Համարը 
N 819-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.12.29/24(158)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
13.12.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
13.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
11.06.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«13» դեկտեմբերի 2010թ.

N 819-Ն

  ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ մինչև 2009 թվականի հունվարի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում վերաբնակություն հաստատած ընտանիքներին հատկացված բնակելի տները և տնամերձ հողամասերը նվիրատվության պայմանագրով փոխանցվում են այդ բնակելի տներում հաշվառված ընտանիքներին՝ որպես սեփականություն:

(1-ին կետը փոփ. 03.05.2013 N 250-Ն)

2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում վերաբնակություն հաստատած ընտանիքներին հատկացված բնակելի տների և տնամերձ հողամասերի սեփականաշնորհման կարգը` համաձայն հավելվածի:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարին՝ համակողմանիորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարներին՝ սույն որոշմամբ սահմանված՝ սեփականաշնորհման գործընթացը պատշաճ կերպով իրականացնելու համար:

(3-րդ կետը փոփ. 03.05.2013 N 250-Ն)

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկություններ՝ սույն որոշմամբ սահմանված՝ սեփականաշնորհման գործընթացի վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«13» դեկտեմբերի 2010թ.

թիվ 819-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են մինչև 2009 թվականի հունվարի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում վերաբնակություն հաստատած ընտանիքներին վերաբնակեցման ծրագրերի շրջանակներում հատկացված բնակելի տների և տնամերձ հողամասերի (այսուհետ` բնակելի տուն) սեփականաշնորհման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 03.05.2013 N 250-Ն)

2. Սույն կարգի իմաստով` սեփականաշնորհում է համարվում նվիրատվության պայմանագրով համայնքի սեփականության ներքո գտնվող բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը վերաբնակ ընտանիքին:

3. Սեփականաշնորհման ենթակա են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) հաստատած ցուցակներում (այսուհետ՝ սեփականաշնորհման ցուցակ) ընդգրկված վերաբնակ ընտանիքներին հատկացված բնակելի տները:

4. Վերաբնակ ընտանիքը սեփականաշնորհման ցուցակում ընդգրկվում է, եթե վերաբնակվելու պահից անցել է առնվազն 10 տարի:

5. Սեփականաշնորհման գործընթացը սկսվում է վերաբնակ ընտանիքի չափահաս անդամներից մեկի՝ համայնքի ղեկավարին ուղղված գրավոր դիմումի հիման վրա:

6. Համայնքի ղեկավարը պատրաստում է սույն կարգի 4-րդ կետում նշված հանգամանքը հաստատող փաստաթղթերը և դրանք ներկայացնում հանձնաժողովին:

Հանձնաժողովի կողմից հաստատված սեփականաշնորհման ցուցակում ընդգրկվելու դեպքում վերաբնակ ընտանիքի և համայնքի միջև կնքվում է նվիրատվության պայմանագիր՝ համայնքի ավագանու որոշման հիման վրա:

Համայնքի անունից պայմանագիրը ստորագրում է համայնքի ղեկավարը, իսկ վերաբնակ ընտանիքի անունից՝ ընտանիքի չափահաս անդամներից մեկը:

7. Բնակելի տունը սեփականության իրավունքով փոխանցվում է վերաբնակ ընտանիքի՝ տվյալ բնակելի տանը մշտական հաշվառում ունեցող, ինչպես նաև փաստացի բնակվող անչափահաս բոլոր անդամներին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն:

8. Վերաբնակ ընտանիքն ազատվում է նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից՝ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» ենթակետով սահմանված կարգով:

Սույն կետում նշված վճարումները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի պահպանման ծախսերով նախատեսված միջոցների հաշվին:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ