ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«29» դեկտեմբերի 2011թ. |
N 1045-Ն |
ք.Ստեփանակերտ
ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԻ ԵՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության «29» դեկտեմբերի 2011թ. N 1045-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԻ ԵՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Օդային երթևեկության կազմակերպում, աերոնավիգացիոն կապ և դիտարկում, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն (այսուհետ` աերոնավիգացիոն սպասարկում) իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածքում ու աերոդրոմներում քաղաքացիական օդանավերի աերոնավիգացիոն սպասարկումն իրականացնող կազմակերպություններին և մարմիններին (այսուհետ` կազմակերպություն) թույլտվություն տալու գործընթացը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածքում օդային երթևեկության կազմակերպում, աերոնավիգացիոն կապ և դիտարկում, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնում է սույն կարգով թույլտվություն (այսուհետ` թույլտվություն) ստացած կազմակերպությունը: Օդային տարածքի առանձին մասերում նշված սպասարկումը կարող են իրականացնել թույլտվություն ստացած այլ կազմակերպություններ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածքում և դրա առանձին մասերում աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովումն իրականացվում է նշված գործունեությունն իրականացնելու համար թույլտվություն ստացած կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից:
3. Սույն կարգի նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պարտավորություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող աերոնավիգացիոն սպասարկման ծառայությունների համապատասխանության ապահովումն է` այդ ծառայությունները մատուցողի գործունեության համապատասխանության գնահատման ու վերահսկողության միջոցով:
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ
4. Սույն կարգի իմաստով կազմակերպությանը թույլտվություն տալը համարվում է գործընթաց, որի ընթացքում տեսական և գործնական եղանակներով ուսումնասիրվում է կազմակերպության և դրա կողմից իրականացվող գործառույթների համապատասխանությունը սույն կարգում ներկայացվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ակտերով, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) հավելվածներով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) ձեռնարկներով և Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության (այսուհետ` Եվրակոնտրոլ) փաստաթղթերով սահմանված չափանիշներին ու ստանդարտներին:
5. Թույլտվություն ստանալու համար կազմակերպությունն ապահովում է մատուցվող ծառայությունների անվտանգությունը, արդյունավետությունն ու անընդհատությունը` օդային երթևեկության առկա և կանխատեսվող ինտենսիվությանը համապատասխան: Թույլտվություն ստանալու նպատակով կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) է ներկայացնում հայտ` համաձայն N 1 ձևի: Հայտին կից ներկայացվում են`
1) կազմակերպության կանոնադրությունը և պետական գրանցման վկայականի պատճենը.
2) կազմակերպության կառուցվածքը, գործունեության միջնաժամկետ ռազմավարական ծրագիրը և մոտակա տարվա ծրագիրը.
3) տեղեկատվություն աշխատողների թվի ու նրանց մասնագիտական պատրաստվածության մասին.
4) կազմակերպությունում թռիչքների անվտանգության ապահովման ընթացակարգերը.
5) ավիացիոն անվտանգության ապահովման ընթացակարգերը.
6) ըստ գործունեության տեսակների` կազմակերպության ներքին կանոնակարգերը, ինչպես նաև դրանցում փոփոխությունների կատարման, աշխատողների տեղեկացվածության ապահովման ընթացակարգերը.
7) որակի կառավարման համակարգի կիրառումն ապահովող ընթացակարգերը և որակի կառավարման համակարգի սերտիֆիկատի (սերտիֆիկատների) պատճենները: Սույն ենթակետի պահանջները կարգի օդային երթևեկության կազմակերպման և աերոնավիգացիոն կապի և դիտարկման գործառույթների նկատմամբ կիրառվում են կարգն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում.
8) կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների ամբողջականության կամ անընդհատության վրա հնարավոր ներազդեցություն ունեցող իրավիճակներում գործունեության վթարային պլանը.
9) ըստ գործառույթների տեսակների` սույն կարգի դրույթներով սահմանված փաստաթղթեր ու տեղեկատվություն:
(5-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
6. Աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովումն իրականացնող կազմակերպությունը, ի լրումն սույն կարգի 5-րդ կետի 1-9-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի, ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդերևութաբանության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից տրված նշանակումն օդերևութաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ:
7. Կազմակերպությանը թույլտվություն տալու գործընթացն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի (այսուհետ` խումբ) կողմից 30-օրյա ժամկետում` կազմակերպության մասնագիտական և տեխնիկական պատրաստվածության տեսական ու գործնական ուսումնասիրությունների միջոցով` համաձայն սույն կարգի դրույթների:
(7-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
8. Ուսումնասիրությունների արդյունքները և կազմակերպությանը թույլտվություն տալու վերաբերյալ եզրակացությունը խմբի կողմից` արձանագրության ձևով ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին:
(8-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
9. Եթե ուսումնասիրությունների արդյունքում խմբի կողմից արձանագրվում է, որ կազմակերպությունը համապատասխանում է սույն կարգի 4-րդ կետում ներկայացված փաստաթղթերով սահմանված չափանիշներին և ստանդարտներին, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանով կազմակերպությանը տրվում է թույլտվություն` համաձայն N 2 ձևի: Կազմակերպությանը տրվում է թույլտվության բնօրինակը: Թույլտվության պատճենը պահվում է նախարարությունում:
(9-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
10. Եթե ուսումնասիրությունների արդյունքում խմբի կողմից արձանագրվում են անհամապատասխանություններ սույն կարգի 4-րդ կետում ներկայացված փաստաթղթերով սահմանված չափանիշներին և ստանդարտներին, ապա նախարարությունը սահմանում է մեկամսյա ժամկետ` դրանց վերացման նպատակով:
(10-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
11. Սույն կարգի 10-րդ կետում նշված անհամապատասխանությունները սահմանված ժամկետում վերացնելուց հետո կազմակերպությունը կարող է դիմել նախարարություն` կրկնակի ուսումնասիրություններ իրականացնելու համար:
(11-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
12. Սույն կարգի 11-րդ կետով սահմանված պայմանի չապահովման դեպքում հայտը մերժվում է:
13. Կազմակերպությանը թույլտվությունը տրվում է անժամկետ:
14. Կազմակերպության կողմից գործունեության դադարեցման դեպքում թույլտվության բնօրինակը վերադարձվում է նախարարություն:
(14-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
15. Թույլտվություն ստացած կազմակերպությունը տեղեկացնում է նախարարությանն իր կողմից մատուցվող ծառայություններում նախատեսվող այնպիսի փոփոխությունների մասին, որոնք կարող են ներազդել սույն կարգի պահանջներին նրա համապատասխանության կամ թույլտվությամբ նախատեսված պայմանների վրա:
(15-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
16. Թռիչքների անվտանգությանն առնչվող փոփոխություններն իրականացվում են սույն կարգի IX գլխի պահանջներին համապատասխան:
III. ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
17. Օդային երթևեկության կազմակերպման (այսուհետ` ՕԵԿ) գործառույթների ապահովման մասնագիտական և տեխնիկական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթերի փաթեթում ներկայացվում են`
1) ՕԵԿ-ի գործընթացում թռիչքների անվտանգության կառավարման համակարգի կիրառման ընթացակարգերը` համաձայն նախարարության կողմից սահմանված օդային երթևեկության սպասարկման պահանջներին.
2) ՕԵԿ-ի կարգավարական կետերի տեխնիկական հագեցվածությունն ըստ կարգավարների աշխատանքային տեղերի, սպասարկման տարածքը, վերահսկողության, դիտարկման և կապի միջոցների ցանկը.
3) «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված նախարարության կողմից տրված կամ ուժ ստացած ՕԵԿ-ի կարգավարների ատեստավորման վկայականների պատճենները և նրանց հաստիքացուցակը.
4) աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության գործառույթներն իրականացնող այլ կազմակերպությունների և աերոդրոմ շահագործողի հետ կնքված համաձայնագրերի պատճենները.
5) ՕԵԿ-ի գործընթացում կիրառվող ընթացակարգերը սահմանող ձեռնարկները և տեղական հրահանգները:
(17-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
18. ՕԵԿ-ի տեսական ուսումնասիրությունների շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`
1) ՕԵԿ-ի կարգավարական անձնակազմի համալրվածությունն ըստ աշխատատեղերի` ելնելով մատուցվող օդային երթևեկության կարգավարական սպասարկման ծառայությունների տեսակներից և ինտենսիվությունից.
2) ՕԵԿ-ի կարգավարների ատեստավորման, մասնագիտական համապատասխանության ապահովման և պահպանման ընթացակարգերը` համաձայն նախարարության կողմից սահմանված օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման պահանջների.
3) ՕԵԿ-ի կարգավարական կետերի տեխնիկական հագեցվածությունը. վերահսկողության, դիտարկման և կապի միջոցների ցանկը, դրանց քանակական և որակական համապատասխանությունը նախարարության կողմից սահմանված օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովման չափորոշիչներին.
4) ՕԵԿ-ի գործընթացում կիրառվող կարգերը, ընթացակարգերը սահմանող ձեռնարկները և տեղական հրահանգները` համաձայն սույն կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների.
5) ՕԵԿ իրականացնող այլ կազմակերպության և թռիչքների աերոնավիգացիոն ու աերոդրոմային սպասարկումներ ապահովող կազմակերպությունների (մարմինների) հետ կնքված փոխհամագործակցության համաձայնագրերը թռիչքատեղեկատվական հաղորդագրությունների տրամադրման ապահովման վերաբերյալ:
(18-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
19. ՕԵԿ-ի գործնական ուսումնասիրությունների շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`
1) սույն կարգի 18-րդ կետի 3-րդ ենթակետում ներկայացված տեխնիկական միջոցների շահագործողական վիճակը և համապատասխանությունն արտադրողի կողմից սահմանված չափանիշներին.
2) ՕԵԿ-ի անխափան էներգամատակարարման համակարգը.
3) ՕԵԿ-ի կարգավարների աշխատանքային և հանգստի պայմանները:
IV. ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԻ ԵՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
20. Աերոնավիգացիոն կապի և դիտարկման (այսուհետ` ռադիոտեխնիկական ապահովման) գործառույթների մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը հավաստող փաստաթղթերի փաթեթում ներկայացվում են`
1) ռադիոտեխնիկական ապահովման գործընթացում թռիչքների անվտանգության կառավարման համակարգի կիրառման ընթացակարգերը` համաձայն սույն կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների.
2) նավիգացիոն, ավիացիոն էլեկտրակապի (շարժական և ֆիքսված) և դիտարկման (ռադիոլոկացիոն) միջոցների (այսուհետ` միջոցներ), ինչպես նաև դիտարկման տվյալների մշակման ու արտապատկերման համակարգերի (այսուհետ` համակարգեր) ցանկը և դրանց համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի պատճենները` համաձայն սույն կարգի 18-րդ կետի 3-րդ ենթակետում ներկայացվող չափորոշիչների.
3) կիրառվող ռադիոհաճախականությունների ցանկը.
4) միջոցների թռիչքային և վերգետնյա ստուգումների արձանագրությունները (ակտերը).
5) անխափան էներգամատակարարման ապահովման միջոցառումները.
6) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության գործառույթներն իրականացնող այլ կազմակերպությունների և աերոդրոմ շահագործողների հետ կնքված համաձայնագրերի պատճենները:
21. Ռադիոտեխնիկական ապահովման գործառույթների տեսական ուսումնասիրությունների շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`
1) միջոցների և համակարգերի քանակական ու որակական համապատասխանությունը նախարարության կողմից սահմանված օդային երթևեկության սպասարկման ռադիոտեխնիկական ապահովման կարգում ներկայացվող չափորոշիչներին.
2) միջոցների և համակարգերի աշխատանքային ռեսուրսների համապատասխանությունն արտադրողի կողմից սահմանված նորմերին կամ դրանց երկարաձգման հիմքերը.
3) միջոցների և համակարգերի շահագործողական փաստաթղթերի (տեխնիկական անձնագրեր, տեղեկաքարտեր) վարման ընթացակարգը.
4) ռադիոտեխնիկական ապահովման նպատակով օգտագործվող ռադիոհաճախականությունների համաձայնեցման և գրանցման ընթացակարգերի համապատասխանությունը սույն կարգի 18-րդ կետի 3-րդ ենթակետում ներկայացվող չափորոշիչներին.
5) միջոցների և համակարգերի անխափան էներգամատակարարման սխեմաները և դրա ապահովման միջոցառումները.
6) ռադիոտեխնիկական ապահովման նպատակով ընդունված ու կիրառվող կանոնակարգերը` ուղղված Չիկագոյի կոնվենցիայի N10 հավելվածով և արտադրողի կողմից սահմանված միջոցների ու համակարգերի շահագործողատեխնիկական ցուցանիշների ապահովմանը.
7) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության գործառույթներն իրականացնող այլ կազմակերպությունների և աերոդրոմ շահագործողների հետ կնքված համաձայնագրերի պատճենները:
(21-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
22. Համաձայն նախարարության հարցման` հայտատուն ներկայացնում է տեղեկություններ միջոցների և համակարգերի շահագործումն ու տեխնիկական սպասարկումն ապահովող աշխատողների հաստիքացուցակների և մասնագիտական պատրաստվածության ապահովման ու պահպանման միջոցառումների մասին:
(22-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
23. Ռադիոտեխնիկական ապահովման գործառույթների գործնական ուսումնասիրությունների շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`
1) միջոցների և համակարգերի, ինչպես նաև էներգաաղբյուրների (տրանսֆորմատորային ենթակայաններ, դիզել-ագրեգատներ, կուտակիչներ) տեխնիկական վիճակը և ելքային ցուցանիշները (լարումներ, հզորություններ, հաճախականություններ).
2) միջոցների և համակարգերի էներգասնուցման ընդհատումների ու էներգաաղբյուրների (հիմնական և պահուստային) ավտոմատ փոխարկումների թույլատրելի առավելագույն տևողությունների համապատասխանությունը Չիկագոյի կոնվենցիայի N 10 հավելվածով սահմանված չափանիշներին.
3) միջոցների և համակարգերի ապահովվածությունը պահուստային մասերով և հանգույցներով.
4) միջոցների և համակարգերի համար նախատեսված շենք-շինությունների, օբյեկտների կամ կառույցների շահագործողական, ինչպես նաև շահագործող և սպասարկող անձնակազմերի աշխատանքային ու հանգստի պայմանները և դրանց համապատասխանությունն ԻԿԱՕ-ի N 9426 փաստաթղթով և «Ներդրման ապահովման Եվրակոնտրոլի ընդհանուր ուղեցույց»-ով սահմանված պահանջներին.
5) աերոդրոմում և դրա շրջանում տեղադրված միջոցների ցերեկային ու գիշերային մականշումների համապատասխանությունը Չիկագոյի կոնվենցիայի N 14 հավելվածով սահմանված պահանջներին:
V. ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱՅԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ) ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
24. Սույն կարգի իմաստով աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում (այսուհետ` ԱՕԱ) է համարվում աերոդրոմներում և օդային երթուղիներում հետևյալ գործառույթների իրականացումը`
1) օդերևութաբանական դիտումներ, ամփոփագրերի կազմում ու տրամադրում, ավիացիոն կլիմատոլոգիական տեղեկատվության տրամադրում.
2) եղանակի կանխատեսումների կազմում և տրամադրում.
3) գոտիական կանխատեսումների համաշխարհային կենտրոնից քարտեզների ստացում և տրամադրում (ըստ անհրաժեշտության).
4) օդերևութաբանական տվյալների միջազգային բանկերից տեղեկատվությունների ստացում և տրամադրում (ըստ անհրաժեշտության):
25. ԱՕԱ-ի գործառույթների մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը հավաստող փաստաթղթերի փաթեթում ներկայացվում են`
1) ԱՕԱ-ի կազմակերպության (ստորաբաժանման) կառուցվածքը.
2) օդերևութաբանական և դիտարկման միջոցների, ինչպես նաև դիտարկման տվյալների մշակման ու արտապատկերման համակարգերի ցանկը և դրանց որակական համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի պատճենները.
3) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության գործառույթներն իրականացնող այլ կազմակերպությունների և աերոդրոմ շահագործողի հետ կնքված համաձայնագրերի պատճենները.
4) ԱՕԱ-ի գործունեությունը կանոնակարգող ընթացակարգերը:
26. ԱՕԱ իրականացնող կազմակերպությանը (ստորաբաժանմանը) թույլտվություն տալու գործընթացի շրջանակներում խմբի կողմից տեսական և գործնական եղանակներով ուսումնասիրվում են կազմակերպության (ստորաբաժանման) կառուցվածքի, սարքավորումների, միջոցների և ծառայությունների համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշման պահանջներին:
VI. ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
27. Սույն կարգի իմաստով աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություն է համարվում աերոնավիգացիոն տեղեկատվական հոսքերի ապահովումը` թռիչքների անվտանգության և կանոնավորության ապահովման, ինչպես նաև օդային նավիգացիայի արդյունավետության բարձրացման նպատակով:
28. Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության գործառույթների մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը հավաստող փաստաթղթերի փաթեթում ներկայացվում են`
1) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության կառուցվածքի նկարագրությունը.
2) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայությունն իրականացնող աշխատողների մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթերի պատճենները.
3) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության տեղեկատվական և տեխնիկական միջոցների ցանկերը.
4) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության գործունեությունը կանոնակարգող կարգերը, ընթացակարգերը, ձեռնարկները և տեղական հրահանգները.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուն:
29. Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության գործառույթների տեսական ուսումնասիրությունների շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`
1) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության կառուցվածքի համապատասխանությունը նախարարության կողմից սահմանված աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման պահանջներին.
2) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայությունն իրականացնող աշխատողների մասնագիտական պատրաստվածության ապահովումը և դրան ուղղված միջոցառումները` համաձայն Եվրակոնտրոլի Սի Էյ Էս Փի 1.0 (CASP 1.0) փաստաթղթերի պահանջների.
3) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության գործառույթները կանոնակարգող կարգերը, ընթացակարգերը, ձեռնարկները և տեղական հրահանգները.
4) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություններից օգտվողների և տեղեկատվություն տրամադրողների հետ կնքված համաձայնագրերի պատճենները:
(29-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
30. Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության գործնական ուսումնասիրություններն իրականացվում են սույն կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան, որի շրջանակներում խմբի կողմից ուսումնասիրվում են`
1) միասնական աերոնավիգացիոն փաթեթի համալրվածությունը.
2) աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների հագեցվածությունը կապի (հաղորդագրությունների ապահովման) և տեխնիկական (կազմակերպչական) միջոցներով.
3) բրիֆինգ օֆիսի թռիչքային անձնակազմերի սպասարկման պայմանները:
VII. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
31. Կարգի 7-րդ, 8-րդ 9-րդ և 10-րդ գլուխների դրույթները տարածվում են սույն կարգի 1-ին բաժնին համապատասխան թույլտվություն ստացած օդային երթևեկության կազմակերպում, աերոնավիգացիոն կապ և դիտարկում իրականացնող և աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություններ մատուցող կազմակերպությունների վրա:
32. Վերահսկողությունը կրում է շարունակական բնույթ և իրականացվում է երկու հիմնական ուղղություններով՝
1) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, ծառայությունների մատուցման անվտանգության մոնիթորինգ.
2) թռիչքների անվտանգության ապահովման նպատակով սահմանված կանոնակարգերի պահանջների և դրանց կիրառմանն ուղղված միջոցառումների իրականացման ուսումնասիրություն (այսուհետ` աուդիտ):
33. Մոնիթորինգը կատարվում է նախարարությունում տվյալների հավաքագրմամբ, դրանց ուսումնասիրությամբ, համեմատությամբ նախորդ տարիների վերահսկողությունների արդյունքների հետ:
(33-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
34. Մոնիթորինգի ընթացքում որոշվում են թռիչքների անվտանգության ապահովման համար աուդիտի առաջնահերթ խնդիրները:
35. Մոնիթորինգի արդյունքների հիման վրա նախարարությունում մշակվում են աուդիտի տարեկան ծրագրեր և սահմանվում են օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման գործընթացը կարգավորող ուղեցույցներ:
(35-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
VIII. ԱՈՒԴԻՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
36. Կազմակերպության աուդիտն իրականացվում է տարեկան ծրագրերի հիման վրա`
1) աուդիտի տարեկան ծրագիրը և այն իրականացնող մասնագետների ցանկը հաստատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով.
2) աուդիտի ծրագիրը մշակվում է Ի ԷՍ ԷՅ ԱՐ ԱՐ 1 (ESARR-1)-ի 6.3-րդ կետի համաձայն.
3) աուդիտի տարեկան ծրագիրը կազմում են այնպես, որպեսզի երկու տարեկան աուդիտների ընթացքում հնարավոր լինի իրականացնել կազմակերպության ամբողջական աուդիտը.
4) աուդիտի գործընթացում ընդգրկված մասնգետները պետք է ունենան թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման բնագավառի անհրաժեշտ գիտելիքներ և ունակություններ ու կատարեն աուդիտի արդյունքների մասնագիտական գնահատում:
(36-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
37. Աուդիտն իրականացվում է`
1) կազմակերպության համապատասխանությունը կարգի 1-ին բաժնով սահմանված կարգով նախարարության կողմից տրված թույլտվության պայմաններն ուսումնասիրելու նպատակով.
2) նախարարության կողմից կազմակերպության կասեցված թույլտվության վերականգնման նպատակով.
3) նախարարության կողմից կազմակերպությանը տրված դիտարկման գործընթացը կարգավորող ուղեցույցների ներդրման և կիրառման նպատակով:
(37-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
38. Աուդիտն իրականացվում է հարցաթերթերով, որի ընթացքում ուսումնասիրվում են`
1) կազմակերպության կարգավարական և տեխնիկական անձնակազմերի համապատասխանությունը Չիկագոյի կոնվենցիայի N 1 հավելվածի և Եվրակոնտրոլի Ի ԷՍ ԷՅ ԱՐ ԱՐ 5 (ESARR-5)-ի պահանջներին՝ ՕԵԿ-ի կարգավարների վկայականների առկայությունը, ուժի մեջ լինելը, բժշկական զննման արդյունքները, անգլերեն լեզվի մակարդակը հավաստող վկայականները և վարժանքների անցկացումը.
2) կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտերը և դրանց մեջ իրականացվող փոփոխությունների ընթացակարգերը.
3) օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման միջոցների շահագործողական ցուցանիշները.
4) աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման գործընթացը:
39. Աուդիտի ընթացքում լրացված հարցաթերթերի հիման վրա կազմվում է հաշվետվություն և ներկայացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին:
(39-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
40. Հաշվետվությունում ներառվում են հետևյալ տվյալները՝
1) աուդիտի անցկացման տարեթիվը.
2) ներգրավված մասնագետները.
3) տվյալ աուդիտի նպատակները և ընդգրկման ծավալները.
4) նախորդ աուդիտից հետո անցած ժամանակահատվածում թերությունների վերացման ուղղությամբ իրականացված գործողությունները.
5) աուդիտի անցկացման ժամանակացույցը.
6) ուսումնասիրված փաստաթղթերի ցանկը.
7) հայտնաբերված անհամապատասխանությունները և դրանց առկայությունը հավաստող մանրամասները.
8) իրավիճակի գնահատականը:
41. Աուդիտի ընթացքում թռիչքների անվտանգությանն սպառնացող թերությունների ի հայտ գալու դեպքում, դրանց մասին, մինչև հաշվետվություն ներկայացնելը, անմիջապես տեղեկացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և թողարկվում են անվտանգության ուղեցույցներ` համաձայն Եվրակոնտրոլի Ի ԷՍ ԷՅ ԱՐ ԱՐ (ESARR)-ի 10-րդ բաժնի և Եվրամիության 543/2004, 550/2004, 551/2004 կանոնակարգերի պահանջների և տրվում են առաջարկություններ, որոնք ուղղված են թերությունների վերացմանը:
(41-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
42. Թռիչքների անվտանգության ուղեցույցներն ընդգրկում են՝
1) ի հայտ բերված թերությունները, որոնք սպառնում են թռիչքների անվտանգությանը.
2) այն համակարգերը, որոնց վրա ի հայտ բերված թերությունը կարող է բացասական ազդել.
3) թերությունը վերացնելու համար անհրաժեշտ գործողությունները և դրանց կատարման ժամկետները:
43. Թռիչքների անվտանգության ուղեցույցները հաստատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից` համապատասխան հրամանով:
(43-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
44. Աուդիտի հաշվետվությունները նախարարությունը ներկայացնում է աուդիտ իրականացրած կազմակերպությանը` այն կազմելուց հետո 5-օրյա ժամկետում`
1) աուդիտի ընթացքում ի հայտ բերված թերությունների առկայության դեպքում կազմակերպությունը մշակում է դրանց վերացման միջոցառումների ժամանակացույց և ներկայացնում նախարարություն.
2) նախարարությունը կարող է իրականացնել լրացուցիչ աուդիտ՝ թերությունների վերացման նպատակով:
(44-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
IX. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
45. Թույլտվություն ստացած օդային երթևեկության կազմակերպման և աերոնավիգացիոն կապի և դիտարկման գործառույթներ իրականացնող կազմակերպությունը տեղեկացնում է նախարարությանը թռիչքների անվտանգությանն առնչվող փոփոխությունների մասին, որոնք նախատեսում է իրականացնել իր օդային երթևեկության կազմակերպման համակարգերում`
1) կարգի իմաստով օդային երթևեկության կազմակերպման համակարգեր են համարվում օդային երթևեկության կազմակերպման և աերոնավիգացիոն կապի և դիտարկման գործառույթներն իրականացնելիս կիրառվող ընթացակարգերի և համակարգերի (ներառյալ տեխնիկական համակարգերի) ամբողջությունը:
(45-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
46. Օդային երթևեկության կազմակերպման համակարգերում թռիչքների անվտանգությանն առնչվող փոփոխությունների իրականացման ընթացակարգը համաձայնեցվում է նախարարության հետ:
(46-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
47. Թռիչքների անվտանգությանն առնչվող փոփոխությունները, որոնք իրականացվում են օդային երթևեկության կազմակերպման համակարգերում, դասակարգվում են երկու դասերի՝ նշանակալի և ոչ նշանակալի`
1) կարգի իմաստով նշանակալի փոփոխություններ են համարվում այն փոփոխությունները, որոնց անվտանգության գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ դրանք կարող են հանգեցնել ավիացիոն պատահարի կամ լուրջ միջադեպի, ինչպես նաև անհրաժեշտություն առաջացնել օդանավերի շահագործողական նոր ստանդարտների ներդրմանը, այլ փոփոխությունները համարվում են ոչ նշանակալի.
2) ոչ նշանակալի փոփոխություններ ներկայացնելու դեպքում նախարարությունն ուսումնասիրում և ի գիտություն է ընդունում դրանց վերաբերյալ տեղեկատվությունը: Եթե ուսումնասիրության արդյունքում նախարարությունն արձանագրում է, որ կազմակերպության կողմից ներկայացված ոչ նշանակալի փոփոխությունը կարող է հանգեցնել սույն կետի 1-ին ենթակետում նշված հետևանքներին, ապա դրա մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է կազմակերպությանը:
(47-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
48. Նշանակալի փոփոխությունների ներդրման նպատակով Կազմակերպությունը ներկայացնում է հայտ, որում ներառվում են ավտանգության մակարդակի մասին, ռիսկերի և դրանց իջեցման գնահատականները`
1) նախարարությունը, ուսումնասիրելով կազմակերպության կողմից ներկայացված հայտը, առնվազն մեկ ամսվա ընթացքում ընդունում է որոշում նշանակալի փոփոխությունների ընդունման կամ չընդունման մասին.
2) հայտի ուսումնասիրությունն իրականացվում է Թռիչքների անվտանգության Եվրակոնտրոլի կանոնակարգող պահանջների Ի ԷՍ ԷՅ ԱՐ ԱՐ 1 (ESARR-1)-ի 7-րդ բաժնի դրույթներին համապատասխան:
(48-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
X. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
49. Համաձայն Եվրակոնտրոլի Ի ԷՍ ԷՅ ԱՐ ԱՐ 1 (ESARR-1)-ի 12-րդ բաժնի դրույթների` նախարարությունը յուրաքանչյուր տարվա վերջին վերահսկողությունների արդյունքների հիման վրա մշակում և կազմում է տարեկան հաշվետվություն թռիչքների անվտանգության վերահսկողության մասին:
(49-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
50. Տարեկան հաշվետվությունը կազմվում է Եվրակոնտրոլի Ի ԷՍ ԷՅ ԱՐ ԱՐ 1 (ESARR-1)-ի 12-րդ բաժնի դրույթներին համապատասխան:
51. Նախարարությունն ապահովում է տարեկան հաշվետվության հրապարակումն իր էլեկտրոնային կայքի միջոցով:
(51-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
| |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
էկոնոմիկայի նախարար
(փոփ. 10.05.2016 N 218-Ն) |
| _________________________ |
| (ղեկավարի անունը, ազգանունը) |
Հ Ա Յ Տ
| Խնդրում եմ ____________________________________________ տալ թույլտվություն` |
| (կազմակերպության (մարմնի) անվանումը) |
| ________________________________________________ իրականացնելու համար: |
| (կարգով սահմանված գործառույթի տեսակը) |
| Սահմանված կարգի համաձայն` կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը` |
| _________________________________________________________________ |
|
_________________________________________________________________ |
| _________________________________________________________________ |
|
Ղեկավար ___________________ |
___________________ |
| (ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
(հայտը ներկայացվում է կազմակերպության
(մարմնի) ձևաթղթի վրա) |
|
(Ձև N 1 փոփ. 10.05.2016 N 218-Ն)

|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
МИНИСТЕРСТВО ЭКОНОМИКИ НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ |
MINISTRY OF ECONOMY OF THE REPUBLIC OF NAGORNO-KARABAKH |
| РАЗРЕШЕНИЕ |
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ____ |
PERMIT |
|
Սույնով հավաստիացվում է, որ
Настоящим удостоверяется, что
This certifies that
___________________________________
(կազմակերպության (մարմնի) անվանումը)
_____________________________
(название организации (органа))
___________________________
(Name of Organization (Body)) |
|
своей профессиональной подготовкой и теxнической оснащенностью соответствует требованиям, установленными законодательством Нагорно- Карабахской Республики и положениям Конвенции о международной гражданской авиации и она может осуществлять
____________________ .
|
մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը համապատասխանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայով սահմանված չափանիշներին և
այն կարող է իրականացնել
_____________________ :
(կարգով սահմանված գործառույթի
տեսակը) |
professional and technical abilities comply with the requirements, established by the legislation of the Republic of Nagorno-Karabakh and with the regulations of Convention
on International Civil Aviation and
is able to realize
____________________
This Permit is valid without time
limit and is not transferable.
|
|
Настоящее Разрешение выдано бессрочно и не подлежит передаче. |
Սույն թույլտվությունը տրված է անժամկետ և ենթակա չէ փոխանցման: |
թ.
(Կ. Տ.)_______20__ г.
y. |
| |
|
|
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար
Министр экономики Нагорно-Карабахской республики
Minister of economy of the republic of Nagorno-Karabakh |
___________ _____________
(ստորագրությունը) (ազգանունը,
անունը, հայրանունը) |
|
|
(Ձև N 2 փոփ. 10.05.2016 N 218-Ն)