| |
«Գրանցված է»
Լեռնային Ղարաբաղի Հարնապետության արդարադատության նախարարության կողմից «04» հոկտեմբերի 2006թ.
Պետական գրանցման թիվ 597 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«27» սեպտեմբերի 2006թ. |
Թիվ 19/50 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 5-րդ կետով, 15-րդ հոդվածի 4-րդ կետով, 52-րդ հոդվածով և «Հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով ու 27-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ընտրական և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումն ապահովելու կարգը` համաձայն հավելվածի:
Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 5/62 որոշումը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ` |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված 1
ԼՂՀ ԿԸՀ 2006թ. սեպտեմբերի 27-ի
թիվ 19/50 որոշման |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ընտրական և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումն ապահովելու
1. Այլ պետություններում բնակվող կամ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին (այսուհետ` ընտրություններ) և (կամ) հանրաքվեին մասնակցում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:
2. Ընտրությունների և (կամ) հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում արտասահմանում բնակվող կամ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ընտրական և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունքն ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով, «Հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով սահմանված կարգով:
3. Օտարերկրյա պետություններում քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոններում, քվեարկության օրը` տեղական ժամանակով ժամը 8.00-ից մինչև 20.00-ն:
4. Օտարերկրյա պետություններում ընտրողների և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կազմում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
5. Օտարերկրյա պետություններում ընտրողների և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները ստորագրում և կնքում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը:
6. Քվեարկության նախորդ օրը կամ քվեարկության օրը ընտրություններին և (կամ) հանրաքվեին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքացիները ընդգրկվում են լրացուցիչ ցուցակում, որը կցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում կազմված ցուցակին:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը ընտրողների և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները քվեարկության օրվանից առնվազը 10 օր առաջ ուղարկում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով` այդ ցուցակներում ընդգրկված քաղաքացիներին ըստ հաշվառման վայրի ընտրողների կամ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների ցուցակներից հանելու համար:
8. Ընտրությունների և (կամ) հանրաքվեի անցկացումը նախապատրաստելու, քվեարկությունը կազմակերպելու և քվեարկության արդյունքներն ամփոփելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կազմավորում է ընտրական տեղամասեր և ձևավորում ընտրական հանձնաժողովներ` ընտրական իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներից:
9. Օտարերկրյա պետություններում ընտրական տեղամասերը կազմավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում, համարակալվում են համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից և այդ տվյալները երկօրյա ժամկետում ուղարկվում կենտրոնական ընտրական հանձնաժողով:
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում կազմավորված ընտրական տեղամասերը համարակալվում են m/n տեսքի, որտեղ m-ը համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրի (քաղաքի) անվանման առաջին տառն է, իսկ n-ը` այդ դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում (քաղաքում) կազմավորված ընտրական տեղամասի հերթական համարը` յուրաքանչյուր քաղաքի համար սկսած 1-ից` մինչև այդ քաղաքում կազմավորված հերթական վերջին տեղամասը:
11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով քվեարկությունից 7 օր առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ հյուպատոսական հիմնարկներ է ուղարկում.
ա) ընտրությունների և հանրաքվեի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ակտերի օրինակները.
բ) քվեաթերթիկների, ընտրական և (կամ) հանրաքվեի փաստաթղթերի նմուշները.
գ) Հանրապետության Նախագահի` գրանցված թեկնածուների տվյալները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները.
դ) հանրաքվեի դրվող նախագծի տեքստը:
12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ապահովում է քվեաթերթիկների տպագրումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պետության ընտրական օրենսգրքի, «Հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշին համապատասխան:
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում կազմավորված ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման արձանագրությունը կնքվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուչության կամ հյուպատոսական հիմնարկի կնիքով:
14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը ընտրական տեղամասում ընտրությունների և (կամ) հանրաքվեի քվեարկության արդյունքներն ամփոփում է քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 12 ժամ հետո և այդ տվյալները պաշտոնապես անհապաղ ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով:
15. Քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, ընտրությունների և (կամ) հանրաքվեի մյուս փաստաթղթերը` զմռսված կամ սոսնձված և կնքված վիճակում, հատուկ փոստով ուղարկվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար` |
Ռ. Նազարյան |