ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» դեկտեմբերի 2012թ. |
N 953-Ն |
ք. Ստեփանակերտ
ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 953-Ն որոշման |
ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ
I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
1. Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի (այսուհետ` ընթացակարգեր) պարզեցման ազգային ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) սահմանում է օդային փոխադրումների ոլորտում ընթացակարգերի պարզեցման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից իրականացվող քաղաքականության սկզբունքները և նպատակ ունի նպաստելու Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ՔԱՄԿ) անդամ պետությունների միջև օդանավերի երթևեկության ընթացակարգերի պարզեցմանը` խուսափելով օդանավերի, ուղևորների, բեռների ուշացումներից:
2. Սույն Ծրագրում հաշվի են առնված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածի, ինչպես նաև ՔԱՄԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ստանդարտների պահանջները:
3. Ծրագրի դրույթները ենթակա են պարտադիր կատարման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության պետական մարմինների, իրավաբանական անձանց և քաղաքացիների կողմից:
4. Ծրագրի դրույթները տարածվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների կազմակերպման վրա:
II. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
5. Հանրապետական մակարդակով ընթացակարգերի ուսումնասիրման և դրանց պարզեցման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ գործընթացին առնչվող նախարարություններ և գերատեսչություններ, իր կանոնադրությամբ սահմանված կարգով, առաջարկություններ ներկայացնող մարմին է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեն (այսուհետ` Ազգային կոմիտե), իսկ օդանավակայանների մակարդակով` օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման օդանավակայանային կոմիտեն:
ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
6. Ազգային կոմիտեի կազմը, կանոնադրությունն ու փոխադրումների ծրագիրը հաստատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:
7. Ազգային կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության, ՔԱՄԿ-ի փաստաթղթերի, իր կանոնադրության և Ծրագրի համաձայն:
8. Ազգային կոմիտեի խնդիրները և գործառույթները սահմանվում են իր կանոնադրությամբ:
ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
9. Ազգային կոմիտեի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում ստեղծվում են օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման օդանավակայանային կոմիտեներ (այսուհետ` Օդանավակայանային կոմիտե):
10. Օդանավակայանային կոմիտեների կազմը և ծրագիրը հաստատվում են Ազգային կոմիտեի կողմից:
11. Օդանավակայանային կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության, ՔԱՄԿ-ի փաստաթղթերի, Ծրագրի, Ազգային կոմիտեի կողմից հաստատված Օդանավակայանային կոմիտեի գործունեության ծրագրի համաձայն:
III. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇԵՐԻՆ
12. Ծրագրի նպատակն օդային փոխադրումների ընթացակարգերի պարզեցման միջոցառումների ամրագրումը և դրանց գործնականում իրականացման միջոցով օդային փոխադրումների գործընթացների կատարելագործումն է:
13. Նշված քաղաքականությունը հաշվի է առնում «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» N 9 հավելվածը, նույն հավելվածի 10-րդ լրացումը և ոլորտին վերաբերող հետևյալ փաստաթղթերը`
1) միջազգային օդային տրանսպորտի բնագավառում հարկման մասին ՔԱՄԿ-ի քաղաքականությունը (DOC 8632).
2) մեքենայական հաշվառման ճամփորդական փաստաթղթեր (DOC 9303).
3) պիկտոգրամաներն օդանավակայաններում (DOC 9430).
4) հանրությանը չվերթերի մասին տեղեկացման ավտոմատ ցուցատախտակներ (DOC 9249).
5) ընթացակարգերի պարզեցման մասին ՔԱՄԿ-ի մասնագիտացված խորհրդակցությունների զեկույցները և «Ընթացակարգերի պարզեցման ոլորտում ՔԱՄԿ-ի նպատակները» (DOC 7891-C/906/2):
ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
14. Օդանավակայանները և օդանավակայան հասնելու հաղորդակցության միջոցներն ապահովող բոլոր կազմակերպությունները և շահագործողներն ապահովում են հաղորդակցության միջոցների մատչելիությունը և հարմարավետությունն` ուղևորներին տրամադրելով անհրաժեշտ տեղեկություններ: Ուղևորները պետք է տեղյակ լինեն մատուցվող ծառայությունների և դրանց գների մասին, ինչպես նաև պետք է պարզեցվեն երթուղային տրանսպորտին առնչվող և տոմսի ձեռքբերման ու վճարման ընթացակարգերը:
ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԸ
15. Ուղևորների սպասարկման հետ կապված գանձումներ իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ապահովել դրանց նախօրոք մուծման հնարավորությունը: Ուղևորներից նշված գանձումները պետք է կատարել այնպես, որ դրանք չստեղծեն լրացուցիչ հերթեր:
ԹՌԻՉՔԻՑ ԱՌԱՋ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
16. Ազգային կոմիտեն, ուղևորատոմսերի հաշվառման և ուղեբեռի ձևակերպման ժամանակի ծախսման կրճատումն ապահովելու նպատակով, ներկայացնում է առաջարկություններ թռիչքից առաջ ընթացակարգերի անցման ժամանակի վերաբերյալ` համաձայնեցնելով տվյալ գործընթացում ներգրավված գերատեսչությունների հետ:
Վերգետնյա սպասարկման համապատասխան կառույցներն ընթացակարգերն իրականացնում են միջազգային չափանիշերին համապատասխան: Ընդ որում, թռիչքների անվտանգության ապահովման միջոցառումները պետք է իրականացվեն ամբողջ ծավալով: Այն դեպքերում, երբ ընթացակարգերի իրականացման փաստացի ժամանակը նշանակալիորեն գերազանցում է միջազգային ստանդարտները, Ազգային կոմիտեն առաջարկություններ է ներկայացնում համապատասխան իրավասու մարմիններ, որոնց պահպանումը սահմանված կարգով ընդունումից հետո պարտադիր է տվյալ գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչությունների և ծառայությունների համար:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՈՒՄՆ ՕԴԱՆԱՎԻ ԺԱՄԱՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ
17. Որպեսզի չխախտվի քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեությունը, ուղևորների սպասարկման գործընթացի ժամանակ պետությունները պետք է համագործակցեն միմյանց հետ` անարգել լուծելու համար ուղևորների սպասարկման ընթացքում առաջացած խնդիրները: Այդ նպատակով պարզեցվում է այլ երկրներից վտարված տրանզիտ ուղևորների անցումը, անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում օդանավ շահագործողներին և վտարված անձանց ուղեկցողներին: Օդանավակայաններում, անկախ օդանավի տարողությունից, ժամանումից հետո ընթացակարգերի ժամանակի տևողությունը հասցվում է նվազագույնի` չհիմնավորված արգելքների և ուշացումների վերացման միջոցով:
Այն դեպքերում, երբ պարզվում է, որ անձը մուտքի թույլտվություն չունի, այդ մասին անհապաղ տեղեկացվում է օդանավ շահագործողը, ում տրվում է նման անձի վտարման մասին որոշում` նշելով այդ անձի ազգանունը, տարիքը, սեռը, քաղաքացիությունը: Վտարման ենթակա անձին տրվում է ուղեկցող փաստաթուղթ: Վտարման մասին որոշումը, կից փաստաթուղթը և առնչություն ունեցող այլ փաստաթղթերը տրվում են օդանավ շահագործողին, իսկ ուղեկցման դեպքում` ուղեկցող անձին:
Օդանավ շահագործողը, այն պահից սկսած, երբ պարզվել է, որ անձը չունի մուտք գործելու իրավունք, կրում է պատասխանատվություն տվյալ անձի խնամքի, պաշտպանության և նրա վտարման հետ կապված ծախսերի մասով:
Պետությունը պատասխանատվություն է կրում առանց մուտքի իրավունքի անձանց խնամքի և պաշտպանության համար` մինչև նշված անձանց` պետությունից վտարելու համար օդանավ շահագործողին հանձնելու պահը` ներառելով այն կատեգորիաների անձանց, ովքեր, օդանավ շահագործողի իրավասություններից դուրս, ստացել են մուտք գործելու մերժում` կապված փաստաթղթերի հետ, կամ այդ անձինք ուրիշ այլ պատճառներով չունեն մուտք գործելու իրավունք:
Այն դեպքերում, երբ որևիցե անձ ստանում է մուտք գործելու մերժում և հանձնվում է օդանավ շահագործողի պատասխանատվության, տվյալ պետության տարածքից դուրս հանելու նպատակով, շահագործողը չի զրկվում այդ անձից ծախսերի բռնագանձման պահանջից` կապված անձի վտարման հետ:
Պայմանավորվող պետությունը ստուգման նպատակով ընդունում է վտարված անձին այն պետությունից, որտեղ նրա մուտքը արգելվել է, եթե տվյալ անձը սկսել է ուղևորությունն իր տարածքից: Պայմանավորվող պետությունը չի վերադարձնում այդ անձին այն երկրին, որտեղ նա ավելի վաղ ստացել է մուտք գործելու մերժում:
Իր տարածքից անձ վտարող պետությունը ներկայացնում է վտարման մասին որոշում, որում նշվում է այն պետությունը, ուր վտարվում է տվյալ անձը:
Պայմանավորվող պետությունները օդանավ շահագործողի հետ մեկտեղ վտարվող անձի վտարման գործողությունների կազմակերպման ժամանակ, թռիչքի իրականացումից ոչ ուշ, քան 24 ժամ առաջ, ներկայացնում են հետևյալ տեղեկատվությունը`
ա. վտարման մասին որոշման պատճեն, եթե դա թույլատրվում է պայմանավորվող պետության օրենսդրությամբ.
բ. պետություններին ներկայացնում է ռիսկի գործոնի գնահատումը, կամ այլ յուրաքանչյուր համապատասխան տեղեկատվություն, որը կարող է օգնել օդանավ շահագործողին գնահատել թռիչքի անվտանգությանը սպառնացող վտանգի չափը.
գ. ուղեկցողների քաղաքացիությունն ու ազգանունները:
Վտարման նպատակով պայմանավորվող պետությունը վտարվող անձի փոխանցման ժամանակ օդանավ շահագործողին ապահովում է ամբողջ պաշտոնական թռիչքի համար նախատեսված փաստաթղթերով, որը (որոնք) պահանջում է (են) նշանակման կամ տարանցիկ պետությունը(ները):
ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
18. Ավիաընկերություններին իրավունք է վերապահվում, համաձայնեցնելով օդանավակայանների ղեկավարության հետ, ինքնուրույն իրականացնել վերգետնյա սպասարկումը:
19. Ազգային կոմիտեն նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ընթացակարգերի պարզեցման նպատակով անցկացվեն խորհրդակցություններ, մի կողմից, օդանավակայանների ղեկավարության և, մյուս կողմից, շահագործողների, գործակարգավարական և օդանավակայանի ծառայություններից օգտվող այլ ընկերությունների հետ` նախքան նոր ուղևորային համալիրի նախագծումը կամ հնի վերափոխումը, և այն դեպքերում, երբ նոր ընթացակարգը պահանջում է առկա սարքավորումների նախագծային փոփոխություններ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
20. Ազգային կոմիտեն իր կանոնադրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ օդանավակայանի վերգետնյա սպասարկման ընթացակարգերն իրականացնող լիազոր մարմինների և գերատեսչությունների (Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Արցախի Հանրապետության ոստիկանություն, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն) համապատասխան ծառայությունների փոխհամաձայնեցված գործողությունների և ընթացակարգերի պարզեցման ու հստակեցման վերաբերյալ:
(20-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն, փոփ. 06.12.2017 N 239-Ն)
ՄՈՒՏՔԻ, ԵԼՔԻ ՎԻԶԱՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
21. Ազգային կոմիտեն իր կանոնադրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ մուտքի, ելքի վիզա պահանջող ուղղություններով մեկնող ուղևորների անձնագրերի ստուգման և այդ գործընթացի հետ կապված ընթացակարգերի պարզեցման, կանոնակարգերի մշակման և դրանց ներդրման վերաբերյալ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայաններում գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմիններն ուղևորների կողմից ներկայացված ճամփորդական փաստաթղթերի գնահատման միջոցով պետք է օգնեն օդանավ շահագործողներին` հայտնաբերելու կեղծիքը կամ չարաշահումը:
Օդանավ շահագործողներն օդանավակայաններում պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի համոզվեն, որ ուղևորներն ունեն իրական գործող փաստաթղթեր` տրված տարանցիկ և նշանակակետային պետությունների կողմից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայաններում գործառույթներ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինները պետք է բացահայտեն և բռնագրավեն կեղծ, աղավաղված կամ շինծու ճամփորդական փաստաթղթերը: Նրանք պետք է բռնագրավեն նաև մուտքի իրավունք չունեցող անձի մոտ գտնվող և որպես ճամփորդական փաստաթղթի իրավասու սեփականատեր ներկայացող անձի ճամփորդական փաստաթղթերը:
Նման փաստաթղթերը պետք է անմիջապես հանվեն շրջանառությունից և վերադարձվեն փաստաթուղթը թողարկած պետության համապատասխան լիազոր մարմիններին կամ այդ պետության դիվանագիտական ներկայացուցչությանը:
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ, ՈՒՂԵԲԵՌԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
22. Օդանավակայաններում պետք է կիրառվեն արտահանվող և ներմուծվող ապրանքների, այդ թվում ուղեբեռի մշակման, ստուգման, զննման ժամանակակից և արդյունավետ ավտոմատացված համակարգեր և տեխնիկական միջոցներ, որոնց կիրառումն ու շահագործումը ֆինանսական տեսանկյունից մատչելի է օդանավակայանի համար:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայաններում գործառույթներ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինները օդանավ շահագործողի կամ նրա լիազորված գործակալի կողմից պարզեցված փաստաթղթային ընթացակարգերի ավարտից հետո պետք է կատարեն ապրանքների արագ բացթողում կամ արագ մաքսային ձևակերպում այլ պետության օդանավ շահագործողների կողմից ներմուծվող կամ արտահանվող վերգետնյա սարքավորումների, անվտանգության ապահովման սարքավորումների և դրանց պահեստամասերի, ուսումնական գրականության նյութերի համար:
Թույլատրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավ շահագործողին կամ նրա լիազորված գործակալին այլ պետության օդանավ շահագործողներին կամ նրանց լիազորված գործակալներին տրամադրելու ժամանակավոր օգտագործման համար սարքավորումներ, պահեստամասեր, վերգետնյա սարքավորումներ և անվտանգության ապահովման սարքավորումներ և դրանց պահեստամասեր, որոնք ներմուծվել են պայմանով, որ ազատվում են ներմուծման հարկերից և տուրքերից:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՎԵՐԹԵՐԻ ՄԱՍԻՆ
23. Ազգային կոմիտեի կողմից չվերթերի մասին ուղևորներին տեղեկատվությամբ ապահովելու համար առաջարկվում է հետևյալ պրակտիկան`
1) պետք է ապահովել, որ տեղեկատվական ցուցատախտակները համապատասխանեն ՔԱՄԿ-ի «Չվերթերի մասին տեղեկատվության ավտոմատ ցուցատախտակներ» (DOC 9249) փաստաթղթի պահանջներին.
2) օդանավակայանները և շահագործողները պետք է փոխանակեն չվերթերի մասին տեղեկատվությունը, ներառյալ բոլոր փոփոխությունները, և դրանք ներկայացնեն նշված ցուցատախտակների գործառնությունն ապահովող մարմիններ, որոնք պատասխանատու են անհրաժեշտ տեղեկությունների համակարգման և կապի միջոցներով հրապարակման համար:
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ՍԵՆՅԱԿ
24. Օդանավակայաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխաները, ծերերի և հաշմանդամների հետ միասին, օգնության կարիք ունեցող ուղևորների հատուկ խումբ են, պահանջվում է ուղևորասրահում և տրանզիտ սրահում ստեղծել երեխայի խնամքի սենյակ: Օդանավակայաններն ու շահագործողները պետք է առանձնացնեն հատուկ գոտի փոքրահասակ երեխաների համար, որոնք ճանապարհորդում են ծնողների կամ խնամակալների հետ: Անհրաժեշտ է, որ նման սենյակները նշվեն համապատասխան նշանային համակարգով (պիկտոգրամա)` ուղևորների համար հստակ և հասկանալի ձևով:
ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
25. Օդանավակայաններն ու օդանավեր շահագործողները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները` օդանավակայաններում և օդանավերում օգտագործման նպատակով նախատեսված սննդի ու ջրի գնումը, մշակումը, պահպանումը և վաճառքն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոններին ու հրահանգներին համապատասխան իրականացնելու համար:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՈՒՄՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՄԱՐ
26. Անհրաժեշտ է, որ այն շինությունները, որտեղ օդանավերի անձնակազմերը մուտք են գործում ծառայողական պարտականությունների կատարման համար, լինեն մատչելի և իրար մոտ տեղադրված: Օդանավակայանները պետք է ունենան օդանավերի անձնակազմերի համար նախատեսված քարտեզ, որտեղ պետք է նշված լինեն օդանավակայանային տարբեր շահագործող ծառայությունների գտնվելու վայրերը:
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՈՒՐ
27. Եթե օդանավակայանների տարածքում իրականացվում է անմաքս առևտուր, ապա պետք է նկատի ունենալ առևտրային սրահների հարմար տեղադրվածությունը, որպեսզի ապահովվեն դյուրին ելումուտն ու մատչելիությունը, մեծաթիվ ուղևորների արդյունավետ սպասարկումը և գնորդների համար բավականաչափ տարածքի առկայությունը` մեկնող և ժամանող ուղևորների հիմնական հոսքերին չխանգարելու նպատակով:
28. Թռիչքների անվտանգության ապահովման նպատակով վաճառքում չպետք է ներառվեն օդային փոխադրումների համար վտանգ ներկայացնող ապրանքներ, կամ պետք է իրականացվի դրանց հատուկ փաթեթավորում: Տվյալ հարցը կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումները սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Վտանգավոր բեռների օդային փոխադրումների անվտանգություն» հավելվածի 18-րդ դրույթին և նույն խնդրին վերաբերող DOC 9284-AN/905 տեխնիկական հրահանգի համաձայն:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՈՒՄՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
29. Ավիացիոն պատահարների կապակցությամբ փորձագետների` օդանավակայանի տարածք ընդունումը, որոնք իրականացնում են փրկարարական և ավիացիոն պատահարների հետաքննական աշխատանքներ, ինչպես նաև` վնասված օդանավերի վերանորոգում և տարահանում, կատարվում է անհապաղ և առանց արգելքների:
30. Այլ դեպքերում, եթե նման փորձագետներից պահանջվում է մուտքի վիզայի առկայություն, ապա համապատասխան մարմինները պարտավոր են, որպես բացառություն, մուտքի վիզաներ տրամադրել ժամանման պահին կամ այլ կերպ նպաստել նրանց ժամանմանը, եթե նշված անձինք ունեն իրենց պետության լիազոր մարմնի կողմից տրված գործուղման համապատասխան ձևեր:
Համապատասխան լիազոր մարմինները տեղեկացվում են ավիացիոն վթարների ու պատահարների կապակցությամբ ընթացակարգերի պարզեցման նշված պրակտիկայի մասին:
ՀԱՏՈՒԿ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ
31. Ավիաընկերությունները, օդանավակայանները, փոխադրման ծառայություններ իրականացնող գործակալությունները, վերգետնյա սպասարկման գործում ներգրավված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչությունները պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` նպատակաուղղված ծերերի ու հաշմանդամների օդային փոխադրումներից օգտվելու դյուրացմանը: Օդանավակայանները պետք է ծերերի ու հաշմանդամների համար լինեն մատչելի: Նրանց համար պետք է իրականացվեն ընթացակարգերի անհրաժեշտ պարզեցում, տեղեկատվության ապահովում, օդանավերի համապատասխան կահավորում: Ընդ որում, պետք է ապահովվի ավիացիոն անվտանգությունն իր ամբողջ ծավալով:
32. Հաշմանդամ ուղևորներն իրավունք ունեն ստանալու մյուս ուղևորներին մատչելի բոլոր սպասարկումներն օդային փոխադրումների հետ կապված հաստատություններում` օդանավակայաններում և ճամփորդության ամբողջ ընթացքում: Օդանավակայանների կահավորումը և ծառայությունները պետք է համապատասխանեն հատուկ օգնության կարիք ունեցող ուղևորների սպասարկման պահանջներին: Լսողության և տեսողության խանգարումներ ունեցող ուղևորները պետք է ստանան չվերթերի մասին անհրաժեշտ տեղեկություններ:
ՀԱՏՈՒԿ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
33. Ավիաընկերությունները, օդանավակայաններն ու վերգետնյա սպասարկման շահագործողները պետք է համագործակցեն հատուկ օգնության կարիք ունեցող ուղևորների սպասարկման համար անհրաժեշտ աշխատողների պատրաստման և նրանց ուսուցման ծրագրերի համակարգման գործում:
34. Անհրաժեշտ է, որ քաղաքացիական ավիացիայի ոլորտի պատասխանատուները նպաստեն ավիաընկերություններում, շահագործողների շրջանում և վերգետնյա սպասարկման աշխատողների միջոցով հատուկ օգնության կարիք ունեցող ուղևորների սպասարկմանն առնչվող տպագիր նյութերի տարածմանը, ներառյալ տեղեկությունները նման անձանց փոխադրման պայմանների ու ցուցաբերվող օգնության, ինչպես նաև այն ընթացակարգերի ու միջոցների մասին, որոնք կարող են անհրաժեշտ լինել սպասարկման համար:
35. Մաքսային համապատասխան ձևերը պետք է լինեն պարզ, դյուրըմբռնելի և խոշոր տպատառերով տպագրված, որպեսզի չառաջանան հարցեր` առանձնապես այն ուղևորների շրջանում, ովքեր ունեն տեսողության խանգարումներ:
36. Այն միջոցները, որոնք նախատեսված կամ նախագծված են հաշմանդամների համար, նշվում են համապատասխան նշանային համակարգով (պիկտոգրամա)` համաձայն ՔԱՄԿ-ի DOC 9430 փաստաթղթի պահանջների:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆԱՑՈՒՄԸ
37. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիազոր մարմինները պարտավորվում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ընթացակարգերի պարզեցման մասին տեղեկությունների հրատարակման և տարածման համար:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |