Համարը 
ՀՕ-182
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.12.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.02.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.11.2018


ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի

դեկտեմբերի 27-ին

ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացիների զինվորական հաշվառումը, զինվորական ծառայության նախապատրաստությունը, զորակոչը, զինվորական ծառայությունը, պահեստազորում պատրաստությունը կազմակերպելու և անցկացնելու հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2.

Զինապարտության մասին օրենսդրությունը

 

Զինապարտության մասին օրենսդրությունը բաղկացած է Արցախի Հանրապետության Սահմանադրությունից, միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

(2-րդ հոդվածը փոփ. 20.04.2017 ՀՕ-4-Ն)

 

Հոդված 3.

Զինապարտությունը

 

1. Զինապարտությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու քաղաքացիների սահմանադրական պարտականությունն է:

Զինապարտներ են համարվում նախազորակոչային, զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաև զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները:

2. Քաղաքացիների զինապարտությունն ընդգրկում է՝

զինվորական հաշվառումը.

զինվորական ծառայության նախապատրաստությունը.

զորակոչը և զինվորական ծառայությունը.

պահեստազորում գտնվելը:

 

Հոդված 4.

Զինապարտության կատարման ապահովումը

 

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից գործատու կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք պարտավոր են՝

ա) ժամանակին և սահմանված ձևով վարել զինապարտների գրանցամատյանը, զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակները ներկայացնել նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատներ, ինչպես նաև տրամադրել հաշվառումից հանելու, աշխատանքի (ուսումնական հաստատություն) ընդունվելու, տեղափոխվելու, ազատվելու, (հեռացվելու) վերաբերյալ տվյալները: Նախազորակոչային տարիքի զինապարտների անձնագրերն օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին նշումը կատարել մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալու ժամանակահատվածը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամանակով.

բ) համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտներին ծանուցել զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին.

գ) զինապարտներին ազատել աշխատանքից կամ արձակել ուսումից` զինվորական ծառայության կամ զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված անհրաժեշտ ժամանակով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության մարմինները պարտավոր են՝

ա) զինապարտներին անձնագիր տալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառելու և հաշվառումից հանելու գործողությունները կատարել՝ նրանց զինվորական փաստաթղթերում համապատասխան զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում.

բ) զինվորական կոմիսարիատներին աջակցել զինապարտներին զորակոչելու, վարժական հավաքի կանչելու և հաշվառելու գործում:

3. Բժշկական-սոցիալական փորձաքննական հանձնաժողովները մեկշաբաթյա ժամկետում պարտավոր են համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել հաշմանդամ ճանաչված բոլոր զինապարտների մասին՝ անկախ հաշմանդամության խմբից:

4. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել քաղաքացիական կացության ակտերում զինապարտների կողմից իրենց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը փոխելու, ինչպես նաև նրանց մահվան գրանցման մասին տվյալները:

5. Հետաքննության և նախաքննության մարմինները պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել այն զորակոչիկների մասին, որոնց մեղադրանք է առաջադրվել, իսկ դատարանները՝ նշված անձանց վերաբերյալ՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և վերջնական որոշումների մասին:

Ազատազրկման կամ կալանքի դատապարտված զորակոչիկների հաշվառման վկայականները, զինծառայողների զինվորական գրքույկներն ու դատավճռի պատճենները դատարաններն ուղարկում են համապատասխան զինվորական կոմիսարիատ՝ դատավճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում:

Քրեակատարողական հիմնարկները պարտավոր են ազատազրկման դատապարտված կամ ազատազրկման վայրից արձակված զինապարտների մասին մեկշաբաթյա ժամկետում հայտնել նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը՝ փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատներ:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական մարմինները պարտավոր են՝

ա) զինվորական հաշվառման կանգնած զինապարտներին հայտնել զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին.

բ) աջակցել զորակոչիկների ժամանմանը հանրապետություն և այդ մասին հայտնել համապատասխան զինվորական կոմիսարիատ:

7. Պաշտոնատար անձանց կողմից զինապարտության կատարման ապահովմանը խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

(4-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 21.02.2007 ՀՕ-20, փոփ., լրաց. 20.04.2017 ՀՕ-4-Ն) 

 

ԳԼՈՒԽ 2

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հոդված 5.

Քաղաքացիների զինվորական հաշվառումը

 

1. Զինվորական հաշվառումը նախազորակոչիկների (16-18 տարեկան), զորակոչիկների (18-27տարեկան) և պահեստազորում գտնվող քաղաքացիների հաշվառման ու հանրապետության զորակոչային, վարժահավաքային և զորահավաքային ռեսուրսների վերլուծության պետական համակարգն է:

Զինվորական հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը:

2. Զինապարտների զինվորական հաշվառումը կատարում են նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատները:

Արտասահմանում բնակվող (մեկ ամսից ավելի) զինապարտների զինվորական հաշվառումը կատարում են դիվանագիտական մարմինները:

Աշխատող և սովորող զինապարտների զինվորական հաշվառումը կատարվում է նաև ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում և ուսումնական հաստատություններում:

3. Նախազորակոչիկների զինվորական հաշվառումը համարվում է կցագրում: Կցագրման ենթակա են տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիները:

Կցագրումը կատարում են զինվորական կոմիսարիատների հանձնաժողովները՝ տվյալ տարվա ընթացքում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած 16-27 տարեկան արական սեռի զինապարտների կցագրումը կատարվում է սույն մասով սահմանված կարգով:

4. Զինվորական հաշվառումից հանվում են՝

ա) սույն օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի «ա» ենթակետով սահմանված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները.

բ) օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձինք.

գ) պահեստազորում սահմանային տարիքի հասած քաղաքացիները:

(5-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 21.02.2007 ՀՕ-20)  

 

Հոդված 6.

Զինվորական հաշվառման և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացման գործընթացում քաղաքացիների պարտականությունները

 

1. Քաղաքացիները պարտավոր են զինվորական հաշվառման, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար ներկայանալ իրենց հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ (Լեռնային Ղարաբաղի Հանարապետության դիվանագիտական մարմիններ):

2. Զինվորական ծառայությունից պահեստ արձակված քաղաքացիները պարտավոր են յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ՝ զինվորական հաշվառման համար:

3. Հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության)վայրը փոխելու դեպքում զինապարտները զինվորական հաշվառման կանգնելու համար պարտավոր են ներկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական մարմիններ)՝ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) նոր վայր ժամանելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:

Զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրած անձինք պարտավոր են պատժի կրումից ազատվելու պահից յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ: 

4. Զինապարտներն իրենց առողջական վիճակի, ընտանեկան դրության, հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի, կրթության, աշխատավայրի և պաշտոնի փոփոխությունների մասին պարտավոր են յոթնօրյա ժամկետում հայտնել հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական մարմիններ):

(6-րդ հոդվածը փոփ. 21.02.2007 ՀՕ-20, լրաց., փոփ. 20.04.2017 ՀՕ-4-Ն)  

 

ԳԼՈՒԽ 3

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 7.

Բժշկական քննությունը և հետազոտումը

 

1. Բժշկական քննությունը պարտադիր անցկացնում են զինվորական կոմիսարիատների հանձնաժողովների բժիշկ մասնագետները՝ զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչվելու ժամանակ: Եթե տեղում հնարավոր չէ ստանալ քաղաքացու՝ զինվորական ծառայությանը պիտանի լինելու մասին բժշկական եզրակացություն, ապա տարածքային զորակոչային հանձնաժողովը պարտավոր է նրան ուղարկել համապատասխան բժշկական հիմնարկ՝ բուժհետազոտում անցկացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բուժում իրականացնելու համար: Այդ բժշկական հիմնարկների ցանկը հաստատում է կառավարությունը:

2. Սույն հոդվածում նշված դեպքերում զինապարտների բժշկական քննությունը և հետազոտումը կատարվում է առաջնահերթ և անվճար:

(7-րդ հոդվածը լրաց. 20.04.2017 ՀՕ-4-Ն) 

 

Հոդված 8.

Նախազորակոչային պատրաստությունը

 

Հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կազմակերպվում և անցկացվում է նախազորակոչային պատրաստություն՝ կառավարության սահմանած կարգով:

(8-րդ հոդվածը փոփ. 30.05.2012 ՀՕ-15-Ն)

 

Հոդված 9.

Ուսուցումը պաշտպանական բնույթի մարզատեխնիկական կազմակերպություններում

 

Նախազորակոչիկները զինվորական մասնագիտությունների ծրագրով զինվորական ծառայության նախնական պատրաստություն են անցնում պաշտպանական բնույթի մարզատեխնիկական կազմակերպություններում՝ զինվորական կոմիսարիատի ընտրությամբ և ուղեգրով:

 

Հոդված 10.

Ուսուցումը ռազմաուսումնական հաստատություններում

 

 1. Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատում է կառավարությունը:

Ժամկետային զինվորական ծառայություն անցած կամ անցնող քաղաքացիները ռազմաուսումնական հաստատություններ կարող են ընդունվել մինչև 23 տարին լրանալը:

2. Ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիները համարվում են պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներ, օգտվում են օրենսդրությամբ նրանց համար սահմանված իրավունքներից ու արտոնություններից և կրում պարտականություններ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Այդ հաստատություններից ազատված և հեռացված անձինք փոխհատուցում են իրենց ուսման հետ կապված ծախսերը և 18 տարեկանը լրացած լինելու դեպքում ուղարկվում են պարտադիր զինվորական ծառայության: Զինվորական ծառայության ժամկետում տվյալ դեպքում հաշվարկվում է միայն առողջական վիճակի պատճառով ազատված անձանց ուսման և զինվորական ծառայության ընթացքում ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների նախկինում ծառայած ժամանակաշրջանը: Մինչև 18 տարեկանը լրանալը ռազմական ուսումնական հաստատությունից ազատված կամ հեռացված անձինք հաշվառվում են իրենց հաշվառման (հաշվառում չունեցողները` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնում և 18 տարեկանը լրանալուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության` ընդհանուր հիմունքներով:

(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 20.04.2017 ՀՕ-4-Ն) 

 

ԳԼՈՒԽ 4

 

ԶՈՐԱԿՈՉԸ

 

Հոդված 11.

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը

 

1. Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի զորակոչիկները և առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի՝ խաղաղ պայմաններում:

2. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն այն անձինք, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն (նախաքննություն, դատաքննություն) կամ ովքեր նախկինում դատապարտվել են ազատազրկման` ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար և ազատազրկման վայրում պատիժը կրել են 3 տարուց ոչ պակաս, ինչպես նաև այն անձինք, ովքեր կատարել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն:

Նախկինում ազատազրկման դատապարտված և ազատազրկման վայրում երեք տարուց պակաս ժամկետով պատիժ կրած անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորում հաշվառելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարը:

3. Շարքային կազմի զորակոչը և զորացրումը կատարվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում` տարեկան երկու անգամ:

4. Պահեստազորի սպաների զորակոչը և զորացրումը կատարվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում: Զորակոչից տարկետում ստացող սպաների կատեգորիաների ցանկը հաստատում է կառավարությունը:

5. Զորակոչի ենթակա շարքային կազմի և պահեստազորի սպաների թվաքանակը սահմանում է կառավարությունը:

6. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորակոչիկները պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանք հաշվառված են:

7. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության ընթացքում բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում են՝

ա) միայնակ և տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ հոր կամ մոր միակ զավակը.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանության, զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները.

գ) ամուսնացած և մեկ երեխա ունեցող զորակոչիկները.

դ) երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ այլ զորակոչիկները:

Բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում Ստեփանակերտ քաղաքի համար՝ մինչև 50 կմ տեղակայված զորամասը (այդպիսին չլինելու դեպքում՝ ամենամոտ զորամասը), իսկ մյուս բնակավայրերի համար՝ մինչև 30 կմ տեղակայված զորամասը (այդպիսին չլինելու դեպքում՝ ամենամոտ զորամասը):

8. Հայտարարված զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող եղբայրները, իրենց ցանկությամբ, ծառայության են զորակոչվում միևնույն զորամաս:

(11-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.02.2007 ՀՕ-20, փոփ. 30.05.2012 ՀՕ-15-Ն, լրաց., խմբ., փոփ. 20.04.2017 ՀՕ-4-Ն)  

 

Հոդված 12.

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը

 

1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է ՝

ա) հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին՝ հանվելով զինվորական հաշվառումից.

բ) այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.

գ) մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն օտարերկրյա պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացին.

դ) գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին, եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:

2. Պահեստազորի սպաները պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում են սույն հոդվածի 1-ին մասի ,ա» ենթակետի հիմքով և կառավարության որոշմամբ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության և նախնական զինվորական պատրաստության ծրագիրը յուրացնելուց հետո հանձնում են ստուգարքներ, զինվորական երդումն ընդունելուց հետո արձակվում պահեստազոր և վերցվում հաշվառման համապատասխան տարածքային զինկոմիսարիատում:

(12-րդ հոդվածը փոփ. 21.02.2007 ՀՕ-20, լրաց. 17.02.2011 ՀՕ-8-Ն)  

 

Հոդված 13.

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում ստանալը

 

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, որն ունի՝

ա) անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ:

Անաշխատունակ ծնողներ են՝

- ծերության կենսաթոշակի իրավունք տվող տարիքի հասած հայրը և մայրը,

- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հայրը և մայրը,

- դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայրը և մայրը.

բ) առանց մոր մեծացող երեխա.

գ) երկու և ավելի երեխա.

դ) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին.

ե) մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ:

2. Եթե քաղաքացին մինչև զորակոչային տարիքի հասնելն առնվազն 5 տարի եղել է որդեգրված, կամ ծնողներն ամուսնալուծվել են առնվազն 5 տարի առաջ, և կա սույն հոդվածով նախատեսված պայմաններից որևէ մեկը, ապա նա օգտվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից:

3. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից սույն օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերումով տարկետում տալու մասին որոշումն ընդունում է պաշտպանության նախարարը՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի եզրակացության առկայության դեպքում:

4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում զորակոչիկին տարկետում տրվում է մինչև նրա 27 տարեկան դառնալը: Եթե մինչև 27 տարեկան դառնալը նա չի կորցնում տարկետում ստանալու իրավունքը, ապա խաղաղ ժամանակ ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից և հաշվառվում պահեստազորում:

(13-րդ հոդվածը փոփ. 20.04.2017 ՀՕ-4-Ն)

 

Հոդված 14.

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալը

 

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է՝

ա) պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ստացիոնար ուսուցման ուսանողներին՝ մինչև առաջին կուրսն ավարտելը.

բ) հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողներին` մինչև նրանց 20 տարին լրանալը, եթե համապատասխան զինվորական կոմիսարիատ են ներկայացնում ուսումնական հաստատության պաշտոնատար անձի տված տեղեկանք` տվյալ ուսումնական հաստատությունում ուսումնառության վերաբերյալ:

Բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունից հեռացված (ազատված) կամ նույն կուրսում մնացած 18 տարին լրացած անձինք կորցնում են կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը և ենթակա են զորակոչի, եթե հեռացվելու (ազատվելու) կամ նույն կուրսում մնալու պահին նրանք չեն օգտվում սույն օրենքի 13-րդ կամ 15-րդ հոդվածներով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքից:

2. Կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են կանչվում մինչև 27 տարեկան դառնալը:

(14-րդ հոդվածը լրաց. 21.02.2007 ՀՕ-20, խմբ. 30.05.2012 ՀՕ-15-Ն)  

 

Հոդված 15.

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետում ստանալը

 

1. Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է 3 անգամ՝ մինչև 1 տարի ժամանակով: Երրորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվում պահեստազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հանվում զինվորական հաշվառումից:

2. Առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի զորակոչիկներին զորակոչից տարկետում տրվում է 1 անգամ՝ 3 տարի ժամանակով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում է զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվում պահեստազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հանվում զինվորական հաշվառումից:

3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված տարկետումներ տալու մասին որոշումներն ընդունում է հանրապետական զորակոչային հանձնաժողովը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

4. Սույն հոդվածի,  ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի հիման վրա առողջական վիճակի պատճառով պահեստազորում հաշվառված քաղաքացիները ենթակա են բժշկական վերափորձաքննության՝ 5 տարին մեկ անգամ: Մինչև 27 տարին լրանալը բժշկական վերափորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար պիտանի ճանաչված քաղաքացիները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ ընդհանուր հիմունքներով:

(15-րդ հոդվածը խմբ. 21.02.2007 ՀՕ-20, փոփ. 20.04.2017 ՀՕ-4-Ն)  

 

Հոդված 16.

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից այլ հիմքերով տարկետում ստանալը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը իրավունք ունի նպատակային ծրագրի շրջանակներում իսկական զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել:

Զորակոչից տարկետում ստացած անձանց ցուցակը ներկայացնում է կառավարության լիազորված մարմինը՝ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի համաձայնությամբ:

 

Հոդված 17.

Տարածքային զորակոչային հանձնաժողովները

 

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչն անցկացնելու համար կառավարության սահմանած կարգով ստեղծվում են տարածքային զորակոչային հանձնաժողովներ:

2. Տարածքային զորակոչային հանձնաժողովների կազմը հաստատում են շրջանների վարչակազմերի ղեկավարները (Ստեփանակերտի քաղաքապետը)՝ տարածքային զինվորական կոմիսարիատների ներկայացմամբ:

Հանձնաժողովի նախագահ է համարվում համապատասխան տարածքի զինվորական կոմիսարը:

Տարածքային զորակոչային հանձնաժողովները՝

- կազմակերպում են զորակոչիկների բժշկական քննությունը.

- որոշումներ են ընդունում զորակոչի և զորակոչիկներին՝ ըստ զորատեսակների զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության ուղարկելու մասին, որոշում են ընդունում և հանրապետական զորակոչային հանձնաժողովի հաստատմանն են ներկայացնում զորակոչիկներին՝ ընտանեկան դրության բերումով և ուսումը շարունակելու համար տարկետում տալու վերաբերյալ փաստաթղթերը.

- կայացնում են նախնական եզրակացություն և հանրապետական բժշկական հանձնաժողով են ներկայացնում զորակոչիկներին բժշկական քննության արդյունքներով տարկետում տալու և պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ փաստաթղթերը՝ եզրակացության համար.

- որոշում են ընդունում զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով սույն օրենքով չնախատեսված դեպքերում տարկետում տալու վերաբերյալ և դա ներկայացնում հանրապետական զորակոչային հանձնաժողով:

3. Տարածքային զորակոչային հանձնաժողովների որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

(17-րդ հոդվածը փոփ. 20.04.2017 ՀՕ-4-Ն)

 

Հոդված 18.

Հանրապետական զորակոչային հանձնաժողովը

 

1. Զորակոչի ժամանակաշրջանում տարածքային զորակոչային հանձնաժողովների աշխատանքը ղեկավարելու և գործունեությունը վերահսկելու համար կառավարությունն ստեղծում է հանրապետական զորակոչային հանձնաժողով:

2. Հանրապետական զորակոչային հանձնաժողովը՝

- քննարկում է տարածքային զորակոչային հանձնաժողովների որոշումների վերաբերյալ գանգատները.

- հաստատում է զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով և ուսումը շարունակելու համար տարկետում տալու մասին տարածքային զորակոչային հանձնաժողովների որոշումները.

- որոշում է ընդունում առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, բուժման կամ պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանիության կապակցությամբ տարկետում տալու մասին.

- եզրակացություն է տալիս ընտանեկան դրության բերումով սույն օրենքով չնախատեսված դեպքերում տարկետում տալու մասին տարածքային զորակոչային հանձնաժողովների որոշումների վերաբերյալ և ներկայացնում պաշտպանության նախարարին:

3. Տարածքային զորակոչային հանձնաժողովի որոշման վերաբերյալ զորակոչիկի կամ այլ անձանց գանգատը, մինչև դրա վերանայումը, չի կասեցնում որոշման կատարումը:

Գանգատների վերաբերյալ որոշումները հանրապետական զորակոչային հանձնաժողովն ընդունում է մեկամսյա ժամկետում՝ ձայների պարզ մեծամասնությամբ:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշումները, դրանց ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում, կարող են գանգատարկվել դատարան՝ օրենքով սահմանված կարգով:

(18-րդ հոդվածը փոփ. 21.02.2007 ՀՕ-20)  

 

ԳԼՈՒԽ 5

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 19.

Զինվորական ծառայությունը

                     (19-րդ հոդվածն ուժը կորցրել է 19.05.2004 ՀՕ-116)

 

Հոդված 20.

Զինվորական ծառայության տեսակները

                     (20-րդ հոդվածն ուժը կորցրել է 19.05.2004 ՀՕ-116)

 

Հոդված 21.

Զինվորական ծառայության ժամկետները

                     (21-րդ հոդվածն ուժը կորցրել է 19.05.2004 ՀՕ-116)

 

Հոդված 22.

Զինվորական ծառայության անցնելը

                     (22-րդ հոդվածն ուժը կորցրել է 19.05.2004 ՀՕ-116)

 

Հոդված 23.

Զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակելը

 

1. Զինծառայողներին զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակում է զորամասի հրամանատարը՝ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածում նշված ժամկետներում և պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով:

2. Ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները ժամկետից շուտ արձակվում են պահեստազոր, եթե նրանք հանրապետական բժշկական հանձնաժողովի կողմից հետագա զինվորական ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի՝ առողջական վիճակի պատճառով:

Այն զինծառայողները, ովքեր ծառայության ժամանակաշրջանում սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և 13-րդ հոդվածի առաջին մասի «ա-ե» ենթակետերի ու երրորդ մասի հիմքերով ձեռք են բերել զինվորական ծառայությունից ազատվելու և զորակոչից տարկետում ստանալու իրավունք, արձակվում և հաշվառվում են որպես պահեստազորայիններ՝ մեկամսյա ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված զինծառայողներին արձակելու կարգը սահմանում է պաշտպանության նախարարը:

4. Սույն օրենքի 13-րդ հոդվածի հիմքերով պահեստ արձակված անձինք կարող են ժամկետային զինծառայության զորակոչվել մինչև 27 տարեկան դառնալը, եթե տարկետում ստանալու հիմքերը վերացել են, և նրանց չծառայած ժամկետը գերազանցում է 16 ամիսը:

5. Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված անձինք դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա հանվում են զորամասի անձնակազմի ցուցակներից և հաշվառվում են իրենց զորակոչն իրականացրած զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնում, իսկ ազատազրկման վայրում պատժի կրումից ազատվելուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչման պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, ինչպես նաև եթե չեն օգտվում սույն օրենքով նախատեսված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով կամ առողջական վիճակի պատճառով տարկետում ստանալու իրավունքից, որոնց առկայության պարագայում հաշվառվում են պահեստազորում` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

6. Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող, վարժական հավաքներ անցած և սահմանված ստուգարքները հաջող հանձնած զինվորներին և սերժանտներին ժամկետային զինվորական ծառայության ավարտից առաջ պահեստազոր տեղափոխելիս շնորհվում է սպայի կամ ենթասպայի կոչում: Պահեստազոր տեղափոխվելիս սպայի կամ ենթասպայի կոչում չստացած անձինք, կարող են ներգրավվել պահեստազորի սպաների և ենթասպաների պատրաստման համար կազմակերպվող զինապարտների վարժական հավաքներին:

Ստուգարքների հանձնման ժամկետները և կարգը սահմանում է պաշտպանության նախարարը:

 (23-րդ հոդվածը փոփ. 19.05.2004 ՀՕ-116, փոփ., լրաց.  21.02.2007 ՀՕ-20, լրաց., խմբ. 20.04.2017 ՀՕ-4-Ն)

 

ԳԼՈՒԽ 6

 

ՊԱՀԵՍՏԱԶՈՐԸ

 

Հոդված 24.

Պահեստազորը

 

1. Պահեստազորում ընդգրկվում և հաշվառվում են՝

- ժամկետային զինվորական ծառայություն անցած և պահեստ արձակված քաղաքացիները.

(երկրորդ պարբերությունն ուժը կորցրել է 20.04.2017 ՀՕ-4-Ն)

- սույն օրենքով սահմանված դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները.

- իգական սեռի զինապարտները.

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած և 27 տարեկանը լրացած զինապարտները:

- սույն օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ մասում թվարկված զորակոչային տարիքի անձինք:

2. Պահեստազորում հաշվառված քաղաքացիները կոչվում են պահեստազորայիններ և բաժանվում են պահեստազորի շարքային, ենթասպայական և սպայական կազմերի:

 (24-րդ հոդվածը լրաց.  21.02.2007 ՀՕ-20, փոփ., խմբ., լրաց. 20.04.2017 ՀՕ-4-Ն)

 

 

Հոդված 25.

Պահեստազորի շարքային կազմը

 

1.Պահեստազորի շարքային կազմը բաժանվում է երկու կարգի:

Առաջին կարգի պահեստազորի թվին են պատկանում այն պահեստազորայինները, ովքեր ժամկետային զինվորական ծառայության մեջ են եղել մեկ տարուց ոչ պակաս, իսկ պատերազմի կամ մարտական գործողությունների մասնակիցները՝ անկախ ծառայության ժամկետից:

Երկրորդ կարգի պահեստազորի թվին են պատկանում այն պահեստազորայինները, ովքեր ժամկետային զինվորական ծառայության մեջ են եղել մեկ տարուց պակաս, ինչպես նաև այն անձինք, ովքեր տարբեր պատճառներով չեն զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության:

2. Երկրորդ կարգի պահեստազորում գտնվող անձինք մեկ տարուց ոչ պակաս ընդհանուր տևողությամբ վարժական հավաքներ անցնելուց հետո փոխադրվում են առաջին կարգի պահեստազորի շարքը:

3. Զինվորական հաշվառման մեջ գտնվող կանայք պատկանում են երկրորդ կարգի պահեստազորի թվին:

4. Առաջին և երկրորդ կարգի պահեստազորը բաժանվում է տարիքային երեք խմբի՝

- առաջին խումբ՝ մինչև 35 տարեկան.

- երկրորդ խումբ՝ 35-ից մինչև 45 տարեկան.

- երրորդ խումբ՝ 45-ից մինչև 50 տարեկան:

 

Հոդված 26.

Պահեստազորի շարքային կազմի վարժական հավաքներ անցնելը և զինվորական վարժանքների ու զորավարժությունների կանչելը

 

1. Առաջին և երկրորդ կարգի պահեստազորայինները ռազմական ունակությունները կատարելագործելու և վերապատրաստելու նպատակով յուրաքանչյուր տարի մինչև մեկ ամիս ժամկետով կանչվում են վարժական հավաքների: Նշված պահեստազորայինները կարող են վարժական հավաքի կանչվել պահեստ արձակվելուց հետո` մեկ տարուց ոչ շուտ:

2. Առաջին և երկրորդ կարգի պահեստազորի առաջին խմբում հաշվառված զինվորները, սերժանտները և ենթասպաները, որոնք պատրաստվում են սպայական պաշտոնների համար, վարժական հավաքների են կանչվում մինչև երեք ամիս ժամկետով:

3. Երրորդ խմբի պահեստազորում հաշվառված անձինք վարժական հավաքների չեն կանչվում:

4. Վարժական հավաքները հայտարարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած միջոցառումների ցանկի, ժամկետների և ներգրավվող թվաքանակի ու մասնագիտությունների համաձայն:

5. Առաջին կարգի պահեստազորում հաշվառված քաղաքացիները զինված ուժերի զորահավաքային պատրաստականության ստուգման նպատակով խաղաղ ժամանակ կարող են կանչվել զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային)՝ մինչև տասն օր ժամկետով, կամ զորավարժությունների (զորախաղերի)՝ դրանց ամբողջ տևողության ժամկետով: Զինվորական վարժանքները (հրամանատարաշտաբային կամ շտաբային) և զորավարժությունները (զորախաղերը) հայտարարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

(26-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.02.2007 ՀՕ-20, խմբ. 20.04.2017 ՀՕ-4-Ն)  

 

Հոդված 27.

Պահեստազորի ենթասպայական կազմը

 

1. Զինված ուժերում և այլ զորքերում՝ որպես ենթասպաներ, զինվորական ծառայության են անցնում սպայական կոչում չունեցող պահեստազորայինները:

2. Զինված ուժերի և այլ զորքերի ենթասպաների կողմից զինվորական ծառայության անցնելու կարգը սահմանվում է օրենսդրությամբ:

3. Ենթասպաները կարող են գտնվել զինվորական ծառայության մեջ մինչև 45 տարեկան դառնալը: Նրանց համաձայնությամբ՝ այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 5 տարով:

Զինվորական ծառայությունից արձակված ենթասպաները զինված ուժերի և այլ զորքերի պահեստազորում գտնվում են մինչև 55 տարեկան դառնալը:

 

Հոդված 28.

Պահեստազորի սպայական կազմը

 

1. Պահեստազորի սպայական կազմը բաղկացած է՝

- ժամկետային զինվորական ծառայությունից արձակված և պահեստազորում հաշվառված սպաներից, գեներալներից.

- բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող սերժանտներից և ենթասպաներից, որոնք անցել են ժամկետային զինվորական ծառայություն և սահմանված կարգով ստացել են սպայական կոչում.

- բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած և սահմանված կարգով սպայական կոչում շնորհված քաղաքացիներից.

- զինվորներից, սերժանտներից և ենթասպաներից, որոնց սպայական կոչում է շնորհվել բարձրագույն և միջին մասնագիտական քաղաքացիական կրթության հիման վրա:

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության համակարգերից արձակվածներից՝ որակավորման կարգով ու նրանց շնորհված հատուկ կոչումները հաշվի առնելով, բացառությամբ այդ համակարգերում զինվորական ծառայություն անցած և զինվորական կոչում ունեցողների:

2. (կետն ուժը կորցրել է 19.05.2004 ՀՕ-116)

3. Զինվորական հաշվառման մեջ գտնվող սպա կանայք, իրենց մասնագիտությանը համապատասխան, անկախ զինվորական կոչումից, հաշվառվում են երրորդ խմբի պահեստազորում, և նրանց սահմանային տարիք է համարվում 50 տարեկանը:

4. Պահեստազորում սահմանային տարիքի հասած կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված սպաները հանվում են զինվորական հաշվառումից:

 (28-րդ հոդվածը փոփ. 19.05.2004 ՀՕ-116, լրաց. 21.02.2007 ՀՕ-20, խմբ. 20.04.2017 ՀՕ-4-Ն)

 

Հոդված 29.

Պահեստազորի սպայական և ենթասպայական կազմերի վարժական հավաքներ անցնելը և զինվորական ծառայության կանչելու կարգը

(վերնագիրը փոփ. 21.02.2007 ՀՕ-20, խմբ. 20.04.2017 ՀՕ-4-Ն)

 

1. Առաջին խմբի պահեստազորայինները ռազմական հմտությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով յուրաքանչյուր տարի մինչև մեկ ամիս ժամկետով կանչվում են վարժական հավաքների:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում մինչև երկու ամսով երկարաձգել պահեստազորի սպաների և ենթասպաների վարժական հավաքների ժամկետները:

3. Պահեստազորի սպաները խաղաղ ժամանակ կարող են կանչվել`

ա) զորակոչի միջոցով մինչև երեք տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայության` կառավարության կողմից որոշվող մասնագիտությունների գծով և քանակով.

բ) պայմանագրային զինվորական ծառայության՝ անձնական ցանկությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով:

(29-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 21.02.2007 ՀՕ-20, խմբ. 20.04.2017 ՀՕ-4-Ն)  

 

ԳԼՈՒԽ 7

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 30.

Զինծառայողների և զինապարտների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը

 

1. Զինծառայողների և զինապարտների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերին կցագրվելու և վարժական հավաքների կանչվելու ընթացքում մշտական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացիների աշխատատեղը (պաշտոնը) և միջին աշխատավարձը:

Մշտական աշխատանք չունեցող պահեստազորայինները վարժական հավաքների ավարտից հետո միանվագ ձևով վարձատրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայողների համար սահմանված դրամական բավարարմանը համարժեք չափով և կարգով:

3. Ժամկետային զինվորական ծառայության զորակոչից, վարժական հավաքից, զորահավաքից և զինվորական հաշվառումից խուսափելու, ինչպես նաև զինվորական հանցագործություններ, զինվորական հաշվառման բնագավառում իրավախախտումներ կատարելու համար զինծառայողները և զինապարտները պատասխանատվության են ենթարկվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Սույն օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք ձեռք չբերած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող նշանակվել հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոններում:

(30-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.02.2007 ՀՕ-20, փոփ. 26.12.2013 ՀՕ-72-Ն, փոփ., խմբ. 20.04.2017 ՀՕ-4-Ն)  

 

ԳԼՈՒԽ 8

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 31.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1992 թվականի հունիսի 2-ին ընդունված «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը՝ հետագա փոփոխություններով և լրացումներով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

8 փետրվարի 2002թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-182