ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«14» հոկտեմբերի 2014թ. |
N 673-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 733 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 25-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալություն ստեղծելու, գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 733 որոշմամբ հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 673-Ն որոշման |
| |
«Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2007 թվականի դեկտեմբերի 25-ի N 733 որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության (այսուհետ` վարչություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված առանձին դեպքերում, մատուցում է ծառայություններ շրջակա միջավայրի` կենդանական և բուսական աշխարհի, ընդերքի, ջրերի (մակերևութային և ստորերկրյա), հողերի, մթնոլորտի, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման, դրանց վերականգնման և վերարտադրության, վտանգավոր նյութերի և թափոնների գոյացման ու հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) պետական քաղաքականության ձևավորման ու կառավարման, ընդերքօգտագործման տրամադրման, ընդերքի ուսումնասիրման, երկրաբանատնտեսագիտական գնահատման և շահագործման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության իրականացման բնագավառում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, վարչության պետի ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
7. Գործակալության գտնվելու վայրն է` քաղաք Ստեփանակերտ, Գարեգին Նժդեհ 68:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են`
1) կենսառեսուրսների կառավարման ոլորտում`
ա. բնական էկոհամակարգերի, ներառյալ անտառների, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բուսական ու կենդանական աշխարհի օբյեկտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման ապահովումը, ինչպես նաև այդ ոլորտներում պետական քաղաքականության ձևավորմանն ու կառավարմանն աջակցությունը,
բ. էկոհամակարգերի բազմազանության ու դրանց կենսառեսուրսների պահպանության ու վերարտադրության ապահովումը,
գ. բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների հաշվառման, գույքագրման, տեղեկատվական բանկի ու կենսառեսուրսների կադաստրների ստեղծման ու վարման իրականացման ապահովումը,
դ. կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ստեղծման ու իրականացման ապահովումը,
ե. կենդանական և բուսական բնական ռեսուրսների օգտագործման թույլատրելի չափաքանակների հաստատման համար հիմնավորումների ապահովումը,
զ. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և կայուն օգտագործման աշխատանքների համակարգումը.
2) ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում`
ա. երկրաբանական տեղեկության արժանահավատությունը գնահատելը, կոնդիցիաներն ու պաշարները հաստատելը, պաշարների դուրսգրման հիմնավորվածության մասին եզրակացություն տալ,
բ. ընդերքօգտագործման իրավունքների տրամադրման ապահովում,
գ. ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործմանը նպաստել,
դ. ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական ծրագրերի իրականացմանը նպաստել.
3) ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում`
ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային ռեսուրսների պահպանության ու արդյունավետ օգտագործման նպատակով քաղցրահամ և ստորերկրյա ջրային ռեսուրսների քաղաքականության ձևավորումն ու կառավարումը,
բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրի ազգային պաշարի ապահովման ու ավելացման միջոցառումների իրականացման ապահովում,
գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օգտագործելի ջրերի քանակի և որակի նախնական գնահատման, բնակչության ու տնտեսության ներկայի և ապագայի ջրի պահանջարկի ուրվագծման ապահովում,
դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի նախապատրաստման աշխատանքների կատարման ապահովում,
ե. ջրի ազգային քաղաքականության և ջրի ազգային ծրագրի շրջանակներում ջրային ռեսուրսների կառավարմանն ու պահպանությանն աջակցել,
զ. ջրային ռեսուրսների կառավարման ու պահպանության բնագավառում գիտատեխնիկական հիմնարար ու կիրառական հետազոտությունների կատարման և արդյունքների ներդրման ապահովում,
է. ջրային ռեսուրսների որակական և քանակական մշտադիտարկման (մոնիթորինգի) պահանջարկի ձևավորման ապահովում,
ը. պետական ջրային կադաստրի վարման և ջրային հաշվեկշռի կազմման ապահովում,
թ. ջրավազանային կառավարման պլանների մշակման ապահովում.
4) թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման ոլորտում`
ա. թափոնների գործածության արդյունքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցման ապահովում,
բ. թափոնների անդրսահմանային փոխադրումների ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության կանխարգելման ապահովում,
գ. օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման և մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների նորմավորման ապահովում.
5) հողերի պահպանության ոլորտում`
ա. հողերի բերրիության, ինչպես նաև հողի այլ օգտակար հատկությունների պահպանում, բարելավում և արդյունավետ օգտագործում,
բ. խախտված հողերի վերականգնումը, դրանք տնտեսական շրջանարարության մեջ ներառում,
գ. հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողի վիճակը վատթարացնող այլ ազդեցություններից պահպանում,
դ. բնապահպանական միջոցառումների, բնության հուշարձանների, արգելավայրերի, կանաչապատ գոտիների օգտագործմանն ու պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացում.
6) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ոլորտում`
ա. շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հիմնադրույթային փաստաթղթի և նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում հնարավոր վնասակար ազդեցությունների կանխատեսում, կանխարգելում, նվազեցում կամ բացառում,
բ. էկոլոգիական անվտանգության պահանջների և բնապահպանական սահմանափակումների հիման վրա կայուն զարգացմանը նպաստել,
գ. հիմնադրույթային փաստաթղթի դրույթների և նախատեսվող գործունեության դրական ազդեցությունների պահպանման, վնասակար ազդեցությունների ու դրանց հետեւանքների կանխարգելման, նվազեցման կամ բացառման ապահովում,
դ. արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերի գնահատման ապահովում:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) կենսառեսուրսների կառավարման ոլորտում`
ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնական էկոհամակարգերի, լանդշաֆտների, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների, դենդրոպարկերի, անտառապարկերի կենսաբանական բազմազանության հաշվառման, տեղեկատվական բանկի ստեղծման պատվերի տեղադրում,
բ. հանրապետության վայրի բուսական և կենդանական պաշարների գույքագրում և մոնիթորինգ, տեղեկատվական բանկի ու կադաստրների վարում,
գ. բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների կայուն օգտագործման, վերականգնման, վերարտադրության և ուսումնասիրությունների վերաբերյալ պատվերի տեղադրում,
դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բույսերի և կենդանիների Կարմիր գրքերի վարում,
ե. բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում և անտառապարկերում հողային ռեսուրսների և կանաչ տարածքների վերաբերյալ առաջարկությունների և կարծիքների տրամադրում,
զ. բնական էկոհամակարգերում, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի, ռեկրեացիոն և տնտեսական գործունեության զարգացման նպատակով պատվերի տեղադրում,
է. օտարածին բուսական և կենդանական տեսակներից ու կենդանի վերափոխված օրգանիզմներից կենսաբազմազանության անվտանգությունն ապահովող աշխատանքների կազմակերպում,
ը. հանրապետության վայրի բուսական և կենդանական պաշարների, բնության հատուկ պահպանվող տարածքների գույքագրում, մոնիթորինգ, տեղեկատվական բանկի ստեղծում ու կադաստրների վարում,
թ. կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրերի կնքում, բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաների (թույլտվությունների) ձևակերպում և պայմանագրերի կնքում.
2) օգտակար հանածոների պաշարների և ընդերքի տրամադրման ոլորտում`
ա. օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզված տարբեր փուլերում և շահագործման ժամանակ դրանց երկրաբանատնտեսագիտական գնահատման նյութերի փորձաքննություն` համապատասխան կոնդիցիաների պարամետրերի հաստատմամբ,
բ. հանքավայրերի մանրազնին հետախուզման ու վերագնահատման արդյունքներով ընդերքում օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննություն` այդ պաշարների հաստատմամբ կամ վերահաստատմամբ,
գ. շահագործվող հանքավայրերում պաշարների շարժի հաշվառման նյութերի փորձաքննություն` համապատասխան եզրակացությունների տրամադրմամբ,
դ. ընդերքօգտագործման իրավունք հայցելու դիմումին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթին ներկայացվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների համապատասխանության, փաթեթների ամբողջականության ստուգում և դիմումի գրանցման մասին դիմումատուին ծանուցում,
ե. վարչությանը համաձայնեցման ներկայացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի քննարկում և համաձայնեցման մասին առաջարկության ներկայացում վարչության պետին,
զ. վարչությանը համաձայնեցման ներկայացված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի, դրանց փոփոխությունների քննարկում և համաձայնեցման մասին առաջարկության ներկայացում վարչության պետին,
է. օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքային նախագծերի, դրանց փոփոխությունների քննարկում,
ը. ընդերքօգտագործման նախագծերի և ծրագրերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության իրականացում,
թ. Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 39-րդ հոդվածի 7-րդ մասով և 50-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված մերժման հիմքերի առկայության դեպքում ընդերքօգտագործման իրավունքի դիմումի մերժման մասին առաջարկության ներկայացում վարչության պետին,
ժ. իրավասու մարմինների հետ ընդերքօգտագործման համար արգելված ընդերքի առանձին տեղամասերի ճշգրտում և առաջարկության ներկայացում վարչության պետին,
ժա. օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետի երկարաձգման դեպքում հեռանկարային տեղամասերը որոշելու համար երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման մասին հաշվետվությունների ընդունում և վերլուծությունների կատարում և առաջարկության ներկայացում վարչության պետին,
ժբ. ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման առաջարկության ներկայացում վարչության պետին,
ժգ. ընդերքօգտագործման իրավունքում փոփոխության, ժամկետի երկարաձգման, ընդերքի տեղամասի ընդլայնման, իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնության, հրաժարման հավաստագրի տրամադրման մասին առաջարկության ներկայացում վարչության պետին,
ժդ. ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանի վարում և տեղեկատվության տրամադրում,
ժե. օրենքով սահմանված հիմքերով և կարգով դիմումատուին գրավոր ծանուցում և ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման վերաբերյալ առաջարկության ներկայացում վարչության պետին,
ժզ. ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման փուլում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառման մասին առաջարկության ներկայացում վարչության պետին,
ժէ. տրամադրված ընդերքի տեղամասերը բնութագրող միասնական կոորդինատային համակարգի ներդրում, տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառում, կոորդինատների ճշտում և փոփոխություններ կատարելու մասին առաջարկության ներկայացում վարչության պետին.
3) ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում`
ա. ջրավազանային կառավարման պլանների մշակման և դրանց իրականացման ապահովում,
բ. ջրօգտագործման թույլտվությունների տրամադրում,
գ. ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի` այլ անձանց փոխանցման ձևակերպում,
դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողին ջրօգտագործման թույլտվության ստացման պահանջից ազատում.
ե. ջրային ռեսուրսների մոնիթորինգի իրականացման առաջադրանքի ձևավորումը և դրանց մասին հաշվետվությունների գրանցում,
զ. պետական ջրային կադաստրում փաստաթղթերի գրանցումը և տեղեկատվության տրամադրում,
է. ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև ջրային համակարգերում ջրի կորուստների չափաքանակների` սահմանված կարգով համաձայնեցում,
ը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր կողմից մշակված փաստաթղթերի մասին հասարակությանը ծանուցման կազմակերպում,
թ. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների քարտեզների մշակման պատվերների տեղադրում,
ժ. ջրառով նախատեսված ռեսուրսների օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների սարքերի, ինչպես նաև ջրային ռեսուրսների փաստացի պահպանության նկատմամբ հսկողության իրականացում,
ժա. ջրավազաններ թափվող կեղտաջրերի քանակական և որակական ցուցանիշների հսկիչ անալիզների կատարման` մասնագիտացված լաբորատորիաների միջոցով պարբերաբար կազմակերպում,
ժբ. ջրօգտագործողների կողմից ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտման դեպքում` ջրօգտագործման թույլտվության կասեցումը, փոփոխումը կամ չեղյալ համարում,
ժգ. ջրային ռեսուրսների մոնիթորինգի պատվերի տեղադրում.
4) թափոնների և մթնոլորտ արտանետումների ոլորտում`
ա. իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար թափոնների տեղադրման սահմանաքանակների հաստատում,
բ. թափոնների պետական կադաստրի, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման ռեեստրների վարում,
գ. թափոններ արտադրողների կազմած` թափոնների անձնագրերի համաձայնեցում,
դ. վարչության պետին վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների թույլտվությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել,
ե. օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման (ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման) թույլտվությունների տրամադրում,
զ. մթնոլորտ վնասակար նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նախագծերի քննարկումը և մթնոլորտ արտանետման թույլտվությունների տրամադրում.
5) հողերի պահպանության ոլորտում`
ա. սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հողի բերրի շերտի օգտագործման մասին տվյալների և տեղեկությունների հավաքագրում և ամփոփում,
բ. իր իրավասության սահմաններում հատուկ պահպանվող տարածքների հողամասերի սահմանների ճշգրտմանը մասնակցելը և բնապահպանական նշանակության հողերի օգտագործման, նրանց վիճակի, այդ թվում` աղտոտվածության պետական հաշվառման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կազմակերպում,
գ. հողօգտագործման, հողերի աղտոտման և հողերի վրա այլ վնասակար ներգործությունների բնապահպանական նորմերի սահմանման սկզբունքներին համապատասխան նորմատիվ բնույթի իրավական ակտերի մշակում և տեխնիկական առաջադրանքների կազմում.
6) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ոլորտում`
ա. հիմնադրույթային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության ազդեցության գնահատումների իրականացում կամ կազմակերպում, փորձաքննության իրականացում, փորձաքննական եզրակացության կազմում ու տրամադրում,
բ. հիմնադրույթային փաստաթղթի կամ գործունեության փորձաքննության գործընթացում, պայմանագրային հիմունքներով, փորձագետների ներգրավում,
գ. փորձաքննության գործընթացում հանրության ծանուցման և մասնակցության հնարավորության ապահովում.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Գործակալությունը կառավարում է վարչության պետը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթում սահմանված կարգով հաղթող ճանաչվելուց հետո, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչության պետը: Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, վարչության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
11. Գործակալության պետը պատասխանատու է գործակալությանը վերապահված գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
12. Գործակալության պետը հաշվետու է վարչության պետին և նրա տեղակալներին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև վարչության աշխատակազմի ղեկավարին:
13. Գործակալության պետը`
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) վարչության պետին կամ նրա տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) ի պաշտոնե նախագահում է վարչության պետի հրամանով կազմավորվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բնապահպանական և ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովների լիագումար նիստը.
5) իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
6) վարչության պետին կամ նրա տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
7) ապահովում է վարչության պետի հրամանների և ցուցումների, ինչպես նաև վարչության պետի տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում վարչության պետին կամ նրա տեղակալին.
8) վարչության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
9) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
10) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
11) վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
12) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
13) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված` փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից` «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Օրենքով, այլ իրավական ակտերով, վարչության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է վարչության աշխատակազմը:
16. Գործակալության պետի ներկայացմամբ վարչության պետի հրամանով գործակալությունում ստեղծվում և գործում է պետական բնապահպանական և ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովներ, որոնք գործում են վարչության պետի կողմից հաստատված կանոնակարգերով:
17. Գործակալությունը պատասխանատվություն է կրում միայն ներկայացված նյութերի հիման վրա իր կողմից ընդունված որոշումների հավաստիության և արժանահավատության համար:
18. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
19. Գործակալության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |