ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«22» դեկտեմբերի 2011թ. |
N 987-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետը, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի ՆՀ-40 հրամանագրով սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգի 15-րդ և 16-րդ կետերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 27.12.2016 N 877-Ն)
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգը վերակազմավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
2. Հաստատել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«22» դեկտեմբերի 2011թ. N 987-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ իրավաբանական անձանց պետական գրանցման իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հաշվառման բնագավառում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
(1-ին կետը լրաց. 27.12.2016 N 877-Ն)
2. Գործակալությունը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
4. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
5. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
6. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Գործակալությունը և գործակալության բաժինն ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիքներ, դրոշմեր, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
(7-րդ կետը խմբ. 27.12.2016 N 877-Ն)
2. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
(2-րդ գլուխը խմբ. 27.12.2016 N 877-Ն)
8. Գործակալության նպատակն է տեղեկատվության հավաքման, մշակման և տրամադրման, իրավաբանական փաստերի հաստատման, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գործողությունների միջոցով նպաստել`
1) անհատ ձեռնարկատերերի, առևտրային կազմակերպությունների հիմնադիրների, մասնակիցների, կառավարման մարմինների անդամների, առևտրային կազմակերպությունների հետ իրավահարաբերությունների մեջ գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանվածությանը.
2) ոչ առևտրային կազմակերպությունների մասնակիցների, շահառուների, դոնորների իրավունքների և շահերի պաշտպանվածությանը.
3) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում արդյունավետ քաղաքականության մշակմանը.
4) վիճակագրական տվյալների հավաքմանը:
(8-րդ կետը խմբ. 27.12.2016 N 877-Ն)
(2-րդ գլուխը խմբ. 27.12.2016 N 877-Ն)
3. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Գործակալության համակարգը կազմված է կենտրոնական մարմնից և կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակ ունեցող բաժնից (բաժիններից), որի (որոնց) միջոցով գործակալությունն իրականացնում է իր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթները:
(9-րդ կետը խմբ. 27.12.2016 N 877-Ն)
10. (կետն ուժը կորցրել է 27.12.2016 N 877-Ն)
11. Գործակալությունը`
1) իրականացնում է հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց միությունների պետական գրանցումը, դրանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հաշվառումը.
2) իրականացնում է իրավաբանական անձանց, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների վերակազմակերպմամբ (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) պայմանավորված պետական գրանցումներն ու պետական հաշվառումները.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ է հրապարակում իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին.
4) օրենքով սահմանված դեպքերում վարում է իրավաբանական անձանց մասնակիցների ռեեստրը.
5) նախարարին ներկայացնում է առաջարկություն հասարակական միավորումների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների կամ իրենց կանոնադրության պահանջների խախտման դեպքում օրենքով նախատեսված կարգով նրանց գրավոր նախազգուշացնելու, ինչպես նաև նրանց գործունեությունը կասեցնելու, արգելելու կամ լուծարելու հայցապահանջով դատարան դիմելու վերաբերյալ.
6) նախարարությանը վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է վերահսկողություն զանգվածային լրատվության միջոցների կողմից օրենքի պահանջների պահպանման նկատմամբ և նախարարին ներկայացնում է առաջարկություններ օրենքը խախտողների նկատմամբ ներգործության միջոցներ կիրառելու վերաբերյալ.
7) օրենքով սահմանված դեպքերում և կարգով վարչական պատասխանատվության է ենթարկում զանգվածային լրատվության միջոցները թողարկողներին, հրապարակողներին և տարածողներին.
8) իրականացնում է անվճարունակ կազմակերպությունների գրանցամատյանի վարումը.
9) սահմանված կարգով վարում է փաստաթղթերի ընդունման մատյանները.
10) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական միասնական գրանցամատյանից, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները.
11) օրենքով սահմանված կարգով իրականացնում է սույն կանոնադրության 11-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակատերում չնշված իրավաբանական անձանց պետական գրանցումը, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը.
12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծառայությունների ցանկին և այդ ծառայությունների վճարների չափերին համապատասխան իրականացնում է իրավաբանական անձանց պետական գրանցման ծառայություններ.
13) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:
(11-րդ կետը խմբ. 27.12.2016 N 877-Ն)
12. (կետն ուժը կորցրել է 27.12.2016 N 877-Ն)
4. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
13. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը (պետական ռեգիստրի ղեկավարը), որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը՝ օրենքով սահմանված կարգով: Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, նախարարության ու սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:
14. Գործակալության պետը հաշվետու է նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
15. Գործակալության պետը`
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) կազմակերպում է գործակալության կենտրոնական մարմնի աշխատանքները.
3) կազմակերպում է գործակալության կենտրոնական մարմնի փաստաթղթերի ընդունման մատյանների վարումը.
4) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
5) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
6) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
7) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
8) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
9) կատարում է աշխատանքի բաշխում գործակալության կենտրոնական մարմնի աշխատողների միջև.
10) լսում է գործակալության կենտրոնական մարմնի աշխատողների և բաժնի (բաժինների) գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
11) իրականացնում է հսկողություն գործակալության կենտրոնական մարմնի և բաժնի (բաժինների) օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
12) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման մասին.
13) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
14) կնքում է իրավաբանական անձանց պետական գրանցման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրեր.
15) օրենքով սահմանված դեպքերում ստորագրում և կնքում է պետական գրանցման (հաշվառման) վկայականներ և այլ փաստաթղթեր.
16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:
(15-րդ կետը փոփ. 27.12.2016 N 877-Ն)
16. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում գործակալության պետի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
17. Գործակալության բաժնի պետը`
1) կազմակերպում է համապատասխան բաժնի (բաժինների) աշխատանքները.
2) հսկողություն է իրականացնում բաժնի (բաժինների) աշխատողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, նրանց կողմից պաշտոնեական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամբ.
3) կատարում է գործակալության պետի` իր իրավասության սահմաններում տրված հանձնարարականները և գրավոր ցուցումները.
4) օրենքով սահմանված դեպքերում ստորագրում և կնքում է պետական գրանցման (հաշվառման) վկայականներ և այլ փաստաթղթեր.
5) (ենթակետն ուժը կորցրել է 27.12.2016 N 877-Ն)
6) կազմակերպում է փաստաթղթերի ընդունման մատյանների վարումը.
7) (ենթակետն ուժը կորցրել է 27.12.2016 N 877-Ն)
8) (ենթակետն ուժը կորցրել է 27.12.2016 N 877-Ն)
9) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական միասնական գրանցամատյաններից, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները.
10) կրում է պատասխանատվություն բաժնի (բաժինների) խնդիրների և գործառույթների իրականացման համար:
(17-րդ կետը փոփ. 27.12.2016 N 877-Ն)
5. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
18. Օրենքով, նախարարության և սույն կանոնադրություններով, այլ իրավական ակտերով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
19. Գործակալության կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
20. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«22» դեկտեմբերի 2011թ. N 987-Ն որոշման |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I Կենտրոնական մարմին
II Կառուցվածքային ստորաբաժանում
Սպասարկման և գրանցման բաժին
(Հավելված N 2-ը խմբ. 27.12.2016 N 877-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |