ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
”18” օգոստոսի 1998թ. |
N 163 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռներեց հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների ստուգումների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարծքում գործող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռներեց հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների ստուգումների կազմակերպման և անցկացման կանոնակարգը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1995 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 215 որոշմամբ հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտներում ստուգումների կազմակերպման և անցկացման կանոնակարգը:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998թ. օգոստոսի 18-ի
թիվ 163 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների անհատ ձեռներեց հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների ստուգումների կազմակերպման և անցկացման
Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնակարգը կարգավորում է ԼՂՀ տարածքում գործող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռներեց հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների (այսուհետ` ստուգվող օբյեկտներ) գործունեության ստուգումների կազմակերպման և անցկացման կապակցությամբ ծագող հարաբերությունները:
2. Ստուգումներ իրականացնող պետական մարմիններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են ԼՂՀ օրենսդրությամբ և սույն կանոնակարգով:
Արտագերատեսչական ստուգումներ իրականացնող պետական մարմինները
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտագերատեսչական ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են`
ա/ ԼՂՀ կառավարության աշխատակազմը (իր կառուցվածքային ստորաբաժանումները),
բ/ ԼՂՀ ֆինանսների նախարարությունը,
գ/ ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը,
դ/ ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը,
ե/ ԼՂՀ հարկային պետական վարչությունը,
զ/ ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունը,
է/ ԼՂՀ մաքսային վարչությունը,
ը/ ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչությունը,
թ/ ԼՂՀ բնության պահպանության վարչությունը,
ժ/ ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամը,
ժա/ ԼՂՀ «Արցախէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (ՊՓԲԸ) և Ստեփանակերտ քաղաքի ու ԼՂՀ շրջանների «Էլեկտրացանց» ՊՓԲԸ-ները,
ժբ/ ԼՂՀ սանիտարահամաճարակաբանական կայանը,
ժգ/ ԼՂՀ պետական հակահրդեհային պահպանության մարմինները,
ժդ/ ԼՂՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնը:
4. Սույն կանոնակարգի 3-րդ կետում նշված մարմիններից բացի` այլ պետական մարմիններ ստուգումներ կատարելու իրավասություն չունեն` բացառությամբ այն դեպքերի, երբ նման իրավասություն նրանց տրված է ԼՂՀ օրենսդրությամբ:
5. Սույն կանոնակարգի 3-րդ կետում նշված պետական մարմինները ստուգումներն իրականացնում են միայն ԼՂՀ օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների շրջանակում:
Ստուգումների անցկացման կարգը
6. Ստուգումն սկսելուց առաջ համապատասխան մարմնի պաշտոնատար անձն ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ներկայացնում է ստուգում իրականացնելու մասին որոշումը (հրամանագիրը, կարգադրությունը, հանձնարարագիրը, հրամանը), որի մեջ նշվում են ստուգման նպատակը, ժամկետը, ստուգումն անմիջականորեն անցկացնող պաշտոնատար անձը (անձինք), ստուգման իրավական հիմքերը:
Նշված որոշման (հրամանագրի, կարգադրության, հանձնարարագրի, հրամանի) պատճենի մեկ օրինակը տրվում է ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, իսկ երկրորդ օրինակն ստորագրվում է ստուգվող օբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից և հանձնվում ստուգող պետական մարմնին:
7. Ստուգման ժամկետը կարող է սահմանել ոչ ավելի, քան` 15 օր:
8. Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի որոշման (հրամանագրի, կարգադրության, հանձնարարագրի, հրամանի) մեջ նշված ժամկետը: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող անձանց կամավոր հիմնավորմամբ այն կարող է երկարաձգել միայն համապատասխան ստուգող պետական մարմնի ղեկավարը` այդ մասին գրավոր տեղեկացնելով ստուգվող օբյեկտի ղեկավարին:
9. Ստուգումը կատարող պաշտոնատար անձը (անձինք) ստուգումն իրականացնելու մասին որոշման (հրամանագրի, կարգադրության, հանձնարարագրի, հրամանի) մեջ նշված նպատակի շրջանակներից դուրս գալու իրավունք չունի (չունեն):
Ստուգման ընթացքում նոր հանգամանքներ բացահայտվելու և անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգումը կատարող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր հիմնավորմամբ ստուգման նպատակները և շրջանակները կարող են փոփոխվել համապատասխան մարմնի կողմից:
10. Եթե ստուգման ընթացքում ծագում են այնպիսի հարցեր, որոնք դուրս են գալիս ստուգումն իրականացնող պետական մարմնի իրավասության շրջանակներից, ապա համապատասխան իրավասու պետական մարմնին այդ մասին տեղեկացվում է:
11. Կրկնական ստուգումներ կարող են իրականացվել հետևյալ դեպքերում`
ա/ օբյեկտի լուծարման դեպքում,
բ/ օբյեկտի ղեկավարի խնդրանքով,
գ/ պետական կան պետական մասնակցություն ունեցող օբյեկտի պետական կառավարման վերադաս մարմնի խնդրանքով,
դ/ ստուգումն իրականացնող պետական մարմնի ղեկավարի թույլտվությամբ,
ե/ ԼՂՀ վարչապետի, փոխվարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ:
12. Ստուգման արդյունքներով կազմվում է ակտ, որում արձանագրվում են ակտը կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի և ստուգվող օբյեկտի անվանումները, ստուգումն անմիջականորեն կատարող պաշտոնատար անձանց կազմը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները, ստուգվող օբյեկտի ներկայացուցիչների բացատրությունները (հատուկ կարծիքը), ակտի օրինակների քանակը և ակտի հերթական համարը: Կազմած ակտը ստորագրում են ստուգումն անմիջականորեն կատարող պաշտոնատար անձինք և ստուգվող օբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինողը:
Տարաձայնություններ առաջանալու դեպքում ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են ստորագրել ակտը` համապատասխան վերապահումով, և ոչ ուշ, քան ակտն ստորագրելուց մինչև 5-րդ օրը ներկայացնել գրավոր բացատրություններ:
13. Ակտի պատճենի մեկ օրինակը հանձնվում է ստուգվող օբյեկտին: Եթե վերջինս պետական մարմին է, ապա ակտի պատճենի մեկ օրինակը կարող է ուղարկվել պետական կառավարման վերադաս մարմնին:
Ստուգումն իրականացնող անձանց իրավունքներն ու պարտականությունները
14. Ստուգումն իրականացնող անձինք իրավունք ունեն`
ա/ իրենց լիազորություններն իրականացնելիս ստուգվող օբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել ստուգվող օբյեկտ և դրա ցանկացած արտադրական, պահեստային և այլ շինություններ, եթե չեն խախտվել սույն կանոնակարգի 6-9-րդ կետերի պահանջները,
բ/ պահանջել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին,
գ/ անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով ստուգումներում ներգրավել ստուգվող օբյեկտի մասնագետներին,
դ/ պահանջել սահմանված ժամկետում վերացնել բացահայտված թերություններն ու խախտումները,
ե/ օրենքով սահմանված կարգով վերցնել կամ առգրավել փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին:
Փաստաթղթեր և իրեր ժամանակավորապես վերցնելու կամ առգրավելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը հանձնվում է ստուգվող օբյեկտի ղեկավարին: Ստուգումն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում ժամանակավորապես վերցրած կամ առգրաված փաստաթղթերի, իրերի պահպանության համար:
զ/ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել ներգործության համապատասխան միջոցներ,
է/ իրականացնել ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
15. Ստուգումն իրականացնող անձինք պարտավոր են`
ա/ պահպանել ԼՂՀ գործող օրենսդրությունը,
բ/ չհրապարակել ստուգվող օբյեկտի մասին ցանկացած, այդ թվում` առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ,
գ/ պահպանել ստուգվող օբյեկտի` օրենքով սահմանված իրավունքներն ու օրինական շահերը,
դ/ չխոչընդոտել ստուգվող օբյեկտի բնականոն աշխատանքին,
ե/ ծանոթացնել ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձանց իրենց իրավունքներին ու պարտականություններին:
16. Կենսապահովման և անընդհատ ցիկլով արտադրությունների առանձին օբյեկտների կապարակնքումն իրականացվում է միայն ԼՂՀ կառավարության թույլտվությամբ: Վերջիններիս ամենօրյա հաշվառման և շահագործման նպատակով ստեղծվում է ժամանակավոր հանձնաժողով` ստուգվող օբյեկտի և ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց մասնակցությամբ:
Ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները
17. Ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձինք իրավունք ունեն`
ա/ արգելել ստուգում իրականացնող անձանց մուտքը ստուգվող օբյեկտ, եթե վերջիններիս կողմից խախտվել են սույն կանոնակարգի 6-9-րդ կետերի պահանջները,
բ/ ծանոթանալ ստուգումների ակտերին,
գ/ ներկայացնել բացատրություններ, հարուցել միջնորդություններ, սահմանված կարգով գանգատարկել ստուգումն իրականացնող անձանց գործողությունները,
դ/ պահանջել ստուգումն իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում,
ե/ չկատարել ստուգումն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև ստուգման նպատակներից չբխող պահանջներ,
զ/ ստուգվող օբյեկտի շահերի պաշտպանության նպատակով ստուգումներին մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, փաստաբանների:
18. Ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են`
ա/ չխոչընդոտել ստուգումների ընթացքին, կատարել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջներն ու ցուցումները,
բ/ ներկայացնել պահանջվող փաստաթղթեր, տվյալներ, գրավոր բացատրություններ և այլ տեղեկություններ,
գ/ անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար,
դ/ սահմանված ժամկետում վերացնել ստուգման արդյունքների ակտում նշված թերություններն ու խախտումները:
Ստուգում իրականացնող անձանց գործողությունների գանգատարկումը
19. Ստուգում իրականացնող անձանց գործողությունները կարող են գանգատարկվել այն պետական մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում է ստուգող անձը (անձինք):
20. Գանգատները քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան գանգատն ստացվելու օրվանից 30-օրյա ժամկետում: Նշված ժամկետում գանգատի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում գանգատում բերված պատճառաբանությունները համարվում են ընդունված:
21. Ընդունված որոշմանը համաձայն չլինելու դեպքում ստուգվող օբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի այն գանգատարկել պետական կառավարման վերադաս մարմնին կամ դիմել դատարան:
22. Ստուգման արդյունքներով բացահայտված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: