| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«30» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 417
ԼՂՀ արդարադատության նախարար
_______________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«24» մարտի 2005թ. |
Թիվ 6/81 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 112-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ վիճակահանություն անցկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ 2005թ.
մարտի 24-ի
թիվ 6/81 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼՂՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ վիճակահանություն անցկացնելու
Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ ընտրական ցուցակների միջև մանդատների բաշխման հաշվարկը կատարելու համար ընտրական օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, յուրաքանչյուր ցուցակին կողմ տրված ձայների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ տրված ձայների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:
Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ցուցակին, որին կողմ տրված ձայների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում հարցը լուծվում է վիճակահանությամբ՝ հետևյալ կերպ.
Հավասար մնացորդ ունեցող ցուցակների թվի քանակությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պատրաստվում են վիճակահանության միատեսակ թերթիկներ:
Վիճակահանության թերթիկներից միայն մեկում գրվում են «Անցնում է», իսկ մյուսներում՝ «Չի անցնում» բառերը:
Վիճակահանության թերթիկները կնքվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքով և ծալված վիճակում գցվում տուփի մեջ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առնվազն 3 անդամներ, ցանկության դեպքում՝ մեկական վստահված անձանց և հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ, կատարում են բուն վիճակահանությունը, այն է՝ հանձնաժողովի անդամներից մեկը այբբենական կարգով բարձրաձայն արտասանում է վիճակահանությանը մասնակցող ընտրական ցուցակի անվանումը, առանց տուփի մեջ նայելու, ծալված վիճակում հանում է վիճակահանության մեկ թերթիկ, բարձրաձայն հայտարարում է թերթիկի կնքված լինելու մասին, բացում է այն և հայտնում, թե ինչ է գրված նրանում: Այնուհետև թերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին՝ ծանոթանալու համար:
Վիճակահանությամբ հաղթող է ճանաչվում այն ընտրական ցուցակը, որի համար տուփից հանվել է «Անցնում է» գրությամբ թերթիկը:
Այդ թերթիկը տուփից հանելուց, նրա բովանդակությունը բարձրաձայն հայտարարվելուց և դրանում համոզվելուց հետո վիճակահանության գործընթացը համարվում է ավարտված:
Վիճակահանության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, ստորագրվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից, կնքվում հանձնաժողովի նախագահի կողմից և կցվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությանը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |