Համարը 
N 434
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.11.12/27(68)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.10.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
19.10.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.11.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
05.11.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«19» հոկտեմբերի 2007թ.

N 434

  ք.Ստեփանակերտ

 

«ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի սեպտեմբերի 25-ի  ՆՀ-9-Ն հրամանագրի և ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

     1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի:

2. Հաստատել՝

ա) ԼՂՀ ֆինանսների նախարարության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ)  ԼՂՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Սահմանել, որ վերակազմակերպման օրվա դրությամբ «ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գույքը իրավահաջորդության կարգով փոխանցվում է «ԼՂՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 2004թ. մարտի 16-ի «ԼՂՀ ֆինանuների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու, տեղական գանձապետական բաժանմունքները վերակազմավորելու մասին» թիվ 62 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

        ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«19» հոկտեմբերի 2007թ.

թիվ 434 որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը /այսուհետև՝ նախարարություն/ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի համակարգման բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից:

7. Նախարարության նպատակները և խնդիրներն են՝

ա) բյուջետային գործընթացի կազմակերպումը,

բ) միջազգային ֆինանսական համագործակցության, ֆինանսա-տնտեսական, վարկային, հարկային և ոչ հարկային եկամուտների, բյուջետային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովումը,

գ) կապիտալի, ֆինանսական, այդ թվում՝ ապահովագրական, աուդիտորական, գրավատների, վիճակախաղերի, խաղատների և շահումով խաղերի գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, օրենքով կամ այլ իրավական ակտերով համապատասխան լիազորությունների տրամադրման դեպքում այդպիսի գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը,

դ) աուդիտի, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների մեթոդաբանության մշակումը,

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հարկային, ոչ հարկային, պարտադիր վճարներով (այսուհետ՝ բյուջետային եկամուտներ) ձևավորման քաղաքականության մշակումը, պետական մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հսկողության իրականացումը,

զ) ստուգումների միջոցով պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգման (աուդիտի) կազմակերպումը և իրականացումը,

է) միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող փոխառությունների և նվիրատվությունների համակարգումը և ծրագրերի իրականացման ընթացիկ մոնիթորինգը,

ը) իր իրավասության սահմաններում պետության գույքային շահերի պաշտպանությունը,

թ) պետության և համայնքների կարիքների համար գնումների գործընթացի պետական կարգավորումը և միջճյուղային համակարգումը,

ժ) պետական պարտքի կառավարումը,

ժա) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը:

(7-րդ կետը լրաց. 27.11.2008 N 799)

 

II. Նախարարության գործառույթները

 

8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները ՝

ա) մակրոտնտեսական և միկրոտնտեսական քաղաքականության ոլորտում՝

պետական պարտքի գնահատումը և կառավարումը,

միջազգային ֆինանսական համագործակցության ապահովումը և, մասնավորապես, միջազգային ֆինանսական հաստատությունների ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգումն ու դրանց կատարման ընթացքի մոնիթորինգը,

մակրոտնտեսական հետազոտությունների և վերլուծությունների իրականացումը.

բ) բյուջետային եկամուտների քաղաքականության ոլորտում՝

հարկային և ոչ հարկային եկամուտների ընթացիկ քաղաքականության և դրա կիրարկման վերլուծությունը,

միջնաժամկետ և հեռանկարային հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության մշակումը,

միջազգային հարկային քաղաքականության ուսումնասիրությունը և մշակումը.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կազմման ոլորտում՝

առաջիկա տարվա բյուջետային գործընթացի աշխատանքների կազմակերպումը, այդ թվում՝ պետական և համայնքների բյուջեների կազմման համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումների և ուղեցույցների, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվների ձևերի և դրանց ներկայացման կարգերի մշակումը և դրանց տրամադրումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին,

պետական կառավարման մարմիններից առաջիկա բյուջետային տարվա բյուջետային մուտքերի կանխատեսումների ու բյուջետային ֆինանսավորման հայտերի ստացումը, դրանց վերլուծությունը և առաջիկա տարվա՝ ԼՂՀ պետական բյուջեի մուտքերի և ելքերի ֆինանսական ծրագրավորումը,

առաջիկա տարվա՝ ԼՂՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի մշակումը,

առաջիկա տարվա՝ ԼՂՀ կառավարության բյուջետային ուղերձի մշակումը,

ԼՂՀ պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների մշակումը,

ԼՂՀ պետական և համայնքների բյուջեների միջև հարաբերությունների կարգավորումը,

առաջիկա տարվա ԼՂՀ համախմբված բյուջեի ծրագրավորվող նախնական ցուցանիշների ամփոփումը,

ԼՂՀ պետական բյուջեով նախատեսվող ԼՂՀ կառավարության պահուստային ֆոնդից, այլ կենտրոնացված ֆոնդերից ԼՂՀ կառավարության որոշումներով իրականացվող հատկացումների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ԼՂՀ պետական բյուջեում նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարման ու նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման վերաբերյալ ԼՂՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնելը,

ԼՂՀ միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

բյուջետային հատկացումների վերաբաշխումների կատարման մեթոդաբանության մշակումը և ներդրումը.

դ) բյուջեների կատարման ոլորտում՝

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների դրամական միջոցների կառավարման և ծախսերի ֆինանսավորման գործի կազմակերպումը,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական և համայնքների բյուջեների կատարման կազմակերպումը,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների բյուջեների կատարման հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովման կազմակերպումը,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների տնօրինության տակ գտնվող դրամական միջոցների մուտքագրման և դրանց հաշվին ծախսերի՝ լիազոր մարմնի գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը,

պետական հիմնարկների ֆինանսական գործունեության մասին հաշվետվություններ կազմելու, ներկայացնելու և ամփոփելու հետ կապված հարաբերությունների և բյուջետային հատվածում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակումը,

պետական և համայնքների բյուջեների կատարման ընթացքում պետական հիմնարկների կողմից կատարվող վճարումների նկատմամբ նախնական հսկողության իրականացումը,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և համայնքների ֆինանսական հոսքերի սպասարկման կազմակերպումը, ԼՂՀ անունից պարտատոմսերի, մուրհակների, վճարային այլ արժեթղթերի թողարկումը, ԼՂՀ պետական բյուջեից վարկերի, փոխատվությունների, սուբսիդիաների, սուբվենցիաների, բյուջետային երաշխիքների տրամադրումը,

պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերով (հաշիվներով) գործառնությունների հաշվառումը,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների, արտաբյուջետային միջոցներով գործառնությունների կատարման մասին ֆինանսական հաշվետվությունների ստանալը, դրանցում արտացոլված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելը, ամփոփելը և դրանց հիման վրա ԼՂՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կազմելն և ներկայացնելը,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին պետական պարտքի սպասարկումը,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին պետական պարտքի ընթացիկ կառավարումը,

օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի ու դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառումը և դրա հետ կապված գործառույթների համակարգումն ու հսկումը (մոնիթորինգ),

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ առաջացած՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած պարտավորությունների սպասարկումը,

բյուջեների կատարումն ապահովող օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցառումների իրականացումը,

օրենքով սահմանված շրջանակներում ԼՂՀ կառավարության կողմից նախարարությանը և պետական կառավարման այլ մարմիններին, ինչպես նաև օրենքով պետական կառավարման մարմիններին վերապահված իրավասության սահմաններում ԼՂՀ պետական բյուջեով սահմանված բյուջետային հատկացումների և այլ ցուցանիշների համապատասխանաբար վերաբաշխումների ու փոփոխությունների իրականացումը և հաշվառումը,

ԼՂՀ համայնքների բյուջեների և ԼՂՀ համախմբված բյուջեի տվյալ տարվա համար ծրագրավորված և փաստացի կատարված ամփոփ ցուցանիշների հաշվառումը.

ե) գնումների գործընթացի կարգավորման և համակարգման ոլորտում`

գնումներին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների համակարգումը և ընդունումը կամ դրանք հաստատման ներկայացնելը.

գնումների գործընթացի մեթոդական ղեկավարման կազմակերպումը և գնումների գործի կազմակերպման հարցում պատվիրատուներին մեթոդական օժանդակության ցուցաբերումը.

պատվիրատուների գնումների համակարգողների մասնագիտական ուսուցման, շարունակական վերապատրաստման և որակավորման գնահատման համակարգի առկայության ապահովումը.

տեղեկագրի հրապարակման աշխատանքների կազմակերպումը.

գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգումը.

պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառումը.

պետական գնումների տարեկան հաշվետվության և գնումների որակավորված մասնագետների (անձանց) ցուցակի հրապարակումը.

զ) հաշվապահական հաշվառման և աուդիտի կարգավորման ոլորտում՝

հաշվապահական հաշվառման և աուդիտի ստանդարտների մշակումն ու հաստատումը,

հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և ֆինանսական հաշվետվությունների ձևերի մշակումն ու հաստատումը,

հաշվապահական հաշվառումը և աուդիտորական գործունեությունը կարգավորող ստանդարտներից բացի այլ իրավական ակտերի մշակումը և օրենքով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում՝ գերատեսչական նորմատիվ ակտերի հաստատումը,

հաշվապահների որակավորումը,

աուդիտորական գործունեության ընթացիկ կարգավորումը (աուդիտորների որակավորման կազմակերպում և անցկացում, աուդիտորական գործունեության լիցենզավորում, լիցենզավորման պայմանների ու պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացում).

է) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի շրջանառության ոլորտում`

թանկարժեք մետաղներով և թանկարժեք քարերով կատարվող գործառնությունների քաղաքականության մշակումը, հարգադրոշմային հսկողության և մետաղափորձական վերահսկողության իրականացումը.

ը) ապահովագրական գործունեության կարգավորման և վերահսկողության ոլորտում՝

ապահովագրական ոլորտում պետական քաղաքականության, ինչպես նաև ապահովագրական գործունեության կարգավորման քաղաքականության մշակումը,

ապահովագրական գործունեության ու ապահովագրական բրոքերային և ապահովագրության գծով միջնորդային գործունեության լիցենզավորումը,

ապահովագրական ընկերություններից սահմանված ձևերի հաշվետվությունների ընդունումը, դրանց ամփոփումը, վերլուծությունների իրականացումը, ապահովագրական շուկայի վերաբերյալ վիճակագրական տվյալների և հիմնական ցուցանիշների հաշվարկումը, զարգացման միտումների բացահայտումը,

ապահովագրական ընկերությունների և ապահովագրական բրոքերների (միջնորդների) կողմից ապահովագրության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովման, ինչպես նաև ապահովագրողների կողմից ներկայացվող հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով ստուգումների իրականացումը,

ապահովագրողների, ապահովադիրների, այլ շահագրգիռ անձանց, ինչպես նաև պետության շահերի պաշտպանության ապահովումը,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապահովագրական ընկերությունների տնտեսական նորմատիվների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

ապահովագրական գործունեության և ապահովագրական բրոքերային գործունեության և ապահովագրության գծով միջնորդային գործունեության լիցենզավորման պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրական ընկերությունների և ապահովագրական բրոքերների (միջնորդների) ղեկավարների, հաշվապահների, աուդիտորների, ապահովագրական դեպքի հետևանքով առաջացող վնասի չափը գնահատողների, ակտուարների որակավորումը.

թ) վիճակախաղերի, խաղատների, շահումով խաղերի և գրավատնային գործունեության կարգավորման ոլորտում՝

շահումով խաղերի, վիճակախաղային, խաղատնային գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, այդ գործունեությունների լիցենզավորումը և լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը,

գրավատնային գործունեության կարգավորման վերաբերյալ իրավական ակտերի մշակումը, գրավատների գործունեության լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

ժ) միջազգային ֆինանսական համագործակցության ոլորտում՝

միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների ստացմանն ուղղված պետական մարմինների գործողությունների (միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետություններից վարկեր ու դրամաշնորհներ ստանալու նախաձեռնությամբ հանդես գալու, դրանց ստացման վերաբերյալ առաջարկություններ, դիմումներ, խնդրանքներ ներկայացնելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու, համագործակցելու, բանակցելու և նման այլ նախաձեռնողական-նախապատրաստական գործողություններ) համակարգումը, վարկային և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական մոնիթորինգի իրականացումը,

ծրագրի իրականացման գրասենյակների աշխատանքների համակարգումը, դրանց ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների իրականացումը, ծախսերի նախահաշվի պահպանման, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում պետական միջոցների նպատակային օգտագործման ու հաշվառման նկատմամբ վերահսկողությունը,

ԼՂՀ միջազգային պայմանագրերով պետության կողմից ստանձնվող ֆինանսական պարտավորությունների մասին տեղեկանքների տրամադրումը.

ժա) (ենթակետն ուժը կորցրել է 25.01.2011 N 12-Ն)

ժբ) պետական սեփականության կառավարման ոլորտում՝

բանկերի, առևտրային այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության հաշվառումը, պետական մասնակցության դիմաց շահութաբաժինների հաշվարկման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարման նկատմամբ հսկողության, 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգիչ հանձնաժողովների (վերահսկիչների) գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը՝ բացառելով այդ նպատակով պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում ստուգումները,

լուծարված առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններից պետական բաժնեմասի դիմաց ստացվող մնացորդային գույքի կազմում ընդգրկված գույքային իրավունքների (դեբիտորական պարտքերի) կառավարումը,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացումը,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք քարերի ու մետաղների պահուստների կառավարումը,

հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվությամբ և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի տնօրինման, ինչպես նաև հարկային և ոչ հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձված գույքի իրացման աշխատանքների նկատմամբ հսկողությունը,

պետական գույքի մասնավորեցման հայեցակարգի և ճյուղային քաղաքականության մշակմանը մասնակցությունը.

ժգ) պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում՝

նախարարության կողմից, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքված քաղաքացիաիրավական գործարքներից բխող պահանջներով դատարանում որպես հայցվոր հանդես գալը,

պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հիմքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գումարի բռնագանձման պահանջով նախարարության, այլ պետական հիմնարկների դեմ հայցերով դատարանում որպես պատասխանող կամ երրորդ անձ ներգրավվելը և պետության գույքային շահերի պաշտպանությունը,

պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության կամ դատարանի ապօրինի գործողություններով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասի հատուցման պահանջներով ընդդեմ պետության ներկայացված հայցերով դատարանում որպես պատասխանող հանդես գալը,

պետական մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, հետաքննության, նախաքննության մարմինների դատախազության կամ դատարանի գործողությունների հետևանքով քաղաքացիներին, իրավաբանական անձանց պատճառված վնասը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից հատուցվելու դեպքում պետության հետադարձ պահանջները ներկայացնելը,

մի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, մյուս կողմից՝ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց միջև քաղաքացիաիրավական հարաբերություններից բխող փոխադարձ դրամական պարտավորությունների երկկողմանի կարգավորման նախաձեռնումը,

ժդ) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում`

փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, համակարգումն ու վերլուծությունը.

տեղեկությունների փոխանակումը և տրամադրումը ներպետական իրավասու մարմիններին և միջազգային կազմակերպություններին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` նաև այլ պետությունների իրավասու մարմիններին:

(8-րդ կետը լրաց. 27.11.2008 N 799, փոփ.25.01.2011 N 12-Ն, խմբ. 22.03.2011 N 133-Ն)

 

III. Նախարարության կառավարումը

 

9. Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում ԼՂՀ նախագահը՝ ԼՂՀ վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է ԼՂՀ վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ:

Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, ԼՂՀ օրենքներով, սույն կանոնադրությամբ, իրավական այլ ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Նախարարը իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է ԼՂՀ Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և ԼՂՀ վարչապետին:

12. Նախարարը՝

ա) նախարարությանը վերապահված լիազորությունների սահմաններում ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում ԼՂՀ կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս ԼՂՀ անունից, տալիս է բյուջետային երաշխիքներ, ինչպես նաև՝ ԼՂՀ կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

զ) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականին.

է) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժբ) ԼՂՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժգ) ԼՂՀ վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

ժդ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ժե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.

ժզ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժէ) ԼՂՀ վարչապետի հանձնարարությամբ ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացնում է ԼՂՀ պետական բյուջեի մասին, ԼՂՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին օրենքների նախագծերը,

ժէ1) իրականացնում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները,

ժը) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(12-րդ կետը լրաց. 27.11.2008 N 799)

13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

14. Նախարարի տեղակալը՝

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառում.

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարկանների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց վերաբերող հարցերի վերաբերյալ.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Նախարարը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնական, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

16. Գլխավոր գանձապետն ի պաշտոնե հանդիսանում է նախարարի տեղակալ և իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորությունները:

17. Նախարարի տեղակալի նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները:

 

IV. Նախարարության աշխատակազմը

 

18. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ դրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների) օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

19. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ԼՂՀ օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, ԼՂՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

20. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կնքել գործարքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ:

21.Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

22. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

23. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության կատարած գործառնությունների և մատուցված ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:

24. Նախարարության աշխատակազմը իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

25.Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

26. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ:

27. Նախարարության գտնվելու վայրն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20 -ի փողոց 1:

 

V. Նախարարության աշխատակազմի գույքը

 

28. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից նախարարության կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարությանը կարող են վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

29. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

30. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և նախարարության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը

 

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):

32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը հաստատում է նախարարը:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի ներկայացմամբ:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

36. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

VII. Նախարարության աշխատակազմի կառավարումը

 

38. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են ԼՂՀ կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է ԼՂՀ կառավարությունը:

39. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝

ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է նախարարության կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը:

ե) իրականացնում է ԼՂՀ Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, ԼՂՀ կառավարության ու նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի ԼՂՀ օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է աշխատակիցներից մեկը՝ նախարարի հրամանով:

Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝

ա) առանց լիազորագրի՝ նախարարության իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում քաղաքացիաիրավական գործարքներ, նախարարության լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար:

բ) օրենքներով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

գ) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

ե) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

թ) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

ժ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից՝ սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժգ) ապահովում է համագործակցությունը ԼՂՀ պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

45. Նախարարության աշխատակազմի հաշվապահությունը գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» ԼՂՀ օրենքով իր վրա դրված լիազորությունները:

46. Նախարարության աշխատակազմի հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. Հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները

 

47. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

48. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումը

 

49. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

 

     ԼՂՀ կառավարության աշխատակազմի

     ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«19» հոկտեմբերի 2007թ.

թիվ 434 որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

Բյուջետային գործընթացի կառավարման և մեթոդաբանության ու պետական կառավարման մարմինների բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժին

Բյուջետային կապիտալ ծախսերի, արտաբյուջետային ֆինանսական հոսքերի կառավարման և համայնքային բյուջեների քաղաքականության բաժին

Սոցիալական ոլորտում ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժին

Սոցիալական ոլորտի ֆինանսավորման բաժին

Արտադրական ոլորտի և համայնքների ֆինանսավորման բաժին

Գործառնական բաժին

Մակրոտնտեսական և հարկային քաղաքականության բաժին

Հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության բաժին

Գնումների գործընթացի կարգավորման բաժին

Ֆինանսական դիտարկումների բաժին

Իրավաբանական բաժին

Հաշվապահության բաժին

Համակարգչային ծառայության սպասարկման բաժին

Ընդհանուր բաժին

Ասկերանի տեղական գանձապետական բաժին

Մարտունու տեղական գանձապետական բաժին

Մարտակերտի տեղական գանձապետական բաժին

Հադրութի տեղական գանձապետական բաժին

Շուշիի տեղական գանձապետական բաժին

Քաշաթաղի տեղական գանձապետական բաժին

 

II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ

 

Ֆինանսական վերահսկողության տեսչություն

(Հավելված 2-ը խմբ. 29.01.2008 N 27, խմբ. 25.01.2011 N 12-Ն)

 

 

     ԼՂՀ կառավարության աշխատակազմի

     ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան