ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
25 հունվարի 2018թ. |
N 35-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 184 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ, 73-րդ հոդվածները և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագիրը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Արցախի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը:
2. Հաստատել`
1) Արցախի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Արցախի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշի նկարագրությունը` համաձայն N 2 հավելվածի.
3) Արցախի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշի պատկերը` համաձայն N 3 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշի մասին» N 184 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2018 թվականի հունվարի 25-ի N 35-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
1. Արցախի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը (այսուհետ` խորհրդանիշ) այն նշանն է, որը ցույց է տալիս ծառայողների և զինծառայողների, ինչպես նաև սպառազինության, տեխնիկայի և այլ գույքի պատկանելությունը Արցախի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ՝ ոստիկանություն):
2. Խորհրդանիշը դրվում է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի (այսուհետ՝ ոստիկանության պետ) աշխատասենյակում, ինչպես նաև պատկերվում է ոստիկանության դրոշի վրա:
3. Խորհրդանիշի պատկերը զետեղվում է ոստիկանության կենտրոնական ապարատի վարչությունների և ինքնուրույն բաժինների, կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության ստորաբաժանումների, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության և շրջանային բաժինների, ինչպես նաև ոստիկանության զորքերի կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների ու զորամասերի անկյունադրոշմակների կամ անկյունադրոշմակով դրոշմաթղթերի վրա:
Խորհրդանիշի պատկերը սահմանված կարգով դրվում է նաև ոստիկանության ծառայողների և ոստիկանության զորքերի զինծառայողների համազգեստների տարբերանշանների ու առանձնանշանների, ինչպես նաև անվանական զենքի վրա:
4. Խորհրդանիշի պատկերի կիրառումը թույլատրվում է տպագրական, գովազդային-տեղեկատվական և հուշանվերային արտադրանքի (ծրագրեր, օրացույցներ, կրծքանշաններ, ժամացույցներ, թղթապանակներ և այլն), տեսաժապավենների վրա` համաձայնեցնելով ոստիկանության հետ:
5. Խորհրդանիշի պատկերի կիրառման այլ դեպքերը սահմանվում են ոստիկանության պետի կողմից:
6. Խորհրդանիշը պահպանվում է օրենքով սահմանված կարգով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2018 թվականի հունվարի 25-ի N 35-Ն որոշման |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
Արցախի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշը սուրը և վահանն է (սուրը խորհրդանշում է պատժամիջոց, պատիժ, արդարության` արդարադատության` դատաստանի սուր, իսկ վահանը` պաշտպանող հանգամանք` միջոց, պաշտպանություն, պատիվ և հաղթանակ): Խորհրդանիշի լայնության և երկարության հարաբերությունն է 1:2:
Արույրից (լատուն) պատրաստված վահանի կենտրոնում Արցախի Հանրապետության զինանշանն է: Վահանի եզրին կից շրջանակն ունի խորություն, որը լցված է մուգ կարմիր արծնով (էմալ): Վահանի միջով անցնող սուրը, որը խորհրդանիշի վրա երևում է իր ծայրով և բռնակով, նույնպես պատրաստված է արույրից: Բռնակն ունի 10 ուռուցիկ փաթույթ և վահանի մոտ սահմանափակվում է երկկողմանի երիզով: Վահանի վրա մակագրված են «ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:
Արույրից պատրաստված խորհրդանիշը տեղադրվում է բարձր որակի մուգ շագանակագույն փայտե պատվանդանի վրա:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Արցախի Հանրապետության կառավարության
2018 թվականի հունվարի 25-ի N 35-Ն որոշման |
Ծանոթություն-Արցախի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշի պատկերը չի բերվում: