ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"26" օգոստոսի 2003թ. |
N 242 |
ք.Ստեփանակերտ
«Շահումով խաղերի և խաղատների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին
Հիմք ընդունելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածների 1-ին, 9-րդ հոդվածի 3-րդ, «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետերը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 25-ի «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 128 որոշման 4-րդ կետը (ԼՂՀ կառավարության դեկտեմբերի 10-ի թիվ 73 որոշման խմբագրությամբ)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ՝
ա) շահումով խաղերի և խաղատների գործունեության լիցենզավորման և վերահսկողության, ինչպես նաև շահումով խաղ և խաղատուն կազմակերպող անձանց կողմից տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունները վերապահվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.
բ) խաղային ավտոմատի շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը կազմում է 86%:
2. Հաստատել՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահումով խաղերի և խաղատների կազմակերպման լիցենզավորման կարգը (կցվում է).
բ) շահումով խաղ և խաղատան կազմակերպման մասին տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու կարգը (կցվում է):
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ 5-օրյա ժամկետում՝ շահումով խաղերի և խաղատների գործունեության կազմակերպման համար գործունեության լիցենզիա տալու մասին տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը:
(3-րդ կետը փոփ. 30.12.2004 N 540)
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը՝ շահումով խաղերի և խաղատների գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ (այդ թվում՝ տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրա մասին փաստի արձանագրման պահից 5-օրյա ժամկետում տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
(4-րդ կետը փոփ. 30.12.2004 N 540)
5. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 18-ի “Շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու մասին” թիվ 92 որոշումը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2003 թ. օգոստոսի 26-ի
թիվ 242 որոշմամբ |
ԿԱՐԳ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահումով խաղերի և խաղատների կազմակերպման լիցենզավորման
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահումով խաղերի և խաղատների կազմակերպման լիցենզավորման հետ կապված վարչական հարաբերություններն ու շահումով խաղի կազմակերպման և խաղատան կազմակերպման լիցենզիաների ձևերը (NN 1 և 2 ձևերը կցվում են):
2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում հայտ, որտեղ նշվում են՝
ա) հայտատուի անվանումը, գտնվելու վայրը և կազմակերպական-իրավական ձևը,
բ) գործունեության իրականացման վայրը,
գ) իրականացվող խաղերի տեսակները (մեքենայացված և (կամ) կենդանի),
դ) հայցվող լիցենզիայի տեսակը (շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման),
ե) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
ա) հայտատուի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները,
բ) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանք, խաղասրահի տարածքում նշված համակարգը՝ դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին,
գ) խաղասրահի տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի վկայականի պատճենը,
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմնի կողմից տրված տեղեկանք խաղասրահի քաղաքային համայնքների վարչական և այլ բնակավայրերի սահմաններից ուղիղ գծով հեռավորության (առնվազն մեկ կիլոմետր) մասին,
ե) խաղային սարքավորումների և խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները,
զ) համապատասխան տարածքային հարկային մարմնի կողմից տրված՝ հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների մասին տեղեկանք՝ վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ,
է) (ենթակետն ուժը կորցրել է 30.12.2004 N 540)
ը) շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը՝ երկու օրինակից, հաստատված հայտատուի կառավարման համապատասխան մարմնի կողմից:
Կանոնակարգում պետք է արտացոլվեն՝
հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը,
գործունեության իրականացման վայրը,
իրականացվող շահումով խաղերի տեսակները (մեքենայացված և (կամ) կենդանի) և քանակը,
շահումով խաղի 1 տոմսի և (կամ) խաղանիշի (ժետոնի) և (կամ) միավորի գինը,
խաղի անցկացման կարգը,
շահումի տարբերակները,
շահումները վճարելու վայրը,
խաղացողների իրավունքներն ու պարտականությունները,
կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները,
վեճերի լուծման կարգը:
(3-րդ կետը փոփ. 30.12.2004 N 540)
4. Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում նշանակում է քննարկում՝ հայտատուին առնվազն 7 օր առաջ գրավոր կամ բանավոր տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեն), օրվա ու ժամի մասին: Լիազոր մարմինը քննարկումն իրականացնում է անկախ հայտատուի ներկայացուցչի ներկայությունից:
5. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում՝ լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:
6. Շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարվող փոփոխություններն ու լրացումները կազմակերպիչը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` նախքան դրանց կիրառումը, փոփոխությունները ներկայացնելով լիազոր մարմին՝ երկու օրինակից:
7. Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է կազմակերպչին:
8. Եթե լիազոր մարմինն ընդունել է կանոնակարգի փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա կազմակերպիչը պարտավոր է այդ որոշումը ընդունելուց հետո 10 օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հայտատուին տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում կատարված փոփոխության մեկ օրինակը: Եթե կազմակերպիչը վերը նշված որոշումը ընդունելուց հետո 10 օրվա ընթացքում ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա լիազոր մարմնի որոշումը կանոնակարգի փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ համարվում է չեղյալ:
9. Լիազոր մարմինը կազմակերպչի կողմից շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին և լրացումներին չի տալիս իր համաձայնությունը, եթե դրանք՝
ա) հակասում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին և այլ իավական ակտերին,
բ) կվտանգեն խաղացողների օրինական շահերը,
գ) հակասում են սույն կարգի 3–րդ կետի “ը” ենթակետի պահանջներին:
10. Ներկայացված փոփոխությունները մերժելու մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
11. Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչն իր հիմնադիր փաստաթղթում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում մեկամսյա ժամկետում դրա մասին ծանուցում է լիազոր մարմնին՝ ներկայացնելով փոփոխությունները կամ լրացումները:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2003 թ. օգոստոսի 26-ի
թիվ 242 որոշմամբ |
ԿԱՐԳ
շահումով խաղ և խաղատան կազմակերպման մասին տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու
1. Սույն կարգով սահմանվում է շահումով խաղ և խաղատուն կազմակերպող անձանց կողմից «Շահումով խաղերի և խաղատների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի երրորդ կետին համապատասխան իրենց գործունեության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմին (այսուհետ՝ լիազոր մարմին) տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու գործընթացը:
2. Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը լիազոր մարմնին է ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը, համապատասխան տարածքային հարկային մարմնի տեղեկանքը հաշվետու եռամսյակում հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով կազմակերպչի պարտավորությունների վերաբերյալ:
(2-րդ կետը փոփ. 30.12.2004 N 540)
3. Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է առնվազն 700 տպաքանակ ունեցող մամուլում և մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 15-ը լիազոր մարմնին է ներկայացնում թերթի մեկ օրինակը:
Ձև 1
Տրված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
200 թվականի ------------ -ի ---------- -ի
No հրամանով
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ
_________________________________
Կ.Տ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
Գրանցման համարը ......................... ՇԽ-
Կազմակերպության անվանումը .... -------------------------------------------------
Կազմակերպության գտնվելու վայրը -------------------------------------------------
Գործունեության իրականացման վայրը -------------------------------------------------
Տրված է ................................................. ---- -------------------- -ի 200 թ.
Գործողության ժամկետը .................... անժամկետ
Ձև 2
Տրված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
200 թվականի ------------ -ի ---------- -ի
No հրամանով
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ
_________________________________
Կ.Տ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
Գրանցման համարը ........................ ԽՏ-
Կազմակերպության անվանումը--- ---------------------------------------------
Կազմակերպության գտնվելու վայրը ---------------------------------------------
Գործունեության իրականացման վայրը ---------------------------------------------
Տրված է ................................................. ---- -------------------- -ի 200 թ.
Գործողության ժամկետը .................... անժամկետ