ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“26” նոյեմբերի 2002թ. |
N 53 |
ք.Ստեփանակերտ
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշները (կցվում են):
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետին`
սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002թ. նոյեմբերի 26-ի
թիվ 53 որոշմամբ |
Չափանիշներ
Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամների առաջադրման
1. Սույնով սահմանվում են Հարկային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) նախագահի և անդամների առաջադրման չափանիշները:
2. Սույն չափանիշներից ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային ծառայության մարմնի (այսուհետև` Հարկային ծառայության մարմին) ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է առաջադրում Հանձնաժողովի անհատական կազմը (նախագահի և անդամի (քարտուղարի) թեկնածուներին):
3. Հանձնաժողովի նախագահի և անդամների առաջադրման չափանիշներն են.
ա) Հարկային ծառայության աշխատանքային ստաժ
Հանձնաժողովի նախագահի թեկնածուն առաջադրման պահին պետք է ունենա հարկային ծառայության առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ, Հանձնաժողովի անդամի թեկնածուն առաջադրման պահին պետք է ունենա հարկային ծառայության կամ ֆինանսահարկային բնագավառի գիտական աշխատանքի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ:
բ) Ծառայողական բարձր կարգապահություն
Հանձնաժողովի նախագահ և անդամ չի կարող լինել անձը, որն առաջադրման պահին նախորդող մեկ տարվա ծառայության ընթացքում ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
գ) Հարկային և այլ օրենսդրության իմացություն
Հանձնաժողովի նախագահը պետք է հմուտ տիրապետի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային և բյուջետային օրենսդրությանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի ընդհանուր կառուցվածքին և պետական կառավարման մարմինների հիմնական խնդիրներին և իրավասություններին:
Հանձնաժողովի անդամը պետք է հմուտ տիրապետի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությանը, ինչպես նաև Հարկային ծառայության մարմնի այն կառուցվածքային ստորաբաժանման գործառույթների և իրավասությունների առանձնահատկություններին, որը ներկայացնում է:
դ) Պաշտոնական դիրք
Հանձնաժողովի անդամը պետք է զբաղեցնի հարկային ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն: Հանձնաժողովի նախագահը չի կարող լինել Հանձնաժողովի անդամից ցածր պաշտոն զբաղեցնող հարկային ծառայող:
ե) Հարկային ծառայության մարմնի կառուցվածքային-գործառութային ներկայացուցչություն
Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել կենտրոնական աշխատակազմի ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Ընդ որում հանձնաժողովի մեկական անդամ պարտադիր պետք է ներկայացնեն հարկային ծառայության մարմնի մեթոդաբանական և օպերատիվ գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները:
(3-րդ կետը լրաց. 31.08.2004 N 305)