Համարը 
N 144-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2015.10.09/11(126)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Ընդունման ամսաթիվը 
09.09.2015
Ստորագրող մարմինը 
Ղեկավար-նախարար
Ստորագրման ամսաթիվը 
09.09.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.01.2021

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2015 թվական սեպտեմբերի 21-ին

Պետական գրանցման համար 10015133

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«09» սեպտեմբերի 2015թ.

N 144-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 ԳՆԱՀԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ

 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ

 ԿՈՄԻՏԵԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ

ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ և 23-րդ հոդվածներին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան`

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ ԵՄ՝

 

1. Հաստատել`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայականի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2013 թվականի մայիսի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման կարգը և անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայականի ձևը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի N 61-01/01 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 93-Ն հրամանը:

 

 

Լ.ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի

2015 թվականի սեպտեմբերի 9-ի N 144-Ն հրամանի  

 

ԿԱՐԳ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

ԳՆԱՀԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման հետ կապված հարաբերությունները:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատման գործունեության հայտատու ֆիզիկական անձանց (այսուհետ՝ հայտատուներ) մասնագիտական որակավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և սույն կարգով:

3. Հայտատուների մասնագիտական որակավորման քննությունները կազմակերպում և իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմը (այսուհետ՝ աշխատակազմ):

4. Հայտատուների մասնագիտական որակավորման քննություններն ընդունում է աշխատակազմի ղեկավար-նախարարի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով), որը կազմված է երեք անձից` նախագահից, քարտուղարից և անդամից:

5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող գնահատողներ` իրենց համաձայնությամբ, և աշխատակազմի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի կազմը հաստատվում և փոփոխվում է աշխատակազմի ղեկավար-նախարարի հրամանով:

6. Հանձնաժողովը`

1) կազմակերպում և անցկացնում է մասնագիտական որակավորման քննությունները.

2) որոշում է մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրը, ժամը, վայրը և այդ մասին հայտատուներին պատշաճ ձևով տեղեկացնում է ստուգումից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ.

3) մասնագիտական որակավորման քննությունների արդյունքների վերաբերյալ կազմում է արձանագրություն և որակավորման ստուգումն անցած հայտատուին որակավորման վկայական տրամադրելու մասին առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավար-նախարարին.

4) մասնագիտական որակավորման ստուգման ավարտից անմիջապես հետո հայտատուներին պատշաճ ձևով տեղեկացնում է ստուգման արդյունքների մասին.

5) հայտատուին նախօրոք ծանոթացնում է համակարգչային տեխնիկական միջոցներից օգտվելու կարգին և պայմաններին.

6) մասնագիտական որակավորման քննություններն անցկացնում է, եթե ներկա են հանձնաժողովի առնվազն երկու անդամ.

7) քննարկում է մասնագիտական որակավորման ստուգմանն առնչվող այլ հարցեր և քվեարկության միջոցով` ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում` հօգուտ հայտատուների, ընդունում է համապատասխան որոշումներ.

8) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

7. Հանձնաժողովի արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և (կամ) քարտուղարը:

8. Անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ներկայացնելով՝

1) դիմում-հայտ(ձևը կցվում է).

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը.

4) մասնագիտական որակավորման ստուգմանը մասնակցելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը՝ «Պետական տուրքի մասինե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված չափով.

5) մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի (նաև` էլեկտրոնային կրիչով):

9. Հայտատուն սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

10. Սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերն աշխատակազմ ներկայացվելուց 20 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը կազմակերպում և անցկացնում է հայտատուների մասնագիտական որակավորման քննությունները:

11. Մասնագիտական որակավորման ստուգման անցկացման օրն ու ժամը կարող են փոփոխվել և հետաձգվել տեխնիկական պատճառներով կամ սույն կարգի 6-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված պայմանը չբավարարելու դեպքում:

12. Մասնագիտական որակավորման ստուգման նոր քննություններ նշանակվում են հետաձգված քննությունների օրվանից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, որոնց հայտատուները մասնակցում են առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու:

13. Հայտատուների ներկայացրած դիմում-հայտերն աշխատակազմի կողմից մերժվում են, եթե սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և սույն կարգի պահանջներին, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում:

14. Հայտատուները մասնագիտական որակավորման ստուգմանը ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով և բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմի) բնօրինակով:

15. Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է համակարգչային ավտոմատացված ծրագրային համակարգով` թեստավորման միջոցով:

16. Հայտատուին համակարգչային ավտոմատացված ծրագրի միջոցով պատահական ընտրության եղանակով առաջադրվում է անհատական հարցաթեստ, որը բաղկացած է 100 հարցից, որից 60-ը` օրենսդրության վերաբերյալ, 40-ը՝ մասնագիտական:

17. Մասնագիտական որակավորման ստուգման համար յուրաքանչյուր հայտատուին հատկացվում է 120 րոպե ժամանակ:

18. Անհատական հարցաթեստում ներառված հարցերից յուրաքանչյուրը պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններ, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ պատասխան:

19. Հայտատուի թեստավորման արդյունքները ամփոփվում են համակարգչային ավտոմատացված ծրագրի միջոցով: Հայտատուն համարվում է մասնագիտական որակավորման ստուգումն անցած, եթե նա անհատական հարցաթեստում ներառված հարցերից առնվազն 75-ին ճիշտ է պատասխանել:

20. Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է դռնբաց, կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել՝ չխոչընդոտելով ստուգման անցկացման բնականոն ընթացքը: Մասնագիտական որակավորման ստուգումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով: Հայտատուների մուտքը սենյակ դադարեցվում է ստուգումը սկսվելուց տասը րոպե առաջ:

21. Մասնագիտական որակավորման ստուգման ժամանակ թույլատրվում է օգտվել ձեռնարկներից, փաստաթղթերից և մասնագիտական գրականությունից:

22. Հայտատուներին չի թույլատրվում.

1) մասնագիտական որակավորման ստուգման ժամանակ իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր.

2) մասնագիտական որակավորման քննության ընթացքում աղմկել, հուշել, խոսել, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալ, դուրս գալ սենյակից:

23. Սույն կարգի 22-րդ կետի պահանջների խախտման դեպքում հանձնաժողովի կողմից կազմվում է արձանագրություն և տվյալ հայտատուի որակավորման քննությունը դադարեցվում է:

24. Հայտատուն համարվում է մասնագիտական որակավորման ստուգումը չանցած, եթե մասնագիտական որակավորման ստուգման արդյունքները չեն բավարարում սույն կարգի 19-րդ կետով սահմանված պայմանը կամ սույն կարգի 22-րդ կետի պահանջների խախտման դեպքում:

25. Արգելվում է մասնագիտական որակավորման ստուգումը չանցած հայտատուների համար նույն օրն անցկացնել կրկնակի ստուգում:

26. Սույն կարգի 25-րդ կետում նշված հայտատուները մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են կրկին աշխատակազմ դիմել ընդհանուր հիմունքներով:

27. Աշխատակազմը մասնագիտական որակավորման ստուգումն անցած հայտատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայական, որի ձևը հաստատում է աշխատակազմի ղեկավար-նախարարը:

28. Աշխատակազմը վարում է հայտատուների հայտերի ընդունման և մասնագիտական որակավորման ստուգման կազմակերպման հետ կապված գործավարությունը: Յուրաքանչյուր հայտատուի ներկայացրած փաստաթղթերի, մասնագիտական որակավորման ստուգմանն առնչվող փաստաթղթերի և նյութերի հիման վրա կազմվում է համապատասխան գործ, որն աշխատակազմի կողմից պահպանվում է երեք տարի:

29. Սույն կարգի պահանջների խախտմամբ հայտերի մերժումը, մասնագիտական որակավորման ստուգման ընթացքում առաջացած վիճելի հարցերը և մասնագիտական որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

 

 

 

Ձև

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար- նախարար

պարոն ______________________ ին

 

________________________________________________ 

 (անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________ 

  (բնակության վայրը)

 ________________________________________________ 

 (հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստը)

 

 

ԴԻՄՈՒՄ - ՀԱՅՏ

 

Խնդրում եմ Ձեզ թույլատրել մասնակցել անշարժ գույքի գնահատման գործունեության մասնագիտական որակավորման ստուգմանը:

Կից ներկայացնում եմ՝

1. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

2. բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմի) պատճենը,

3. պետական տուրքի վճարման անդորրագիրը,

4. մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի (նաև` էլեկտրոնային կրիչով):

ՀԱՅՏԱՏՈՒ 

 __________________
 

 (ստորագրությունը)

 _____ ________________ 20____թ.

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՇԱՐԺ

ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝

Մ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի

2015 թվականի սեպտեմբերի 9-ի N 144 Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_2178

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՇԱՐԺ

ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝

Մ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ