Համարը 
N 758-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.09.28/16(356)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
12.09.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.09.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.09.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 22 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2018թ.

N 758-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 22 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հավատարմագրման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 15-րդ հոդվածի 11-րդ մասերը և «Իրավական ակտերի մասին» օրենքի 73-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 21.10.2022 N 1152)

1. Սահմանել համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի «Տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 22 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

    
          

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

    

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2018 թվականի սեպտեմբերի 12-ի N 758-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգի նպատակը համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման գործընթացի կազմակերպումն ու իրականացումն է:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները սահմանվում են «Հավատարմագրման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) իմաստով:

(2-րդ կետը փոփ. 21.10.2022 N 1152)

3. Հավատարմագրման գործընթացի մասնակիցներն են համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ)՝ ներառյալ հավատարմագրման կոմիտեները (այսուհետ` կոմիտե) և հավատարմագրված ու հավատարմագրմանը հավակնող համապատասխանության գնահատման մարմինները (այսուհետ` ՀԳՄ)։

4. Հավատարմագրման գործընթացը և հավատարմագրման գործընթացի մասնակիցների հարաբերությունները կարգավորվում են օրենքի, սույն կարգի,

ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի, միջազգային պայմանագրերի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

5. Արցախի Հանրապետությունում ՀԳՄ-ին հավատարմագրում է Խորհուրդը:

6. Հավատարմագրման համար կարող են դիմել հետևյալ ՀԳՄ-ները.

1) փորձարկման լաբորատորիաները.

2) տրամաչափարկման (կալիբրավորման) լաբորատորիաները.

3) արտադրանքի սերտիֆիկացման մարմինները.

4) կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինները.

5) ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմինները.

6) հսկողություն իրականացնող մարմինները.

6.1) չափման միջոցների՝ բացառությամբ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի, ստուգաչափում իրականացնող իրավաբանական անձինք.

7) համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման այլ մարմիններ:

(6-րդ կետը լրաց. 21.10.2022 N 1152)

7. Հավատարմագրման վկայագիր տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:

 (7-րդ կետը փոփ. 21.10.2022 N 1152)

8. Օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման գործընթացի հետ կապված պարբերաբար արդիականացվող ամբողջական տեղեկատվությունը տեղադրվում է Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում:

 (8-րդ կետը փոփ. 21.10.2022 N 1152)

 

II. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

9. Հավատարմագրման չափանիշներն են օրենքով, ազգային` ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17024, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17021, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17020,

ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065, ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011, տարածաշրջանային, այդ թվում` եվրոպական և միջպետական, միջազգային և ազգային այլ ստանդարտներով, ուղեցույցներով սահմանված պահանջները:

 

III. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10. Հավատարմագրման ընթացակարգը ներառում է հետևյալ փուլերը.

1) ՀԳՄ-ի կողմից հավատարմագրման նպատակով Խորհրդին հայտի ներկայացում և գրանցում.

2) հայտի և դրան կից փաստաթղթերի փորձաքննություն.

3) ՀԳՄ-ի՝ ըստ գործունեության իրականացման վայրի գնահատում.

4) հավատարմագրման մասին որոշման ընդունում, հավատարմագրման վկայագրի գրանցում և հավատարմագրման վկայագրի տրամադրում.

5) հավատարմագրված ՀԳՄ-ների գնահատում (պարբերական, ինչպես նաև` արտահերթ):

11. Հավատարմագրման հավակնող ֆիզիկական կամ իրավաբանական անձը յուրաքանչյուր ՀԳՄ-ի համար Խորհրդին է ներկայացնում առանձին հայտ:

12. Հավատարմագրման գործընթացի նկարագրությունը և հավատարմագրման գործընթացին առնչվող փաստաթղթերի ցանկը տեղադրվում են Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում:

 (12-րդ կետը փոփ. 21.10.2022 N 1152)

13. ՀԳՄ-ն հավատարմագրման համար, ուղեկցող գրությամբ Խորհրդին է ներկայացնում թղթային և էլեկտրոնային տարբերակներով հայտ, որն առնվազն ներառում է.

1) ՀԳՄ-ի ընդհանուր բնութագիրը` ներառյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեն կամ իրավաբանական անձի գտնվելու վայրը, կազմակերպաիրավական ձևը, մարդկային և տեխնիկական ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվություն.

2) ՀԳՄ-ի գործունեության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն` գործունեության ոլորտը, գործունեության իրականացման վայրը (վայրերը).

3) հավատարմագրման ոլորտը.

4) ՀԳՄ-ի համաձայնությունը հավատարմագրման պահանջների և ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտով սահմանված պարտավորությունների կատարման վերաբերյալ.

5) ՀԳՄ-ի կողմից մատուցվող համապատասխանության գնահատման ծառայությունների նկարագիրը, ինչպես նաև ստանդարտների, մեթոդների կամ ընթացակարգերի ցանկը.

6) ՀԳՄ-ի որակի ձեռնարկի պատճենը (թղթային և էլեկտրոնային), ինչպես նաև ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի պահանջներին համապատասխան այլ փաստաթղթեր:

14. Եթե հավատարմագրման չափանիշներով ՀԳՄ-ի անձնակազմի համար սահմանված են համապատասխան որակավորում ունենալու պահանջներ, ապա որակավորման պահանջը համարվում է բավարարված, եթե անձնակազմի տվյալ անդամն ունի համապատասխան ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ մասնակցել է համապատասխան որակավորման դասընթացներին և ստացել որակավորման վկայական:

15. Հայտի և դրան կից փաստաթղթերի, ՀԳՄ-ի գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը սահմանում է Խորհուրդը:

16. Խորհուրդը մինչև հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ներկայացված հայտի ու դրան կից փաստաթղթերի լրակազմի նախնական ուսումնասիրություն և համապատասխանության դեպքում ՀԳՄ-ին տրամադրում է հայտը գրանցելու վերաբերյալ գրություն: Ընդունված հայտը գրանցվում է Խորհրդի հավատարմագրման հայտերի գրանցամատյանում:

17. Խորհուրդը գրությամբ ծանուցում է ՀԳՄ-ին հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ փաստաթղթերի՝ սահմանված ձևանմուշներին չհամապատասխանելու կամ ոչ ամբողջական լրակազմ ներկայացնելու դեպքում:

18. Սահմանված ժամկետում ՀԳՄ-ի կողմից թերությունները չվերացնելու դեպքում հայտի գրանցումը մերժվում է և Խորհուրդը փաստաթղթերի թղթային օրինակը վերադարձնում է ՀԳՄ-ին` նշելով վերադարձման հիմքերը:

19. Հայտը գրանցելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Խորհրդի նախագահի որոշմամբ ձևավորվում է փորձագետներից կազմված կոմիտե:

20. Խորհուրդը կոմիտեի կազմում ընդգրկված անդամների մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ ծանուցում է ՀԳՄ-ին: ՀԳՄ-ն ծանուցումը ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում իր գրավոր համաձայնությունն է ներկայացնում, իսկ շահերի բախման, կողմնակալության կամ այլ հիմնավոր պատճառների դեպքերում` գրավոր հիմնավոր առարկություն է ներկայացնում կոնկրետ փորձագետի նշանակման վերաբերյալ: Խորհուրդը քննարկում և որոշում է ընդունում կոմիտեում տվյալ փորձագետին ընդգրկելու հարցի վերաբերյալ:

21. Կոմիտեում ընդգրկված փորձագետների թիվը սահմանվում է՝ ելնելով հավատարմագրման ոլորտի բարդությունից և ծավալից` առավելագույնը ութ անձից:

22. Խորհրդի նախագահի կողմից կոմիտեի կազմը հաստատելուն հաջորդող աշխատանքային օրվանից սկսվում է ՀԳՄ-ի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննությունը:

23. Փաստաթղթերի փորձաքննության 30 աշխատանքային օրվա ընթացքում հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում ՀԳՄ-ին տրամադրվում է հաշվետվությունը` դրանց վերացման համար տրամադրելով իննսունօրյա ժամկետ: Սահմանված ժամկետում ՀԳՄ-ի կողմից փաստաթղթերի լրամշակված տարբերակ չներկայացնելը հիմք է հավատարմագրումը մերժելու համար:

24. ՀԳՄ-ի կողմից ուղեկցող գրությամբ լրամշակված փաստաթղթեր ներկայացնելուց հետո կոմիտեն 20 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է դրանց լրացուցիչ փորձաքննություն:

25. Փաստաթղթերի լրացուցիչ փորձաքննության բացասական եզրակացության դեպքում Խորհրդի կողմից կասեցվում է ՀԳՄ-ի գնահատման գործընթացը մինչև սույն կարգի 29-33-րդ կետերով սահմանված կարգով համապատասխան որոշման ընդունումը: Խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է ՀԳՄ-ին գնահատման գործընթացի կասեցման վերաբերյալ:

26. Փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացության դեպքում կոմիտեն իրականացնում է ՀԳՄ-ի գնահատում` ըստ գործունեության իրականացման վայրի: Տասն աշխատանքային օրվա ընթացում կոմիտեն Խորհրդին է ներկայացնում գնահատման վերաբերյալ հաշվետվություն:

27. Կոմիտեի կողմից հայտնաբերված անհամապատասխանությունների դեպքում դրանց վերացման համար ՀԳՄ-ին տրամադրվում է իննսունօրյա ժամկետ: Սահմանված ժամկետում անհամապատասխանությունների չվերացնելը կամ վերացման վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնելը հիմք է Խորհրդի կողմից հավատարմագրումը մերժելու համար:

28. Անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ սահմանված ժամկետում տեղեկատվություն ստանալուց հետո Խորհուրդն այն տրամադրում է կոմիտեին: Կոմիտեն 15 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ստացված տեղեկատվությունը և իրականացնում լրացուցիչ գնահատում, որի արդյունքները ներկայացվում են հաշվետվության մեջ:

29. Խորհուրդը գնահատման (լրացուցիչ գնահատման) հաշվետվությունը ստանալուն հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է նիստ և ընդունում է հավատարմագրման կամ հավատարմագրման մերժման մասին որոշում: Խորհուրդը ընդունում է նաև ՀԳՄ-ի հավատարմագրումն ընդլայնելու կամ կրճատելու, ինչպես նաև կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումներ:

30. Հավատարմագրման մասին դրական որոշման ընդունման դեպքում Խորհուրդը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է ՀԳՄ-ին որոշման մասին: Գրությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ՀԳՄ-ն Խորհրդին է ներկայացնում պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը:

31. Սույն կարգի 30-րդ կետով սահմանված ժամկետում պետական տուրքի վճարում չկատարելը հիմք է հավատարմագրումը մերժելու համար:

32. ՀԳՄ-ի կողմից պետական տուրքը վճարելուց հետո Խորհուրդը յոթ աշխատանքային օրվա ընթացքում.

1) ներառում է ՀԳՄ-ին հավատարմագրված ՀԳՄ-ների համապատասխան ռեեստրում (այսուհետ՝ ռեեստր): ՀԳՄ-ն հավատարմագրված է համարվում ռեեստրում ներառման պահից.

2) ՀԳՄ-ին տրամադրում է հավատարմագրման վկայագիր: Հավատարմագրման ոլորտն ամրագրվում է հավատարմագրման վկայագրի հավելվածում, որը հավատարմագրման վկայագրի անբաժանելի մասն է: Հավատարմագրման վկայագրի պատճենը պահվում է Խորհրդում.

3) ՀԳՄ-ին տրամադրում է հավատարմագրման նշան, որի կիրառման կարգը սահմանում է Խորհուրդը:

33. Մերժման դեպքում Խորհուրդը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ՀԳՄ-ին գրավոր տեղեկացնում է հավատարմագրման մերժման որոշման վերաբերյալ` նշելով մերժման հիմքերը:

34. ՀԳՄ-երի հավատարմագրման ժամկետը սահմանվում է երեք տարի, իսկ վերագնահատման ժամկետը՝ չորս տարի:

35. Հետագա հավատարմագրման դեպքում ՀԳՄ-ն հայտը ներկայացնում է հավատարմագրման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ, հակառակ դեպքում` ժամկետի փոփոխությունը հիմք է հավատարմագրումը որպես առաջին հավատարմագրում դիտարկելու համար: Սահմանված ժամկետը ՀԳՄ-ի կողմից պահպանելու դեպքում, եթե հավատարմագրման գործընթացը չի ավարտվել, ապա ՀԳՄ-ի հավատարմագրման վկայագիրը շարունակում է գործել մինչև կոմիտեի կողմից հավատարմագրման վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը:

 

IV. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

36. Հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման համար հիմք են ՀԳՄ-ի.

1) հավատարմագրման պայմանների փոփոխությունները` վերակազմակերպումը կամ գործունեության իրականացման վայրի կամ ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեի կամ իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխությունը.

2) անվանման փոփոխությունը.

3) հավատարմագրման ընդլայնման կամ կրճատման վերաբերյալ հայտը.

4) հավատարմագրման չափանիշների փոփոխությունը:

37. ՀԳՄ-ն տասն օրացուցային օրվա ընթացքում, սույն կարգի 36-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում, հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման վերաբերյալ հայտ է ներկայացնում Խորհուրդ՝ տրամադրելով հիմքերը:

38. Հավատարմագրման վկայագրի վերաձևակերպմանն առնչվող փաստաթղթերը Խորհուրդ ներկայացնելու օրվանից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում Խորհուրդն իրականացնում է այդ փաստաթղթերի վերլուծություն: Նշված ժամկետը չի ներառում ՀԳՄ-ի փաստաթղթերի փորձաքննությունը, գնահատումը՝ ըստ գործունեության իրականացման վայրի և անհամապատասխանությունների (հայտնաբերման դեպքում) վերացման ժամկետը:

39. Սույն կարգի 36-րդ կետի 1-ին ենթակետում նշված հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման ժամանակ Խորհուրդը սույն կարգի 19-րդ կետի համաձայն ձևավորված կոմիտեի միջոցով` փորձարկման (տրամաչափարկման) լաբորատորիայի գործունեության իրականացման վայրի փոփոխության դեպքում իրականացնում է ՀԳՄ-ի գնահատում՝ ըստ գործունեության իրականացման վայրի` համաձայն սույն կարգի 27-28-րդ կետերի:

40. Դրական որոշման ընդունման դեպքում, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Խորհուրդը վերաձևակերպում է հավատարմագրման վկայագիրը և անհրաժեշտության դեպքում վերահաստատում հավատարմագրման ոլորտը:

41. Հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման վերաբերյալ բացասական որոշումն ընդունվում է ներկայացված փաստաթղթերի և տվյալների վերաբերյալ սխալ տեղեկատվության և փաստաթղթերի փորձաքննության, ըստ գործունեության իրականացման վայրի գնահատման արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունները սույն կարգի 23-րդ և (կամ) 27-րդ կետերով սահմանված ժամկետներում չվերացնելու դեպքերում:

42. Հավատարմագրման վկայագրի վերաձևակերպման ժամանակ հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետը չի ընդհատվում:

 

V. ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԵՐԹ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

43. Խորհուրդը սահմանում է հավատարմագրված ՀԳՄ-ի պարբերական գնահատման ծրագիր, որտեղ նշվում են ՀԳՄ-ի պարբերական գնահատման անցկացման ժամկետները: Հիմք ընդունելով պարբերական գնահատման ծրագիրը՝ Խորհուրդը ՀԳՄ-ի հավատարմագրման վկայագրի վավերականության ամբողջ ընթացքում, սույն կարգի 19-րդ կետի համաձայն ձևավորված կոմիտեի միջոցով, իրականացնում է պարբերական գնահատում:

44. Խորհուրդը ՀԳՄ-ի առաջին հավատարմագրման դեպքում, պարբերական գնահատումն իրականացնում է հավատարմագրումից ոչ ուշ, քան տասներկու ամիս հետո` մեկ անգամ: ՀԳՄ-ի հետագա պարբերական գնահատումներն իրականացվում են ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:

45. Մինչև պարբերական գնահատում իրականացնելը Խորհրդի նախագահը երեք աշխատանքային օրվա ընթացքում պարբերական գնահատման ծրագիրը գրավոր համաձայնեցնում է ՀԳՄ-ի հետ:

46. ՀԳՄ-ի համաձայնությունն ստանալուց հետո Խորհուրդը կազմակերպում է ՀԳՄ-ի պարբերական գնահատում (փաստաթղթերի ուսումնասիրություն, ըստ գործունեության իրականացման վայրի գնահատում, ինչպես նաև հետևում է ՀԳՄ-ին համապատասխանության գնահատման գործունեության ընթացքում):

47. Պարբերական, ինչպես նաև արտահերթ գնահատումն իրականացնող կոմիտեն երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է փաստաթղթերի ուսումնասիրություն և երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատում ըստ ՀԳՄ-ի գործունեության իրականացման վայրի: Պարբերական գնահատման, ինչպես նաև արտահերթ գնահատման արդյունքների հիման վրա կազմվում է հաշվետվություն: Խորհուրդը հաշվետվությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ՀԳՄ-ին:

48. Խորհուրդը, տեղեկացնելով ՀԳՄ-ներին, կարող է իրականացնել արտահերթ գնահատումներ ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից և ստուգումներ իրականացնելու իրավասություն ունեցող մարմիններից ստացված գանգատների (բողոքների), ահազանգերի և հավատարմագրման պայմանների փոփոխությունների առկայության դեպքերում:

49. Պարբերական գնահատման, ինչպես նաև` արտահերթ գնահատման ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների դեպքում Խորհուրդը սահմանում է ուղղիչ գործողությունների իրականացման ժամկետ, որը չի կարող գերազանցել 30 օրը: Սահմանված ժամկետում անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնելը հիմք է Խորհրդի կողմից հավատարմագրումը դադարեցնելու համար:

50. Անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ սահմանված ժամկետում տեղեկատվություն ստանալուց հետո Խորհուրդը այն տրամադրում է կոմիտեին: Կոմիտեն հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ստացված տեղեկատվությունը և իրականացնում լրացուցիչ գնահատում` ըստ ՀԳՄ-ի գործունեության իրականացման վայրի, որի արդյունքները ներկայացվում են հաշվետվության մեջ:

51. Խորհուրդը, հիմնվելով պարբերական, արտահերթ գնահատումների արդյունքների վրա, ընդունում է որոշում հավատարմագրումն ուժի մեջ թողնելու, կասեցնելու, կրճատելու, դադարեցնելու մասին:

52. ՀԳՄ-ի հավատարմագրման չափանիշների փոփոխության դեպքում գործընթացն իրականացվում է՝ համաձայն սույն կարգի 13-31-րդ կետերի: Հավատարմագրման չափանիշների փոփոխության դեպքում գործընթացը կարող է համատեղվել ՀԳՄ-ի պարբերական գնահատման հետ: Այս դեպքում ՀԳՄ-ն հայտը ներկայացնում է նշված գնահատումից առնվազն երկու ամիս առաջ:

 

VI. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ

 

53. Հավատարմագրման ընդլայնման գործընթացը, համապատասխան որոշման ընդունումը և փաստաթղթի տրամադրումն իրականացվում են՝ համաձայն սույն կարգի 13-33-րդ կետերի:

54. Հավատարմագրման ընդլայնման դեպքում իրականացվում է հավատարմագրման վկայագրի վերաձևակերպում: Հավատարմագրման վկայագրին կցվում է հավատարմագրման ոլորտի ընդլայնման վերաբերյալ կամ փոփոխված հավատարմագրման ոլորտի հավելվածը, ինչի մասին համապատասխան նշում է կատարվում հավատարմագրված ՀԳՄ-ների ռեեստրում:

55. Հավատարմագրման ընդլայնման գործընթացը կարող է համատեղվել

ՀԳՄ-ի պարբերական գնահատման հետ: Այս դեպքում ՀԳՄ-ն հայտը ներկայացնում է նշված գնահատումից առնվազն երկու ամիս առաջ:

56. Հավատարմագրման ընդլայնման վավերությունը սահմանվում է մինչև

ՀԳՄ-ի հավատարմագրման ժամկետի ավարտը:

 

VII. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿՐՃԱՏՈՒՄԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

57. ՀԳՄ-ի հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանության դեպքում ՀԳՄ-ի հավատարմագրումը կարող է կրճատվել, կասեցվել կամ դադարեցվել:

58. ՀԳՄ-ն կարող է դիմել Խորհրդին հավատարմագրումը կրճատելու, կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու համար:

59. Հավատարմագրման կասեցման ժամկետը սահմանվում է Խորհրդի որոշմամբ` ոչ ավելի, քան չորս ամիս:

60. Հավատարմագրման կասեցման ժամանակահատվածում ՀԳՄ-ն իրավունք չունի իրականացնելու համապատասխանության գնահատման գործունեություն` վկայակոչելով իր հավատարմագրված լինելը, օգտվելու հավատարմագրման նշանից, ինչպես նաև ներկայացնելու հավատարմագրման ընդլայնման հայտ:

61. ՀԳՄ-ն կասեցման հիմքերի վերացման ապացույցները ներկայացնում է Խորհրդին: Խորհուրդը կոմիտեի միջոցով հինգ աշխատանքային օրվա ընթացքում կատարում է լրացուցիչ գնահատում` փաստաթղթային և (կամ) ըստ ՀԳՄ-ի գործունեության իրականացման վայրի:

62. Լրացուցիչ գնահատման արդյունքում Խորհուրդը սույն կարգի 29-33-րդ կետերով սահմանված կարգով որոշում է ընդունում հավատարմագրումը կրճատելու, վերականգնելու կամ դադարեցնելու մասին:

63. Հավատարմագրման կրճատման դեպքում իրականացվում է հավատարմագրման վկայագրի վերաձևակերպում: Հավատարմագրման վկայագրին կցվում է հավատարմագրման ոլորտի կրճատման վերաբերյալ կամ փոփոխված հավատարմագրման ոլորտի հավելվածը, ինչի մասին համապատասխան նշում է կատարվում հավատարմագրված ՀԳՄ-ների ռեեստրում:

64. ՀԳՄ-ի հավատարմագրումը դադարեցվում է.

1) դիմումի հիման վրա.

2) հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանության դեպքում.

3) կասեցման հիմքերը սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում.

4) պարբերական գնահատման, ինչպես նաև արտահերթ, լրացուցիչ գնահատման իրականացումից հրաժարվելու դեպքում.

5) հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս` հավատարմագրման նշան և (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչում կիրառելու դեպքում:

65. Հավատարմագրման դադարեցման մասին որոշումն ընդունելուց հետո ՀԳՄ-ն տասն աշխատանքային օրվա ընթացքում Խորհրդին է վերադարձնում հավատարմագրման վկայագրի բնօրինակն իր հավելվածներով` անկախ բողոքարկման հավանականությունից:

 (Հավելվածը փոփ., լրաց. 21.10.2022 N 1152)

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ