Համարը 
N 254
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.12.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
10.12.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.12.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ, ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''10" դեկտեմբերի 1998թ.

 N 254

ք.Ստեփանակերտ

 

Հանրապետական գործադիր մարմինների կողմից Ստեփանակերտի քաղաքապետարանի և շրջանների վարչակազմերի համապատասխան բաժինների, շրջանային (քաղաքային) ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության տեսչական ստուգումների մասին

 

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի 1998թ. հուլիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման մասին» թիվ ՆՀ-42 հրամանագրի 6-րդ կետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հանրապետական գործադիր մարմինների կողմից Ստեփանակերտի քաղաքապետարանի և շրջանների վարչակազմերի համապատասխան բաժիններում տեսչական ստուգումների անցկացման կարգը (կցվում է):

2. Հանրապետական գործադիր մարմինների կողմից տեսչական ստուգումները շրջանային (քաղաքային) ենթակայության կազմակերպություններում և ձեռնարկություններում անցկացվում են ԼՂՀ կառավարության 1998թ. օգոստոսի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռներեց հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների ստուգումների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 163 որոշմամբ հաստատված կանոնակարգին համապատասխան:

 

 

ԼՂՀ վարչապետ

 Ժ.ՊՈՂՈՍՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1998թ. դեկտեմբերի 10-ի

թիվ 254 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Հանրապետական գործադիր մարմինների կողմից Ստեփանակերտի քաղաքապետարանի և շրջանների վարչակազմերի համապատասխան բաժիններում տեսչական ստուգումների անցկացման

 

1. Սույն կարգով կարգավորվում են հանրապետական գործադիր մարմինների կողմից Ստեփանակերտի քաղաքապետարանի և շրջանների վարչակազմերի համապատասխան բաժիններում (այսուհետև` ստուգվող համապատասխան բաժին) տեսչական ստուգումների կազմակերպման և անցկացման, ստուգվող համապատասխան բաժնի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունից բխող` հանրապետական գործադիր մարմնի ընդունած ցուցումների և գիտամեթոդական հրահանգների պահանջների կատարումը վերահսկելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանվում է տեսչական ստուգումների արդյունքների գանգատարկման կարգը:

2. Հանրապետական գործադիր մարմինների կողմից ստուգվող համապատասխան բաժիններում տեսչական ստուգումներն անցկացվում են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների հրամանի համաձայն, որի մեջ նշվում են տեսչական ստուգման նպատակը, ժամկետը, տեսչական ստուգումն անմիջականորեն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք), տեսչական ստուգման իրավական հիմքերը:

3. Տեսչական ստուգումն սկսելուց հինգ օր առաջ հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը Ստեփանակերտի քաղաքապետին, համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին տեղեկացնում է տեսչական ստուգում անցկացնելու վերաբերյալ հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի հրամանի առկայության մասին:

4. Ստեփանակերտի քաղաքապետը, շրջանի վարչակազմի ղեկավարը պարտավոր են անհրաժեշտ պայմաններ ստեղծել տեսչական ստուգումներ իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) կողմից իր (իրենց) պարտականությունների պատշաճ կատարման համար:

5. Տեսչական ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան երեք օր: Անհրաժեշտության դեպքում տեսչական ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր հիմնավորմամբ այն կարող է երկարացնել միայն տեսչական ստուգում անցկացնող համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը` այդ մասին տեղեկացնելով Ստեփանակերտի քաղաքապետին, շրջանի վարչակազմի ղեկավարին:

6. Տեսչական ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) իրավունք չունի (չունեն) դուրս գալ տեսչական ստուգումն անցկացնելու մասին հրամանի մեջ նշված նպատակի շրջանակներից:

Տեսչական ստուգման ընթացքում նոր հանգամանքներ առաջանալու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, տեսչական ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր հիմնավորմամբ, տեսչական ստուգման նպատակները և շրջանակները կարող են փոփոխվել տեսչական ստուգում անցկացնող համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի կողմից:

7. Տեսչական ստուգման արդյունքներով կազմվում է տեղեկանք, որում արձանագրվում են այն կազմելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվն ու վայրը, տեսչական ստուգումն իրականացնող համապատասխան հանրապետական գործադիր մարմնի և ստուգվող համապատասխան բաժնի անվանումները, տեսչական ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կազմը, տեսչական ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները, ստուգվող համապատասխան բաժնի ներկայացուցիչների բացատրությունները (հատուկ կարծիքները), տեղեկանքի օրինակների թիվը: Կազմված տեղեկանքն ստորագրում են ստուգվող համապատասխան բաժնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը և տեսչական ստուգում իրականացնող պաշտոնատար անձը (անձինք):

Տարաձայնություններ առաջանալու դեպքում ստուգվող համապատասխան բաժնի պաշտոնատար անձինք պարտավոր են ստորագրել տեղեկանքը` համապատասխան վերապահումով, և ոչ ուշ, քան տեղեկանքն ստորագրելուց մինչև հինգերորդ օրը ներկայացնել գրավոր բացատրություններ:

Տեղեկանքի պատճենի մեկ օրինակը հանձնվում է Ստեփանակերտի քաղաքապետին, շրջանի վարչակազմի ղեկավարին:

8. Տեսչական ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) իրավունք ունի (ունեն)`

ա) պահանջել փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ և այլ տեղեկություններ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող տեսչական ստուգման նպատակներին.

բ) պահանջել սահմանված ժամկետում վերացնել բացահայտված թերություններն ու խախտումները.

գ) իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

9. Տեսչական ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) պարտավոր է (են)`

ա) պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությունը.

բ) պահպանել ստուգվող համապատասխան բաժնի աշխատողների` օրենքով սահմանված իրավունքներն ու օրինական շահերը.

գ) չխոչընդոտել ստուգվող համապատասխան բաժնի բնականոն աշխատանքին:

Տեսչական ստուգումների ընթացքում արգելվում է միջամտել ստուգվող համապատասխան բաժնի ընթացիկ գործունեությանը:

10. Ստուգվող համապատասխան բաժնի պաշտոնատար անձինք իրավունք ունեն`

ա) ծանոթանալ տեսչական ստուգումների տեղեկանքին.

բ) ներկայացնել բացատրություններ, Ստեփանակերտի քաղաքապետին, շրջանի վարչակազմի ղեկավարին գանգատարկել տեսչական ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գործողությունները.

գ) կատարել միայն տեսչական ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) իրավասությունից (իրավասություններից), ինչպես նաև տեսչական ստուգման նպատակներից բխող պահանջները:

11. Ստուգվող համապատասխան բաժնի պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) չխոչընդոտել տեսչական ստուգումների ընթացքին, կատարել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները և ցուցումները.

բ) ներկայացնել պահանջվող փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ և այլ տեղեկություններ.

գ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար.

դ) սահմանված ժամկետում վերացնել ստուգման արդյունքների տեղեկանքում նշված թերություններն ու խախտումները:

12. Տեսչական ստուգումների արդյունքների հիման վրա համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը 10-օրյա ժամկետում կարող է Ստեփանակերտի քաղաքապետին, շրջանի վարչակազմի ղեկավարին ներկայացնել գրավոր փաստարկված առաջարկություն` ստուգվող համապատասխան բաժնի ղեկավարի` զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ:

Առաջարկության մասին հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը տեղյակ է պահում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:

Ստեփանակերտի քաղաքապետը, շրջանի վարչակազմի ղեկավարը հնգօրյա ժամկետում քննության են առնում հանրապետական գործադիր մարմնի առաջարկությունը և ձեռնարկում համապատասխան միջոցներ:

Ստեփանակերտի քաղաքապետի, շրջանի վարչակազմի ղեկավարի ձեռնարկած միջոցներն անբավարար համարելու դեպքում հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը կարող է դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին` հարցի վերջնական լուծման համար:

13. Տեսչական ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անօրինական գործողությունների մասին Ստեփանակերտի քաղաքապետը, շրջանի վարչակազմի ղեկավարը կարող են գանգատարկել տեսչական ստուգում անցկացնող համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարին:

Գանգատները քննության են առնվում և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան` գանգատը ստացվելու օրվանից հնգօրյա ժամկետում: Նշված ժամկետում գանգատի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում գանգատում բերված պատճառաբանությունները համարվում են ընդունված: