ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
| «15» նոյեմբերի 2021թ. |
N 640-Ն |
ք. Ստեփանակերտ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 25.6-րդ կետը`
Հրամայում եմ՝
1. Սահմանել «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը»՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Մ. Համբարձումյանին:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| |
Հավելված
Արցախի Հանրապետության կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի 2021 թվականի նոյեմբերի 15-ի
N 640-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ Հաստատություն) երկարօրյա ուսուցման կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Հաստատությունում երկարօրյա ուսուցման կազմակերպումը ծառայում է «Հանրակրթության մասին» օրենքից բխող համակողմանիորեն զարգացած անձի ձևավորման կրթադաստիարակչական նպատակին: Հաստատության երկարօրյա ուսուցումն իրականացվում է սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաստումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողություններ և ստեղծագործական ունակություններ զարգացնելու, կրթական հավասար հնարավորություններ ապահովելու և մանկավարժական համապարփակ մոտեցման միջոցով սովորողների ու նրանց ընտանիքի զբաղվածության և այլ կարիքներին արդյունավետ արձագանքելու նպատակով:
3. Երկարօրյա ուսուցումը կազմակերպվում է աշակերտների երկարօրյա ուսուցման խմբերում (այսուհետ՝ Երկարօրյա խմբեր) անհրաժեշտ աշխատակազմի ներգրավմամբ և համակարգվում է տվյալ Հաստատության փոխտնօրենի կողմից կամ տնօրենի նշանակած այլ պատասխանատու աշխատակցի կողմից:
4. Հաստատությունում Երկարօրյա խմբերի կազմակերպման հիմնական խնդիրներն են՝
1) Հաստատության ուսումնանյութական բազայի հիման վրա երեխայի կրթական աջակցության և նրա անհատական ու սոցիալական նախադրյալներին համապատասխան ուսուցման և ժամանցի գործընթացի կազմակերպումը.
2) տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչների և երկարօրյա ուսուցման պատասխանատու մանկավարժների միջև հետադարձ կապի միջոցով կրթության արդյունավետության բարձրացումը.
3) տվյալ համայնքում բնակվող տարբեր մասնագետներին և մանկավարժներին, կամավորական հիմունքներով, դպրոցում գիտելիքի և հմտությունների փոխանցման գործընթացին ներգրավումը.
4) արտադասարանական աշխատանքներին սովորողների ակտիվ մասնակցության ապահովման միջոցով երեխայի ստեղծագործական ընդունակությունների զարգացումը.
5) արտադպրոցական գործընկերների հետ համագործակցությամբ արտադպրոցական ուսուցման հնարավորությունների բացահայտումը և օգտագործումը.
6) ուսումնական գործընթացի և մասնագիտական կողմնորոշման միջև փոխադարձ կապերի ստեղծումը.
7) երկարօրյա ուսուցման և դպրոցական առօրյայի ձևավորման գործում սովորողների մասնակցության և անձնական պատասխանատվության խթանումը.
8) երկարօրյա ուսուցման ձևավորմանը սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) ներգրավումը:
2. ԵՐԿԱՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
5. Յուրաքանչյուր Հաստատություն ձևակերպում է երկարօրյա ուսուցման սեփական մանկավարժական հայեցակարգ, որը քննարկվում և հավանության է արժանանում տվյալ Հաստատության մանկավարժական խորհրդում: Հայեցակարգի մշակման փուլում հաշվի են առնվում համայնքում առկա ուսուցման ու ժամանցային հնարավորությունները և ներգրավվում են Հաստատության մանկավարժական խորհուրդը, ծնողական ու աշակերտական խորհուրդները, ինչպես նաև այլ խորհրդակցական մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմնի, կրթամշակութային կազմակերպությունների, արտադասարանական խմբակների ներկայացուցիչներ և Հաստատության արտադպրոցական գործընկերներ: Մանկավարժական հայեցակարգում ներառվում են հետևյալ հարցերը.
1) ուսուցման գործընթացի և սովորել սովորելու մշակույթի զարգացումը.
2) սովորողի անհատական կարիքներին արձագանքումը.
3) դպրոցում ուսումնափորձարարական հնարավորությունների ընդլայնումը.
4) սովորողների և ծնողների մասնակցությունը.
5) ժամանցի հնարավորությունների ստեղծումը.
6) հաստատության համագործակցությունը արտադպրոցական գործընկերների հետ.
7) համընդհանուր ներառման գործընթացի իրականացում:
6. Երկարօրյա ուսուցումը ձևավորվում է բազմազան տարրերից, որոնք բխում են տվյալ Հաստատության մանկավարժական հայեցակարգից: Երկարօրյա ուսուցումն ու երկարօրյա խմբերի աշխատանքների կարգացուցակը (այսուհետ՝ կարգացուցակ) պետք է ներդաշնակ լինեն Հաստատության ամբողջական դասացուցակին և ռեժիմին:
3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ ԽՄԲԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Երկարօրյա ուսուցումը նախատեսված է երկարօրյա ուսուցում կազմակերպող Հաստատության 1-ին աստիճանի տարրական (այսուհետ՝ տարրական) և 2-րդ աստիճանի միջին (այսուհետ՝ միջին) դպրոցների բոլոր աշակերտների համար: 500-ից ավելի աշակերտ ունեցող Հաստատություններում երկարօրյա ուսուցումը կարող է կազմակերպվել տարբերակված եղանակով: Ավագ Հաստատության աշակերտները կարող են մասնակցել երկարօրյա ուսուցման առանձին նախագծերին, մասնագիտական կողմնորոշմանն ուղղված ուսումնական ծրագրերին և ներգրավվել երկարօրյա աշխատանքներում: Երկարօրյա ուսուցումը իրականացվում է հնգօրյա տևողությամբ՝ անկախ դպրոցի հնգօրյա կամ վեցօրյա լինելուց, և տևում է ըստ կրթական աստիճանների, ուսումնական պլանով նախատեսված դասերի ավարտից I-IV դասարանցիների համար առնվազն մինչև ժամը 16:45-ը, V-IX դասարանցիների համար առնվազն մինչև ժամը 17:30-ը: Եղանակային կամ այլ անհաղթահարելի պայմանների առկայության դեպքում հնարավոր են բացառություններ:
8. Երկարօրյա խմբերում աշակերտների ընդունելությունը ձևակերպվում է համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի:
9. Երկարօրյա խմբերը ձևավորվում են ըստ կրթական աստիճանի (տարրական և (կամ) միջին դպրոց, ինչպես նաև հնարավոր է ավագ դպրոց) կամ ըստ զուգահեռ դասարանների: Անհրաժեշտության դեպքում կարող են ձևավորվել տարատարիք խմբեր:
10. Երկարօրյա խմբերի կազմը, դրանց հետ աշխատող մանկավարժական աշխատողների անվանական կազմը, աշխատանքի տարեկան պլանը և ուսումնադաստիարակչական աշխատանքների կարգացուցակը ձևավորվում են երկարօրյա ուսուցումը համակարգող փոխտնօրենի կամ տնօրենի նշանակած այլ պատասխանատու աշխատակցի կողմից՝ սույն կարգի 5-րդ կետում նշված մանկավարժական հայեցակարգին համապատասխան և հաստատվում են Հաստատության տնօրենի հրամանով:
11. Երկարօրյա ուսուցման կազմակերպման համար հաշվի են առնվում Հաստատությունում ուսումնական պլաններին համապատասխան գործող դասացուցակը, սովորողների տարիքային և անհատական առանձնահատկությունները, սանիտարահիգիենիկ կանոնների նորմատիվների պահանջները: Կարգացուցակում նշվում են սովորողների դասապատրաստման, սննդի, հանգստի, ըստ անհրաժեշտության անհատական աշխատանքների, զբոսանքի, էքսկուրսիաների և խմբակներում ընդգրկված սովորողների անվանական կազմը, խմբակի աշխատանքի ժամերը, աշխատանքների իրականացման համար պատասխանատու մանկավարժական աշխատողների անունները:
12. Կարգացուցակում փոփոխություններ կարող են կատարվել Հաստատության տնօրենի հրամանով:
13. Կարգացուցակով իրականացված աշխատանքները, ինչպես նաև խմբում ընդգրկված սովորողների հաճախումները գրանցվում են մատյանում:
14. Հաստատության Երկարօրյա խմբերը ձևավորվում են մինչև ընթացիկ ուսումնական տարվա սեպտեմբերի 10-ը և համալրվում են տարվա ընթացքում:
15. Երկարօրյա խմբերի ռեժիմը (պարապմունքներ, միջոցառումներ, հանգիստ, սննդի կազմակերպում) չի կարող գերազանցել 24 ակադեմիական ժամ տարրական, 20 ակադեմիական ժամ՝ միջին դպրոցների սովորողների համար:
16. Երկարօրյա բոլոր խմբերում դասապատրաստմանը օրական հատկացվում է 2 ակադեմիական դասաժամ:
17. Հաստատության Երկարօրյա խմբերում մանկավարժական աշխատողի մեկ դրույքի լրիվ ծանրաբեռնվածությունը (աշխատանքի ծավալը) չի կարող գերազանցել շաբաթական 22 ակադեմիական ժամը:
18. Երկարօրյա խմբերը ըստ դասարանների կամ կրթական աստիճանի կազմավորելիս մանկավարժական աշխատողի համար սահմանվում է վճար տվյալ խմբի համար կարգացուցակով սահմանված աշխատանքների դասաժամերի չափով: Երկարօրյա խմբերի հետ աշխատող մանկավարժական աշխատողի վճարի չափը ձևավորվում է սովորողների հետ աշխատակարգով սահմանված փաստացի աշխատաժամանակից (մինչև 22 ակադեմիական ժամ):
19. Երկարօրյա խմբերի սովորողները օգտվում են Հաստատության գրադարանից, ընթերցասրահից, լաբորատորիաներից և ուսումնական այլ ռեսուրսներից:
20. Հաստատության Երկարօրյա խմբերում աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հաստատության կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և սույն կարգով:
21. Հաստատության Երկարօրյա խմբի ղեկավարի պարտականությունների մեջ են մտնում սովորողների արտադասարանական և արտադպրոցական, կրթադաստիարակչական ու առողջարարական միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև սովորողների ինքնուրույն աշխատանքի համար պայմանների ապահովումը, անհրաժեշտության դեպքում սովորողներին անհատական օգնության ցուցաբերումը: Երկարօրյա խմբի ղեկավարը պատասխանատվություն է կրում երեխաների կյանքի և առողջության պահպանման, երկարօրյա ժամանակահատվածում կրթադաստիարակչական աշխատանքի որակի և դպրոցի ներքին կանոնակարգի աշխատանքային ռեժիմի պահպանման համար:
22. Հաստատության Երկարօրյա խմբերի աշխատանքների կազմակերպման, սովորողների կյանքի և առողջության պահպանման, հանգստի ապահովման համար պատասխանատու են Երկարօրյա խմբերի ղեկավարները: Երկարօրյա խմբերի աշխատանքների կանոնակարգման համար պատասխանատու է Հաստատության փոխտնօրենի կողմից կամ տնօրենի նշանակած այլ պատասխանատու աշխատակիցը:
23. Երկարօրյա ուսուցման վերահսկողության համար պատասխանատու է Հաստատության տնօրենը:
24. Երկարօրյա խմբերի ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացման, սովորողների հաճախումների ապահովման համար պատասխանատու են մանկավարժական աշխատողներն ու սովորողների ծնողները:
4. ԵՐԿԱՐՕՐՅԱ ԾՐԱԳՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
25. Երկարօրյա խմբում ընդգրկված սովորողների թիվը մինչև 30 է, իսկ առավելագույն խտությունը չի կարող գերազանցել 35-ը: Երկարօրյա ուսուցման իրականացման նպատակով յուրաքանչյուր Հաստատության համար նախատեսվում է մանկավարժական աշխատողների դրույքների համալրում ըստ 1-ից 9-րդ դասարաններում սովորողների թվաքանակի՝
1) մինչև 35 սովորողի դեպքում՝ մեկ դրույք (նվազագույն դրույք).
2) հաջորդող 1-35 սովորողի ավելանալու դեպքում՝ ևս մեկ դրույք:
26. Երկարօրյա ուսուցման մանկավարժական աշխատողների դրույքը համապատասխանում է դասավանդողի համար նախատեսված դրույքին, որը համադրելի է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 23-ի N 80-Ն որոշման հավելվածի 12-րդ կետով սահմանված հանրակրթական ուսումնական հաստատության դասավանդողների աշխատաժամանակի (կողմնորոշիչ աղյուսակով) շաբաթական ծանրաբեռնվածությանը:
27. Երկարօրյա ուսուցման մանկավարժական աշխատողների նվազագույն դրույք ունեցող Հաստատությունում այդ հաստիքները կարող են բաժանվել տարրական դպրոցներում նվազագույնը 0,5 հաստիքի, իսկ միջին դպրոցներում այդ ժամերը կարող են բաժանվել ըստ առարկաների: Հնարավորության դեպքում ցանկալի են ամբողջական կամ առնվազն 0,5 դրույքներ:
28. Երկարօրյա ուսուցման մանկավարժական աշխատողների ընտրությունը կատարվում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, համաձայն՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի և Հաստատության ուսուցչի (դաստիարակի) թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի: Նախապատվությունը տրվում է տվյալ Հաստատությունում դեռևս չաշխատող մանկավարժական աշխատողներին: Տվյալ Հաստատության աշխատողներ չհանդիսացող մանկավարժական աշխատողների ներգրավման անհնարինության դեպքում կարող են ներգրավվել Հաստատությունում աշխատող ուսուցիչներ:
29. Հաստատության Երկարօրյա խմբերի աշխատանքների կազմակերպման համար պաշտոնային դրույքաչափի 15%-ի չափով հավելավճար ստանում են Հաստատության տնօրենը, տնօրենի նշանակած պատասխանատու աշխատողը (Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը կամ մանկավարժական այլ աշխատող), դպրոցի տնտեսական աշխատանքների գծով տեղակալը (տնտեսվարը):
Այն դպրոցներում, որտեղ միաժամանակ գործում են և՛ երկարօրյա, և՛ նախադպրոցական խմբեր, դպրոցի տնօրենի և տնտեսական աշխատանքների գծով տեղակալի (տնտեսվարի) համար սահմանվում է հավելավճար պաշտոնային դրույքաչափի 20%-ի չափով:
5. ԵՐԿԱՐՕՐՅԱ ԽՄԲԵՐՈՒՄ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
30. Երկարօրյա խմբերում երեխաների համար կազմակերպվում են երկանգամյա սնունդ (ճաշ և ետճաշիկ): Ճաշի համար նախատեսվում է առնվազն 30 րոպե: Ճաշի և ետճաշիկի միջև ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի երեքից-չորս ժամը՝ ելնելով տարիքային առանձնահատկություններից:
31. Երկարօրյա իրականացման նպատակով յուրաքանչյուր հաստատության համար նախատեսվում է խոհանոցային աշխատողների հաստիքներ, հաշվի առնելով երկարօրյա ուսուցման խմբերում ընդգրկված 1-ից 9-րդ դասարաններում սովորողների թվաքանակի՝
1) մինչև 35 սովորողի դեպքում՝ մեկ դրույք
2) 36-ից 70 սովորողի դեպքում՝ երկու դրույք
3) 71-ից 100 սովորողի դեպքում՝ երեք դրույք
4) 101-ից 200 սովորողի դեպքում՝ չորս դրույք
5) 201-ից 300 սովորողի դեպքում՝ հինգ դրույք
6) 301-ից 500 սովորողի դեպքում՝ վեց դրույք
7) 501-ից 1000 սովորողի դեպքում՝ յոթ դրույք
8) 1001-ից ավելի սովորողի դեպքում ութ դրույք:
32. Խոհանոցային բոլոր աշխատողները նախապես պարտավոր են մասնակցել Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Դպրոցական սննդի պատրաստում» գործնական դասընթացին և ստանալ համապատասխան վկայական, ինչպես նաև սահմանված կարգով անցնել առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական (սանիտարահիգիենիկ) զննություն: «Դպրոցական սննդի պատրաստում» դասընթացը թույլ է տալիս խոհանոցային աշխատողներին դպրոցական սննդի կազմակերպման ժամանակ փոխադարձաբար փոխարինել միմյանց:
33. Հաստատության տնօրենի հրամանով խոհանոցային աշխատողների կազմից նշանակվում է խոհանոցի պատասխանատու՝ հիմք ընդունելով մասնագիտական կրթությունը և փորձը:
34. Խոհանոցային աշխատողների աշխատաժամանակը սահմանվում է ըստ Աշխատանքային օրենսգրքի:
35. Խոհանոցային աշխատողների դրույքը համապատասխանում է նվազագույն աշխատավարձի համար նախատեսված դրույքին:
36. Խոհանոցային աշխատողների սանիտարական վիճակի վերահսկողության և սովորողների բուժսպասարկման աշխատանքները իրականացվում են համապատասխան բժշկական ծառայությունների միջոցով:
(հավելվածը խմբ. 14.10.22 N 531-Ն)