ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«29» մայիսի 2012թ. |
N 345-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԱՅԻՆ ԵՎ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման սակագների հաստատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«29» մայիսի 2012թ. N 345-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԱՅԻՆ ԵՎ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման սակագների հաստատման կարգը (այսուհետ` կարգ) մշակված է «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա:
2. Կարգի նպատակներն են`
1) օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման սակագների (այսուհետ` սակագին) համակարգի ձևավորումը.
2) սակագների չափերի հաստատման և հրապարակման ընթացակարգերի սահմանումը.
3) քաղաքացիական ավիացիայի ոլորտում մենաշնորհային ծառայությունների մատուցման սակագների ձևավորման սկզբունքների սահմանումը.
4) օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններից օգտվողների համար հավասար մրցակցային դաշտի ապահովումը:
3. Սույն կարգի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայանները շահագործող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող այն բոլոր տնտեսավարող սուբյեկտների վրա, որոնք կազմակերպում, ապահովում ու սպասարկում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվող օդային փոխադրումները:
4. Սակագինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայանները շահագործող, օդանավակայանային և թռիչքների աերոնավիգացիոն սպասարկումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) կողմից սույն կարգի II բաժնում նշված ծառայությունների դիմաց գանձման ենթակա գումարի մեծությունն է:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թռիչքային տեղեկատվության գոտու սահմաններում, սույն կարգի II բաժնում նշված ծառայությունների մատուցման դեպքերում, սույն կարգի պահանջներին համապատասխան սահմանված սակագների հիման վրա հաշվարկված գումարների գանձումներ չեն կատարվում (թռիչքներն ազատվում են գանձումներից) հետևյալ թռիչքների համար`
1) երկու տոննայից պակաս առավելագույն թույլատրելի թռիչքային քաշ ունեցող օդանավերով իրականացվող թռիչքներ.
2) իշխող միապետերի և նրանց ընտանիքի անմիջական անդամների, պետությունների նախագահների, վարչապետների և պետական նախարարների պաշտոնական թռիչքներ, որոնց թռիչքային պլանում առկա է թռիչքի կարգավիճակի վերաբերյալ համապատասխան նշում.
3) որոնողափրկարարական աշխատանքների նպատակով իրականացվող թռիչքներ.
4) թռիչքային անձնակազմի անդամի ատեստավորման վկայական կամ որակավորման նիշ ստանալու նպատակով իրականացվող ուսումնական թռիչքներ, որոնց թռիչքային պլանում առկա է դրա մասին համապատասխան նշում և որոնք չեն ծառայում ուղևորների և (կամ) բեռների փոխադրման, ինչպես նաև օդանավի կայանման կամ տեղափոխման նպատակներին.
5) թռիչքներ, որոնք իրականացվում են բացառապես աերոնավիգացիոն նպատակներով օգտագործվող վերգետնյա սարքավորումների ստուգման կամ փորձարկման նպատակներով:
II. ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
6. Սույն կարգի գործողության շրջանակներում սակագների համակարգն ընդգրկում է հետևյալ ծառայությունների սակագները`
1) օդանավակայանային գործունեության ծառայություններ`
ա. թռիչք-վայրէջքի ապահովում.
բ. լուսաազդանշանային սարքավորումների օգտագործում.
գ. ուղևորների և ուղեբեռների ուղևորահամալիրային սպասարկում.
դ. բեռների և փոստի մշակում.
ե. օդանավերի կայանատեղերի և անգարների հատկացում.
զ. ավիացիոն անվտանգության ապահովում.
է. աղմուկի դիմաց և շրջակա միջավայրի պահպանության ապահովում.
ը. թռիչքների հակաթռչնաբախումային միջոցառումների իրականացման ապահովում.
թ. կառամատուցային մեքենայացված սարքավորումների տրամադրում.
2) վերգետնյա սպասարկման ծառայություններ`
ա. օդային փոխադրումների տեխնիկական և առևտրային սպասարկում (այդ թվում` օդանավերի, ուղևորների, ուղեբեռի, բեռի, փոստի վերգետնյա սպասարկում).
բ. հատուկ տրանսպորտային միջոցներով օդանավերի վերգետնյա սպասարկում.
3) օդանավերի աերոնավիգացիոն սպասարկման վերգետնյա, օդանավակայանի շրջանում և օդային տարածքի այլ մասերում մատուցվող ծառայություններ`
ա. օդային երթևեկության սպասարկում.
բ. օդանավերի անձնակազմերի հետ կապի ապահովում.
գ. օդերևութաբանական տեղեկատվության ապահովում.
դ. թռիչքների աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովում:
7. Տնտեսավարող սուբյեկտների կողմից կարող են կիրառվել սույն կարգի 6-րդ կետում նշված ծառայությունների համակցված կամ առանձնացված սակագներ, որոնք սույն կարգի գործողության շրջանակներում նույնպես հանդիսանում են սակագների համակարգի մաս: Համակցված սակագին է համարվում սույն կարգի 6-րդ կետում նշված երկու և ավելի ծառայությունների դիմաց գանձվող սակագինը: Առանձնացված սակագին է համարվում սույն կարգի 6-րդ կետում նշված ծառայությունների մի մասի դիմաց գանձվող սակագինը:
III. ՍԱԿԱԳՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
8. Սակագները պետք է սահմանվեն այնպես, որպեսզի դրանք չխոչընդոտեն թռիչքների անվտանգությունն ապահովող անհրաժեշտ միջոցների ու ծառայությունների օգտագործմանն ու ապահովեն մատուցվող ծառայությունների համապատասխանությունն անվտանգության, տեխնիկաշահագործողական և որակի չափանիշներին:
9. Սակագները չպետք է հակասեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային և միջպետական համաձայնագրերի պահանջներին:
10. Սակագների չափերը միատեսակ գործունեություն (ներքին օդային փոխադրումներ, միջազգային օդային փոխադրումներ, ավիացիոն աշխատանքներ, փորձնական թռիչքներ և այլն) իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բոլոր ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար պետք է լինեն նույնը և հավասար:
11. Սակագների չափերը պետք է որոշվեն տնտեսագիտական հաշվարկի հիման վրա` հաշվի առնելով`
1) շահագործողական և պահպանման ծախսերը, հիմնական միջոցներիուոչ նյութական ակտիվների մաշվածությունը.
2) վերարտադրության և զարգացման համար բավարար, սակայն արտադրական ցուցանիշների ու գործունեության անհրաժեշտ ծավալի ապահովմանը չխոչընդոտող շահույթի ստացման հնարավորությունը.
3) վարկերի տոկոսադրույքները և սպասարկման ծախսերը.
4) ապահովագրական ծախսերը.
5) կադրերի վերապատրաստման, նրանց տեխնիկական ուսուցման, մասնագիտական որակավորման բարձրացման, սահմանվող պահանջներին նրանց համապատասխանության ապահովման նպատակով իրականացվող ծախսերը.
6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ ծախսեր.
7) տարածաշրջանի պետությունների կողմից կիրառվող սակագների չափերը:
12. Հաշվարկվող սակագները պետք է հիմնված լինեն տվյալ ծառայության ծախսերի հաշվարկի վրա և չպետք է ներառեն տվյալ ծառայությանը չառնչվող այլ գործունեության համար նախատեսվող ծախսերը:
IV. ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
13. Սակագները հաշվարկվում են տնտեսավարող սուբյեկտների կողմից և ներկայացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)` հաստատման:
(13-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
14. Չիկագոյի կոնվենցիայի «Աերոնավիգացիոն տեղեկատվական ծառայություններ» N 15 հավելվածի (այսուհետ` N 15 հավելված) 6-րդ գլխում նշված ժամկետներն ապահովելու նպատակով սակագների հաստատման կամ նախկինում հաստատված սակագների փոփոխության հաստատմանը վերաբերող փաստաթղթերի փաթեթը տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացվում է սակագներն ուժի մեջ մտնելու օրվանից առնվազն 75 օր առաջ:
15. Ներկայացվող փաստաթղթերի փաթեթն ընդգրկում է`
1) սակագների հաստատման մասին հայտը,
2) տեղեկանք գործող սակագների մասին,
3) տեղեկանք սակագների փոփոխության հիմնավորման մասին,
4) սակագների հաշվարկ` մանրամասն հիմնավորումներով:
16. Սակագների հաստատման մասին հայտը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
1) սակագների տեսակները և չափերը.
2) սակագներն ուժի մեջ մտնելու օրը:
17. Սակագների հաստատման մասին հայտը ներկայացնելու օր է համարվում հայտը նախարարությունում գրանցելու (մուտքագրելու) օրը:
(17-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
18. Սակագների հաստատմանը վերաբերող փաստաթղթերի փաթեթն ուսումնասիրվում է նախարարության կողմից: Ներկայացված սակագները հաստատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանով` սակագներն ուժի մեջ մտնելու օրվանից առնվազն 60 օր առաջ:
(18-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
19. Սակագների հաստատումը կարող է մերժվել, եթե`
1) սույն կարգի 15-րդ կետի համաձայն ներկայացվող փաստաթղթերի փաթեթը թերի է կամ փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ տեղեկություններ.
2) ներկայացված սակագները չեն բխում սույն կարգի III բաժնում նշված սկզբունքներից.
3) սակագների հաստատման մասին հայտը ներկայացված է սույն կարգի պահանջների խախտմամբ:
20. Սակագների հաստատումը մերժվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանով` սակագներն ուժի մեջ մտնելու օրվանից առնվազն 60 օր առաջ` նշելով մերժման պատճառները:
(20-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
21. Սակագների հաստատումը մերժվելու դեպքում ուժի մեջ են մնում նախկինում գործող սակագները` մինչև դրանց` սահմանված կարգով փոփոխումը:
22. Սույն կարգի 18-րդ և 20-րդ կետերում նշված ժամկետներում նախարարության կողմից սակագների հաստատման կամ մերժման մասին հրամանի բացակայության դեպքում, առաջարկվող սակագները համարվում են ինքնին հաստատված և սկսում են գործել դրանք ուժի մեջ մտնելու համար նախատեսվող օրվանից:
(22-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
23. Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուի հրապարակումը` սույն կարգի 15-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ներկայացման և սակագների ուժի մեջ մտնելու համար նախարարությունը կարող է սահմանել սույն կարգի 14-րդ և 18-րդ կետերում նշված ժամկետներից ավելի կարճ ժամկետ:
(23-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
V. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
24. Նախարարությունը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ ներկայացված սակագների չափերը որոշող գործոնների մասին, ինչը, սակայն, չի կարող ազդել սույն կարգով սահմանված սակագների հաստատման ժամկետների վրա: Տնտեսավարող սուբյեկտները նման պահանջ ստանալու դեպքում պարտավոր են հնգօրյա ժամկետում նախարարություն ներկայացնել սակագների հաստատման մասին որոշում ընդունելու համար պահանջվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
(24-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
25. Տնտեսավարող սուբյեկտների կողմից սույն կարգի համաձայն սակագների հաստատման նպատակով ներկայացված տեղեկությունները հանդիսանում են առևտրային գաղտնիք և չեն կարող հրապարակվել նախարարության կողմից:
(25-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
26. Հաստատված սակագները տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացվում են նախարարություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուի մեջ հրապարակելու համար:
(26-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
27. Նախարարությունը հաստատված սակագները հրապարակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աերոնավիգացիոն տեղեկատու ժողովածուի մեջ` համաձայն Չիկագոյի կոնվենցիայի 15-րդ հոդվածի և N 15 հավելվածի:
(27-րդ կետը փոփ. 10.05.2016 N 218-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |