ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“28” նոյեմբերի 2003թ. |
N 350 |
ք.Ստեփանակերտ
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» և «Անհատ ձեռնարկատերերին (ձեռներեցներին), քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական ու գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերին և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձանց պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրությունները հաստատելու մասին
Պետական սոցիալական ապահովագրության ոլորտում գործող օրենսդրական ակտերի կատարելագործման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել «Անհատ ձեռնարկատերերին (ձեռներեցներին), քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական ու գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերին և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձանց պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրությունը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
|
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության վարչապետ |
Ա.Դանիելյան |
| |
Հավելված 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
նոյեմբերի 28-ի թիվ 350 որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին
1. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամից պետական սոցիալական ապահովագրության ձևով տրվում են հետևյալ նպաստները՝
ա) ժամանակավոր անաշխատունակության.
բ) հղիության և ծննդաբերության.
գ) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի.
դ) (ենթակետն ուժը կորցրել է 20.12.2005 N 554)
ե) թաղման:
(1-ին կետը փոփ. 20.12.2005 N 554)
2. Սույն կանոնադրության 1-ին կետում նախատեսված նպաստների իրավունք ունեն ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում, անկախ սեփականության ձևից, աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող անձինք (այսուհետև՝ ապահովադիրներ), որոնք ենթակա են պետական սոցիալական ապահովագրության և որոնց համար սահմանված կարգով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ են կատարվում ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամ: Ընդ որում, նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքի ժամանակաշրջանում:
3. Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, մասնագիտական-տեխնիկական ուսումնարանների, կադրերի պատրաստման ու վերապատրաստման դպրոցների և դասընթացների, արտադրությունից կտրված սովորողները, կլինիկական օրդինատորները, դոկտորանտները, ասպիրանտները, անկախ պետական սոցիալական ապահովագրության մուծումների կատարման, օգտվում են միայն երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքից:
Չաշխատող և չսովորող մայրերին տրվում է միայն երեխայի ծննդյան միանվագ նպաստ, անկախ պետական սոցիալական ապահովագրության մուծումներից:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում աշխատող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սույն կանոնադրությամբ նախատեսված նպաստների իրավունք ունեն, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կնքված սոցիալական ապահովագրության մասին միջազգային պայմանագրերով ու ԼՂՀ օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:
5. Նպաստները նշանակվում են, եթե դրանց համար պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են անաշխատունակության վերականգնման, հղիության ու ծննդաբերության արձակուրդի ավարտման, երեխայի ծննդյան կամ քաղաքացու մահվան օրվանից 6 ամսվա ընթացքում:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովումն իրականացնում են ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամն ու նրա կենտրոնները՝ ապահովադիրների միջոցով:
7. Նպաստների նշանակման ու վճարման վերաբերյալ որոշումները կարող են գանգատարկվել պետական կենսաթոշակային հիմնադրամին կամ նրա համապատասխան կենտրոններին, իսկ վերջինիս որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում՝ դատական կարգով:
2. Ժամանակավոր անաշխատունակության նպաստ
8. Ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է՝ ա) հիվանդության (վնասվածքի) հետևանքով աշխատունակությունը կորցնելու դեպքում, ընդ որում, մասնագիտական հիվանդության և արտադրական խեղման հետևանքով ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարվում է ապահովադրի միջոցների հաշվին.
բ) պրոթեզավորման դեպքում.
գ) առողջարանային բուժման դեպքում:
9. Ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու համար հիմք է հանդիսանում բուժական հիմնարկների կողմից սահմանված կարգով տրված հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկը: Այլ փաստաթղթեր հիմք չեն կարող ծառայել նպաստ վճարելու համար:
Հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկը կորցնելու դեպքում նպաստը տրվում է կրկնորդագրով:
10. Ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է աշխատունակությունը կորցնելու առաջին օրվանից մինչև այն վերականգնվելը կամ բժշկական սոցիալական փորձաքննական հանձնաժողովի (ԲՍՓՀ) կողմից հաշմանդամության խումբ սահմանելը, կամ խմբի վերանայելը:
11. Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի ժամանակաշրջանում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս նպաստը տրվում է աշխատանքում վերականգման մասին որոշման (վճռի) կայացման օրվանից:
12. Ամենամյա արձակուրդում (հիմնական կամ լրացուցիչ) գտնվելու ժամանակ հիվանդության (վնասվածքի) հետևանքով ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու դեպքում նպաստը տրվում է հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկով վավերացված բոլոր օրերի համար, արձակուրդը նույնքան օրով, առանց աշխատավարձի պահպանման, երկարացնելու պայմանով:
13. Առանց աշխատավարձի պահպանման արձակուրդի, երեխայի խնամքի համար մասնակի վճարովի արձակուրդի, զինվորական վարժահավաքների կամ առանց արտադրությունից կտրվելու ուսումնական հաստատություններում սովորելու կապակցությամբ հատկացված արձակուրդների, ինչպես նաև աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու ժամանակաշրջանում անաշխատունակություն առաջանալու դեպքում նպաստ չի տրվում:
Եթե ժամանակավոր անաշխատունակությունը շարունակվում է նաև նշված ժամանակամիջոցն ավարտվելուց հետո, ապա նպաստը տրվում է այն օրվանից, երբ աշխատողը պետք է անցներ աշխատանքի:
14. Հղիության արհեստական (այդ թվում բժշկի ցուցումով) կամ ինքնաբերաբար ընդհատման դեպքերում ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է ընդհանուր հիմուքներով:
15. Պրոթեզավորման դեպքում նպաստը տրվում է ստացիոնարում գտնվելու ժամանակահատվածի համար, սակայն 30 օրացուցային օրվանից ոչ ավելի:
16. Սեզոնային և ժամանակավոր աշխատանքներում զբաղված աշխատողների ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է մինչև սեզոնի կամ ժամկետային աշխատանքային պայմանագրի ավարտը:
17. Սրտամկանի սուր ինֆարկտից և ներքին օրգանների վիրահատությունից հետո ստացիոնարից անմիջապես առողջարան լիաբուժման ուղարկված քաղաքացիներին, ինչպես նաև տուբերկուլյոզային առողջարան մեկնած հիվանդներին նպաստը տրվում է առողջարանում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:
18. Ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում՝
ա) այն աշխատողներին, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործության կամ այլ հակաիրավական արարք կատարելիս ստացած վնասվածքների հետևանքով.
բ) առանց աշխատանքից ազատման կալանքի տակ գտնվելու ժամկետի համար.
գ) բժշկի սահմանած բուժման ռեժիմն առանց հարգելի պատճառի խախտած օրերի համար:
3. Հղիության և ծննդաբերության նպաստ
19. Աշխատող կանանց հղիության և ծննդաբերության նպաստ է տրվում՝
ա) 140 օր (70 օրացուցային օր նախածննդյան և 70 օրացուցային օր հետծննդյան արձակուրդների ժամանակաշրջանների համար).
բ) 155 օր՝ բարդ ծննդաբերության դեպքում (70 օրացուցային օր նախածննդյան և 85 օրացուցային օր հետծննդյան արձակուրդների ժամանակաշրջանների համար).
գ) 180 օր՝ զույգ և ավելի երեխա ունենալու դեպքում (70 օրացուցային օր նախածննդյան և 110 օրացուցային օր հետծննդյան արձակուրդների ժամանակաշրջանների համար):
Ժամկետից շուտ կամ ուշ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի ընդհանուր օրերի տևողությունը մնում է անփոփոխ:
20. Հղիության 196 օրից հետո վաղաժամ ծննդաբերության դեպքում հետծննդաբերության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով:
21. Հղիության և ծննդաբերության նպաստի նշանակման համար հիմք է հանդիսանում բուժհիմնարկների կողմից սահմանված կարգով տրված հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկը: Այլ փաստաթղթեր չեն կարող հիմք ծառայել նպաստ վճարելու համար:
Հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկը կորցնելու դեպքում նպաստ տրվում է դրա կրկնորդագրով:
22. Աշխատանքից ազատման օրինականության մասին վեճի ժամանակաշրջանում հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքի դեպքում նպաստը տրվում է աշխատանքում վերականգնման մասին որոշման (վճռի) կայացման օրվանից:
23. Առանց արտադրությունից կտրվելու ուսումնական հաստատություններում սովորելու կապակցությամբ տրամադրված լրացուցիչ արձակուրդի ժամանակաշրջանում հղիության և ծննդաբերության արձակուրդ հատկացնելիս նպաստը տրվում է այն օրվանից, երբ նշված ժամանակաշրջանը լրանալուց հետո կինը պետք է աշխատանքի անցներ:
24. Ամենամյա արձակուրդում (հիմնական և լրացուցիչ), երեխայի խնամքի համար արձակուրդում (այդ թվում՝ առանց աշխատավարձի պահպանման) գտնվելու ժամանակ, հղիության և ծննդաբերության արձակուրդ հատկացնելիս նպաստը տրվում է արձակուրդի բոլոր օրերի համար, ընդհանուր հիմունքներով:
25. Առանց աշխատանքից ազատման կալանքի տակ գտնվելու ժամանակի համար հղիության և ծննդաբերության նպաստ չի տրվում:
4. Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ
26. Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը տրվում է՝
ա) ընտանիքի հիվանդ անդամի խնամքի համար.
բ) մոր հիվանդության դեպքում երեխայի խնամքի համար.
գ) հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման համար:
27. Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստը տրվում է, եթե խնամքի բացակայությունը, ըստ բուժական հիմնարկի եզրակացության, կարող է վտանգ սպառնալ հիվանդի կյանքին կամ առողջությանը:
28. Ընտանիքի հիվանդ չափահաս անդամին ամբուլատոր բուժման պայմաններում խնամելու համար նպաստը տրվում է 7 օրացուցային օրից ոչ ավելի, 14 տարին չլրացած հիվանդ երեխային՝ 14 օրացուցային օրից ոչ ավելի, միայնակ մայրերին, երեխա որդեգրած հայրերին, այրի կանանց (տղամարդկանց), ամուսնալուծվածներին ու ժամկետային ծառայության զինծառայողների կանանց՝ 21 օրացուցային օրից ոչ ավելի:
7 տարին չլրացած հիվանդ երեխայի մորը, հորը կամ այլ հարազատին երեխայի «տնային ստացիոնար» ռեժիմով բուժման դեպքում խնամքի նպաստը տրվում է մինչև 24 օրացուցային օր:
Հիվանդ երեխայի հետ ստացիոնարում գտնվող խնամողին նպաստ է տրվում հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկում նշված ամբողջ ժամանակաշրջանի համար:
Հիվանդ երեխայի հետ ստացիոնարում գտնվող մորը, իսկ վերջինիս բացակայության կամ խնամքն իրականացնելու անհնարինության դեպքում՝ այլ անձանց, նպաստ է տրվում բուժհիմնարկի գլխավոր բժշկի թույլտվությամբ՝ ստացիոնարում նրանց գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:
29. Փոքրահասակ (մինչև 3 տարեկան), որբ, հաշմանդամ (մինչև 16 տարեկան) երեխաների խնամքի համար, եթե մայրը (խնամակալը) հիվանդության կամ մյուս հիվանդ երեխայի հետ ստացիոնարում գտնվելու պատճառով ի վիճակի չէ երեխայի խնամքն իրականացնել, նպաստը տրվում է երեխայի հորը կամ խնամքն իրականացնող այլ անձի՝ երեխայի մոր հիվանդության կամ նրա ստացիոնարում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:
30. Հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման դեպքում նրա աշխատող ծնողներից մեկին (խնամակալին) նպաստ է տրվում երեխայի առողջարանային բուժման ամբողջ ժամանակաշրջանի համար:
31. Հերթական, լրացուցիչ կամ առանց աշխատավարձի պահպանման երեխայի խնամքի արձակուրդում գտնվողներին, ընտանիքի հիվանդ անդամին կամ փոքրահասակ (մինչև 3 տարեկան) երեխայի (սույն կանոնադրության 29-րդ կետ) խնամքի համար նպաստ չի տրվում:
32. Երեխայի խնամքի նպաստ նշանակելու համար հիմք է հանդիսանում բուժհիմնարկի կողմից սահմանված կարգով տրված հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկը:
5. Ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության ու ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստների չափերը
33. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության նպաստներ տրվում են սույն կանոնադրության 36-րդ, 37-րդ կետերի համաձայն հաշվարկված լրիվ վաստակի չափով, անկախ աշխատանքային ստաժից:
34. Ժամանակավոր անաշխատունակության (բացի սույն կանոնադրության 33-րդ կետում նախատեսված դեպքերից), ինչպես նաև ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստները տրվում են սույն կանոնադրության 36-րդ, 37-րդ և 38-րդ կետերի համաձայն հաշվարկված վաստակի՝
ա) 100 տոկոսի չափով՝
այն աշխատողներին, որոնք ունեն 8 և ավելի տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ.
իրենց խնամքի տակ 16 տարին (սովորողներին՝ 18 տարին) չլրացած երեք և ավելի կամ 16 տարին չլրացած հաշմանդամ երեխա ունեցող, ինչպես նաև երկկողմանի ծնողազուրկ 21 տարին չլրացած աշխատողներին, անկախ աշխատանքային ստաժից.
Երկրորդ համաշխարհային պատերազմում, նախկին ԽՍՀՄ-ի պաշտպանության համար մարտական գործողություններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մարտական գործողություններում, ինչպես նաև Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը վերացնելու ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց, անկախ աշխատանքային ստաժի.
բ) 80 տոկոսի չափով՝ այն աշխատողներին, որոնք ունեն մինչև 8 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
35. Ժամանակավոր անաշխատունակության և ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստներ նշանակելիս ընդհանուր աշխատանքի ստաժում հաշվառվում են աշխատանքային գործունեության հետևյալ տեսակները՝
ա) բոլոր գործատուների մոտ (անկախ սեփականության ձևից) աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարված աշխատանքը, անկախ աշխատանքի բնույթից և տևողությունից, եթե սահմանված կարգով կատարվել են պետական սոցիալական ապահովագրության մուծումներ.
բ) ցանկացած այլ աշխատանքային գործունեություն, որի ընթացքում սահմանված կարգով կատարվել են պետական սոցիալական ապահովագրության մուծումներ.
գ) երեխայի խնամքի համար արձակուրդի և առանց աշխատավարձի պահպանման արձակուրդի տևողությունը.
դ) ծառայությունը զինված ուժերում, ազգային անվտանգության և ներքին գործերի մարմիններում ու հատուկ ջոկատներում.
ե) օրենսդրությամբ նախատեսված այլ ժամանակամիջոցները:
Աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է: Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների բացակայության դեպքում աշխատանքային ստաժը որոշվում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության ու ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստների հաշվարկումը
36. Ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության ու ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստները հաշվարկվում են աշխատողի վաստակից (եկամտից):
Վաստակի մեջ մտցվում են աշխատանքի վարձատրության բոլոր այն տեսակները, որոնց նկատմամբ հաշվարկվել ու կատարվել են սոցիալական ապահովագրության վճարներ (այդ թվում նաև արտաժամյա, համատեղությամբ կատարած աշխատանքների վարձատրությունն ու հավելումները):
Վաստակի բոլոր տեսակները, այդ թվում տվյալ ամսվա աշխատավարձի հետ վճարվող ամենամսյա պարգևները, մտցվում են այն ժամանակվա վաստակի մեջ, որի համար դրանք հաշվեգրվել են: Աշխատանքի մեկ ամիսը գերազանցող ժամանակաշրջանների համար վճարված պարգևները, աշխատավարձի հավելումները, տարեկան աշխատանքի արդյունքների հիման վրա տրված վարձատրությունները ավելացվում են ամսական վաստակին՝ նախորդ տարում հաշվարկված դրանց ընդհանուր գումարի մեկ տասներկուերորդի չափով:
37. Նպաստները հաշվարկվում են ժամանակավոր անաշխատունակությունը, խնամքը, հղիության և ծննդաբերության արձակուրդը սկսվելու ամսվան նախորդող 3 օրացուցային ամիսների միջին ամսական վաստակից:
Եթե նշված երեք ամիսներին աշխատողը լրիվ չի աշխատել, ապա միջին ամսական վաստակը որոշելու համար այդ երեք ամիսների փաստացի աշխատած օրերի վաստակի ընդհանուր գումարը բաժանվում է աշխատած և սույն կետի երրորդ պարբերությամբ նախատեսված հաշվառումից չհանվող ժամանակաշրջանների օրացուցային օրերի ընդհանուր թվի վրա և ստացված միջին օրական վաստակը բազմապատկում միջին ամսական օրացուցային օրերի թվով՝ 30.4:
Չաշխատած օրերը հաշվառումից չեն հանվում, եթե դրանք հետևանք չեն հարգելի պատճառների (ժամանակավոր անաշխատունակության, երեխայի խնամքի, այդ թվում՝ առանց աշխատավարձի պահպանման արձակուրդների և օրենքով սահմանված այլ դեպքերի):
Մեկ ամսից պակաս աշխատանքի դեպքում նպաստները հաշվարկվում են մինչև անաշխատունակությունը, խնամքը կամ հղիության և ծննդաբերության արձակուրդն սկսվելը փաստացի աշխատած ժամանակի միջին օրական վաստակից, որը որոշվում է վաստակի ընդհանուր գումարն այդ ժամանակաշրջանի օրացուցային օրերի թվի վրա բաժանվելու միջոցով:
Այն դեպքում, երբ աշխատողը հարգելի պատճառով (երեխայի խնամքի արձակուրդ, օրենքով սահմանված այլ դեպքեր) վերջին 3 ամիսներին ընդհանրապես վաստակ չի ունեցել, նպաստը հաշվարկվում է տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձից:
38. Նպաստների հաշվարկման համար միջին ամսական վաստակը հաշվարկվում է 100 տոկոսի չափով, եթե այն չի գերազանցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օրենքով սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը, իսկ 100-ապատիկի չափը գերազանցող գումարի 30 տոկոսը:
Ելնելով միջին ամսական հաշվարկային աշխատավարձից և նպաստի չափից (սույն կանոնադրության 33-38-րդ կետեր) որոշվում է ամսական նպաստի չափը, որը բաժանելով հիվանդության (խնամքի կամ հղիության ու ծննդաբերության արձակուրդի) ամսվա օրացուցային օրերի թվի վրա, որոշվում է նպաստի օրական գումարի չափը:
Նպաստի ընդհանուր գումարը որոշվում է օրական նպաստը բազմապատկելով այն օրացուցային օրերի թվով, որոնք տվյալ ամսում, ըստ հիվանդության (անաշխատունակության) թերթիկի բաց են թողնվել անաշխատունակության, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի կամ հղիության ու ծննդաբերության արձակուրդի հետևանքով:
39. Գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության նպաստները տրվում են միայն այն օրացուցային օրերի համար, որոնցում նրանք ըստ արտադրության (զբաղվածության) պայմանների (սեզոնայնության, զբաղվածության բնույթի և այլն) պետք է աշխատեին:
Նպաստներ ստանալու իրավունք ունեն միայն սույն կետում թվարկված աշխատողները, որոնց համար աշխատանքի և աշխատավարձի հաշվառում է տարվում:
40. Եթե ժամանակավոր անաշխատունակությունը, խնամքը առաջացել է աշխատելու ժամանակ և շարունակվում են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու ժամանակաշրջանում, ապա դադարեցման ժամանակի համար նպաստը տրվում է այն չափով, ինչ չափով աշխատավարձ է վճարվում այդ նույն մասնագիտությամբ կամ որակավորմամբ աշխատողներին, բայց ոչ ավելի այն նպաստից, որ տվյալ աշխատողը կստանար նպաստների հաշվարկման ընդհանուր կանոններով:
Եթե ժամանակավոր անաշխատունակությունը կամ խնամքը (անկախ դրանց սկսվելու ժամանակից) շարունակվում են աշխատանքի վերսկսումից հետո, ապա նպաստը վերսկսման օրվանից տրվում է այն վաստակի հաշվարկով, որն աշխատողը ստացել է մինչև աշխատանքի դադարեցումը:
41. Ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց ժամանակավոր անաշխատունակության, հղիության ու ծննդաբերության նպաստները հաշվարկվում են ընդհանուր հիմունքներով: Նպաստները հաշվարկվում են նրանց վաստակի գումարից՝ հանելով դատական վճռով նշանակված պահումները:
7. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ
(գլուխն ուժը կորցրել է 20.12.2005 N 554)
8. Թաղման նպաստ
47. Թաղման նպաստը տրվում է սույն կանոնադրության 2-րդ և 3-րդ կետերում նշված աշխատողների (բացի կենսաթոշակառուներից) մահվան դեպքում:
48. Աշխատողի մահվան դեպքում թաղման նպաստը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օրենքով սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի 25-ապատիկի չափով:
49. Թաղման նպաստ նշանակելու համար հիմք է հանդիսանում քաղաքացու մահվան վկայականը:
9. Նպաստների նշանակում և վճարում
50. Նպաստները նշանակվում են աշխատողի, արտադրությունից կտրված սովորողի, աշխատանքի (ուսման) վայրում:
51. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը որպես կանոն նշանակվում և վճարվում է մորը՝ նրա աշխատանքի (ուսման) վայրում: Եթե մայրը չի աշխատում (չի սովորում), ապա նպաստը նշանակվում և վճարվում է հորը՝ նրա աշխատանքի (ուսման) վայրում:
52. Չաշխատող (չսովորող) ծնողներին երեխայի ծննդյան միանվագ նպաստ է նշանակվում ու վճարվում ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամի շրջանային (քաղաքային) կենտրոնների կողմից:
53. Ապահովադրի վերակառուցման կամ լուծարման դեպքերում նպաստները վճարվում են նրանց իրավահաջորդների, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ հիմնադրամի կամ նրա կենտրոնների որոշմամբ՝ որևէ ապահովադրի կողմից:
54. Նպաստները վճարվում են ապահովադիր կազմակերպությունում աշխատավարձի վճարման համար սահմանված ժամկետներին:
55. Ավելի վճարված նպաստների գումարը կարող է ստացողից հետ պահվել միայն այն դեպքում, եթե այն տեղի է ունեցել հաշվային (թվաբանական) սխալի կամ ստացողի թույլ տված չարաշահման հետևանքով:
Ավելի վճարված գումարների հետպահումը կատարվում է նպաստների հաջորդ վճարումներից կամ աշխատավարձից, որը չպետք է գերազանցի վճարվող նպաստի (աշխատավարձի) 20 տոկոսը:
Հետպահումը կատարվում է ապահովադրի հաշվապահության միջոցով՝ հաշվարկային (թվաբանական) սխալի դեպքում՝ նպաստի նշանակման օրից հաշված 3 ամսից ոչ ուշ, իսկ չարաշահումների (կեղծիքների) հետևանքով գերավճարումների դեպքում՝ առանց որևէ ժամկետի սահմանափակման:
Եթե նպաստ ստացողը տվյալ կազմակերպությունում չի աշխատում (չի սովորում), ապա նպաստների ավել վճարված գումարը բռնագանձվում է դատական կարգով:
Սահմանված կարգի խախտումներով վճարված նպաստների գումարները պետական սոցիալական ապահովագրության մուծումների դիմաց հաշվանցման չեն ընդունվում և վերականգնվում են ապահովադրի միջոցներից:
56. Նպաստների վճարումների օրինականության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամը և նրա կենտրոնները:
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության 2003թ.
նոյեմբերի 28-ի թիվ 350 որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Անհատ ձեռնարկատերերին (ձեռներեցներին), քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական ու գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերին և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձանց պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան, սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով տրվում են պետական սոցիալական ապահովագրության հետևյալ նպաստները՝
ա) ժամանակավոր անաշխատունակության.
բ) հղիության և ծննդաբերության.
գ) հիվանդ երեխայի խնամքի.
դ) (ենթակետն ուժը կորցրել է 20.12.2005 N 554)
ե) թաղման:
(1-ին կետը փոփ. 20.12.2005 N 554)
2. Սույն կանոնադրության 1-ին կետում նախատեսված նպաստներն ստանալու իրավունք ունեն անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները), քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական ու գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական այն անձինք, որոնք իրենց եկամուտներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով ու կարգով պետական սոցիալական ապահովագրության մուծումներ են կատարում (բացառությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, որը նշանակվում և վճարվում է անկախ պետական սոցիալական ապահովագրական մուծումների կատարումից) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սույն կանոնադրությամբ նախատեսված նպաստներն ստանալու իրավունք ունեն, եթե դա սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
3. Նպաստները նշանակվում են, եթե դրանց համար դիմումն ու պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են անաշխատունակության վերականգնման, հղիության ու ծննդաբերության արձակուրդի ավարտման, երեխայի ծննդյան կամ քաղաքացու մահվան օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում:
Նպաստների իրավունքի 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում այն տրվում է, եթե ժամկետի բացթողումը կատարվել է ոչ նպաստառուի մեղքով:
4. Նպաստները վճարվում են պետական սոցիալական ապահովագրության միջոցների հաշվին:
5. Նպաստների նշանակման ու վճարման վերաբերյալ որոշումները կարող են գանգատարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամին կամ նրա համապատասխան կենտրոններին, իսկ վերջիններիս որոշումներին համաձայն չլինելու դեպքում՝ դատական կարգով:
II. Ժամանակավոր անաշխատունակության նպաստ
6. Ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է՝
ա) հիվանդության կամ վնասվածքի հետևանքով աշխատունակությունը ժամանակավորապես կորցնելու դեպքում, եթե բուժումը կատարվել է բուժհիմնարկի ստացիոնարում:
բ) պրոթեզավորման դեպքում:
7. Ժամանակավոր անաշխատունակության նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բուժական հիմնարկի կողմից սահմանված կարգով տրված հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի համապատասխան շրջանային (քաղաքային) կենտրոնի տեղեկանքը՝ սույն կանոնադրության 20-րդ կետում նշված ժամանակաշրջանի համար վերցված միջին ամսական այն եկամտի չափի մասին, որից սահմանված կարգով պետական սոցիալական ապահովագրության մուծումներ են կատարվել: Այլ փաստաթղթեր հիմք չեն կարող ծառայել նպաստ վճարելու համար:
8. Ժամանակավոր անաշխատունակության նպաստը տրվում է աշխատունակությունը կորցնելու առաջին օրվանից մինչև դրա վերականգնումը կամ բժշկական սոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը, կամ խմբի վերանայումը, սակայն օրացուցային տարում երկու ամսից ոչ ավելի:
9. Ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում՝
ա) այն անձանց, որոնց ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է նրանց կողմից հանցագործություն կամ հակաիրավական այլ արարք կատարելիս ստացած վնասվածքի հետևանքով.
բ) բժշկի սահմանած բուժման ռեժիմն առանց հարգելի պատճառի խախտած օրերի համար:
III. Հղիության և ծննդաբերության նպաստ
10. Անհատ ձեռնարկատեր (ձեռներեց), քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից եկամուտ ստացող ֆիզիկական ու գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատեր և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձ հանդիսացող կանանց հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է՝
ա) 140 օր (70 օրացուցային օր՝ նախածննդյան և 70 օրացուցային օր՝ հետծննդյան արձակուրդների ժամանակաշրջանի համար).
բ) 155 օր՝ բարդ ծննդաբերության դեպքում (70 օրացուցային օր՝ նախածննդյան և 85 օրացուցային օր՝ հետծննդյան արձակուրդների ժամանակաշրջանի համար).
գ) 180 օր՝ զույգ և ավելի երեխաներ ունենալու դեպքերում (70 օրացուցային օր՝ նախածննդյան և 110 օրացուցային օր՝ հետծննդյան արձակուրդների ժամանակաշրջանի համար):
Ժամկետից շուտ կամ ուշ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի ընդհանուր օրերի տևողությունը մնում է անփոփոխ:
11. Հղիության 196 օրից հետո վաղաժամ ծննդաբերության դեպքում հետծննդաբերության նպաստը տրվում է ընդհանուր հիմունքներով:
12. Հղիության և ծննդաբերության նպաստի նշանակման համար հիմք են հանդիսանում բուժհիմնարկների կողմից սահմանված կարգով տրված հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի համապատասխան շրջանային (քաղաքային) կենտրոնի տեղեկանքը՝ սույն կանոնադրության 20-րդ կետում նշված ժամանակաշրջանի համար վերցված միջին ամսական այն եկամտի չափի մասին, որից սահմանված կարգով պետական սոցիալական ապահովագրության մուծումներ են կատարվել: Այլ փաստաթղթեր չեն կարող հիմք ծառայել նպաստ վճարելու համար:
IV. Հիվանդ երեխայի խնամքի նպաստ
13. Հիվանդ երեխայի խնամքի նպաստը տրվում է, եթե երեխայի բուժումը կատարվում է հիվանդանոցում (կլինիկայում) ստացիոնար (անկողնային) պայմաններում և, եթե խնամքի բացակայությունը, ըստ բուժական հիմնարկի եզրակացության, կարող է վտանգ սպառնալ երեխայի կյանքին կամ առողջությանը:
14. Նպաստը տրվում է հիվանդ երեխայի հետ ստացիոնարում գտնվող ծնողին (որդեգրողին)՝ երեխայի հետ միասին ստացիոնարում գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի համար:
15. Հաշմանդամ երեխայի առողջարանային բուժման դեպքում երեխայի հետ առողջարանում գտնվող ծնողին (որդեգրողին) նպաստ է տրվում օրացուցային տարվա ընթացքում միայն մեկ անգամ՝ ուղեգրում նշված ամբողջ ժամանակաշրջանի համար:
16. Հիվանդ երեխայի խնամքի նպաստի նշանակման համար հիմք են հանդիսանում հիվանդանոցի (կլինիկայի) կողմից սահմանված կարգով տրված հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի համապատասխան շրջանային (քաղաքային) կենտրոնի տեղեկանքը՝ սույն կանոնադրության 20-րդ կետում նշված ժամանակաշրջանի համար վերցված միջին ամսական այն եկամտի չափի մասին, որից սահմանված կարգով պետական սոցիալական ապահովագրության մուծումներ են կատարել:
Հիվանդ երեխայի առողջարանային բուժման դեպքում նպաստի վճարման համար, բացի սույն կետում հիշատակված փաստաթղթերից, պահանջվում է նաև առողջարանի ղեկավարության պատշաճ կարգով վավերացված ուղեգրի կտրոնը:
V. Ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության ու հիվանդ երեխայի խնամքի նպաստների չափերը
17. Ժամանակավոր անաշխատունակության ու հիվանդ երեխայի խնամքի նպաստները տրվում են սույն կանոնադրության 20-21-րդ կետերում նախատեսված եկամտի գումարի՝
ա) 100 տոկոսի չափով՝ այն անձանց, ովքեր ունեն պետական սոցիալական ապահովագրական մուծումների 8 և ավելի տարվա ստաժ.
բ) 80 տոկոսի չափով՝ այն անձանց, ովքեր ունեն պետական սոցիալական ապահովագրական մուծումների 5-ից մինչև 8 տարվա ստաժ.
գ) 50 տոկոսի չափով՝ այն անձանց, ովքեր ունեն պետական սոցիալական ապահովագրական մուծումների մինչև 5 տարվա ստաժ:
18. Հղիության և ծննդաբերության նպաստը տրվում է սույն կանոնադրության 20-21-րդ կետերում նախատեսված եկամտի գումարի 100 տոկոսի չափով:
VI. Ժամանակավոր անաշխատունակության, հղիության ու ծննդաբերության և հիվանդ երեխայի խնամքի նպաստների հաշվարկումը
19. Սույն կանոնադրության 2-րդ կետում թվարկված անձանց ժամանակավոր անաշխատունակության, հղիության ու ծննդաբերության և հիվանդ երեխայի խնամքի նպաստները հաշվարկվում են նրանց ստացած եկամտի բոլոր այն տեսակներից, որոնցից սահմանված չափով կատարվել են պետական սոցիալական ապահովագրական մուծումներ:
20. Նպաստները հաշվարկվում են ժամանակավոր անաշխատունակությունը, հղիության ու ծննդաբերության արձակուրդը կամ հիվանդ երեխայի խնամքը սկսելու պահին նախորդած եռամսյակի միջին ամսական եկամտից, որը որոշվում է նշված եռամսյակի եկամտի ընդհանուր գումարը 3-ի վրա բաժանելու միջոցով:
Եթե տվյալ տարվա վերջում անցկացված եկամուտների վերահաշվարկի հիման վրա քաղաքացին պետական սոցիալական ապահովագրության գծով լրացուցիչ գումարներ է մուծում, ապա այդ մասով կատարվում է տվյալ տարվա ընթացքում վճարված նպաստների վերահաշվարկ՝ լրացուցիչ եկամտի ընդհանուր գումարը 12-ի վրա բաժանելու միջոցով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում պետական սոցիալական ապահովագրության մուծումների վճարումից ազատված անձանց ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության նպաստները հաշվարկվում են՝ ելնելով տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձից:
21. Ելնելով միջին ամսական եկամտից և հաշվի առնելով նպաստի՝ սույն կանոնադրության 17-18-րդ կետերով նախատեսված չափերը, որոշվում է ամսական նպաստի գումարի չափը, որը բաժանելով ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության արձակուրդի կամ հիվանդ երեխայի խնամքի ամսվա օրացուցային օրերի թվի վրա, որոշվում է նպաստի օրական գումարի չափը:
Նպաստի ընդհանուր գումարը որոշվում է օրական նպաստը բազմապատկելով այն օրացուցային օրերի թվով, որոնք տվյալ ամսում, ըստ հիվանդության (ժամանակավոր անաշխատունակության) թերթիկի, բաց են թողնվել անաշխատունակության, հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու կամ հիվանդ երեխային խնամելու հետևանքով:
Այն դեպքում, երբ ժամանակավոր անաշխատունակության, հղիության ու ծննդաբերության և հիվանդ երեխայի խնամքին նախորդող եռամսյակում նպաստառուն հարգելի պատճառներով (երկարատև հիվանդության, հղիության ու ծննդաբերության, երեխայի մինչև 3 տարին լրանալու խնամքի արձակուրդ) եկամուտներ չի ունեցել և պետական սոցիալական ապահովագրական մուծումներ չի կատարել, ապա նպաստը հաշվարկվում է ելնելով տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձից:
VII. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ
(գլուխն ուժը կորցրել է 20.12.2005 N 554)
VIII. Թաղման նպաստ
23. Սույն կանոնադրության 2-րդ կետում թվարկված անձանց մահվան դեպքում (բացառությամբ կենսաթոշակառուների) թաղման նպաստ է տրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի 25-ապատիկի չափով:
Թաղման նպաստի վճարման համար հիմք են հանդիսանում քաղաքացու մահվան վկայականը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի համապատասխան շրջանային (քաղաքային) կենտրոնի տեղեկանքը՝ պետական սոցիալական ապահովագրական մուծումներ կատարելու մասին:
IX. Նպաստների նշանակումը և վճարումը
24. Սույն կանոնադրությամբ սահմանված նպաստները նշանակվում և վճարվում են քաղաքացիներին ըստ պետական սոցիալական ապահովագրական մուծումներ կատարելու վայրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի կենտրոնների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի միջոցների հաշվին:
25. Ավելի վճարված նպաստների գումարները ստացողից հետ են պահվում միայն այն դեպքում, երբ դա տեղի է ունեցել հաշվային (թվաբանական) սխալի կամ ստացողի կողմից թույլ տրված չարաշահման հետևանքով:
Այլ դեպքերում նպաստի ավելի վճարված գումարներն օրենքով սահմանված կարգով բռնագանձվում են մեղավոր անձից:
26. Նպաստների նշանակման և վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամը:
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |