Համարը 
ՀՕ-72-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.12.30/38(110)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
17.12.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
07.09.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի

դեկտեմբերի 17-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն օրենքով սահմանված են ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ կամ պայմաններ:

 

Հոդված 2. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել`

1) «Դատավորի կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 29-ի ՀՕ-79 օրենքը.

2) «Դատարանակազմության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 16-ի ՀՕ- 21 օրենքը:

 

Հոդված 3. Արդարադատության խորհուրդը կազմավորվում է Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում:

Արդարադատության խորհուրդը կազմավորվելու պահից ուժը կորցրած է ճանաչվում «Դատական մագիստրատուրայի խորհրդի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 29-ի ՀՕ-81 օրենքը և դադարում է դատական մագիստրատուրայի խորհրդի գործունեությունը:

 

Հոդված 4. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից:

 

Հոդված 5. Դատավորների թեկնածուների ցուցակը պահպանում է իր ուժը մինչև Օրենսգրքով սահմանված կարգով նոր ցուցակի կազմումը: Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված և դատավորի պաշտոնում չնշանակված անձինք նոր ցուցակում ընդգրկվում են Օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 6. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման մասին հայտարարությունը տրվում է արդարադատության խորհրդի կազմավորումից հետո եռամսյա ժամկետում:

 

Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի (այսուհետ` Գերագույն դատարան) պալատներին վերաբերող Օրենսգրքով նախատեսված դրույթներն ուժի մեջ են մտնում 2009 թվականի հունիսի 1-ից:

(2-րդ պարբերությունը հանվել է 27.05.2009 ՀՕ-20-Ն)

(7-րդ հոդվածը փոփ. 27.05.2009 ՀՕ-20-Ն)

 

Հոդված 8. (հոդվածն ուժը կորցրել է 27.05.2009 ՀՕ-20-Ն)

Հոդված 9. Օրենսգրքով նախատեսված դատական կարգադրիչների ծառայությունն ստեղծվում է 2010 թվականի հունվարի 1-ից:

 

Հոդված 10. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 5-րդ կետերով կամ 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի` «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նշանակված տարիքային կենսաթոշակի (այսուհետ` պետական կենսաթոշակ) նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար (այսուհետ` հավելավճար) նրա` վերջին մեկ տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի՝

1) 75 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով՝ դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած լինելու դեպքում.

2) 65 տոկոսի և պետական կենաթոշակի տարբերության չափով՝ դատավորի պաշտոնում 10 տարուց պակաս, բայց առնվազն 5 տարի աշխատած լինելու դեպքում:

Միջին աշխատավարձը հաշվարկելու, հավելավճարը հաշվարկելու, նշանակելու և վճարելու, ինչպես նաև ստաժը հաշվարկելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Պետական կենսաթոշակի և հավելավճարի հանրագումարի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 45-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսը:

Հավելավճարի չափը վերահաշվարկվում է`

1) պետական կենսաթոշակի չափը վերահաշվարկելու դեպքում.

2) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 45-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափը բարձրացնելու դեպքում:

Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում հավելավճարի չափը վերահաշվարկվում է դրույքաչափի բարձրացմանը համամասնորեն: Հավելավճարի չափը վերահաշվարկելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

(10-րդ հոդվածը խմբ. 13.04.2011 ՀՕ-14-Ն)

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2008թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-72-Ն