ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» դեկտեմբերի 2013թ. |
N 983-Ն |
ք. Ստեփանակերտ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 20.11.2014 N 767-Ն)
«Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.4-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 20.11.2014 N 767-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ապրանքների նկատմամբ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 983-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կանոններին համապատասխան` պարտադիր դրոշմավորման կամ վերադրոշմավորման ենթակա են «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ապրանքները (այսուհետ՝ ապրանքներ):
2. Ապրանքներ արտադրող անձինք դրանց դրոշմավորումն իրականացնում են ինքնուրույն՝ համապատասխանաբար իրենց հաշվառման վայրի հարկային մարմնից ձեռք բերված դրոշմապիտակներն այդ ապրանքների վրա փակցնելու միջոցով:
3. Ապրանքների վրա փակցված դրոշմապիտակները պետք է համապատասխանեն հարկային մարմնի կողմից սահմանված տեխնիկական պահանջներին, ինչպես նաև լինեն չվնասված, ամբողջական և դրոշմավորված ապրանքի տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) համապատասխանող:
4. Դրոշմապիտակը պետք է փակցված լինի ապրանքի (տարայի) վրա առավել տեսանելի տեղում` վերին կամ կողային մակերեսներին, այդ թվում՝ պիտակի վրա, իսկ ապակյա կամ պլաստմասսայե տարայի դեպքում` վերին մակերեսին (կափարիչին):
(4-րդ կետը լրաց. 26.12.2016 N 870-Ն)
5. Դրոշմապիտակը պետք է փակցված լինի այնպես, որ ապահովվի ապրանքի անվանման, հայերեն մակնշման և պիտանելիության ժամկետի վերաբերյալ նշումների ընթեռնելիությունը:
6. Ապրանքի վերադրոշմավորման դեպքում նոր դրոշմապիտակը փակցվում է սույն կանոնների 4-րդ և 5-րդ կետերով սահմանված տեղում:
7. Դրոշմավորված ապրանքների վերադրոշմավորումը կատարվում է այդ ապրանքների վրա փակցված նմուշի դրոշմապիտակները կիրառությունից հանվելու դեպքում:
8. Արգելվում է հաստատված նմուշի դրոշմապիտակների վրա կատարել նշագրումներ (կնիքներով, դրոշմակնիքներով կամ այլ կերպ), դրոշմապիտակները կամ դրանց մի մասը ծածկել անթափանց թաղանթներով (բացառությամբ վերադրոշմավորման ժամանակ հերթական նմուշի դրոշմապիտակը փակցնելու դեպքերի): Անթափանց թաղանթներով ամբողջովին կամ մասնակիորեն ծածկված (դրոշմանիշի սերիան, համարը և այլ պաշտպանիչ տարրեր պարունակող մասերը) դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների իրացումը համարվում է չդրոշմավորված ապրանքների իրացում:
9. Վնասված, ոչ ամբողջական և (կամ) դրոշմավորման ենթակա ապրանքի տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) չհամապատասխանող դրոշմապիտակներ փակցված ապրանքների իրացնելը, ինչպես նաև սույն կանոնների 4-րդ կետով սահմանված պայմանները չապահովելը համարվում են դրոշմավորման կանոնների խախտում:
(Հավելվածը խմբ. 20.11.2014 N 767-Ն, լրաց. 26.12.2016 N 870-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |