ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“28” հունիսի 2005թ. |
N 294 |
ք.Ստեփանակերտ
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ամենամսյա դրամական օգնություն տալու մասին
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պայմանների բարելավման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին նշանակել և վճարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի քառապատիկի չափով ամենամսյա դրամական օգնություն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:
(1-ին կետը փոփ. 26.12.2006 N 645, փոփ. 30.10.2007 N 464, փոփ. 27.11.2008 N 805)
2. Հաստատել առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ամենամսյա դրամական օգնության նշանակման և վճարման կարգը՝ համաձայն հավելվածի:
3. (3-րդ կետը փոփ. 26.12.2006 N 645, ուժը կորցրել է 30.10.2007 N 464)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հուլիսի 1-ից:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«28» հունիսի 2005թ.
թիվ 294 որոշման |
ԿԱՐԳ
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Ամենամսյա դրամական օգնություն (այսուհետ՝ դրամական օգնություն) նշանակվում է «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին» ԼՂՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) համաձայն առանց ծնողական խնամքի մնացած երեխա համարվող յուրաքանչյուր անձի (այսուհետ՝ երեխա)՝ բացառությամբ «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի երկրորդ մասով և 35-րդ հոդվածի չորրորդ մասով կենսաթոշակ ստացողների:
Պետության լրիվ խնամքի տակ գտնվող, որդեգրված, ինչպես նաև 18 տարին լրացած երեխաներին դրամական օգնություն չի նշանակվում:
2. Դրամական օգնությունը նշանակում և վճարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության՝ երեխայի փաստացի բնակության վայրը սպասարկող տարածքային բաժինը՝ հետևյալ փաստաթղթերի հիման վրա.
ա) դիմում,
բ) երեխայի անձը հաստատող փաստաթուղթ (նաև պատճենը),
գ) որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառված լինելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից տրված տեղեկանք, որը պետք է պարունակի առանց ծնողական խնամքի մնացած երեխա համարվելու հիմքերը:
(2-րդ կետը փոփ. 27.11.2008 N 805)
3. Դրամական օգնություն նշանակվում է դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու ամսվանից (ներառյալ) և յուրաքանչյուր ամիս վճարվում է պետական կենսաթոշակների վճարման հետ զուգահեռ:
4. Վեց ամիս անընդմեջ դրամական օգնություն չստանալու դեպքում դրամական օգնության վճարումը կասեցվում է:
Կասեցված դրամական օգնության վճարումը վերսկսվում է կասեցման օրվանից՝ գրավոր դիմելու և փաստացի բնակության վայրից տեղեկանք ներկայացնելու դեպքում:
5. Դրամական օգնության վճարումը դադարեցվում է.
ա) մահվան, ինչպես նաև մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում,
բ) պետության լրիվ խնամքի տակ անցնելու դեպքում,
գ) 18 տարին լրանալու դեպքում,
դ) առանց ծնողական խնամքի մնացած երեխա համարվելու հանգամանքների վերացման դեպքում,
ե) օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնելու դեպքում:
Ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողին դրամական օգնություն վճարվում է մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 23 տարին լրանալը:
Սույն կետի առաջին և երկրորդ մասերում նշված դեպքերում դրամական օգնություն վճարելը դադարեցվում է այդ հանգամանքների առաջացման ամսվան հաջորդող ամսի 1-ից:
6. Կեղծ կամ ոչ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ինչպես նաև դրամական օգնության վճարումը դադարեցնելու հիմքերը թաքցնելու հետևանքով ավել վճարված գումարները հետ են գանձվում՝ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |