ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի 6-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) որ «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի 6-րդ մասով սահմանված` կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի ռեեստրը վարող լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմն է.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից հարկային մարմնին տեղեկություններ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 02.02.2016 N 39-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի մայիսի 26-ի N 307-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 02.02.2016 N 39-Ն)
1. Սույն կարգով սահմանվում են «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի կիրառման նպատակով՝ կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի ռեեստրը վարողի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից հարկային մարմնին տեղեկություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 02.02.2016 N 39-Ն)
2. Տեղեկությունները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով, համապատասխան համակարգչային ցանցով, վեբ ծառայությունների միջոցով` լիազոր մարմնի և հարկային մարմնի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով:
3. Լիազոր մարմինը, հարցումների հիման վրա, հարցմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին է տրամադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի (անհատական բնակելի տների) ռեեստրում հաշվառված`
1) կառուցապատող իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
2) կառուցապատող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող) անունը, ազգանունը, հայրանունը, գտնվելու (հաշվառման) վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել).
3) կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի (անհատական բնակելի տան) գտնվելու վայրը (հասցեն):
4. Մինչև սույն կարգի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունների տրամադրման էլեկտրոնային եղանակի ներդրումը՝ լիազոր մարմինը, հարկային մարմնի հարցմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկությունները հարկային մարմնին է տրամադրում ինտերնետային կապի միջոցով:
5. «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.1-ին հոդվածի կիրառման առումով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տան կառուցման մասով հիմք են ընդունվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 370 որոշմամբ հաստատված կարգով շինարարության թույլտվություն տրամադրած մարմինների կողմից հարկային մարմին ներկայացված՝ շինարարության թույլտվությունների պատճենները, իսկ էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում՝ դրանց տեսաներածված օրինակները:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |