Համարը 
N 107
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.02.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
24.01.2008

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''28'' փետրվարի 2005թ.

N 107

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածների և ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 442 որոշման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների և երկրաբանական գործակալության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների և երկրաբանական գործակալության կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2005թ. փետրվարի 28

թիվ 107 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների և երկրաբանական գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության (այսուհետ` վարչություն) աշխատակազմում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է պետական ընդերքաբանական փորձաքննության ծառայություններ ընդերքի ուսումնասիրման, արդյունաբերական գնահատման և յուրացման բնագավառում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է սույն կանոնադրության համաձայն, որը Lեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, ԼՂՀ Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, ԼՂՀ կառավարության որոշումներով, ինչպես նաև ԼՂՀ միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

Գործակալության կրճատ անվանումն է` ԼՂՀ ՕՀՊԵԳ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են`

ա) պաշտպանել պետության շահերն ընդերքի երկրաբանական ուսումնասիրման, արդյունաբերական գնահատման, նպատակային օգտագործման և պահպանության բնագավառում` ընդերքօգտագործողների շահերի հաշվառմամբ.

բ) նպաստել ընդերքի տնտեսական ներուժի բացահայտմանը.

գ) նպաստել ընդերքի վերաբերյալ երկրաբանական և այլ տեղեկատվության հավաստիության պատշաճ մակարդակի ապահովմանը.

դ) օժանդակել ընդերքի երկրաբանական ուսումնասիրման, արդյունաբերական գնահատման, օգտագործման և պահպանության մեթոդների ու միջոցների կատարելագործմանը.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օգտակար հանածոների հայտնաբերման նպատակով երկրաբանական համալիր ուսումնասիրությունների` երկրաբանական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, երկրաքիմիական, երկրաֆիզիկական հանույթների, դրանց ուղեկցող ընդհանուր որոշումների, ինչպես նաև օգտակար հանածոների հայտնաբերման նպատակ չհետապնդող երկրաբանահետախուզական այլ աշխատանքների ապահովումը.

զ) իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների համակարգումը.

է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կատարվող երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման մեթոդական ապահովումը.

ը) պետական նշանակության երկրաբանական, տեկտոնական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական և այլ քարտեզների կազմման ու դրանց հրատարակման ապահովումը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տարբեր փուլերում և շահագործման ժամանակ դրանց արդյունաբերական գնահատման նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննությունն ու համապատասխան պահանջվող որակի հաստատումը.

բ) հանքավայրերի մանրազնին հետախուզման ու վերագնահատման արդյունքներով ընդերքում օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննությունը և այդ պաշարների հաստատումն ու վերահաստատումը.

գ) արդյունաբերական նշանակությունը կորցրած, ինչպես նաև հանքավայրի հետագա երկրաբանահետախուզական և (կամ) շահագործման աշխատանքների ընթացքում օգտակար հանածոների չհավաստված պաշարների դուրսգրումը.

դ) պինդ օգտակար հանածոների, ստորերկրյա ջրերի, նավթի ու գազի, բնական նավթային բիտումների հանքավայրերի պաշարների միջգերատեսչական նշանակության դասակարգումների (այսուհետ դասակարգումներ) մշակման աշխատանքներին մասնակցությունն ու դրանց համակարգումը (համապատասխան ֆինանսավորման դեպքում) և սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.

ե) պետական ընդերքաբանական փորձաքննության ենթակա նյութերի բովանդակությանը և ձևավորմանը ներկայացվող պահանջները սահմանող հրահանգների մշակման աշխատանքներին մասնկացությունն ու դրանց համակարգումը.

զ) տարբեր տեսակի օգտակար հանածոների հանքավայրերի նկատմամբ դասակարգումների կիրառման հրահանգների և այլ մեթոդական փաստաթղթերի մշակման աշխատանքներին մասնակցությունն ու դրանց համակարգումը (համապատասխան ֆինանսավորման դեպքում).

է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տարածաշրջանային երկրաբանական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական և այլ աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

ը) ընդերքի օգտագործման` ընդերքի երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների հանքավայրերի, այդ թվում` նաև լքված հանքավայրերի, հանքապոչերի և թափոնների շահագործման, օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված, այլ նպատակներով ընդերքի շահագործման համար սահմանված կարգով ընդերքօգտագործման պայմանագրերի կազմմանը մասնակցելը.

թ) երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծերի և կատարված աշխատանքների մասին երկրաբանական հաշվետվությունների քննարկումն ու համապատասխան եզրակացությունների տրամադրումը.

ժ) երկրաբանահետախուզական համալիր աշխատանքների նախագծման, իրականացման, ստացված նյութերի ամփոփման և վերջնական հաշվետվությունների կազմման վերաբերյալ մեթոդական ցուցումների, հրահանգների, կարգերի ու առաջադրանքների մշակմանը մասնակցելը.

ժա) պետական նշանակության (Մ 1:200000, Մ 1:500000) երկրաբանական, սեյսմատեկտոնական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիակական և այլ քարտեզների կազմումն ու դրանք հրատարակության ներկայացնելը.

ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման ծրագրերին համապատասխան` հանրապետության հանքահումքային հենքի օգտագործման ռազմավարության, ինչպես նաև ընդերքի ուսումնասիրման, արդյունավետ օգտագործման և պահպանության միասնական գիտատեխնիկական քաղաքականության ու դրանք կարգավորող համապատասխան ակտերի մշակմանը մասնակցելը.

ժգ) օգտակար հանածոների հանքավայրերի արդյունավետ շահագործման միջոցառումների իրականացմանը մասնակցելը.

ժդ) օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ընդերքի օգտագործման նպատակով տրամադրված տարածքների երկրաբանական և ինժեներաերկրաբանական կառուցվածքների, հիդրոերկրաբանական պայմանների, այդ տարածքների ընդերքում օգտակար հանածոների առկայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության տրամադրումն ու երկրաբանական աշխատանքների ոլորտում ընդերքօգտագործողների հետ համագործակցությունը.

ժե) մասնագիտական կադրերի պատրաստման, արտադրական պրակտիկայի կազմակերպման և համակարգը երիտասարդ մասնագետներով համալրելու նպատակով հանրապետության համապատասխան բուհերի հետ համագործակցությունը.

ժզ) իր իրավասության սահմաններում երկրաբանության բնագավառում միջազգային համագործակցությանը մասնակցելը:

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետը (այսուհետ` վարչության պետ): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթում սահմանված կարգով հաղթող ճանաչվելուց հետո, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչության պետը:

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, վարչության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը պատասխանատու է գործակալությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները ժամանակին և որակով իրականացնելու, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, վարչության պետին և գործակալության գործունեությունը համակարգող վարչության պետի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև վարչության աշխատակազմի ղեկավարին:

12. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) վարչության պետին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) ի պաշտոնե նախագահում է վարչության պետի հրամանով կազմավորվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի լիագումար նիստը.

ե) վարչության պետի հաստատմանն է ներկայացնում պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի և անկախ փորձագետների անհատական կազմերը.

զ) վարչության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության դիտարկմանը ներկայացված նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննությանը վճարովի հիմունքներով անկախ փորձագետների ներգրավման և նրանց հետ համապատասխան պայմանագրերի կնքման վերաբերյալ.

է) իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

 ը) վարչության պետին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

 թ) ապահովում է վարչության պետի հրամանների և ցուցումների, ինչպես նաև վարչության պետի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում վարչության պետին կամ նրա համապատասխան տեղակալին.

 ժ) վարչության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

 ժա) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժբ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժգ) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժդ) վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.

ժե) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Գործակալության պետն ունի տեղակալ:

Գործակալության պետի բացակայության դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված՝ փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից՝ «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, վարչության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է վարչության աշխատակազմը:

15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

16. Գործակալության պետի ներկայացմամբ վարչության պետի հրամանով գործակալությունում ստեղծվում և գործում է պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողով, որը գործում է վարչության պետի կողմից հաստատված կանոնակարգով:

17. Գործակալությունը պատասխանատվություն է կրում միայն ներկայացված նյութերի հիման վրա իր կողմից ընդունված որոշումների հավաստիության և արժանահավատության համար:

18. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

19. Գործակալության վերակազմակերպման ու նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2005 թ. փետրվարի 28

 թիվ 107 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Օգտակար հանածոների պաշարների և երկրաբանական բաժին

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ