ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի ԵՎ վերաբնակեցման ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 02.11. 2018 N 880-Ն)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոն» ոչ կառավարչական հիմնարկ:
(1-ին կետը փոփ. 02.11. 2018 N 880-Ն)
2. Հաստատել՝
ա) Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի կառուցվածքը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 02.11. 2018 N 880-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 84 որոշման 2-րդ հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնի 1-ին կետը և 2-րդ կետի թվագրումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 278 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«15» ապրիլի 2008թ.
թիվ 282 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի եվ վերաբնակեցման ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ
(վերնագիրը փոփ. 02.11. 2018 N 880-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը (այսուհետ՝ կենտրոն) նախարարության կազմում գործող ոչ կառավարչական հիմնարկ է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում` հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
(1-ին կետը փոփ. 02.11. 2018 N 880-Ն)
2. Կենտրոնը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարում է Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Կենտրոնը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի (այսուհետ` նախարար ) ներկայացմամբ:
(2-րդ կետը փոփ. 02.11. 2018 N 880-Ն)
3. Կենտրոնի լիազորությունները սահմանվում են օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով և սույն կանոնադրությամբ:
(3-րդ կետը փոփ. 02.11. 2018 N 880-Ն)
4. Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
(4-րդ կետը փոփ. 02.11. 2018 N 880-Ն)
5. Կենտրոնն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Արցախի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
(5-րդ կետը փոփ. 02.11. 2018 N 880-Ն)
6. Կենտրոնն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
(6-րդ կետը փոփ. 02.11. 2018 N 880-Ն)
II. ԿԵՆՏՐՈՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Կենտրոնի նպատակները և խնդիրներն են`
ա) բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ծառայությունների մատուցումը` բժշկասոցիալական փորձաքննության իրականացման` անձին հաշմանդամ ճանաչելու, անձի հաշմանդամության խմբի որոշման, հաշմանդամության պատճառական կապի, տևողության և վաղեմության ժամկետների սահմանման, հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի մշակման, սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերի որոշման ապահովումը.
բ) հաշմանդամների հաշվառման համակարգի ձևավորման, հաշմանդամության վիճակի, շարժի և հաշմանդամություն առաջացնող պատճառների ուսումնասիրման, վերլուծության ապահովումը:
III. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Կենտրոնն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) անձին ճանաչում է հաշմանդամ, սահմանում հաշմանդամության խումբը, պատճառական կապը, տևողությունը: Որոշում է սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձեւերը, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրում է երկարացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետները.
բ) որոշում է հաշմանդամի աշխատանքի պայմանները, բնույթը, տալիս է երաշխավորագիր հաշմանդամին համապատասխան աշխատանք կատարելու վերաբերյալ.
գ) որոշում է անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով)` կապված աշխատանքային խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ խաթարման հետ.
դ) որոշում է անձի մահվան պատճառական կապն արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու և այլ հանգամանքների հետ.
ե) կազմում է հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը, որոշում բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական միջոցառումների տեսակները և ծավալները, աջակցում դրանց իրականացմանը և գնահատում արդյունավետությունը.
զ) մասնակցում է բժշկասոցիալական փորձաքննություն անցած հաշմանդամների տվյալների շտեմարանի ստեղծմանը և աջակցում հաշմանդամների տվյալների հաշվառման պետական համակարգի ձևավորմանը.
է) ուսումնասիրում և վերլուծում է հաշմանդամության վիճակը, շարժը և հաշմանդամություն առաջացնող պատճառները, մասնակցում հաշմանդամության կանխարգելման ծրագրերի մշակմանը.
ը) խորհրդատվություն և եզրակացություն է տալիս առողջապահական կազմակերպություններին, զբաղվածության գործակալությանը, նախարարության աշխատակազմի նախարարության աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններին` հաշմանդամին բուժվերականգնողական, մասնագիտական կողմնորոշման, որոշակի աշխատանքի ցուցված կամ հակացուցված լինելու, ուսման, վերաորակավորման, տնային սպասարկման անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ.
թ) օրենքով սահմանված կարգով համապատասխան զինվորական կոմիսարիատներին հայտնում է հաշմանդամ ճանաչված զինապարտների մասին.
ժ) բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց տրամադրում է խորհրդատվական օգնություն.
ժա) բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց, անհրաժեշտության դեպքում, ուղեգրում է լրացուցիչ բժշկական հետազոտման.
ժբ) անհրաժեշտության դեպքում առողջապահական կազմակերպություններից, գործատուներից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահանջում է փորձաքննություն անցնող անձի բժշկական, աշխատանքի բնույթի և պայմանների վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր, ինչպես նաև տեղերում ուսումնասիրում է փորձաքննություն անցնող անձի աշխատանքի պայմաններն ու բնույթը.
ժգ) իրականացնում է մոնիտորինգ հաշմանդամների վերականգնողական միջոցառումների իրագործման, աշխատանքային պայմանների, բնույթի, հաշմանդամներին համապատասխան աշխատանքի տեղավորելու (համաձայն կենտրոնի տված երաշխավորագրերի) նկատմամբ.
ժդ) տալիս է եզրակացություն հաշմանդամների վերականգնողական պարագաների տրամադրման, հաշմանդամների վերին և ստորին վերջույթների առաջին անգամ, ինչպես նաև սահմանված ժամկետներից շուտ պրոթեզավորման և օրթեզավորման մասին.
ժե) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ընտրված տեղեկատվական բազա շահագործող կազմակերպություն է ներկայացնում տեղեկատվություն նախորդ ամսում վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված պարագաների կարիք ունեցող հաշմանդամների մասին:
(8-րդ կետը փոփ. 29.01.2009 N 47-Ն, փոփ., լրաց. 02.11. 2018 N 880-Ն)
IV. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Կենտրոնը կառավարում և նրա գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է նախարարը:
10. Կենտրոնի անմիջական ղեկավարումն իրականացնում է կենտրոնի տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը: Կենտրոնի տնօրենը անմիջականորեն ենթակա և հաշվետու է նախարարին:
11. Կենտրոնի տնօրենն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Արցախի Հանրապետության սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Նախարարը օրենքով և նախարարության կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ժանաչում կենտրոնի տնօրենի Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հանձնարարականները, կարգադրություններն ու ցուցումները:
(11-րդ կետը փոփ. 02.11. 2018 N 880-Ն)
12. Կենտրոնի տնօրենը պատասխանատու է բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց oրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:
13. Կենտրոնի տնօրենը`
ա) ղեկավարում է կենտրոնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կենտրոնի առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար, անհրաժեշտության դեպքում, վերադասության կարգով հանձնարարում է իրականացնել հսկողական վերափորձաքննություն.
բ) առաջարկություններ է ներկայացնում նախարարին oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է ցուցումներ և հանձնարարականներ, առանց լիազորագրի հանդես է գալիս կետրոնի անունից, ինչպես նաև տալիս է կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ՝ կենտրոնի աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
ե) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
ը) լսում է կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
թ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ կենտրոնի կառուցվածքի, աշխատողների թվի մասին.
ժ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժա) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(13-րդ կետը լրաց. 27.09.2011 N 708-Ն, լրաց. 02.11.2018 N 880-Ն)
14. Կենտրոնի տնօրենը կարող է ունենալ խորհրդական-կենտրոնի փորձագետ:
15. Կենտրոնի տնօրենի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում, նրան փոխարինելու հարցը կարգավորվում է նախարարի հրամանով:
V. ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
16. Oրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով կենտրոնին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
17. Կենտրոնն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:
18. Կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական աշխատանք կատարողներ են: Նրանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է նախարարը` կենտրոնի տնօրենի առաջարկությամբ:
19. Կենտրոնի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«15» ապրիլի 2008թ.
թիվ 282 որոշման |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի եվ վերաբնակեցման ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ
(վերնագիրը փոփ. 02.11. 2018 N 880-Ն)
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Փորձաքննական և վերականգնողական ծրագրերի բաժին
Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |