Համարը 
N 101
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.03.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
05.09.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼՂՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"16" մարտի 2004թ.

N 101

ք.Ստեփանակերտ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի.

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն թիվ 3 հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

2004 թ. մարտի 16-ի

թիվ 101 որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն /այսուհետ` կոմիտե/ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրի հիման վրա:

3. Կոմիտեի լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Կոմիտեն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Կոմիտեն կազմված է կոմիտեի նախագահից և կոմիտեի աշխատակազմից: Կոմիտեի համակարգում ընդգրկվում են կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնարկները:

7. Կոմիտեի նպատակները և խնդիրներն են`

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումը և կադաստրի համակարգի գործունեության ապահովումը.

բ/ պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ճանաչումը, երաշխավորումը և պաշտպանությունը.

գ/ անշարժ գույքի շուկայի կայացմանն աջակցությունը.

դ/ գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների, գեոդեզիայի և քարտեզագրության մասին տեղեկատվական համակարգերի ստեղծումն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության կառավարումը, տվյալների մատչելիությունը, օբյեկտիվության և անընդհատության ապահովումը.

ե/ իր իրավասության սահմաններում հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման սկզբունքների մշակումը, հողօգտագործման բնագավառում պետական տեսչական վերահսկողության իրականացումը.

զ/ պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նպատակային ծրագրերի մշակումն ու իրականացումը.

է/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և նպատակների իրականացումը:

 

II. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա/ գույքի /անկախ սեփականության ձևից/ նկատմամբ իրավունքների, սահմանափակումների և օգտագործման նկատմամբ սահմանափակումների պետական գրանցման իրականացում.

բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային ֆոնդի հողային հաշվեկշռի կազմում.

գ/ անշարժ գույքի կադաստրային և տեղագրական քարտեզների ստեղծում, թվային կադաստրային և տեղագրական քարտեզների կազմում.

դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի կադաստրային գնահատում, հողի հարկի, գույքահարկի բազայի ստեղծում, բազմաբնույթ կադաստրների վարման նպատակով անշարժ գույքի` հողերի, շենքերի, շինությունների գնահատման մեթոդիկայի մշակմանը մասնակցություն.

ե/ անշարժ գույքի ծածկագրման /կոդավորման/ համակարգի, պետական գրանցման ծածկագրերի մշակում ու ներդրում.

զ/ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, կադաստրային քարտեզագրման, գնահատման, տեղագրական քարտեզների ստեղծման ոլորտներում համաշխարհային փորձի ուսումնասիրում ու ներդրում.

է/ անշարժ գույքի պետական համակարգված դիտարկումների /մոնիթորինգ/ կազմակերպում ու իրականացում, անշարժ գույքի շուկայի վերլուծություն և տեղեկատվության հրապարակում.

ը/ անշարժ գույքի շուկայի ձևավորման ու կայացման միջոցառումների կազմակերպում.

թ/ անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների մասին տեղեկատվական բանկի ստեղծում ու կառավարում, կադաստրային գործերի և պետական գրանցման փաստաթղթերի պահպանում.

ժ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի հայտատուների լիցենզավորում, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուների որակավորման անցկացում, որակավորման վկայականների տրամադրում, դրանց գործողության կասեցում կամ դադարեցում.

ժա/ համակարգում ավտոմատացված կադաստրի ներդրում.

ժբ/ անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության հավաստիության, ամբողջականության, մատչելիության, արդիականության և հրապարակայնության ապահովում.

ժգ/ իր իրավասության սահմաններում հողային հարաբերությունների կարգավորման, հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման սկզբունքների մշակում` հողի նկատմամբ իրավունքների, հողի շուկայի ձևավորման մասով.

ժդ/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կազմման համար անշարժ գույքի մասին տեղեկատվության տրամադրում, կազմված նախագծերի և դրանց ճարտարապետահատակագծային առաջադրանքների մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, եզրակացությունների տրամադրում.

ժե/ իր իրավասության սահմաններում հողաշինարարական նպատակային ծրագրերի, հողերի միավորման նախագծերի մշակման ապահովում.

ժզ/ բազմաբնույթ, ճյուղային կադաստրի վարման համար անշարժ գույքի մասին տեղեկատվության տրամադրում.

ժէ/ համակարգում մատուցվող ծառայությունների, գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման, գույքի ու դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության դիմաց գանձվող վճարների չափը և ցանկը հաստատելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացում.

ժը/ համակարգի եկամուտների և ծախսերի պլանավորում, հաշվապահական հաշվառման խնդիրների լուծում.

ժթ/ բնագավառի գործունեությունը կարգավորող օրենսդրական և այլ իրավական ակտերի նախագծերի, նորմատիվ փաստաթղթերի /պետական ստանդարտներ, հրահանգներ, մեթոդական ցուցումներ և այլն/ մշակում.

ի/ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկագրի հրապարակում.

իա/ իր իրավասության սահմաններում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների համագործակցության ապահովում, անշարժ գույքի կադաստրի ծրագրերի իրականացում.

իբ/ պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նպատակային ծրագրերի մշակում և իրականացում.

իգ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի, տեղագրական քարտեզների, հանութային նյութերի և հատակագծերի հիման վրա պետական քարտեզագրական ֆոնդի ստեղծում ու կառավարում.

իդ/ պետական գեոդեզիական ցանցի ստեղծման և պարբերաբար թարմացման աշխատանքների իրականացում, կոորդինատային, բարձունքային, գրավիմետրական չափումների միասնական համակարգի ձևավորման ապահովում.

իե/ ֆոտոգրամետրական աշխատանքների կազմակերպում և իրականացում.

իզ/ գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման համար սահմանված կարգով թույլտվությունների տրամադրում և այդ աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացում.

իէ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բնակչության կարիքների համար գեոդեզիական տվյալների ու քարտեզագրական նյութերի ապահովում, իր իրավասության սահմաններում համայնքների և շրջանների սահմանների նկարագրման և քարտեզագրման աշխատանքներին մասնակցություն.

իը/ իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների և պետական սահմանի սահմանագծման /դելիմիտացիա/ ու սահմանազատման /դեմարկացիա/ աշխատանքներին մասնակցություն.

իթ/ աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման աշխատանքների ղեկավարում.

լ/ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներբնակավայրային օբյեկտների անվանափոխումների ու անվանակոչումների համաձայնեցում և հաշվառում.

լա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված պետական վերահսկողության իրականացում.

լբ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:

(8-րդ կետը փոփ., խմբ. 27.12.2011 N 1011-Ն)

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Կոմիտեն կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը /այսուհետ` կոմիտեի նախագահ/, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Կոմիտեի նախագահն ունի տեղակալ /ներ/, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով կոմիտեի նախագահի հետ:

Կոմիտեի նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով ու կարգադրություններով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(9-րդ կետը փոփ. 27.12.2011 N 1011-Ն)

10. Կոմիտեի նախագահն իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Կոմիտեի նախագահը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:

12. Կոմիտեի նախագահը`

ա/ իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.

բ/ ղեկավարում է կոմիտեի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ/ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին.

դ/ իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման վճարների չափը և ցանկը հաստատելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.

զ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին ներկայացնում է առաջարկություն կոմիտեի աշխատակազմի ղեկավարին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու վերաբերյալ: Օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում կոմիտեի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

է/ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին, տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումների ղեկավարներին, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կոմիտեի ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին.

ը/ օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

թ/ հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումների կառուցվածքները, կանոնադրությունները, հաստիքացուցակները և դրանց պահպանման ծախսերի նախահաշիվները.

ժ/ սահմանում է տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումների կողմից սպասարկվող տարածքները.

ժա/ սահմանում է իր տեղակալների իրավասությունների շրջանակն ու պատասխանատվության աստիճանը կոմիտեի գործառույթների սահմաններում.

ժբ/ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի աշխատակազմի ղեկավարի, կոմիտեի աշխատակազմի տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև կոմիտեի ենթակայությանը հանձնված հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը և ցուցումները.

ժգ/ լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների հավաստիության վերստուգման արդյունքները.

ժդ/ վերահսկողություն է իրականացնում կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության և օտարման նկատմամբ.

ժե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

ժզ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատողների թիվը.

ժէ/ օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

ժը/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.

ժթ/ ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ի/ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(12-րդ կետը խմբ. 27.12.2011 N 1011-Ն)

13. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, կոմիտեի նախագահի պարտականությունները կատարում է նախագահի տեղակալը, վերջինիս բացակայության դեպքում` կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը:

14. Կոմիտեի նախագահի տեղակալը`

ա/ համակարգում է կոմիտեի համակարգի աշխատանքները` կոմիտեին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

բ/ իր լիազորությունների սահմաններում համակարգում է կոմիտեի` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ իրականացվող աշխատանքները` կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային և տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ/ կոմիտեի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` կոմիտեի համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ/ կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է կոմիտեի նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե/ համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում կոմիտեի համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ/ իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է/ իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը/ պարբերաբար կոմիտեի նախագահին է ներկայացնում տեղեկատվություն` իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

թ/ ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում կոմիտեի նախագահի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում կոմիտեի նախագահին.

ժ/ կոմիտեի նախագահին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ` նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին.

ժա/ կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

IV. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

15. Կոմիտեի աշխատակազմի նպատակը և խնդիրը` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ կոմիտեին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, քաղաքացիական իրավահարաբերություններին կոմիտեի մասնակցության ապահովումն է, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների /հարցաթերթեր, տեղեկանքներ և այլ/ ներդրումը և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա` վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը:

16. Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

17. Կոմիտեի աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

18. Կոմիտեի աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

19. Կոմիտեի աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

20. Կոմիտեի աշխատակազմի տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումները ,,Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով կոմիտեի նախագահի կողմից սահմանված տարածքներում իրականացնում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման, կադաստրային գնահատման աշխատանքներ, գանձում մատուցված ծառայությունների դիմաց սահմանված վճարներ և տուրքեր:

Ստորաբաժանումների ղեկավարներն ստորագրում են ստորաբաժանումների պահպանման համար համապատասխան հաշիվներից միջոցների ելքագրումը հիմնավորող փաստաթղթեր:

(20-րդ կետը փոփ. 27.12.2011 N 1011-Ն)

21. Կոմիտեի աշխատակազմի տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումներն ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և կոմիտեի ու իրենց` հայերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ ու հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:

22. Կոմիտեի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

23. Կոմիտեի գործունեության հետ կապված ծախսերն իրականացվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կողմից այլ հատկացումների ու դրամաշնորհների հաշվին:

24. Կոմիտեի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Կոմիտեի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև կոմիտեի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

25. Կոմիտեի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

26. Կոմիտեի աշխատակազմի անվանումն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ:

27. Կոմիտեի աշխատակազմի գտնվելու վայրն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ք.Ստեփանակերտ, Աբովյան 50:

(27-րդ կետը փոփ. 27.12.2011 N 1011-Ն)

 

V. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

28. Կոմիտեի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված /ամրացված/ գույքից /ներառյալ գույքային իրավունքները/, որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ կոմիտեի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

29. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու կոմիտեի աշխատակազմի գույքը:

30. Կոմիտեի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

31. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային /բաժիններ/, առանձնացված /տեսչություն/ և տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումները:

Կոմիտեի աշխատակազմի տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումներն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են օրենքով սահմանված կարգով:

(31-րդ կետը փոփ. 26.01.2005 N 39, խմբ. 27.12.2011 N 1011-Ն)

 

VII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

32. Կոմիտեի աշխատակազմի կառավարումը, օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն ու կոմիտեի նախագահը, իսկ ղեկավարումը` կոմիտեի աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

33. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`

ա/ վերակազմակերպում և դադարեցնում է կոմիտեի աշխատակազմի գործունեությունը.

բ/ հաստատում է կոմիտեի աշխատակազմի կանոնադրությունը և դրա մեջ կատարվող փոփոխությունները.

գ/ որոշում է կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ/ հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը.

ե/ իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

34. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, կոմիտեի նախագահի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն` օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և կոմիտեի նախագահի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

35. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

36. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, կոմիտեի նախագահի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

37. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է կոմիտեի նախագահի հրամանով նշանակված կոմիտեի քաղաքացիական ծառայողներից մեկը:

38. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը`

ա/ առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

բ/ օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ/ իր իրավասությունների սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

գ1/ ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.

դ/ օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի /աշխատանքի/ նշանակում և պաշտոնից /աշխատանքից/ ազատում է կոմիտեի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

ե/ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

զ/ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ,տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.

է/ կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը,այդ թվում` ապահովում է կոմիտեի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, կոմիտեի նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

ը/ կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

թ/ կազմակերպում է կոմիտեի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

ժ/ կազմակերպում է կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

ժա/ վերահսկում է կոմիտեի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

ժբ/ կոմիտեի նախագահի ստորագրությանն է ներկայացնում նախագահի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

ժգ/ ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

ժդ/ կազմակերպում է կոմիտեի գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

ժե/ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(38-րդ կետը լրաց. 15.05.2007 N 221)

39. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում ,,Գանձապետական համակարգի մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

40. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, կոմիտեի աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

41. Կոմիտեի աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

42. Կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի /վերստուգման/` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

43. Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

(Հավելված 1-ը փոփ. 26.01.2005 N 39, լրաց. 15.05.2007 N 221)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

2004 թ. մարտի 16-ի

թիվ 101 որոշման

 

Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ծ Ք

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Բաժիններ`

Անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների բաժին

Գույքի գրանցման բաժին

Ընդհանուր բաժին

Հաշվառման բաժին

Քարտեզագրման և գեոդեզիայի բաժին

Ֆինանսական, հաշվապահական հաշվառման բաժին

Իրավաբանական բաժին

Համակարգչային բաժին

 

2. Տեղեկատվական կենտրոն

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

Գեոդեզիայի և հողային պետական տեսչություն

 

III. Տարածքային /առանձնացված/ ստորաբաժանումներ

 

Ասկերանի տարածքային ստորաբաժանում

Հադրութի տարածքային ստորաբաժանում

Մարտակերտի տարածքային ստորաբաժանում

Մարտունու տարածքային ստորաբաժանում

Շահումյանի տարածքային ստորաբաժանում

Շուշիի տարածքային ստորաբաժանում

Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանում

Քաշաթաղի տարածքային ստորաբաժանում

(տողը հանվել է 10.07.2012 N 478-Ն)

(Հավելված 2-ը փոփ. 26.01.2005 N 39, լրաց. 31.05.2011 N 339-Ն, խմբ. 27.12.2011 N 1011-Ն, փոփ., լրաց. 10.07.2012 N 478-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 3

ԼՂՀ կառավարության

2004 թ. մարտի 16-ի

թիվ 101 որոշման

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

 

ՀՀ

Անվանումը

Արժեքը /հազ. դրամ/

1

Շենքեր և շինություններ

116550,7

2

Տրանսպորտային միջոցներ

47937,6

3

Համակարգչային տեխնիկա և սարքավորումներ

64200,2

4

Գրասենյակային գույք

29943,4

5

Արագամաշ առարկաներ

12284,4

6

Գեոդեզիական գործիքներ և սարքավորումներ

12393,3

7

Նյութեր

10931,5

 

Ընդամենը

 294241,1

(Հավելված 3-ը խմբ. 27.12.2011 N 1011-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ