|
|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«09» հունիսի 2007թ.
Պետական գրանցման թիվ 690 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» մայիսի 2007թ. |
Թիվ 35/132 |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն:
2. Սահմանել վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմավորման և գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ 5/67 որոշումը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ 2007թ. մայիսի 30-ի
թիվ 35/132 որոշման |
Կ Ա Ր Գ
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմավորման և գործունեության
I . ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում, սույն կարգի համաձայն վերահսկողություն է իրականացնում համապետական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար ընտրական հանձնաժողովներին տրամադրված միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև նախընտրական հիմնադրամներ (այսուհետ` հիմնադրամ) կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի վրա:
2. Ծառայությունը ստեղծվում է համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից:
3. Ծառայությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով, սույն կարգով և իրավական այլ ակտերով: Ծառայությունը հաշվետու է կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
4. Ծառայությունն իր աշխատանքները իրականացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցված:
II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
5. Ծառայության աշխատանքները ղեկավարում է ծառայության ղեկավարը:
Ծառայության աշխատանքներում պայմանագրային հիմունքներով կարող են ընդգրկվել համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ:
6. Ծառայության կազմը սահմանվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հրամանով:
7. Ծառայության աշխատողների վարձատրությունը կատարվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան նախահաշվով սահմանած կարգով:
Ծառայության կազմում ընդգրկված մասնագետները ծառայության գործունեության ամբողջ ժամանակահատվածում ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից: Ծառայության մասնագետների աշխատավարձը նրանց հիմնական աշխատավայրերում պահպանվում է:
8. Ծառայության գործունեությունն ավարտվում է ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո` 45-րդ օրը:
III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
9. Ծառայությունը.
ա) վերահսկողություն է իրականացնում համապետական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար ընտրական հանձնաժողովներին տրամադրված միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ,
բ) վերահսկողություն է իրականացնում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ,
գ) թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների գումարների ծախսման վերաբերյալ հայտարարագրերը ստանալուց հետո` 20 օրվա ընթացքում, ստուգում և նյութերը ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը,
դ) ուսումնասիրում և եզրակացություն է ներկայացնում ընտրությունների անցկացման համար հատկացված գումարների, թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների գումարների ծախսման վերաբերյալ ստացված դիմում-բողոքների մասին:
IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
10. Ծառայությունը իրավունք ունի.
ա) ուսումնասիրել ընտրական հանձնաժողովներում առկա ֆինանսական փաստաթղթերը.
բ) անհրաժեշտության դեպքում նախընտրական հիմնադրամներ ձևավորելու համար ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ բացած բանկերից պահանջել համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ՝ թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և ծախսերի վերաբերյալ.
գ) իր գործունեությանն առընչվող հարցերի վերաբերյալ նախապատրաստել որոշումների նախագծեր և առաջարկել դրանք ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը.
դ) մասնակցել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների ընթացքում ֆինանսական ապահովման նպատակով իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներին:
11. Ծառայությունն իր գործառույթներն իրականացնելիս վարում է գործավարություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:
V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
12. Ծառայության գործունեության ֆինանսական և նյութատեխնիկական ապահովումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |