Համարը 
N 93-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2013.06.06/11(89)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
20.05.2013
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.05.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
19.10.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 61-01/01 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«23» մայիսի 2013թ.

պետական գրանցման համարը 2011360

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ՀՐԱՄԱՆ

 

«20» մայիսի 2013թ.

N 93-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

ԳՆԱՀԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՇԱՐԺ

ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 61-01/01 ՀՐԱՄԱՆՆ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ և 23-րդ հոդվածներին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան`

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ ԵՄ՝

 

1. Հաստատել`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայականի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի «Վկայականների ձևերը հաստատելու մասին» N 61-01/01 հրամանը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ա. Աղասյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Կ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի

2013 թվականի մայիսի 20-ի N 93-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ

ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորման ստուգման հետ կապված հարաբերությունները:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատման գործունեության հայտատու ֆիզիկական անձանց (այսուհետ՝ հայտատուներ) մասնագիտական որակավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և սույն կարգով:

3. Հայտատուների մասնագիտական որակավորման քննությունները կազմակերպում և իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե):

4. Հայտատուների մասնագիտական որակավորման քննություններն ընդունում է կոմիտեի նախագահի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով), որը կազմված է 3 անձից` նախագահից, քարտուղարից և անդամից:

5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող գնահատողներ` իրենց համաձայնությամբ և կոմիտեի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի կազմը հաստատվում և փոփոխվում է կոմիտեի նախագահի հրամանով:

6. Հանձնաժողովը`

1) կազմակերպում և անցկացնում է մասնագիտական որակավորման քննությունները.

2) որոշում է մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրը, ժամը, վայրը և այդ մասին հայտատուներին պատշաճ ձևով տեղեկացնում է ստուգումից առնվազն 5 աշխատանքային օր առաջ.

3) մասնագիտական որակավորման քննությունների արդյունքների վերաբերյալ կազմում է արձանագրություն և որակավորման ստուգումն անցած հայտատուին որակավորման վկայական տրամադրելու մասին առաջարկություն է ներկայացնում կոմիտեի նախագահին.

4) մասնագիտական որակավորման ստուգման ավարտից անմիջապես հետո հայտատուներին պատշաճ ձևով տեղեկացնում է ստուգման արդյունքների մասին.

5) հայտատուին նախօրոք ծանոթացնում է համակարգչային տեխնիկական միջոցներից օգտվելու կարգին և պայմաններին.

6) մասնագիտական որակավորման քննություններն անցկացնում է, եթե ներկա են հանձնաժողովի առնվազն երկու անդամ.

7) քննարկում է մասնագիտական որակավորման ստուգմանն առնչվող այլ հարցեր և քվեարկության միջոցով` ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում` հօգուտ հայտատուների, ընդունում է համապատասխան որոշումներ.

8) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

7. Հանձնաժողովի արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և (կամ) քարտուղարը:

8. Անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ներկայացնելով՝

1) դիմում-հայտ (ձևը կցվում է).

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմ) պատճենը.

4) մասնագիտական որակավորման ստուգմանը մասնակցելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը՝ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

9. Հայտատուն սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

10. Սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը կոմիտե ներկայացվելուց 20 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը կազմակերպում և անցկացնում է հայտատուների մասնագիտական որակավորման քննությունները:

11. Մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրն ու ժամը կարող են փոփոխվել և հետաձգվել տեխնիկական պատճառներով կամ սույն կարգի 6-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված պայմանը չբավարարելու դեպքում:

12. Մասնագիտական որակավորման ստուգման նոր քննություններ նշանակվում են հետաձգված քննությունների օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, որոնց հայտատուները մասնակցում են առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու:

13. Հայտատուների ներկայացրած դիմում-հայտերը կոմիտեի կողմից մերժվում են, եթե սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և սույն կարգի պահանջներին, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում:

14. Հայտատուները մասնագիտական որակավորման ստուգմանը ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

15. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է համակարգչային ավտոմատացված ծրագրային համակարգով` թեստավորման միջոցով:

16. Հայտատուին համակարգչային ավտոմատացված ծրագրի միջոցով պատահական ընտրության եղանակով առաջադրվում է անհատական հարցաթեստ, որը բաղկացած է 100 հարցից, որից 60-ը` օրենսդրության վերաբերյալ, 40-ը՝ մասնագիտական:

17. Մասնագիտական որակավորման ստուգման համար յուրաքանչյուր հայտատուին հատկացվում է 120 րոպե ժամանակ:

18. Անհատական հարցաթեստում ներառված հարցերից յուրաքանչյուրը պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններ, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ պատասխան:

19. Հայտատուի թեստավորման արդյունքները ամփոփվում են համակարգչային ավտոմատացված ծրագրի միջոցով: Հայտատուն համարվում է մասնագիտական որակավորման ստուգումն անցած, եթե նա անհատական հարցաթեստում ներառված հարցերից առնվազն 75-ին ճիշտ է պատասխանել:

20. Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց, կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել՝ չխոչընդոտելով ստուգման անցկացման բնականոն ընթացքը: Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով: Հայտատուների մուտքը սենյակ դադարեցվում է ստուգումը սկսվելուց 10 րոպե առաջ:

21. Մասնագիտական որակավորման ստուգման ժամանակ թույլատրվում է օգտվել ձեռնարկներից, փաստաթղթերից և մասնագիտական գրականությունից:

22. Հայտատուներին չի թույլատրվում.

1) մասնագիտական որակավորման ստուգման ժամանակ իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր.

2) մասնագիտական որակավորման քննության ընթացքում աղմկել, հուշել, խոսել, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալ, դուրս գալ սենյակից:

23. Սույն կարգի 22-րդ կետի պահանջների խախտման դեպքում հանձնաժողովի կողմից կազմվում է արձանագրություն և տվյալ հայտատուի որակավորման քննությունը դադարեցվում է:

24. Հայտատուն համարվում է մասնագիտական որակավորման ստուգումը չանցած, եթե մասնագիտական որակավորման ստուգման արդյունքները չեն բավարարում սույն կարգի 19-րդ կետով սահմանված պայմանը կամ սույն կարգի 22-րդ կետի պահանջների խախտման դեպքում:

25. Արգելվում է մասնագիտական որակավորման ստուգումը չանցած հայտատուների համար նույն օրն անցկացնել կրկնակի ստուգում:

26. Սույն կարգի 25-րդ կետում նշված հայտատուները մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են կրկին կոմիտե դիմել ընդհանուր հիմունքներով:

27. Կոմիտեն մասնագիտական որակավորման ստուգումն անցած հայտատուին 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայական, որի ձևը հաստատում է կոմիտեի նախագահը:

28. Կոմիտեն վարում է հայտատուների հայտերի ընդունման և մասնագիտական որակավորման ստուգման կազմակերպման հետ կապված գործավարությունը: Յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի, մասնագիտական որակավորման ստուգմանն առնչվող փաստաթղթերի և նյութերի հիման վրա կազմվում է համապատասխան գործ, որը կոմիտեի կողմից պահպանվում է 3 տարի:

29. Սույն կարգի պահանջների խախտմամբ հայտերի մերժումը, մասնագիտական որակավորման ստուգման ընթացքում առաջացած վիճելի հարցերը և մասնագիտական որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

 

 

 

Ձև

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի

տեղակալ պարոն ______________________ ին

 

_______________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)                           

_______________________________________________________

(բնակության վայրը)                                   

_______________________________________________________

(հեռախոսահամարները)                                          

 

ԴԻՄՈՒՄ - ՀԱՅՏ

 

Խնդրում եմ Ձեզ թույլատրել մասնակցել անշարժ գույքի գնահատման գործունեության

մասնագիտական որակավորման ստուգմանը:

Կից ներկայացնում եմ՝

1. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2. բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմ) պատճենը,

3. պետական տուրքի վճարման անդորրագիրը:

 

 

ՀԱՅՏԱՏՈՒ ________________________

                                         (ստորագրությունը)

_____ _____________20____թ.

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի

2013 թվականի մայիսի 20-ի N 93-Ն հրամանի

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն

առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N ԱԳԳ _____

 

Սույն վկայականը տրվում է

 

__________________________________________-ին

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Անշարժ գույքի գնահատման գործունեության մասնագիտական

որակավորման հանձնաժողովի

 

____ ___________ 20 __ թ. եզրակացությամբ` արձանագրություն N ___ տրվել է

 

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

 

Գործողության ժամկետը` 3 տարի

 

ԼՂՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահ`_______________    ____________________

                                                                     (ստորագրությունը)                     (անունը, ազգանունը)

 

 

          Կ. Տ.                                                                                     ___ ___________ 20 __ թ.