ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» հուլիսի 2011թ. |
N 515-Ն |
ք. Ստեփանակերտ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ) ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 175 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ոստիկանության ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 175 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«26» հուլիսի 2011թ. N 515-Ն որոշման |
Կ Ա Ր Գ Ե Վ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ) ԱՆՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) ծառայողի վերապատրաստում (որակավորում) (այսուհետ` վերապատրաստում) անցնելու կարգը և պայմանները:
2. Ոստիկանության ծառայողի մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման, գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման, ամենօրյա պրակտիկ գործունեության ընթացքում նրանց մասնագիտական վարպետության կատարելագործման, մշտական մարտական պատրաստվածության ու օպերատիվ-ծառայողական խնդիրների իրականացման համար ոստիկանության ծառայողներն անցնում են վերապատրաստում:
3. Ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարները պատասխանատու են ծառայողների վերապատրաստման աշխատանքներն արդյունավետ և որակյալ կազմակերպելու համար:
4. Վերապատրաստման կազմակերպման մեթոդական ղեկավարումը և վերահսկումն իրականացվում է ոստիկանության կադրային ծառայության կողմից:
5. Ոստիկանության ստորաբաժանումներում վերապատրաստման կազմակերպումը և մեթոդական ապահովումն իրականացնում է տվյալ ստորաբաժանման կադրային ապարատը, որի ղեկավարը հանդիսանում է այդ աշխատանքների կատարման անմիջական պատասխանատուն:
Այն ստորաբաժանումներում, որտեղ կադրային ապարատներ չկան, պատասխանատու է նշանակվում ոստիկանության ավագ կամ գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության փորձառու ծառայող:
6. Վերապատրաստման արդյունքների հաշվառումը կատարվում է`
1) որակավորման վկայականով, որը կցվում է ծառայողի անձնական գործին.
2) հաշվառման մատյանով, որը լրացվում է տվյալ ստորաբաժանման կադրային ապարատի ծառայողի, իսկ կադրային ապարատ չունեցող ստորաբաժանումներում` վերապատրաստման աշխատանքների կատարման պատասխանատուի կողմից:
7. Ոստիկանության ստորաբաժանումների կողմից ոստիկանության ծառայողների վերապատրաստման մասին տարեկան հաշվետվությունը մինչև հաջորդ տարվա հունվարի 10-ը ներկայացվում է ոստիկանության կադրային ծառայություն:
II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
8. Մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման նպատակով ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներն առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ պարտադիր պետք է անցնեն վերապատրաստման դասընթացներ:
9. «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված պահանջով ոստիկանությունում պաշտոնի նշանակված ծառայողն անցնում է վերապատրաստում` 2 ամիս ժամկետով:
Ատեստավորման հանձնաժողովի կողմից «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետով սահմանված որոշումն ընդունելու դեպքում ոստիկանության ծառայողն անցնում է վերապատրաստում` մինչև 3 ամիս ժամկետով:
10. Վերապատրաստման դասընթացներն անց են կացվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում (այսուհետ` ուսումնական հաստատություններ):
11. Ոստիկանության ստորաբաժանումներում կազմվում են հաջորդ տարում վերապատրաստման ենթակա ոստիկանության ծառայողների ցուցակներ և մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 30-ը ներկայացվում ոստիկանության կադրային ծառայություն:
12. Ոստիկանության ծառայողների յուրաքանչյուր կատեգորիայի համար ուսուցման կոնկրետ ժամկետները և բովանդակությունը որոշվում են ուսումնական հաստատությունների ուսումնական պլաններով ու առարկայական ծրոգրերով:
Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծաայողների վերապատրաստումն իրականացվում է ոստիկանության պետի որոշմամբ:
13. Ոստիկանության կադրային ծառայության կողմից ուսումնական հաստատությունների հրավերի հիման վրա կազմվում է վերապատրաստման ենթակա ոստիկանության ծառայողների ցուցակ` համաձայնեցնելով ծառայողների ղեկավարների հետ:
14. Վերապատրաստում չեն անցնում`
1) այն ծառայողները, որոնք հեռակա ուսուցման ձևով սովորում են ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ոստիկանության ուսումնական հաստատություններում.
2) այն ծառայողները, որոնց ոստիկանությունում ծառայության սահմանային տարիքը լրանալուն մնացել է 3 տարվանից պակաս ժամանակ.
3) այն կին ծառայողները, որոնք ունեն մինչև 3 տարեկան երեխա:
15. Դասընթացների ընթացքում անբավարար առաջադիմության վերաբերյալ ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության ծառայողի զբաղեցրած պաշտոնում մնալու նպատակահարմարությունը քննարկվում է ատեստավորման կարգով` ոստիկանության պետի որոշմամբ:
Դասընթացների ընթացքում ցուցաբերած գերազանց և լավ առաջադիմությունը հաշվի է առնվում ոստիկանության ծառայողի առաջխաղացման հարցի քննարկման ժամանակ:
16. Ոստիկանությունում կրտսեր և միջին խմբերի պաշտոններում ծառայության բնույթը փոխած ոստիկանության ծառայողները պաշտոնի նշանակվելուց հետո տվյալ պաշտոնում իրենց գործառութային պարտականությունները հաջող կատարելու համար նոր գիտելիքներ, գործնական հմտություններ և ունակություններ ձեռք բերելու նպատակով անցնում են վերապատրաստում` ստաժավորման ձևով:
17. Ստաժավորման տևողությունը 30 օր է:
18. Ստաժավորումը հիմնականում անցկացվում է ծառայության վայրում, անհրաժեշտության դեպքում այն կարող է անցկացվել ոստիկանության այլ ստորաբաժանումներում և ուսումնական հաստատություններում:
19. Ստաժավորումը կազմակերպում են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, որոնք պարտավոր են`
1) հրամանով սահմանել ստաժավորման վայրը, ժամկետը, հաստատել ստաժավորման անհատական պլանը և նշանակել ստաժավորման ղեկավար.
2) հսկողություն սահմանել ստաժավորման ղեկավարի և ստաժավորվողի աշխատանքների նկատմամբ.
3) ստաժավորման ավարտից հետո ստաժավորվողի հետ անցկացնել զրույց.
4) հաստատել ստաժավորման արդյունքների մասին հաշվետվությունը:
20. Ստաժավորման ղեկավարը պարտավոր է`
1) ստաժավորվողի հետ համատեղ մշակել անհատական պլան և այն ներկայացնել ղեկավարի հաստատմանը.
2) ստաժավորվողին ծանոթացնել իր գործառութային պարտականություններին.
3) ներկա լինել ստաժավորվողի կողմից առավել բարդ հանձնարարությունների կատարմանը.
4) հետևել ստաժավորման պլանի կատարման ընթացքին.
5) ստաժավորվողին ցույց տալ անհրաժեշտ գործնական և մեթոդական օգնություն.
6) ստաժավորվողի հետ միասին նախապատրաստել ստաժավորման արդյունքների մասին հաշվետվությունը և այն ներկայացնել ղեկավարի հաստատմանը:
21. Ստաժավորում անցնող ծառայողը պարտավոր է`
1) ստաժավորման ղեկավարի հետ միասին կազմել ստաժավորման անհատական պլան.
2) սահմանված ժամկետում կատարել պլանով նախատեսված հանձնարարությունները.
3) հաշվառել կատարված աշխատանքը.
4) կազմել հաշվետվություն ստաժավորման արդյունքների մասին:
22. Ծառայողների պրակտիկ գործունեության ընթացքում, նպատակ ունենալով կատարելագործելու ծառայողի մասնագիտական վարպետությունը և ապահովելու նրանց մշտական մարտական պատրաստվածությունը և որակները, որոնք անհրաժեշտ են ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների հաջող իրականացման համար, ոստիկանության ծառայողներն անցնում են ծառայողական և մարտական պատրաստականություն` որպես վերապատրաստման տեսակ:
23. Ծառայողական և մարտական պատրաստականությունը կազմակերպվում է ոստիկանության պետի հրամանով, որում սահմանվում են պարապմունքների անցկացման օրը և ժամերը:
24. Ծառայողական և մարտական պատրաստականության պարապմունքների ընթացքում ուսումնասիրվում են համապատասխան ծառայությունների խնդիրներին վերաբերող մասնագիտական բնույթի, ինչպես նաև կրակային, շարային և տեխնիկական պատրաստականությանը, ռազմական տեղագրությանը, քաղաքացիական պաշտպանությանը, առաջին բուժօգնությանը վերաբերող և անձնակազմի ծառայողական պարտականությունների արդյունավետ կատարմանը նպաստող այլ թեմաներ:
Ծառայողական և մարտական պատրաստականության պարապմունքների կազմակերպման նպատակով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից ձևավորվում են ուսումնական խմբեր` մինչև 30 ծառայողներից` հաշվի առնելով պաշտոնների խմբերը, ծառայության առանձնահատկությունները և նշանակվում են խմբերի ղեկավարներ:
25. Ծառայողական և մարտական պատրաստականության ուսուցման տարեկան պլանները կազմվում են ոստիկանության ստորաբաժանումների կողմից` հաշվի առնելով անձնակազմի օպերատիվ-ծառայողական գործունեության առանձնահատկություններն ու անձնակազմի մասնագիտական պատրաստականության մակարդակը` ոստիկանության կադրային ծառայության կողմից կազմված ուսուցման տիպային թեմատիկ պլանների հիման վրա:
26. Տարվա ընթացքում համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և ուսումնական խմբերի ղեկավարներն ստուգում են անձնակազմի գիտելիքները` հարցազրույցի և ստուգողական պարապմունքների միջոցով:Ծառայողական և մարտական պատրաստականության պարապմունքների արդյունքներն ամփոփվում են տարվա վերջում` դիֆերենցված ստուգարքների ընդունմամբ:
27. Ոստիկանության ծառայողների ծառայողական և մարտական պատրաստականության պարապմունքների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ոստիկանության կադրային ծառայության կողմից, որը տեղերում ցույց է տալիս գործնական և մեթոդական օգնություն` դրանք արդյունավետ կազմակերպելու համար:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |