Համարը 
ՀՕ-144
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
12.04.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.05.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.05.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 
02.05.2016

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԼՂՀ-ՈՒՄ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2001 թվականի հուլիսի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում կիրարկել 1998 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (լրացումներով և փոփոխություններով հանդերձ), այն վերանվանելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք» (այսուհետ՝ օրենսգիրք)։

 

Հոդված 2. 2001 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել՝

1. 1995 թվականի փետրվարի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեփականության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը.

2. 1995 թվականի փետրվարի 14-ի «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը.

3. 1996 թվականի հունիսի 13-ի «Անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը.

4. 1999 թվականի հունվարի 13-ի «Անշարժ գույքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը։

 

Հոդված 3. Մինչև 2002 թվականի հունիսի 1-ը օրենսգրքին համապատասխանեցնել քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող օրենքները և այլ իրավական ակտերը։

Մինչև քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող օրենքները և այլ իրավական ակտերն օրենսգրքին համապատասխանեցնելը՝ դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին։

Մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը հրապարակված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, կառավարության, նախարարությունների և պետական այլ մարմինների այն նորմատիվ ակտերը, որոնցով կարգավորվող հարաբերություններն օրենսգրքի համաձայն պետք է կարգավորվեն միայն օրենքով, գործում են մինչև համապատասխան օրենքները գործողության մեջ դնելը։

 

Հոդված 4. Օրենսգիրքը կիրառվում է քաղաքացիական այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի։

Մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը ծագած պայմանագրային և այլ քաղաքացիական իրավահարաբերությունների նկատմամբ օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների մասով, որոնք կծագեն օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո։

 

Հոդված 5. Մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը կնքված պայմանագրերով պարտավորությունները պահպանվում են, եթե կողմերն այդ պայմանագրերի պայմանները կամովին չեն համապատասխանեցնում օրենսգրքի պահանջներին։

 

Հոդված 6. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից իրավաբանական անձինք կարող են ստեղծվել բացառապես օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձևերով։

Մինչև օրենսգրքի ուժի մեջ մտնելն ստեղծված ձեռնարկությունների այն կազմակերպական-իրավական տեսակները, որոնք նախատեսված չեն օրենսգրքի 5-րդ գլխով, մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը ենթակա են վերակազմակերպման և գրանցման։ Նշված ժամկետում չվերակազմակերպվելու և չգրանցվելու դեպքում դրանք ենթակա են լուծարման։

Մինչև օրենսգրքի ուժի մեջ մտնելն ստեղծված և օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձինք մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը իրենց հիմնադիր փաստաթղթերը պետք է համապատասխանեցնեն օրենսգրքի 5-րդ գլխի նորմերի պահանջներին և վերագրանցվեն։ Նշված ժամկետում չհամապատասխանեցված և չգրանցված հիմնադիր փաստաթղթերը համարվում են անվավեր։

 

Հոդված 7. Սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված իրավաբանական անձինք իրենց իրավական վիճակն օրենսգրքի նորմերին համապատասխանեցնելու նպատակով վերագրանցվելիս ազատվում են դրա համար վճարումներից։

 

Հոդված 8. Իրավաբանական անձանց գրանցման գործող կարգը պահպանվում է մինչև իրավաբանական անձանց պետական գրանցման մասին օրենքը գործողության մեջ դնելը։

 

Հոդված 9. Գործարքների անվավերության հիմքերի և հետևանքների մասին օրենսգրքի նորմերը կիրառվում են այն գործարքների նկատմամբ, որոնց անվավեր ճանաչելու մասին պահանջները դատարանի՝ ներառյալ միջնորդ դատարանի, կողմից քննվելու են 2001 թվականի հուլիսի 1-ից հետո՝ անկախ համապատասխան գործարքների կնքման ժամանակից։

 

Հոդված 10. Օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության ժամկետները կիրառվում են այն հայցերի նկատմամբ, որոնց նախկինում գործող օրենսդրությամբ նախատեսված ներկայացման ժամկետները չեն լրացել մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը։

Վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու և դրա անվավերության հետևանքները կիրառելու մասին՝ օրենսգրքի 317-րդ հոդվածով նախատեսված հայցի նկատմամբ, որի ներկայացման իրավունքը ծագել է մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը, կիրառվում է համապատասխան հայցի համար նախկինում գործող օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետը։

 

Հոդված 11. Օրենսգրքի 187-րդ հոդվածի (ձեռքբերման վաղեմություն) գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ գույքի տիրապետումն սկսվել է 2001 թվականի հուլիսի 1-ից առաջ և շարունակվում է օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահին։

 

Հոդված 12. Օրենսգրքով սահմանված պայմանագրերի առանձին տեսակների կնքման կարգը և ձևը կիրառվում են այն պայմանագրերի նկատմամբ, որոնց կնքման առաջարկությունն արվել է 2001 թվականի հուլիսի 1-ից հետո։

Պայմանագրերի առանձին տեսակների բովանդակությունը սահմանող օրենսգրքի նորմերը կիրառվում են օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո կնքված պայմանագրերի նկատմամբ։

 

Հոդված 13. Պայմանագրի կողմերի համար պայմանագրերի առանձին տեսակների լուծման հիմքերի, հետևանքների և կարգի մասին օրենսգրքի պարտադիր նորմերը կիրառվում են նաև այն պայմանագրերի նկատմամբ, որոնք շարունակում են գործել օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո՝ անկախ դրանց կնքման տարվանից, ամսվանից և ամսաթվից։

Պայմանագրի կողմերի համար պարտադիր պայմանագրային պարտավորությունները խախտելու համար պատասխանատվության մասին օրենսգրքի նորմերը կիրառվում են, եթե համապատասխան խախտումները թույլ են տրվել օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ նման խախտումների համար պատասխանատվություն է նախատեսվել մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը կնքված պայմանագրերում։

 

Հոդված 14. Օրենսգրքի 903-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ ավանդներում դրամական միջոցները ներգրավվել են մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը և այդ կապակցությամբ ծագած հարաբերությունները պահպանվել են օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո։

 

Հոդված 15. Օրենսգրքի 1063-րդ և 1064-րդ հոդվածների գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ վնասը պատճառվել է մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը, սակայն ոչ շուտ, քան մինչև 1998 թվականի հուլիսի 1-ը։

 

Հոդված 16. Օրենսգրքի 1078-1087-րդ հոդվածների գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ քաղաքացու կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը, սակայն ոչ շուտ, քան մինչև 1998 թվականի հուլիսի 1-ը։

 

Հոդված 17. Օրենսգրքի տասնմեկերորդ բաժնի նորմերը կիրառվում են նաև այն ժառանգությունների նկատմամբ, որոնք բացվել են մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը, սակայն չեն ընդունվել ժառանգներից ոչ մեկի կողմից և ժառանգման իրավունքով պետության կամ համայնքի սեփականությունը չեն դարձել մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

18 մայիսի 2001թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-144