ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"26" օգոստոսի 2003թ. |
N 249 |
ք.Ստեփանակերտ
«Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության Ստեփանակերտի օրթոպեդիկ տեխնիկական և պրոթեզավորման կենտրոնը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության։
2. Հաստատել «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։
3. Ստեփանակերտի օրթոպեդիկ տեխնիկական և պրոթեզավորման կենտրոնի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
Ստեփանակերտի օրթոպեդիկ տեխնիկական և պրոթեզավորման կենտրոնի տնօրինության շենքերը, շինությունները և նվազագույն աշխատավարձի 10000‑ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման համար ամրացնել «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով։
4. Սահմանել, որ՝
ա) «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը Արցախի Հանրապետության քաղաքացիներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, տեղաշարժման հարմարանքներով ապահովման կազմակերպումն է՝ պետական բյուջեի միջոցների հաշվին.
բ) «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը՝ այլ պետությունների քաղաքացիներին, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում Արցախի Հանրապետության քաղաքացիներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, տեղաշարժման հարմարանքներով ապահովում՝ վճարովի հիմունքներով։
(4-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
5. «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությանը։
(5-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
6. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝
ա) ապահովել «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.
բ) հաստատել «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը։
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2003թ. օգոստոսի 26-ի
թիվ 249 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) համակարգում գործող՝ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է։
(1.1-ին կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
1.2. Կազմակերպությունը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Ստեփանակերտի օրթոպեդիկ տեխնիկական և պրոթեզավորման կենտրոն» պետական ձեռնարկության վերակազմակերպման միջոցով և հանդիսանում է նրա իրավահաջորդը։
1.3. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Արցախի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով։
(1.3-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
1.4. Կազմակերպությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով, իր անվամբ (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կլոր կնիք և դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ։
(1.4-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
1.5. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար։
1.6. Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփական գույքով։ Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան։
1.7. Կազմակերպության անվանումն է՝
հայերեն լրիվ՝ «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
հայերեն կրճատ՝ «Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» ՊՈԱԿ
ռուսերեն լրիվ՝ «Степанакертский протезно-ортопедический центр» государственная некоммерческая организация
ռուսերեն կրճատ՝ «Степанакертский протезно-ортопедический центр» ГНО
անգլերեն լրիվ՝ «Stepanakert prosthesis-orthoped center» non-commercial state organization
անգլերեն կրճատ՝ «Stepanakert prosthesis-orthoped center» NSO
1.8. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Արցախի Հանրապետություն, ք.Ստեփանակերտ, Առաքելյան,14ա։
(1.8-րդ մասը փոփ. 26.04.2011 N 238-Ն, փոփ. 16.10.2018 N 845-Ն)
2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
2.1. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝
ա) Արցախի Հանրապետության հաշմանդամ քաղաքացիների բարձրորակ տեխնիկական օրթոպեդիկ սպասարկումը,
բ) Արցախի Հանրապետությունում տեխնիկական օրթոպեդիայի ծրագրերի իրականացումը,
գ) առաջավոր տեխնոլոգիայի ներդրումը տեխնիկական օրթոպեդիայի բնագավառում՝ ելնելով միջազգային առաջատար փորձից։
(2.1-ին կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
2.2. Իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան կազմակերպությունը՝
ա) կազմակերպում է օրթոպեդ-տեխնիկների և տեխնիկների ինքնուրույն վերապատրաստում և կատարելագործում,
բ) փորձի փոխանակման նպատակով անդամակցում է միջազգային միավորումներին և կազմակերպություններին, դրանց հետ հաստատում է անմիջական կապեր՝ խորհրդակցելով լիազորված պետական մարմնի հետ,
գ) մասնակցում է տեխնիկական օրթոպեդիայի կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսավորման մոդելների, մեխանիզմների և նորմատիվների մշակմանը և ներդրմանը,
դ) ամրապնդում է նյութական բազան,
ե) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը չհակասող այլ գործունեություն։
(2.2-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
2.3. Կազմակերպության գործունեության պետական կարգավորումը, այդ թվում պետական միջոցների (ունեցվածքի) տրամադրումը և պետական պատվերի հաստատումը կատարվում է Արցախի Հանրապետության օրենքներին, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներին և նախարարության նորմատիվ ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան։
(2.3-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
2.4. Կազմակերպության կառուցվածքում կարող են գործել շրջիկ պրոթեզիստների բրիգադներ, որոնց գործունեությունն է՝ տեղերում բնակչությանը պրոթեզաօրթոպեդիկ օգնություն ցույց տալը, հաշմանդամներին պրոթեզավորմանը նախապատրաստելը, հաշմանդամներին պրոթեզից օգտվել սովորեցնելը, ինքնասպասարկման համար որոշ ֆունկցիաների վերականգնումը, պարբերական հսկողությունը և պրոթեզների վերանորոգումն ու մի շարք այլ ծառայություններ։
2.5. Կազմակերպության ծառայությունից անվճար իրավունք ունեն օգտվելու Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձինք, որոնց պրոթեզաօրթոպեդիկ պարագաների և տեղաշարժման միջոցների հատկացման կարգը հաստատում է լիազորված պետական մարմինը։
(2.5-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
2.6. Կազմակերպությունը լիազորված պետական մարմնի իմացությամբ կարող է համագործակցել հասարակական, կրոնական կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների և առանձին քաղաքացիների հետ։
3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
3.1. Կազմակերպության կառավարման մարմիններն են՝
ա) հիմնադիրը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը.
բ) լիազորված պետական մարմինը՝ նախարարությունը.
գ) գործադիր մարմինը՝ տնօրենը։
(3.1-ին կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
3.2. Կազմակերպության հիմնադիրն իրավունք ունի վերջնական լուծում տալու կազմակերպության գործունեությանն ու կառավարմանը վերաբերող ցանկացած հարցի՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Նրա բացառիկ լիազորություններն են՝
ա) կազմակերպության ստեղծումը, կանոնադրության հաստատումը և նրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելը.
բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների սահմանումը.
գ) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.
դ) օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը։
3.3. Լիազորված պետական մարմինը՝
ա) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող պետությանը պատկանող գույքի կազմը.
բ) ստեղծում է կազմակերպության լուծարման հանձնաժողով և հաստատում լուծարման հաշվեկշիռը.
գ) իրականացնում է կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում դրա բնականոն գործունեությունը և կրում պատասխանատվություն դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.
դ) ձևավորում է կազմակերպության կառավարման մարմինները, իրականացնում նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
ե) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության նկատմամբ.
զ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, կարգադրությունները և ցուցումները.
է) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրա գործունեության վերստուգման արդյունքները.
ը) իրականացնում է վերահսկողություն կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
թ) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ,
ժ) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը.
ժա) իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ։
(3.3-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
3.4. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմնի ղեկավարը՝ օրենքով սահմանված կարգով։
3.5. Կազմակերպության տնօրենն իրեն վերապահված լիազորության սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն՝ Արցախի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար։
(3.5-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
3.6. Լիազորված պետական մարմնի ղեկավարը հիմնադրի անունից կազմակերպության տնօրենի գործառույթներ իրականացնող անձի հետ կնքում է պայմանագիր։
3.7. Կազմակերպության տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից։
3.8. Կազմակերպության տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետական կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար։
3.9. Տնօրենի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար։
3.10. Տնօրենը պարտավոր է չկատարել վերադաս կառավարման մարմինների Արցախի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության։
(3.10-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
3.11. Տնօրենի բացակայության դեպքում նրան պաշտոնի նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն, տնօրենի լիազորություններն իրականացնում է այլ անձ։
3.12. Կազմակերպության տնօրենը՝
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում պայմանագրեր.
բ) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները.
գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) սահմանում է կազմակերպության կառուցվածքը.
ե) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
զ) օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
է) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ.
(3.12-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող և իր գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից։
4.2. Կազմակերպությունն իրավունք ունի Արցախի Հանրապետության օրենքներին, հիմնադրի որոշումներին և սույն կանոնադրությանը համապատասխան իր հայեցողությամբ տիրապետել, տնօրինել և օգտագործել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը։
(4.2-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
4.3. Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ՝ բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի։
4.4. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը։
4.5. Կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով։
5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ
5.1. Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանն անժամկետ և անհատույց ամրացվում է գույք։
5.2. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքն օտարել, գրավ դնել և հանձնել անհատույց օգտագործման։
5.3. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության։ Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարուց ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի։
5.4. Ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են։
5.5. Հիմնադրի կողմից գույքը կազմակերպությանն ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ հիմնադրի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար։
5.6. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության կողմից օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից։
6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
6.1. Կազմակերպության շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար՝ հետևյալ ուղղություններով՝
ա) կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերման համար.
բ) կազմակերպության աշխատողների կենսապահովման բարձրացման, պարգևատրումների, հավելավճարների և խրախուսման համար.
գ) կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավման, այդ թվում հիմնական միջոցների ձեռքբերման համար.
դ) կազմակերպության աշխատողների որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպման, դասընթացներին մասնակցության ապահովման համար.
ե) հիմնադրի և օրենքով նախատեսված այլ նպատակներով։
7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
7.1. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ։
7.2. Հաշմանդամների պրոթեզավորման աշխատանքների որակը և երաշխիքային ժամկետների վերահսկողությունը իրականացնում է բժշկատեխնիկական հանձնաժողովը, որի կազմը և գործունեության կարգը հաստատում է լիազորված պետական մարմինը։
8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
8.1. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
(8.1-ին կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
8.2. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքներն ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու։
8.3. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև սնանկության հետևանքով։
(8.3-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
8.4. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։
8.5. Կազմակերպության լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Արցախի Հանրապետության պետական բյուջե։
(8.5-րդ կետը փոփ. 16.10.2018 N 845-Ն)
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |