ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ սահմանված կարգի գործողությունը տարածվում է քաղաքաշինական ծրագրային ու գոտիավորման փաստաթղթերի և դրանց բացակայության դեպքում` կառուցապատման նախագծերի, նոր կառուցվող բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի վրա:
3. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 10-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» թիվ 257 որոշումը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2005թ. ապրիլի 26-ի
թիվ 218 որոշման |
Կ Ա Ր Գ
ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությունն իրականացվում է սույն կարգով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների (քաղաքային, գյուղական) վարչական տարածքներում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հասարակայնությանն իրազեկում են տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքների վարչական սահմաններից դուրս պետական կառավարման համապատասխան շրջանային մարմինները, Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետը:
3. Իրազեկումն իրականացվում է`
ա) զանգվածային լրատվության միջոցներով (տեղական և հանրապետական ռադիո, հեռուստատեսություն, լրագիր).
բ) ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով, հրապարակումներով.
գ) հասարակական քննարկումներով:
4. Պետական կառավարման շրջանային կամ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց համաձայնեցմանը ներկայացված քաղաքաշինական ծրագրերը և նախագծերն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում պարտավոր են դրանց մասին իրազեկել հասարակայնությանը, նշելով վերոհիշյալ փաստաթղթերին ծանոթանալու պայմանները` հրապարակման, ցուցադրման և հասարակական քննարկման տեղն ու ժամանակը:
Պարտավորության չկատարումն առաջացնում է վարչական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
5. Քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի հրապարակման և ցուցադրման ժամկետը սահմանվում է 15 օր:
6. Հասարակայնության ներկայացուցիչները սահմանված ժամկետում նորմատիվ և այլ իրավական ակտերով հիմնավորված դիտողությունները, առաջարկությունները, ինչպես նաև հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի վերաբերյալ սեփական միջոցներով կատարված` անկախ փորձաքննության եզրակացությունները գրավոր ներկայացնում են պետական կառավարման համապատասխան շրջանային կամ տեղական ինքնակառավարման մարմին:
7. Պետական կառավարման շրջանային կամ տեղական ինքնակառավարման մարմինը հասարակայնության ներկայացուցիչների դիտողությունների ու առաջարկությունների ուսումնասիրությունից և վերլուծությունից հետո 3-օրյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշում:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |