Համարը 
N 60
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.02.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
28.12.2009

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՂՀ ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''28'' փետրվարի 2005թ.

 N 60

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին

(վերնագիրը փոփ. 25.12.2007 N 703, փոփ. 13.08.2008 N 574)

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2004 թվականի մարտի 9-ի ՆՀ-89 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետի, ինչպես նաև ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 26-ի թիվ 12 որոշման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կառուցվածքը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 25.12.2007 N 703, փոփ. 13.08.2008 N 574)

2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2004թ. հունիսի 22-ի «ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության ԼՂՀ որակի տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 230 որոշումը:

3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2005 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«28» փետրվարի 2005թ.

թիվ 60 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության

(վերնագիրը փոփ. 25.12.2007 N 703, փոփ. 13.08.2008 N 574)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը (այսուհետ՝ տեսչություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կազմում գործող գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ սպասարկումների, ծառայությունների, աշխատանքի և արտադրանքի որակի ապահովման, ինչպես նաև իր լիազորությունների սահմաններում հավատարմագրման գործընթացի իրականացման բնագավառներում՝ հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

(1-ին կետը փոփ. 25.12.2007 N 703, փոփ. 13.08.2008 N 574)

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է սույն կանոնադրության համաձայն, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ կետը փոփ. 25.12.2007 N 703)

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. Տեսչության նպատակները և խնդիրները

 

7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`

ա) արտադրանքի, աշխատանքի, ծառայության որակի ապահովման և սպառողների իրավունքների պաշտպանությունը՝ արտադրանքի կամ ծառայությունների նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների, համապատասխանության պարտադիր հավաստման ու չափումների միասնականության ապահովման կանոնների պահպանման բնագավառներում.

բ) տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրանքի, աշխատանքի, ծառայությունների նկատմամբ նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը.

գ) արտադրանքի, աշխատանքի, ծառայության համապատասխանության հավաստման և չափագիտական նորմերի պահպանումը.

դ) համապատասխանության հավաստման և չափումների միասնականության ապահովման բնագավառներում հավատարմագրման գործառույթների իրականացման ապահովումը:

 

III. Տեսչության գործառույթները

 

8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան՝ պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափման միջոցների թողարկման, չափումների կատարման մեթոդիկաների, էտալոնների, տիպային և աշխատանքային չափման միջոցների վիճակի ու կիրառման և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.

բ) փաթեթավորված, չափածրարված ապրանքների նկատմամբ չափագիտական վերահսկողության իրականացում.

գ) օտարվող ապրանքների նկատմամբ չափագիտական վերահսկողության իրականացում.

դ) արտադրանքն արտադրելու, իրացնելու, օգտագործելու (շահագործելու), պահելու, փոխադրելու և օգտահանելու փուլերում, ինչպես նաև աշխատանքների, ծառայությունների (այսուհետ՝ ծառայություն) մատուցման ժամանակ արտադրանքի կամ ծառայության նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների և համապատասխանության պարտադիր հավաստման կանոնների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.

ե) հավատարմագրման ենթակա իրավաբանական անձանց կողմից ներկայացված հավատարմագրման հայտերի ընդունում, փաստաթղթերի փորձաքննության և այդ նյութերը հավատարմագրման խորհրդին ներկայացում, հավատարմագրված իրավաբանական անձանց գրանցամատյանի վարում ու հավատարմագրման վկայագրերի հանձնում.

զ) ԼՂՀ կառավարության սահմանված կարգով իրականացնում է հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների, փորձարկումներ, ստուգաչափում ու ստուգաճշտում կատարող լաբորատորիաների համապատասխանության նկատմամբ հսկողություն և ըստ արդյունքների հավատարմագրման խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ՝ հավատարմագրումը կասեցնելու, վերականգնելու, դադարեցնելու, հավատարմագրման ոլորտն ընդլայնելու կամ կրճատելու վերաբերյալ.

է) սույն կանոնադրությամբ նախատեսված ստուգումների ժամանակ արձանագրված արդյունքների ամփոփում և վերլուծություն.

ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իր իրավասության սահմաններում, համապատասխան որոշումների ընդունում, ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, համապատասխանության հավաստման և առևտրի բնագավառներում գլխավոր պետական տեսչին (այսուհետ՝ գլխավոր պետական տեսուչ) համապատասխան պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ վարչական տուգանքներ կիրառելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

թ) իրականացնում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

 

IV. Տեսչության կառավարումը

 

9. Տեսչությունը կառավարում է նախարարը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որին, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթում սահմանված կարգով հաղթող ճանաչվելուց հետո, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը:

Տեսչության քաղաքացիական ծառայող համարվող աշխատողները հանդիսանում են նախարարության պետական տեսուչներ:

Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Տեսչության պետը պատասխանատու է ծառայությունների որակի ապահովման, հավատարմագրման, համապատասխանության հավաստման և չափագիտության բնագավառներում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Տեսչության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

Տեսչության պետը՝

 ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

 բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալի (տեղակալների) միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) իրականացնում է վերահսկողություն տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) առաջարկություններ է ներկայացնում նախարարին տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Տեսչության պետի բացակայության դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված՝ փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

V. Տեսչության աշխատանքների կազմակերպումը

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Տեսչությունը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

16. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«28» փետրվարի 2005թ.

թիվ 60 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության

(վերնագիրը փոփ. 25.12.2007 N 703, փոփ. 13.08.2008 N 574)

 

Կառուցվածքային ստորաբաժանում

 

Հաշվառման, փորձաքննության և վերահսկողության բաժին

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ