդ ոլորտներում պետական քաղաքականության ձևավորմանն ու կառավարմանն աջակցությունը.
բ) էկոհամակարգերի բազմազանության ու դրանց կենսապաշարների պահպանության ու վերարտադրության ապահովումը.
գ) բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների հաշվառման, գույքագրման, տեղեկատվական բանկի ու կենսապաշարների կադաստրների ստեղծման ու վարման իրականացման ապահովումը.
դ) կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ստեղծման ու իրականացման ապահովումը.
ե) կենդանական և բուսական բնական պաշարների օգտագործման թույլատրելի չափաքանակների հաստատման համար հիմնավորումների ապահովումը.
զ) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և կայուն օգտագործման աշխատանքների համակարգումը:
9. Օգտակար հանածոների պաշարների և երկրաբանական ոլորտում գործակալության նպատակներն ու խնդիրներն են`
ա) պաշտպանել պետության շահերն ընդերքի երկրաբանական ուսումնասիրման, արդյունաբերական գնահատման, նպատակային օգտագործման և պահպանության բնագավառում` ընդերքօգտագործողների շահերի հաշվառմամբ.
բ) նպաստել ընդերքի տնտեսական ներուժի բացահայտմանը.
գ) նպաստել ընդերքի վերաբերյալ երկրաբանական և այլ տեղեկատվության հավաստիության պատշաճ մակարդակի ապահովմանը.
դ) օժանդակել ընդերքի երկրաբանական ուսումնասիրման, արդյունաբերական գնահատման, օգտագործման և պահպանության մեթոդների ու միջոցների կատարելագործմանը.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օգտակար հանածոների հայտնաբերման նպատակով երկրաբանական համալիր ուսումնասիրությունների` երկրաբանական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, երկրաքիմիական, երկրաֆիզիկական հանույթների, դրանց ուղեկցող ընդհանուր որոշումների, ինչպես նաև օգտակար հանածոների հայտնաբերման նպատակ չհետապնդող երկրաբանահետախուզական այլ աշխատանքների ապահովումը.
զ) իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների համակարգումը.
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման մեթոդական ապահովումը.
ը) պետական նշանակության երկրաբանական, տեկտոնական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական և այլ քարտեզների կազմման ու դրանց հրատարակման ապահովումը.
10. Հողերի պահպանության ոլորտում գործակալության նպատակներն ու խնդիրներն են`
ա) հողերի բերրիության, ինչպես նաև հողի այլ օգտակար հատկությունների պահպանումը, բարելավումը և արդյունավետ օգտագործումը
բ) բնապահպանական միջոցառումների, բնության հուշարձանների, արգելավայրերի, կանաչապատ գոտիների օգտագործմանն ու պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը
11. Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում գործակալության նպատակներն ու խնդիրներն են`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության ու արդյունավետ օգտագործման նպատակով քաղցրահամ և ստորերկրյա ջրային ռեսուրսների քաղաքականության ձևավորումն ու կառավարումը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրի ազգային պաշարի ապահովման ու ավելացման միջոցառումների իրականացման ապահովումը.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օգտագործելի ջրերի քանակի և որակի նախնական գնահատման, բնակչության ու տնտեսության ներկայի և ապագայի ջրի պահանջարկի ուրվագծման ապահովումը.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի նախապատրաստման աշխատանքների կատարման ապահովումը.
ե) ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի շրջանակներում ջրային ռեսուրսների կառավարմանն ու պահպանությանն աջակցելը.
զ) ջրային ռեսուրսների կառավարման ու պահպանության բնագավառում գիտատեխնիկական հիմնարար ու կիրառական հետազոտությունների կատարման և արդյունքների ներդրման ապահովումը.
է) ջրային ռեսուրսների որակական և քանակական մոնիթորինգի պահանջարկի ձևավորման ապահովումը.
ը) պետական ջրային կադաստրի վարման և ջրային հաշվեկշռի կազմման ապահովումը.
թ) ջրավազանային կառավարման պլանների մշակման ապահովումը:
12. Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման ոլորտում գործակալության նպատակներն ու խնդիրներն են`
ա) Քիմիական նյութերի և թափոնների կառավարման ոլորտի քաղաքականության ձևավորման ապահովումը,
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների սահմանման ապահովումը:
13. Մթնոլորտի կառավարման ոլորտում գործակալության նպատակներն ու խնդիրներն են`
ա) մթնոլորտային օդի մաքրության և որակի բարելավման ապահովումը, մթնոլորտային օդի վիճակի վրա քիմիական, ֆիզիկական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
14. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսառեսուրսների կառավարման բնագավառում իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) իր իրավասության սահմաններում ապահովում է կենսաբազմազանության ու կենսառեսուրսների պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման ոլորտին վերաբերող նորմատիվամեթոդական ակտերի մշակումը.
բ) ապահովում է բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների ուսումնասիրությունների կազմակերպումն ու դրանց իրականացումը.
գ) ապահովում է կենդանական ու բուսական աշխարհի օբյեկտների կայուն օգտագործման, վերականգնման և վերարտադրության միջոցառումների իրականացումը.
դ) հանրապետության վայրի բուսական և կենդանական պաշարների պետական հաշվառումը, գույքագրումը և մոնիտորինգի իրականացումը, տեղեկատվական բանկի ու կադաստրների վարումը.
ե) մասնակցում է էկոհամակարգերի վիճակի գնահատմանը, գիտական հիմնավորումների և կանխատեսումների ձևավորմանն ու ծրագրերի իրականացմանը.
զ) ըստ տարածագործառնական հատկանիշների` էկոհամակարգերի և դրանց կենսապաշարների օգտագործման ու վերարտադրության համար առաջարկությունների ձևավորումը.
է) ապահովում է էկոհամակարգերի և դրանց կենսապաշարների օգտագործման ու վերարտադրության ոլորտում գիտափորձնական միջոցառումների իրականացումը.
ը) կենդանական ու բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաների (թույլտվությունների) ձևակերպումը և պայմանագրերի կնքումը:
15. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտակար հանածոների պաշարների և երկրաբանական ոլորտում իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տարբեր փուլերում և շահագործման ժամանակ դրանց արդյունաբերական գնահատման նյութերի պետական փորձաքննությունն ու համապատասխան պահանջվող որակի հաստատումը.
բ) հանքավայրերի մանրազնին հետախուզման ու վերագնահատման արդյունքներով ընդերքում օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի պետական փորձաքննությունը և այդ պաշարների հաստատումն ու վերահաստատումը.
գ) արդյունաբերական նշանակությունը կորցրած, ինչպես նաև հանքավայրի հետագա երկրաբանահետախուզական և (կամ) շահագործման աշխատանքների ընթացքում օգտակար հանածոների չհավաստված պաշարների դուրսգրումը.
դ) պինդ օգտակար հանածոների, ստորերկրյա ջրերի, նավթի ու գազի, բնական նավթային բիտումների հանքավայրերի պաշարների միջգերատեսչական նշանակության դասակարգումների (այսուհետ դասակարգումներ) մշակման աշխատանքներին մասնակցությունն ու դրանց համակարգումը (համապատասխան ֆինանսավորման դեպքում) և սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.
ե) պետական ընդերքաբանական փորձաքննության ենթակա նյութերի բովանդակությանը և ձևավորմանը ներկայացվող պահանջները սահմանող հրահանգների մշակման աշխատանքներին մասնակցությունն ու դրանց համակարգումը.
զ) տարբեր տեսակի օգտակար հանածոների հանքավայրերի նկատմամբ դասակարգումների կիրառման հրահանգների և այլ մեթոդական փաստաթղթերի մշակման աշխատանքներին մասնակցությունն ու դրանց համակարգումը (համապատասխան ֆինանսավորման դեպքում).
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տարածաշրջանային երկրաբանական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական և այլ աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
ը) ընդերքի օգտագործման` ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների հանքավայրերի, այդ թվում` նաև լքված հանքավայրերի, հանքապոչերի և թափոնների շահագործման, օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված, այլ նպատակներով ընդերքի շահագործման համար սահմանված կարգով ընդերքօգտագործման պայմանագրերի կազմմանը մասնակցելը.
թ) երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծերի և կատարված աշխատանքների մասին երկրաբանական հաշվետվությունների քննարկումն ու համապատասխան եզրակացությունների տրամադրումը.
ժ) երկրաբանահետախուզական համալիր աշխատանքների նախագծման, իրականացման, ստացված նյութերի ամփոփման և վերջնական հաշվետվությունների կազմման վերաբերյալ մեթոդական ցուցումների, հրահանգների, կարգերի ու առաջադրանքների մշակմանը մասնակցելը.
ժա) պետական նշանակության (Մ 1:200000, Մ 1:500000) երկրաբանական, սեյսմատեկտոնական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական և այլ քարտեզների կազմումն ու դրանք հրատարակության ներկայացնելը.
ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման ծրագրերին համապատասխան` հանրապետության հանքահումքային հենքի օգտագործման ռազմավարության, ինչպես նաև ընդերքի ուսումնասիրման, արդյունավետ օգտագործման և պահպանության միասնական գիտատեխնիկական քաղաքականության ու դրանք կարգավորող համապատասխան ակտերի մշակմանը մասնակցելը.
ժգ) օգտակար հանածոների հանքավայրերի արդյունավետ շահագործման միջոցառումների իրականացմանը մասնակցելը.
ժդ) օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ընդերքի օգտագործման նպատակով տրամադրված տարածքների երկրաբանական և ինժեներաերկրաբանական կառուցվածքների, հիդրոերկրաբանական պայմանների, այդ տարածքների ընդերքում օգտակար հանածոների առկայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության տրամադրումն ու երկրաբանական աշխատանքների ոլորտում ընդերքօգտագործողների հետ համագործակցությունը.
ժե) մասնագիտական կադրերի պատրաստման, արտադրական պրակտիկայի կազմակերպման և համակարգը երիտասարդ մասնագետներով համալրելու նպատակով հանրապետության համապատասխան բուհերի հետ համագործակցությունը.
ժզ) իր իրավասության սահմաններում երկրաբանության բնագավառում միջազգային համագործակցությանը մասնակցելը.
ժէ) երկրաբանական ուսումնասիրության լիցենզիաների տրամադրումը:
16. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) ջրի ազգային քաղաքականության մշակման և ջրի ազգային ծրագրի նախապատրաստման աշխատանքների համակարգում.
բ) ջրի ազգային ծրագրի մշակմանն ու նորարարացմանը մասնակցություն.
գ) տնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների վրա առաջացած ազդեցության գնահատման էկոլոգիատնտեսական հիմնավորման սկզբունքների ու նորմերի մշակում.
դ) իր իրավասության սահմաններում ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից բխող աշխատանքների կազմակերպում և իրականացում.
ե) ջրային ռեսուրսների` ըստ օգտագործման գործառույթի և կարգավիճակի դասակարգում.
զ) ջրերի ստանդարտների մշակմանը մասնակցություն և դրանց կիրառման նկատմամբ վերահսկում.
է) ջրի ազգային ծրագրի համաձայն` կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական և քանակական չափանիշների հաստատում.
ը) մակերևութային և ստորերկրյա ջրառի սահմանային մեծությունների հաստատում.
թ) ջրավազանային կառավարման պլանների մշակման ու դրանց իրականացման ապահովում.
ժ) ջրօգտագործման թույլտվությունների տրամադրում.
ժա) ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի` այլ անձանց փոխանցման ձևակերպում.
ժբ) ջրօգտագործման մասին հայտի գնահատման արդյունքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողին ջրօգտագործման թույլտվության ստացման պահանջից ազատում.
ժգ) ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման առաջադրանքի ձևավորում և դրանց մասին հաշվետվությունների գրանցում.
ժդ) պետական ջրային կադաստրում փաստաթղթերի գրանցում և տեղեկատվության տրամադրում.
ժե) ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև ջրային համակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը մասնակցություն.
ժզ) ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացում, պլանավորման ու կառավարման գործընթացում դրանց արդյունքների ներառում.
ժէ) ջրային ռեսուրսների կառավարման հարցերին առնչվող ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքների համակարգում.
ժը) ջրհավաք ավազանների սպառման վտանգի բացահայտում և ջրային էկոհամակարգերի վրա վնասակար ազդեցությունները կանխելու նպատակով ծրագրերի մշակում.
ժթ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր կողմից մշակված փաստաթղթերի մասին հասարակայնությանը ծանուցման կազմակերպում.
ի) ստորերկրյա ջրերի արտոնյալ օգտագործման իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ ջրառի սահմանային չափի սահմանում.
իա) ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների քարտեզների մշակման ապահովում.
իբ) ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների սարքերի աշխատանքի, ինչպես նաև ջրապահպանման գոտիների պահպանության նկատմամբ հսկողության իրականացում.
իգ) ջրավազաններ թափվող կեղտաջրերի քանակական և որակական ցուցանիշների հսկիչ անալիզների կատարումը մասնագիտացված լաբորատորիաների միջոցով պարբերաբար կազմակերպելը.
իդ) ջրօգտագործողների կողմից ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտման դեպքում` ջրօգտագործման թույլտվության կասեցում, փոփոխում կամ չեղյալ համարում.
իե) ջրօգտագործման մասին հաշվետվությունների ամփոփման և վերլուծության աշխատանքներին մասնակցություն.
իզ) ջրային ռեսուրսների ռեժիմային դիտարկումների աշխատանքների համակարգում.
իէ) ջրային ռեսուրսների հաշվեկշռի կազմում:
17. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մթնոլորտի, պահպանության ոլորտում իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) մթնոլորտի աղտոտման (այդ թվում անդրսահմանային) անբարենպաստ օդերևութաբանական պայմանների ազդարարման համակարգի վերաբերյալ առաջարկություններ տալը,
բ) իր իրավասության սահմաններում վնասակար նյութերի արտանետումների կառավարման բնագավառի նորմատիվ բնույթի իրավական ակտերի և տեխնիկական առաջադրանքների կազմումը,
գ) մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների նորմավորման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը: Գործող կազմակերպությունների սահմանային թույլատրելի արտանետումների նախագծերի վերլուծությունը և արտանետման թույլտվությունների տրման ընթացակարգի իրականացման կազմակերպումը,
դ) շարժական և անշարժ աղբյուրներից արտանետումների պետական հաշվառման իրականացման կազմակերպումը և իր իրավասության սահմաններում դրանց իրականացումը:
ե) «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի» վարչական վիճակագրական հաշվետվության տվյալների և տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կազմակերպումը,
զ) մթնոլորտում վնասակար նյութերի պարունակության բնապահպանական ստանդարտների և նորմերի մշակման սկզբունքների կազմումը և այդ նորմերի որոշման տեխնիկական առաջադրանքների կազմումը:
18. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման ոլորտում իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա/ քիմիական նյութերի և թափոնների կառավարումն ապահովող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարական և նպատակային ծրագրերի մշակումը,
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրվող, օգտագործվող քիմիական նյութերի և առաջացող թափոնների ըստ վտանգավորության դասակարգումը,
գ/ թափոնների պետական հաշվառման իրականացումը,
դ/ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից մշակված` թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատումը,
ե/ վտանգավոր թափոնների անձնագրերի համաձայնեցումը,
զ/ թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարումը,
է/ թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարումը,
ը/ թափոնների պետական կադաստրի վարումը,
թ/ վտանգավոր և այլ թափոնների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը,
ժ/ «Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման» կարգով պահանջվող լիցենզավորող մարմնին և համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացվող փաստաթղթերի փաթեթի նախապատրաստումը,
ժա/ վտանգավոր թափոնների /ժամկետանց և օգտագործման համար ոչ պիտանի դեղեր, թունաքիմիկատներ, պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող յուղեր ու սարքավորումներ և այլն/ էկոլոգիապես անվտանգ գործածության պայմանների սահմանումը,
ժբ/ իր իրավասության սահմաններում արդյունաբերական վթարների կանխարգելմանն ուղղված միջոցառումների մշակումը,
ժգ/ արդյունաբերական վթարների պոտենցիալ ենթակա ձեռնարկությունների հաշվառման իրականացումը,
ժդ/ վտանգավոր արդյունաբերական օբյեկտների «Անվտանգության վկայագրերի» փորձաքննական եզրակացության տրամադրումը,
ժե/ պետական բնապահպանական փորձաքննության ներկայացված նախագծերի վերաբերյալ վտանգավոր նյութերի և թափոնների մասով մասնագիտական կարծիքների տրամադրումը,
ժզ/ համաձայնեցման ներկայացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրումը:
19. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի կառավարման ոլորտում իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) հողերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխման, համայնքների հողերի օգտագործման սխեմաների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի, համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու փաստաթղթերի համաձայնեցման վերաբերյալ առաջարկություն տալը,
բ) սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հողի բերրի շերտի օգտագործման մասին տվյալների և տեղեկությունների հավաքագրումը և ամփոփումը,
գ) իր իրավասության սահմաններում հատուկ պահպանվող տարածքների հողամասերի սահմանների ճշգրտմանը մասնակցելը և բնապահպանական նշանակության հողերի օգտագործման, նրանց վիճակի, այդ թվում աղտոտվածության պետական հաշվառման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կազմակերպումը,
դ) հողօգտագործման, հողերի աղտոտման և հողերի վրա այլ վնասակար ներգործության բնապահպանական նորմերի սահմանման սկզբունքների համապատասխան նորմատիվ բնույթի իրավական ակտերի մշակումը և տեխնիկական առաջադրանքների կազմումը:
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
20. Գործակալությունը կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետը (այսուհետ` վարչության պետ): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթում սահմանված կարգով հաղթող ճանաչվելուց հետո, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչության պետը:
Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, վարչության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
21. Գործակալության պետը պատասխանատու է գործակալությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները ժամանակին և որակով իրականացնելու, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
22. Գործակալության պետը հաշվետու է վարչության պետին և գործակալության գործունեությունը համակարգող վարչության պետի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև վարչության աշխատակազմի ղեկավարին:
23. Գործակալության պետը`
ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) վարչության պետին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) ի պաշտոնե նախագահում է վարչության պետի հրամանով կազմավորվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բնական պաշարների փորձաքննության հանձնաժողովի լիագումար նիստը.
ե) վարչության պետի հաստատմանն է ներկայացնում անկախ փորձագետների կազմը.
զ) վարչության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության դիտարկմանը ներկայացված նյութերի պետական բնական պաշարների փորձաքննությանը վճարովի հիմունքներով անկախ փորձագետների ներգրավման և նրանց հետ համապատասխան պայմանգրերի կնքման վերաբերյալ.
է) իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
ը) վարչության պետին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
թ) ապահովում է վարչության պետի հրամանների և ցուցումների, ինչպես նաև վարչության պետի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում վարչության պետին կամ նրա համապատասխան տեղակալին.
ժ) վարչության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
ժա) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
ժբ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժգ) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժդ) վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
ժե) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
24. Գործակալության պետի բացակայության դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված՝ փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից՝ «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
25. Օրենքով, այլ իրավական ակտերով, վարչության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է վարչության աշխատակազմը:
26. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
27. Գործակալության պետի ներկայացմամբ վարչության պետի հրամանով գործակալությունում ստեղծվում և գործում է պետական բնական պաշարների փորձաքննության հանձնաժողով, որը գործում է վարչության պետի կողմից հաստատված կանոնակարգով:
28. Գործակալությունը պատասխանատվություն է կրում միայն ներկայացված նյութերի հիման վրա իր կողմից ընդունված որոշումների հավաստիության և արժանահավատության համար:
29. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
30. Գործակալության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«25» դեկտեմբերի 2007թ.
թիվ 733 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Գնահատման, լիցենզավորման և թույլտվությունների բաժին
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |