Համարը 
ՀՕ-50-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.12.29/24(158)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
25.11.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի

նոյեմբերի 25-ին

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերք` բուսաբուծական և անասնաբուծական արտադրանք, արտադրողների համատարած հաշվառման (այսուհետ` գյուղատնտեսական հաշվառում) նախապատրաստման, կազմակերպման, անցկացման, ստացված արդյունքների մշակման, ամփոփման, հրապարակման, պահպանման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2.

Գյուղատնտեսական հաշվառման մասին օրենսդրությունը

 

1. Գյուղատնտեսական հաշվառման բնագավառում ծագած հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:

2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3.

Գյուղատնտեսական հաշվառման նպատակները

 

Գյուղատնտեսական հաշվառման նպատակներն են`

1) գյուղատնտեսության կառուցվածքի` գյուղատնտեսական նշանակության հողեր, անասնագլխաքանակ, գյուղատնտեսական տեխնիկա, գյուղատնտեսական նշանակության շինություններ, առկա ներուժի` մարդկային, նյութական, և դրա օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը` հանրապետության, շրջանային և համայնքային կտրվածքով.

2) գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների հաշվառման ամբողջական համակարգի ձևավորումը.

3) գյուղացիական տնտեսությունների վիճակագրական ռեգիստրի ձևավորումը.

4) միջազգային վիճակագրական տվյալների հետ համադրելիության ապահովումը:

 

Հոդված 4.

Գյուղատնտեսական հաշվառմանը ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Գյուղատնտեսական հաշվառումն անցկացվում է տասը տարին մեկ:

2. Գյուղատնտեսական հաշվառումն անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում է գյուղատնտեսական հաշվառման անցկացման ժամկետը, ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան գյուղատնտեսական հաշվառումն սկսելուց մեկ տարի առաջ:

3. Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվում են գյուղատնտեսական հաշվառման հանրապետական և շրջանային հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

4. Գյուղատնտեսական հաշվառման ծրագիրը և հարցաշարը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Հարցաշարը չի կարող ընդգրկել վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր:

5. Գյուղատնտեսական հաշվառման փաստաթղթերը (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական և այլ փաստաթղթեր) հաստատում է վիճակագրության պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):

6. Գյուղատնտեսական հաշվառման տվյալներն օգտագործվում են բացառապես վիճակագրական նպատակների համար:

7. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պատասխանատու են գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստումը և անցկացումը պատշաճ կարգով կազմակերպելու համար:

 

Հոդված 5.

Գյուղատնտեսական հաշվառման ենթակա սուբյեկտները և նրանց պարտականությունները

 

1. Գյուղատնտեսական հաշվառումը կրում է պարտադիր բնույթ գյուղատնտեսական մթերք արտադրող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ամբողջական և սպառիչ պատասխաններ (տեղեկություններ) տալ հաշվառման հարցաշարի բոլոր հարցերին:

 

Հոդված 6.

Գյուղատնտեսական հաշվառումն անցկացնող մարմինները և նրանց պարտականությունները

 

Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման, անցկացման, ամփոփ տվյալների ստացման և հրապարակման պատասխանատուն լիազորված մարմինն է, որը պարտավոր է ապահովել`

1) գյուղատնտեսական հաշվառման ծրագրի (հարցաշարի) օբյեկտիվությունը, գիտական հիմնավորվածությունը, դրա համապատասխանությունը միջազգային նորմերին և ստանդարտներին.

2) գյուղատնտեսական հաշվառման նյութերի մշակումից ստացված ամփոփ արդյունքների հրապարակայնությունն ու մատչելիությունը.

3) սկզբնական (անհատական) տվյալների գաղտնիությունը:

 

Հոդված 7.

Գյուղատնտեսական հաշվառման ֆինանսավորումը

 

1. Գյուղատնտեսական հաշվառման աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման, անցկացման, նյութերի մշակման և ստացված արդյունքների հրապարակման բոլոր միջոցառումների ժամանակին և ամբողջ ծավալով կատարումն ապահովող ծախսերի նախահաշիվը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 8.

Պատասխանատվությունը գյուղատնտեսական հաշվառման մասին օրենսդրությունը խախտելու համար

 

1. Ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ անհատական տվյալներին տիրապետող լիազոր մարմնի աշխատակիցներին (այսուհետ` աշխատակիցներ) արգելվում է այլ անձի (անձանց) հաղորդել գյուղատնտեսական հաշվառման լրացված փաստաթղթերի բովանդակությունը: Գյուղատնտեսական հաշվառման սկզբնական (անհատական) տվյալների օգտագործման կարգի խախտման, հարցաթերթը ոչ ամբողջական, սխալ տվյալներով լրացնելու դեպքում գյուղատնտեսական հաշվառման աշխատակիցները պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

2. Գյուղատնտեսական հաշվառման սկզբնական (անհատական) նյութերը (այդ թվում` տվյալները) դատական, դատաքննչական և այլ մարմինները որպես ապացույց չեն կարող օգտագործել:

3. Գյուղատնտեսական հաշվառման հարցաթերթի հարցերին պատասխանելուց հրաժարվելը, ոչ ամբողջական, սխալ տվյալներ ներկայացնելն առաջացնում է պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

Հոդված 9.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

16 դեկտեմբերի 2010թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-50-Ն