ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“28” հունիսի 2005թ. |
N 287 |
ք.Ստեփանակերտ
ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին՝ մինչև 2012 թվականի օգոստոսի 1-ը ստեղծել պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողով և ապահովել հետևյալ գերատեսչական ակտերի ընդունումը`
ա) պինդ օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերական գնահատման և կոնդիցիաների պարամետրերի հիմնավորման նյութերի բովանդակության, ձևավորման և պետական ընդերքաբանական փորձաքննության ներկայացման կարգը
բ) պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի կանոնակարգը.
գ) պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացում փորձագետների ներգրավման կարգը:
(2-րդ կետը խմբ., փոփ. 11.06.2012 N 384-Ն)
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«28» հունիսի 2005թ.
թիվ 287 որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) կարգը:
2. Փորձաքննությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) միջոցով` հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության արժանահավատությունը գնահատելու, օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաներն ու պաշարները հաստատելու, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման հիմնավորվածության մասին եզրակացություն տալու նպատակով:
(2-րդ կետը փոփ. 11.06.2012 N 384-Ն)
3. Փորձաքննության պարտադիր ենթակա են հանքավայրերի մանրազնին և շահագործական հետախուզման, ինչպես նաև դրանց լրահետախուզման արդյունքների հիման վրա կազմված կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ հանքավայրերի արդյունաբերական գնահատման (վերագնահատման), օգտակար հանածոների պաշարների հաշվարկման (վերահաշվարկման), ինչպես նաև պաշարների` սույն կարգի 2-րդ կետում նշված պատճառներով դուրսգրման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը (այսուհետ` նյութեր):
Փորձաքննության կարող են ենթարկվել նաև մանրազնին հետախուզմանը նախորդող փուլերի արդյունքների հիման վրա կազմված կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ հանքավայրի արդյունաբերական գնահատման և պաշարների հաշվարկման նյութերը, եթե դրանցում պարունակվող տեղեկատվությունը բավարար է օգտակար հանածոների քանակի, որակի ու հանքավայրի արդյունաբերական նշանակության օբյեկտիվ գնահատման համար:
4. Փորձաքննության ենթակա նյութերի բովանդակությանը և ձևավորմանը ներկայացվող պահանջները սահմանվում են օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի հիմնավորմամբ արդյունաբերական գնահատման (վերագնահատման), պաշարների հաշվարկման (վերահաշվարկման) և հետագա աշխատանքներով չհավաստված պաշարների դուրսգրումը հիմնավորող նյութերի բովանդակության, ձևավորման և դրանք փորձաքննության ներկայացնելու մասին կարգով:
5. Փորձաքննության գործընթացը ներառում է`
ա) փորձաքննության ներկայացված նյութերի բովանդակության, լիարժեքության և ձևավորման նախնական գնահատումը,
բ) նյութերի փորձաքննության աշխատատարության ու տևողության որոշումը, փորձաքննության գործընթացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի կողմից սահմանված կարգով փորձագետների (այսուհետ` փորձագետ) ներգրավումը,
գ) նյութերի մանրակրկիտ ուսումնասիրությունը, դրանցում բացթողումների և սխալների բացահայտումն ու աշխատանքային քննարկումները,
դ) բացահայտված թերությունների և բացթողումների վերացումն ու լրացուցիչ տարբերակների դիտարկումը,
ե) փորձաքննության ընթացքում արվող մասնագիտական եզրակացությունների և առաջարկությունների նախագծերի մշակումը,
զ) մասնագիտական եզրակացությունների և առաջարկությունների նախագծերի քննարկումը, դրանց ճշգրտումը (հարկ եղած դեպքում) և օգտակար հանածոների պաշարները պետական հաշվեկշռում գրանցելու համար հիմք հանդիսացող փորձաքննության եզրակացության ընդունումը,
է) փորձաքննության եզրակացության հիման վրա կոնդիցիաների պարամետրերի և (կամ) օգտակար հանածոների պաշարների հաստատման մասին որոշման (այսուհետ` որոշում) ընդունումը, որը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի կողմից,
ը) որոշման փաթեթի ձևակերպումը,
թ) որոշման փաթեթի պահպանությունը:
(5-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 11.06.2012 N 384-Ն)
6. Փորձաքննության գործընթացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի կողմից սահմանված կարգով կարող են ներգրավվել փորձագետներ:
(6-րդ կետը խմբ. 11.06.2012 N 384-Ն)
7. Սույն կարգի 5-րդ կետի «ը» և «թ» ենթակետերում նշված գործառույթների իրականացումն ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմը:
(7-րդ կետը խմբ. 11.06.2012 N 384-Ն)
8. Փորձաքննության գործընթացի տևողությունը սահմանելիս հաշվի է առնվում հանքահումքի տեսակը, հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդությունը, դրա երկրաբանական ուսումնասիրության փուլը, արդյունաբերական յուրացման աստիճանն ու ներկայացված նյութերի ծավալը, ստորև նշված ժամկետային սահմանափակումներով`
ա) ոչ հանքաքարային և ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի համար` մինչև 60 աշխատանքային օր,
բ) հանքային ջրերի հանքավայրերի համար` մինչև 90 աշխատանքային օր,
գ) հանքաքարային հանքավայրերի համար` մինչև 120 աշխատանքային օր:
8.1. Նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) նախարարների խորհրդին առընթեր օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովում կամ հանրապետական երկրաբանական վարչություններին (կոմիտեներին) առընթեր օգտակար հանածոների պաշարների տարածքային հանձնաժողովներում հաստատված օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերը և (կամ) պաշարները ենթակա են վերահաստատման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(8.1-ին կետը լրաց. 11.06.2012 N 384-Ն)
9. Օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների պարամետրերի կամ պաշարների հաստատման, ինչպես նաև վերջիններիս դուրսգրման հիմնավորվածությունը հավաստելու մասին բացասական որոշման ընդունման դեպքում փորձաքննված նյութերը վերադարձվում են հեղինակներին` լրամշակման:
10. Փորձաքննության եզրակացությունը կարող է բողոքարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին` փորձաքննության գործընթացի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում:
Փորձաքննության գործընթացը համարվում է ավարտված` սույն կարգի 5-րդ կետի «ը» ենթակետում նշված գործառույթի իրականացմամբ:
Փորձաքննության եզրակացության բողոքարկման դեպքում նշանակվում է նյութերի լրացուցիչ փորձաքննություն, որը կատարվում է սույն կարգի համաձայն:
(10-րդ կետը փոփ. 11.06.2012 N 384-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |