Համարը 
N 163-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.12.22/35(455)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
03.11.2021
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
03.11.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.12.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 91-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2021 թվականի նոյեմբերի 03-ի

 

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի

N 91-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 163-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Հիմք ընդունելով «Նոտարիատի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել` նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները և գտնվելու վայրերը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի 2019 թվականի օգոստոսի 6-ի «Նոտարական տարածքները սահմանելու մասին» N 91-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

   

Ժ.ՄԻՐԶՈՅԱՆ

      

2021 թվականի նոյեմբերի 03

ք. Ստեփանակերտ

   

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարի

2021 թվականի նոյեմբերի 03-ի

N 163-Ն հրամանի

 

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ

ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ

 

1. Նոտարն իր գործունեությունն իրականացնում է պետական նոտարական գրասենյակում (այսուհետ՝ գրասենյակ) Արցախի Հանրապետության տարածքում: Գրասենյակը պետք է գտնվի շինությունում, որում ապահովված է անարգել մուտք ցանկացած անձի համար, հնարավորության դեպքում նաև՝ թեքահարթակ և/կամ անհրաժեշտ կահավորանք՝ հաշմանդամների տեղաշարժն ապահովելու նպատակով:

2. Գրասենյակի (գրասենյակի դեպի փողոց անմիջական մուտքի բացակայության դեպքում՝ նաև շինության) մուտքը պետք է ունենա տեսանելի վայրում փակցված ցուցանակ՝ նոտարական գրասենյակի վերաբերյալ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրառմամբ:

3. Գրասենյակի արտաքին պատին կամ դռան վրա պետք է փակցված լինի ցուցանակ՝ նոտարի աշխատանքային ժամերի վերաբերյալ:

4. Գրասենյակը պետք է համապատասխանի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության պահանջներին, ունենա անվտանգության համակարգ, ապահովված լինի հեռախոսային կապով և համացանց մուտք գործելու հնարավորությամբ:

5. Գրասենյակը նվազագույնը պետք է ունենա աշխատասենյակ, սպասասրահ և արխիվի սենյակ, մեկից ավելի նոտարների աշխատելու դեպքում՝ յուրաքանչյուր նոտարի համար նախատեսված առանձին աշխատասենյակ, իսկ սպասասրահը և արխիվի սենյակը կարող են լինել ընդհանուր՝ համապատասխանաբար ավելացնելով սպասասրահի և արխիվի համար նախատեսված քանակական պահանջները:

6. Աշխատասենյակը պետք է տեղակայված լինի այնպես, որ առավելագույնս ապահովված լինի նոտարական գործողությունների գաղտնիությունը, որտեղ պետք է տեղակայված լինի չհրկիզվող պահարան՝ առնվազն Արցախի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակները պահելու համար: Նոտարական գործողությունը կատարելիս արգելվում է նոտարից, նոտարի օգնականից և ստաժորից, ինչպես նաև նոտարական գործողության մասնակիցներից (ներառյալ վկաներ, թարգմանիչներ, անձի փոխարեն ստորագրողներ) բացի որևէ այլ անձի ներկայությունը աշխատասենյակում:

7. Աշխատասենյակի արտաքին պատին պետք է փակցված լինի ցուցանակ՝ նոտարի անվան և ազգանվան գրառմամբ:

8. Սպասասրահը, հնարավորության դեպքում, պետք է ապահովված լինի սպասելու և համապատասխան դիմումներ կամ այլ փաստաթղթեր լրացնելու համար անհրաժեշտ կահավորմամբ՝ առնվազն երեք անձանց համար նախատեսված նստատեղերով և մեկ գրասեղանով:

9. Սպասասրահում տեսանելի վայրում պետք է ներկայացված լինի հետևյալ տեղեկատվությունը՝

1) քաղաքացիների իրավունքների խախտումներին արագ արձագանքելու նպատակով ստեղծված թեժ գծ(եր)ի համար(ներ)ը,

2) նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագների և պետական տուրքերի չափերը,

3) նոտարական գործողությունների մասով պետական տուրքի և նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագների մասով արտոնություն ունեցող անձանց ցանկը:

10. Արխիվը պետք է ապահովված լինի մետաղական դռնով, իսկ պատուհան ունենալու դեպքում՝ ճաղավանդակով: Արխիվի տարածքը պետք է լինի չոր և կահավորված լինի պահարաններով՝ նախատեսված առնվազն 1500 նոտարական գործեր պահելու համար:

11. Սույն հավելվածով, այլ պահանջ նախատեսված չլինելու դեպքում, պահանջվող տեղեկատվությունը շարադրվում է հայերեն լեզվով, իսկ նոտարի ցանկությամբ՝ նաև այլ լեզուներով:

12. Տեղեկությունները պետք է փակցված լինեն անձանց համար տեսանելի վայրում՝ ընթերցանության համար հարմար տառատեսակով:

13. Նոտարական գրասենյակի գտնվելու վայրը որոշվում է քաղաքացիների հարմարավետության, հերթերի արդյունավետ կառավարման, անվտանգության ապահովման, ժամանակի արդյունավետության սկզբունքների հիման վրա` սպառողների համար նոտարական գրասենյակների հասանելիության (ճանապարհներին հնարավորինս մոտ տեղակայումը, գրասենյակ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով հասնելու հնարավորությունը), նոտարի գործունեության տնտեսական նպատակահարմարության չափանիշներով:

14. Արցախի Հանրապետությունում գործում են հետևյալ նոտարական գրասենյակները.

1) Թիվ 1 նոտարական գրասենյակ, հասցեն՝ ք. Ստեփանակերտ, փ. Վ.Սարգսյանի 24

2) Թիվ 2 նոտարական գրասենյակ, հասցեն՝ ք. Ստեփանակերտ, փ. Տ.Մեծի 10/26

3) Թիվ 3 նոտարական գրասենյակ, հասցեն՝ ք. Ասկերան, փ. Շահումյանի 48ա

4) Թիվ 4 նոտարական գրասենյակ, հասցեն՝ ք. Մարտակերտ, փ. Սախարովի 15

5) Թիվ 5 նոտարական գրասենյակ, հասցեն՝ ք. Մարտունի, փ. Կ.Ավանեսյանի 1

6) Թիվ 6 նոտարական գրասենյակ, հասցեն՝ ք. Ստեփանակերտ, փ. Ազատամարտիկների

7) Թիվ 7 նոտարական գրասենյակ, հասցեն՝ ք. Ստեփանակերտ, փ. Տ.Մեծի 10/26

8) Թիվ 8 նոտարական գրասենյակ, հասցեն՝ ք. Ստեփանակերտ, փ. Տ.Մեծի 10/26

9) Թիվ 9 նոտարական գրասենյակ, հասցեն՝ ք. Ստեփանակերտ, փ. Տ.Մեծի 10/26