ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ) ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի չորրորդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել ոստիկանության ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. ապրիլի 27-ի
թիվ 175 որոշման |
Կ Ա Ր Գ ԵՎ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ) ԱՆՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ծառայողի վերապատրաստում (որակավորում) (այսուհետ` վերապատրաստում) անցնելու կարգը և պայմանները:
2. Ոստիկանության ծառայողի մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման, գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման, ամենօրյա պրակտիկ գործունեության ընթացքում նրանց մասնագիտական վարպետության կատարելագործման, մշտական մարտական պատրաստվածության ու օպերատիվ-ծառայողական խնդիրների իրականացման, ինչպես նաև անհրաժեշտ որակների ձևավորման համար ոստիկանության ծառայողներն անցնում են վերապատրաստում:
3. Ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ղեկավարները պատասխանատու են ծառայողների վերապատրաստման աշխատանքներն արդյունավետ և որակյալ կազմակերպելու համար:
4. Վերապատրաստման կազմակերպման մեթոդական ղեկավարումը և վերահսկումն իրականացվում են ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից:
5. Ոստիկանության առանձին ստորաբաժանումներում վերապատրաստման կազմակերպումը և մեթոդական ապահովումն իրականացնում է տվյալ ստորաբաժանման կադրային ապարատը, որի ղեկավարը հանդիսանում է այդ աշխատանքների կատարման անմիջական պատասխանատուն:
Այն ստորաբաժանումներում, որտեղ կադրային ապարատներ չկան, պատասխանատու է նշանակվում ոստիկանության ավագ ու գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության առավել փորձառու և պատրաստված ծառայողներից որևէ մեկը:
6. Վերապատրաստման արդյունքների հաշվառումը կատարվում է`
ա) որակավորման ատեստատով, ինչը կցվում է ծառայողի անձնական գործին և լրացվում տվյալ ստորաբաժանման կադրային ապարատի կողմից: Որակավորման ատեստատի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը (այսուհետ` ոստիկանության պետ).
բ) հաշվառման մատյանով, որը լրացվում է տվյալ ստորաբաժանման կադրային ապարատի կամ վերապատրաստման համար պատասխանատու աշխատակցի կողմից:
7. Ոստիկանության կենտրոնական ապարատի վարչությունների, ինքնուրույն բաժինների, Ստեփանակերտ քաղաքի վարչության և շրջանային բաժինների կողմից ոստիկանության ծառայողների վերապատրաստման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացվում է ոստիկանության կադրային ստորաբաժանում:
8. Վերապատրաստում անցնող ծառայողին խրախուսելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը սահմանվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
9. Ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացներում ընդգրկված ծառայողների ուսման ծախսերի փոխհատուցման հետ կապված հարցերը կարգավորում են «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:
II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
10. Մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման նպատակով ոստիկանության գլխավոր և ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները առանց աշխատանքն ընդհատելու կամ աշխատանքն ընդհատելով առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ պարտադիր պետք է անցնեն վերապատրաստման դասընթացներ:
Վերապատրաստում կարող են անցնել նաև ոստիկանության բարձրագույն և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:
11. Վերապատրստման դասընթացներում ոստիկանության ծառայողների ուսուցումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում:
12. Վերապատրաստում անցնում են նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետով նախատեսված ոստիկանության ծառայողները:
13. Սույն կարգի 12-րդ կետով նախատեսված անձինք անցնում են վերապատրաստում` 3 ամիս ժամկետով:
14. Վերապատրաստման դասընթացներում ոստիկանության ծառայողների ընդգրկման գործընթացը ղեկավարում է ոստիկանության կադրային ստորաբաժանումը` ըստ ոստիկանության կենտրոնական ապարատի վարչությունների, ինքնուրույն բաժինների, Ստեփանակերտ քաղաքի վարչության և շրջանային բաժինների կողմից ներկայացված հայտերի:
15. Ոստիկանության ծառայողների յուրաքանչյուր կատեգորիայի համար ուսուցման կոնկրետ ժամկետները և բովանդակությունը որոշվում են ուսումնական պլաններով ու առարկայական ծրագրերով, որոնք մշակում են համապատասխան ուսումնական հաստատությունները` ոստիկանության շահագրգիռ ստորաբաժանումների հետ համատեղ:
Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողների վերապատրաստման դասընթացներում ուսուցումն իրականացվում է ոստիկանության պետի որոշմամբ:
16. Վերապատրաստման դասընթացներում ոստիկանության ծառայողների ուսուցումն իրականացվում է հեռանկարային պլանների հիման վրա (5 տարի ժամկետով): Պլանը մշակվում է ըստ ծառայությունների և պաշտոնների: Վերապատրաստման ընդհանուր պահանջարկը (5 տարվա համար) որոշվում է` ելնելով ոստիկանության ծառայողների յուրաքանչյուր կատեգորիայի հաստիքների թվից` պլանավորված ժամանակահատվածի վերջին տարվա դրությամբ, բացառությամբ`
ա) վերջին 2 տարվա ընթացքում անձնակազմի չհամալրված հաստիքների թվի միջին ցուցանիշի
բ) ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ֆակուլտետներում հեռակա սովորող ծառայողների
գ) այն ծառայողների, որոնց ոստիկանությունում ծառայության սահմանային տարիքը լրանալուն մնացել է 5 տարվանից պակաս ժամանակ
դ) զբաղեցրած պաշտոնում 3 տարվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող այն անձանց, որոնք ենթակա են պլանավորված ժամկետում համակարգից ազատման` թոշակի անցնելու կապակցությամբ.
ե) այն կանաց, որոնք գտնվում են արձակուրդում (նախածննդյան, հետծննդյան կամ երեխայի խնամելու) կամ ունեն մինչև 8 տարեկան երեխա:
17. Ուսումնական հաստատությունների ցանկը, սովորողների կատեգորիաները, նրանց թիվը, ինչպես նաև ուսուցման կոնկրետ ժամկետները որոշվում են վերապատրաստման տարեկան և եռամսյակային պլաններով, որոնք հաստատվում են ոստիկանության պետի կամ նրա տեղակալի կողմից: Պլանները մշակում է ոստիկանության կադրային ստորաբաժանումը` համապատասխան ուսումնական հաստատությունների հետ համատեղ` ոստիկանության առանձին ստորաբաժանումների կողմից մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 30-ը ներկայացված հայտերի հիման վրա:
Ոստիկանության կենտրոնական ապարատի վարչությունները, ինքնուրույն բաժինները, Ստեփանակերտ քաղաքի վարչությունը և շրջանային բաժինները կազմում են ուսուցման ենթակա ոստիկանության ծառայողների ցուցակները` դրա մասին տեղեկացնելով նրանց ղեկավարներին:
18. Ուսուցման ավարտից հետո հաջողությամբ ստուգարքներ և քննություններ հանձնած ոստիկանության ծառայողներին տրվում են սահմանված նմուշի վկայականներ, որոնց ձևը հաստատվում է ոստիկանության պետի հրամանով:
Դասընթացների ընթացքում անբավարար առաջադիմություն ցուցաբերած ոստիկանության ծառայողի զբաղեցրած պաշտոնում մնալու նպատակահարմարությունը կարող է վերանայվել ատեստավորման կարգով` ոստիկանության պետական կառավարաման մարմնի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա:
Դասընթացների ընթացքում ցուցաբերված գերազանց և լավ առաջադիմությունը հաշվի է առնվում ոստիկանության ծառայողի առաջխաղացման հարցի քննարկման ժամանակ:
19. Ոստիկանության ավագ և կրտսեր խմբերի պաշտոններում առաջին անգամ պաշտոնի նշանակված, ծառայության բնույթը փոխած ոստիկանության ծառայողները, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները (պաշտոնի նշանակվելուց հետո) տվյալ պաշտոնում իրենց գործառութային պարտականությունները հաջող կատարելու համար նոր գիտելիքներ, գործնական հմտություններ և ունակություններ ձեռք բերելու նպատակով անցնում են վերապատրաստում` ստաժավորման ձևով:
20. Ստորաբաժանման տևողությունը 30 օր է:
21. Ստաժավորումը հիմնականում անցկացվում է ծառայության վայրում, անհրաժեշտության դեպքում այն կարող է անցկացվել ոստիկանության այլ ստորաբաժանումներում և ուսումնական հաստատություններում:
22. Ստաժավորումը կազմակերպում են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, որոնք պարտավոր են`
ա) հրամանով սահմանել ստաժավորման վայրը, ժամկետը, հաստատել ստաժավորման անհատական պլանները և նշանակել ստաժավորման ղեկավարներին.
բ) հսկողություն սահմանել ստաժավորման ղեկավարների և ստաժավորվողի աշխատանքների նկատմամբ.
գ) ստաժավորման ավարտից հետո ստաժավորվողի հետ անցկացնել զրույց.
դ) հաստատել ստաժավորման արդյունքների մասին հաշվետվությունը:
23. Ստաժավորման ղեկավարը պարտավոր է`
ա) ստաժավորվողի հետ համատեղ մշակել անհատական պլան և այն ներկայացնել ղեկավարի հաստատմանը.
բ) ստաժավորվողին ծանոթացնել իր գործառութային պարտականություններին և ստորաբաժանման խնդիրներին.
գ) ներկա լինել ստաժավորվողի կողմից առավել բարդ հանձնարարությունների կատարմանը.
դ) հսկել ստաժավորման պլանի կատարման ընթացքը.
ե) ստաժավորվողին ցույց տալ անհրաժեշտ գործնական և մեթոդական օգնություն.
զ) ստաժավորվողի հետ միասին նախապատրաստել ստաժավորման արդյունքների մասին հաշվետվությունը և այն ներկայացնել ղեկավարի հաստատմանը:
24. Ստաժավորում անցնող անձինք պարտավոր են`
ա) ստաժավորման ղեկավարի հետ միասին կազմել ստաժավորման անհատական պլան.
բ) սահմանված ժամկետում կատարել պլանով նախատեսված հանձնարարությունները.
գ) մասնակցել ծառայողական և մարտական պատրաստականության պարապմունքներին.
դ) հաշվառել կատարված աշխատանքը.
ե) կազմել հաշվետվություն ստաժավորման արդյունքների մասին:
25. Ծառայողների պրակտիկ գործունեության ընթացքում, նպատակ ունենալով կատարելագործելու ծառայողի մասնագիտական վարպետությունը և ապահովելու նրանց մշտական մարտական պատրաստվածությունն ու որակները, որոնք անհրաժեշտ են ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների հաջող իրականացման համար, ոստիկանության ծառայողներն անցնում են ծառայողական և մարտական պատրաստականություն` որպես վերապատրաստման տեսակ:
26. Ծառայողական և մարտական պատրաստականությունը կազմակերպվում է ոստիկանության պետի հրամանով, որում սահմանվում են պարապմունքների անցկացման օրը, ժամերը և պատասխանատուները:
27. Ծառայողական և մարտական պատրաստականության պարապմունքների ընթացքում ուսումնասիրվում են համապատասխան ծառայությունների խնդիրներին վերաբերող մասնագիտական բնույթի, ինչպես նաև կրակային, շարային և տեխնիկական պատրաստականությունը, ռազմական տեղագրությանը, քաղաքացիական պաշտպանությանը, առաջին բուժօգնությանը վերաբերող և անձնակազմի ծառայողական պարտականությունների արդյունավետ կատարմանը նպաստող այլ հարցեր:
28. Ծառայողական և մարտական պատրաստականության պարապմունքների կազմակերպման նպատակով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից ձևավորվում են ուսումնական խմբեր` 25-30 մարդուց ոչ ավելի թվով` հաշվի առնելով պաշտոնների խմբերը, ծառայությունը, և նշանակվում են խմբերի ղեկավարներ:
29. Ծառայողական ու մարտական պատրաստականության ուսուցման տարեկան առարկայական պլանները կազմում են ոստիկանության ստորաբաժանումների և ուսումնական հաստատությունների կադրային ապարատները` հաշվի առնելով անձնակազմի օպերատիվ-ծառայողական գործունեության առանձնահատկություններն ու անձնակազմի մասնագիտական պատրաստականության մակարդակը` ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից կազմված տիպային պլանների հիման վրա:
30. Տարվա ընթացքում համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և ուսումնական խմբերի ղեկավարներն ստուգում են անձնակազմի գիտելիքները` հարցազրույցի և ստուգողական պարապմունքների միջոցով:
Ծառայողական և մարտական պատրաստականության պարապմունքների արդյունքներն ամփոփվում են տարվա վերջում` դիֆերենցված ստուգարքների ընդունմամբ:
31. Ոստիկանության ծառայողների ծառայողական և մարտական պատրաստականության պարապմունքների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ոստիկանության կադրային ստորաբաժանման կողմից, որը տեղերում ցույց է տալիս գործնական և մեթոդական օգնություն` դրանք արդյունավետ կազմակերպելու համար:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |