ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«12» սեպտեմբերի 2013թ. |
N 611-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 222 ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 17 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 22-ի «Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերի և վճարման կարգի մասին» N 222 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետի՝
ա. առաջին պարբերության «ա» ենթակետում «տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 70-ապատիկի» բառերը փոխարինել «ինը հարյուր տասը հազար դրամի» բառերով,
բ. առաջին պարբերության «բ» ենթակետում «տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 35-ապատիկի» բառերը փոխարինել «չորս հարյուր հիսունհինգ հազար դրամի» բառերով,
գ. երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Միանվագ պարտադիր պետական ապահովագրական գումարները տրվում են դրանց համար դիմելու պահին գործող չափերով, իսկ հաշմանդամության դեպքում՝ նաև հիմք ընդունելով դիմելու պահին ունեցած հաշմանդամության խումբը։».
2) որոշմամբ հաստատված կարգի՝
ա. 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պարտադիր պետական ապահովագրական գումարները (այսուհետև՝ ապահովագրական գումար) նշանակվում և վճարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանումների (այսուհետև՝ սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում) կողմից։
3. Ապահովագրական գումար ստանալու համար զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը գրավոր դիմում է իր հաշվառման վայրը սպասարկող՝ սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում՝ ներկայացնելով.
1) անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը.
2) հանրային ծառայությունների համարանիշը և պատճենը.
3) տեղեկանք հաշվառման վայրի մասին.
4) տեղեկանք զինծառայողի զոհվելու (մահանալու) մասին.
5) զոհված (մահացած) զինծառայողի մահվան վկայականը և պատճենը.
6) զոհված (մահացած) զինծառայողի հետ իր ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը (ամուսնության վկայական կամ ծննդյան վկայական կամ այլ) և պատճենը։
Սույն կետի առաջին պարբերությունում նշված՝
1) անձը հաստատող փաստաթուղթը քաղաքացու անձնագիրն է կամ նույնականացման քարտը.
2) զինծառայողի զոհվելու (մահանալու) մասին տեղեկանքը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինկոմիսարիատի կամ այն մարմնի կողմից, որտեղ ծառայել է զոհված զինծառայողը։
Հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց հրաժարվող անձը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության տված՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը։
Հանրային ծառայությունների համարանիշի փոխարեն անձը կարող է ներկայացնել նաև վավեր սոցիալական ապահովության քարտը։»,
բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ապահովագրական գումար ստանալու համար հաշմանդամ զինծառայողը գրավոր դիմում է իր հաշվառման վայրը սպասարկող՝ սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանում՝ ներկայացնելով.
1) սույն կարգի 3-րդ կետի առաջին պարբերության 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը.
2) տեղեկանք ծառայության ընթացքում խեղում կամ վնասվածք ստանալու կամ հիվանդության առաջացման մասին.
3) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը հաշմանդամության մասին։
Սույն կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկանքը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինկոմիսարիատի կամ այն մարմնի կողմից, որտեղ ծառայել է հաշմանդամ զինծառայողը։»,
գ. 9-րդ կետի «գործերն ու» բառերը հանել, իսկ «ԼՂՀ ֆինանսների» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերով։
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 15-ի «Փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 17 որոշման հավելվածի 2-րդ կետում «տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 35-ապատիկի» բառերը փոխարինել «չորս հարյուր հիսունհինգ հազար դրամի» բառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |