ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''29'' մարտի 2005թ. |
N 135 |
ք.Ստեփանակերտ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը` համաձայն հավելվածի:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2005 թ. մարտի 29-ի
թիվ 135 որոշման |
Կ Ա Ր Գ
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման ընթացակարգը:
2. Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը վարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը:
Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը կազմվում և պարբերաբար փոփոխվում է ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող համապատասխան հաշվետվությունների հիման վրա: Այն պետք է պարունակի տեղեկություններ արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրերում պարփակված` բոլոր տեսակների օգտակար հանածոների պաշարների քանակի, որակի և ուսումնասիրվածության աստիճանի, գործող կամ նախագծվող արդյունաբերական կազմակերպության հետախուզված ու նախնական գնահատված պաշարներով ապահովվածության մասին:
Օգտակար հանածոների տարեկան հաշվետվական հաշվեկշռի ձևերը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարը:
(2-րդ կետը փոփ. 31.03.2010 N 141-Ն)
3. Օգտակար հանածոների պաշարների հաշվառումը կատարվում է պինդ օգտակար հանածոների, ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի հանքավայրերի պաշարների դասակարգմանը (A, B, C1 և C2) համապատասխան:
4. Օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ պետական փորձաքննական եզրակացությունը հիմք է ծառայում դրանց` պետական հաշվեկշռում գրանցման համար:
Հաշվառման ենթակա են բոլոր տեսակների օգտակար հանածոների հաստատված պաշարները:
5. Օգտակար հանածոների պաշարները հաշվառվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ` ըստ հանքավայրերի ու տեղամասերի, ինչպես նաև ըստ օգտակար հանածոների տեսակների, դրանց քանակի և որակական տվյալների:
Ամփոփված տվյալների հիման վրա կազմվում է ամփոփ հաշվետվական հաշվեկշիռ:
Օգտակար հանածոների մարված (արդյունահանված և ընդերքից կորսված) պաշարների դուրսգրումը կատարվում է ընդերքօգտագործողների ներկայացրած մարկշեյդերական չափագրումների (հիմնավորում) արդյունքում կազմված հաշվետվական հաշվեկշիռների հիման վրա:
6. Ընդերքշահագործող կազմակերպությունները հաշվետվական հաշվեկշիռները հանձնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությանը` մինչև հաշվետու տարվան հաջորդող հունվարի 25-ը:
(6-րդ կետը փոփ. 31.03.2010 N 141-Ն)
7. Հաշվետվական հաշվեկշիռը լրացվում է ընդերքօգտագործող կազմակերպությունների կողմից յուրաքանչյուր հանքավայրի (տեղամասի) համար առանձին: Հաշվետվական հաշվեկշիռն ստորագրում է կազմակերպության ղեկավարը, գլխավոր երկրաբանը, իսկ պինդ օգտակար հանածոների դեպքում` նաև մարկշեյդերական չափագրում կատարողը:
Յուրաքանչյուր օգտակար հանածոյի, ինչպես նաև միևնույն տեսակի, բայց տարբեր որակական հատկանիշներ և արդյունաբերական նշանակություն ունեցող օգտակար հանածոների համար կազմվում է առանձին հաշվետվական հաշվեկշիռ:
8. Ամփոփ հաշվետվական հաշվեկշռում հանքավայրերը խմբավորվում են ըստ շրջանների, որոնցում հանքավայրերը բաշխվում են ըստ արդյունաբերական իրացման հետևյալ դասակարգմամբ`
հետախուզվող,
շահագործվող,
պահուստային:
9. Արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա երկրաբանահետախուզական աշխատանքների և արդյունահանման արդյունքում չհաստատված պաշարների դուրսգրումը կատարվում է պետական փորձաքննական եզրակացության հիման վրա` պաշարների պետական հաշվեկշռում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |