Համարը 
ՆՀ-42
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
27.07.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.07.1998
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.07.1998
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԼՂՀ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքի հոդված 61-ից և նպատակ ունենալով ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման արդյունավետ իրականացումը, որոշում եմ.

Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման իրականացման հետևյալ կարգը.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, օրենքներով, սույն հրամանագրով և այլ իրավական ակտերով:

2.Պետական կառավարումը շրջանում ապահովվում է շրջանի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման միջոցով:

Շրջանի վարչակազմի ղեկավարը, օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում, շրջանի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում է հետևյալ բնագավառներում՝

- ֆինանսներ,

- քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեսություն,

- տրանսպորտ և ճանապարհաշինություն,

- գյուղատնտեսություն և հողօգտագործում,

- կրթություն,

- առողջապահություն,

- սոցիալական ապահովություն,

- մշակույթ և սպորտ,

- բնության և շրջակա միջավայրի պահպանություն:

Տարածքային քաղաքականությունը շրջանում իրականացվում է նշված բնագավառներում շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և շրջանային ենթակայության կազմակերպությունների ու ձեռնարկությունների միջոցով:

Շրջանային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

3. Շրջանի վարչակազմի ղեկավարը համակարգում է ազգային անվտանգության, պաշտպանության, ներքին գործերի, կապի, էներգետիկայի, առևտրի և սպասարկումների, հարկային, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ու այլ ոլորտներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

Շրջանում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգումը, շրջանի վարչակազմի ղեկավարին օրենսդրությամբ վերապահված իրավասության սահմաններում, ընդգրկում է՝

ա) հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեության կազմակերպումը,

բ) հանրապետական գործադիր մարմինների համապատասխան շրջանի տարածքային ծառայություններից կառավարության կողմից սահմանված կարգով տեղեկատվության ստացումը,

գ) այլ լիազորությունների իրականացումը:

4. Շրջաններում պետական կառավարումն իրականացվում է պետական և համայնքային շահերի ներդաշնակման, ինչպես նաև շրջանների վարչակազմերի ղեկավարների և հանրապետական գործադիր մարմինների ու վերջիններիս տարածքային ծառայությունների համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա:

5. Շրջանում պետական կառավարումն իրականացնում է շրջանի վարչակազմի ղեկավարը:

Շրջանի վարչակազմի ղեկավարը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում կառավարության կողմից և հաշվետու ու պատասխանատու է կառավարության առջև:

Շրջանի վարչակազմի ղեկավարն ունի տեղակալ:

Շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալին նշանակում է շրջանի վարչակազմի ղեկավարը՝ վարչապետի համաձայնությամբ:

Շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալը փոխարինում է վարչակազմի ղեկավարին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է վարչակազմի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:

Շրջանի վարչակազմի ղեկավարը նաև՝

ա) ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը,

բ) խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին: Սահմանված կարգով կառավարության, վարչապետի և հանրապետական գործադիր մարմինների քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերապահված հարցերը,

գ) համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների հետ և դրանց քննարկմանն է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող շրջանին առնչվող հարցերը,

դ) սահմանված կարգով նախապատրաստում և առաջարկություններ է ներկայացնում կառավարություն՝ շրջանում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ,

ե) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին,

զ) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում կառավարություն՝ իր գործունեության և շրջանի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում վարչապետին,

է) անհրաժեշտության դեպքում առաջարկություն է ներկայացնում համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին՝ նրանց տարածքային ծառայությունների և վերջիններիս ղեկավարների աշխատանքի վերաբերյալ,

ը) պարտադիր քննության է առնում հանրապետական գործադիր մարմինների կողմից շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում է ձեռնարկված միջոցների մասին,

թ) ընդհանրացնում է օրենսդրության կիրառման գործափորձը, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում կառավարություն,

ժ) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն ապահովելու համար,

ժա) օրենսդրությամբ սահմանված կարգով վերացնում կամ կասեցնում է շրջանային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների ղեկավարների՝ օրենսդրությանը հակասող իրավական ակտերը,

ժբ) օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում շրջանի տարածքում պետական սեփականության, բնական ռեսուրսների, պատմության և մշակույթի հուշարձանների, հատուկ պահպանվող այլ օբյեկտների պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ,

ժգ) օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է շրջանի տարածքում հանրահավաքներ, երթեր, ցույցեր և զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու համար թույլտվություն տալու հարցը,

ժդ) սահմանված կարգով տեղեկություններ է տալիս համապատասխան հանրապետական գործադիր մարմնին իր կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ,

ժե) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է պետության կողմից համայնքներին պատվիրակված լիազորությունների կատարման ընթացքը և պարտադիր լիազորությունների կատարումը,

ժզ) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Շրջանի վարչակազմի ղեկավարն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով ԼՂՀ օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ, արձակում կարգադրություններ:

Շրջանի վարչակազմի ղեկավարի՝ օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները ուժը կորցրած են ճանաչվում վարչապետի կամ դատարանի որոշմամբ:

Շրջանի վարչակազմի ղեկավարը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

6. Շրջանի վարչակազմի ղեկավարը կառավարության տարածքային քաղաքականությունը շրջանում իրականացնում է շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի միջոցով:

Շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի մեջ մտնում են վարչակազմի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի քարտուղարը և կառուցվածքային ստորաբաժանումները:

Շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի օրինակելի կանոնադրությունը հաստատում է կառավարությունը:

Շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությունը հաստատում է վարչակազմի ղեկավարը:

Շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է վարչապետը:

Շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներն իրականացնում են օրենսդրությամբ և շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները:

Համապատասխան հանրապետական գործադիր մարմիններ ունեցող շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների համար պարտադիր է այդ մարմինների՝ իրենց իրավասության շրջանակներում տրված ցուցումների և գիտամեթոդական հրահանգների կատարումը:

Հանրապետական գործադիր մարմիններն իրավունք ունեն օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնել շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների, շրջանային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեության տեսչական ստուգումներ:

Շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմը իրավաբանական անձ է, ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, բանկային հաշիվ և ձևաթղթեր:

7. Շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին ու աշխատակիցներին, օրենսդրությամբ սահմանված կարգով, պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում շրջանի վարչակազմի ղեկավարը:

8. Շրջանի խորհրդի նիստերում շրջանի վարչակազմի ղեկավարը՝

ա) համայնքների ղեկավարներին ծանոթացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, կառավարության և վարչապետի որոշումներին, իր որոշումներին ու կարգադրություններին և դրանցից բխող՝ տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներին,

բ) ծանոթանում է համայնքներում տիրող իրավիճակին, տարվող աշխատանքների ընթացքին և ծագած խնդիրներին,

գ) լսում է համայնքների ղեկավարների առաջարկություններն ու դիտողությունները շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի, շրջանային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեության վերաբերյալ,

դ) ապահովում է շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներդաշնակ գործունեությունը, լուծում կազմակերպման այլ հարցեր:

9. Շրջանի վարչակազմի ղեկավարը շրջանի խորհրդի քննարկմանն է ներկայացնում՝

ա) կառավարությանը և վարչապետին ներկայացվող իր հաշվետվությունները շրջանի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի և իր գործունեության մասին,

բ) իր առաջարկությունները շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի վերաբերյալ,

գ) իր առաջարկությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի նախագծի՝ շրջանին վերաբերող հատվածի, ինչպես նաև պետական բյուջեից համայնքների բյուջեներին կատարվող հատկացումների վերաբերյալ:

Շրջանի խորհրդի նիստերին շրջանի վարչակազմի ղեկավարի հրավերով կարող են մասնակցել հանրապետական գործադիր մարմինների, նրանց տարածքային ծառայությունների ղեկավարները, շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և այլ անձինք:

 

ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

 

10. Ֆինանսների բնագավառում շրջանի վարչակազմի ղեկավարը՝

ա) տնօրինում է շրջանի բյուջեի կազմավորման, հաստատման և կատարման, շրջանային հարկերի, տուրքերի և վճարների նշանակման, շրջանային նշանակության մյուս բոլոր ֆինանսական հարցերի լուծումը,

բ) սահմանված կարգով մշակում և կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում պետական բյուջեի նախագծի՝ շրջանին վերաբերող հատվածի, ինչպես նաև շրջանի տարածքի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ,

գ) տնօրինում է պետական բյուջեով շրջանին հատկացված միջոցները, վերահսկում այդ միջոցների նպատակային օգտագործումը,

դ) սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը,

ե) աջակցում և մեթոդական օգնություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում:

11. Քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության բնագավառներում շրջանի վարչակազմի ղեկավարը՝

ա) սահմանված կարգով կազմակերպում է շրջանի բնակավայրերի գլխավոր հատակագծերի նախագծերի կազմումը և ներկայացնում կառավարության հաստատմանը,

բ) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում կառավարություն՝ շրջանի բնակավայրերի և համայնքների սահմանների փոփոխման վերաբերյալ,

գ) եզրակացություն է տալիս հանրապետության տարածքային զարգացման և տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ,

դ) իր իրավասության սահմաններում կազմակերպում է բնակարանային և այլ շինարարություն, իրականացնում է կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառույթներ, քաղաքաշինական գործունեության հսկողություն, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ,

ե) վերահսկողություն է իրականացնում շրջանի տարածքում գտնվող շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի և շահագործման նկատմամբ՝ համագործակցելով համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների հետ,

զ) վերահսկողություն է իրականացնում շրջանի տարածքում բնակարանային ֆոնդի ընդլայնման, նորոգման, բարեկարգման և շահագործման նկատմամբ,

է) օրենսդրությանը համապատասխան ապահովում է շրջանում գույքային կադաստրի վարումը,

ը) կազմակերպում և վերահսկում է շրջանային ենթակայության ջրմուղ-կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների և ձեռնարկությունների աշխատանքը,

թ) վերահսկում է աղբահանությունը, կազմակերպում է աղբի ու թափոնների վերամշակումը,

ժ) կազմակերպում է շրջանի կառուցապատումը և սանիտարական մաքրումը, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում, իր իրավասության շրջանակում, սահմանված կարգով, համակարգում է կառուցապատումը:

12. Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառներում շրջանի վարչակազմի ղեկավարը՝

ա) կազմակերպում է միջհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքը, շրջանային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեությունը,

բ) կազմակերպում է շրջանային նշանակության ճանապարհների, կամուրջների, թունելների, այլ ինժեներական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը, աջակցում է հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը:

13. Գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառներում շրջանի վարչակազմի ղեկավարը՝

ա) օրենսդրությամբ սահմանված կարգով տիրապետում և օգտագործում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողերը,

բ) օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է շրջանի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման և հողի պահպանման աշխատանքները, կանխում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը,

գ) օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է համայնքների միջև ծագող հողային վեճերը,

դ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում իրականացնում է պատվիրատուի գործառույթներ,

ե) վերահսկում է շրջանի սահմանանիշների և գեոդեզիական կետերի պահպանումը,

զ) շրջանի հողերի օգտագործման սխեմաները սահմանված կարգով ներկայացնում է կառավարության հաստատմանը,

է) օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է շրջանի հողային հաշվեկշիռը և ներկայացնում կառավարության հաստատմանը,

ը) օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրեր է կնքում հողի և ամրակայված գույքի սեփականատերերի և (կամ) հողօգտագործողների հետ՝ շրջանի տարածքում շրջանային ենթակայության օբյեկտների կառուցման համար համապատասխան հողի և ամրակայված գույքի օգտագործման և դրա հետ կապված փոխհատուցումների վերաբերյալ,

թ) իրականացնում է շրջանային նշանակության ոռոգման ցանցերի կառուցումը, պահպանումը և շահագործումը, միջոցներ է ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ,

ժ) համակարգում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները,

ժա) համակարգում է շրջանի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքները,

ժբ) աջակցում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտի տնտեսավարող այլ սուբյեկտներին՝ արտադրության կազմակերպման և զարգացման գործում,

ժգ) համակարգում է շրջանի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեությունը,

ժդ) համակարգում է շրջանի տարածքում սերմնաբուծական ձեռնարկությունների, տոհմաբուծարանների և արհեստական սերմնավորման կայանների գործունեությունը:

14. Կրթության բնագավառում շրջանի վարչակազմի ղեկավարը՝

ա) իրագործում է պետական հանրակրթական ծրագրերը, կազմակերպում է շրջանային ենթակայույթան պետական կրթական հաստատությունների գործունեությունը և ուսումնադաստիարակչական աշխատանքները, վերահսկում է ոչ պետական կրթական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը,

բ) կազմակերպում է շրջանային ենթակայության կրթական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը:

15. Առողջապահության բնագավառում շրջանի վարչակազմի ղեկավարը՝

ա) իրագործում է պետական առողջապահական ծրագրերը, կազմակերպում է շրջանային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքը, օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է բնակչության անվճար բուժօգնության իրականացումը, վերահսկում է ոչ պետական առողջապահական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը,

բ) շրջանի տարածքում կազմակերպում և իրականացնում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներ, կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով,

գ) աջակցում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին՝ բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս,

դ) կազմակերպում է շրջանային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը:

16. Սոցիալական ապահովության բնագավառում շրջանի վարչակազմի ղեկավարը՝

ա) իրագործում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերը, կազմակերպում է շրջանային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկում է շրջանի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը,

բ) կազմակերպում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, համակարգում է մարդասիրական օգնության բաշխումը,

գ) աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը,

դ) աջակցում է պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման աշխատանքներին,

ե) կազմակերպում է շրջանային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը,

զ) աջակցում է սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը:

17. Մշակույթի և սպորտի բնագավառներում շրջանի վարչակազմի ղեկավարը՝

ա) կազմակերպում է շրջանային ենթակայության մշակութային և սպորտային հաստատությունների աշխատանքը, շրջանային մշակութային և սպորտային, ինչպես նաև պետական ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ավանդական ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը, վերահսկում է շրջանի տարածքում ոչ պետական մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը,

բ) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ,

գ) կազմակերպում է շրջանային ենթակայության մշակութային և սպորտային օբյեկտների կառուցումը, հանգստի գոտիների ստեղծումը, պահպանումն ու շահագործումը,

դ) համագործակցում է շրջանի տարածքում գործող պետական գրանցում ունեցող կրոնական կազմակերպությունների հետ:

18. Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում շրջանի վարչակազմի ղեկավարը՝

ա) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորության շրջանակում ապահովում է դրանց իրականացումը շրջանի տարածքում,

բ) վերահսկում է ջրերի, անտառների, կանաչ գոտիների, ընդերքի պահպանության և օգտագործման բնագավառում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը,

գ) աջակցում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը,

դ) համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ:

19. Շրջանի վարչակազմի ղեկավարի գործունեությանն առնչվող սույն հրամանագրով չկանոնակարգված հարցերը կարգավորվում են օրենսդրության այլ ակտերով և շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ:

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

 

20. Շրջանի վարչակազմի ղեկավարը շրջանի տարածքում ազգային անվտանգության, ինչպես նաև զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման խնդիրների առնչությամբ հրավիրում է համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարներին, անց է կացնում խորհրդակցություններ և վերջիններիս ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:

21. Շրջանի վարչակազմի ղեկավարը համակարգում է շրջանի ներքին գործերի մարմինների գործունեությունը և իրավասու է նրանցից պահանջել իրենց ծառայողական պարտականությունների կատարումը լրիվ ծավալով՝ բացառությամբ օպերատիվ-հետախուզական գործունեության:

22. Շրջանի վարչակազմի ղեկավարը, օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության շրջանակներում, կազմակերպում և համակարգում է շրջանի տարածքում արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների վտանգի նվազեցման և դրանց հետևանքների վերացման աշխատանքները, անհրաժեշտության դեպքում շրջանի տեղական ինքնակառավարման մարմիններին, բնակչությանը ներգրավում է տարերային և տեխնոլոգիական աղետների հետևանքների վերացման գործին, կազմակերպում և ղեկավարում է շրջանի բնակչության քաղաքացիական պաշտպանության աշխատանքները:

23. Շրջանի տարածքում ազգային անվտանգության, զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման, ներքին գործերի, վիճակագրության պետական ռեգիստրի և վերլուծության ծառայության ոլորտներին վերաբերող խնդիրների առնչությամբ շրջանի վարչակազմի ղեկավարը օժանդակում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների գործունեությանը և ապահովում դրանց համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ու բնակչության հետ:

Շրջանի վարչակազմի ղեկավարն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված բնույթի տեղեկատվություն ստանալ համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարներից:

24. Շրջանի վարչակազմի ղեկավարը օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում համակարգում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը այլ ոլորտներում:

25. Շրջանի վարչակազմի ղեկավարի նստավայրը շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի շենքն է, որը գտնվում է շրջանի վարչական կենտրոնում:

Շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատակազմի շենքի վրա և շրջանի վարչակազմի ղեկավարի աշխատասենյակում տեղադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը:

 

 

 

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

27 հուլիսի 1998թ.

թ. ՆՀ-42

ք.Ստեփանակերտ