| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«04» հոկտեմբերի 2006թ.
Պետական գրանցման թիվ 602 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«27» սեպտեմբերի 2006թ. |
Թիվ 19/55 |
ք. Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 13-րդ ենթակետով և «Հանրաքվեի մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի «ժբ» կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել լրագրողների վկայականների ձևերը` համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. մարտի 4-ի «Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հավատարմագրելու կարգը սահմանելու մասին» թիվ 4/34 որոշումը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ` |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված 1
ԼՂՀ ԿԸՀ 2006թ. սեպտեմբերի 27-ի
թիվ 19/55 որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այսուհետ` լրագրող) կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի` ընտրական հանձնաժողովներում գործունեության կազմակերպման հիմնադրույթները, նպատակ ունենալով ապահովել ընտրական հանձնաժողովների գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու նպատակով լրագրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ:
2. Լրագրողի հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան: Հավատարմագրված լրագրողի գործունեությունն ընտրական հանձնաժողովների տարածքներում կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով` խոսքի ազատության ապահովման միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:
3. Ընտրական հանձնաժողովը`
ա) որևէ ձևով կամ եղանակով չի իրականացնում հավատարմագրված լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն.
բ) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ.
գ) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին տրամադրում է միաժամանակ.
դ) հավատարմագրված բոլոր լրագրողներին հնարավորինս շուտ տեղեկացնում է հանձնաժողովի այն միջոցառումների ժամանակի և անցկացման վայրի մասին, որոնք կազմակերպվում են լրագրողների համար կամ նախատեսված է լրագրողների մասնակցությունը միջոցառումներին:
Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը: Ընտրական հանձնաժողովի կամ լրագրողի էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում ընտրական հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար:
4 Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը և մամուլի քարտուղարը, ընտրական մյուս հանձնաժողովներում` համապատասխան հանձնաժողովի նախագահը:
(4-րդ կետը լրաց. 16.03.2011 N 7/19-Ն)
5. Ընտրական հանձնաժողովների գործունեությունը լուսաբանելու նպատակով լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովին, նշելով`
ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հասցեն).
բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի` ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).
գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).
դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են):
6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան:
Լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողի դիմումը ստացվելուց հետո, այն անմիջապես գրանցվում է լրագրողների հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են դրա ստացման օրը և սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դիմումում մատնանշված տեղեկությունները: Մատյանի համապատասխան սյունակներում գրանցվում են լրագրողին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին գրառումը, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման վերջնաժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ:
7. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից դիմումում ավելի պակաս ժամկետ նշելու դեպքում` տվյալ ժամկետով:
8. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր:
9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին գրառում է կատարում լրագրողին հավատարմագրելու մատյանում և այդ մասին գրություն ուղարկում լրատվական գործունեություն իրականացնողին:
10. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումը չի բովանդակում սահմանված տեղեկությունները կամ խախտվում է սույն կարգի 8-րդ կետի պահանջը կամ առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու սույն կարգի 12-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը:
11. Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է ընտրական հանձնաժողովներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովի անցագրային կետ:
Ցուցակում փոփոխությունները և լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան` այդ գրառումները կատարելուց անմիջապես հետո:
12 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`
ա) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով.
բ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
գ) նա տարածել է ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.
դ) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.
ե) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը:
Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին, մեկօրյա ժամկետում, գրությամբ հայտնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:
13. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի` կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հավատարմագրումը չի պահանջվում, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը:
14. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի`
ա) ստանալու լրատվության միջոցների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկատվությունը.
բ) նախապես տեղեկացված լինելու ընտրական հանձնաժողովների միջոցառումների անցկացման մասին և ծանոթանալու առկա տեղեկատու նյութերին.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցելու ընտրական հանձնաժողովների միջոցառումներին.
դ) հավատարմագրված այլ լրագրողների հետ համահավասար օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից.
ե) կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված լինելու հանգամանքից անկախ` տեղեկատվության ազատության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու և ստանալու իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը:
15. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարը լրագրողի մասնագիտական գործունեությանն օժանդակելու նպատակով, լրագրողի միջնորդությամբ, կազմակերպում է այցելություններ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ստորաբաժանումներ և հանդիպումներ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների հետ:
(15-րդ կետը լրաց., փոփ.16.03.2011 N 7/19-Ն)
16. Ընտրական հանձնաժողովի միջոցառումներին կարող են մասնակցել կամ ներկա գտնվել յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, եթե ընտրական հանձնաժողովի նախագահի հետ ձեռք չի բերված այլ պայմանավորվածություն և, եթե ավելի մեծ թվով լրագրողների, լուսանկարիչների ու օպերատորների մասնակցությունը չի սահմանափակի հավատարմագրված այլ լրագրողների մասնակցության հնարավորությունը:
17. Ընտրական հանձնաժողովի միջոցառումներից դուրս լրագրողի այցելությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով` համաձայնեցվում է հանձնաժողովի նախագահի հետ: Այդ դեպքում (ինչպես նաև միջոցառումների ժամանակ) լրագրողն ընտրական հանձնաժողով է այցելում սույն կարգի 11-րդ կետում նշված ցուցակի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա` առանց ընտրական հանձնաժողովի տարածք մուտք գործելու անցագրի:
(17-րդ կետը փոփ.16.03.2011 N 7/19-Ն)
18. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում` հանձնաժողովի քարտուղարի, ընտրական մյուս հանձնաժողովներում` համապատասխան հանձնաժողովի նախագահի` հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպմանն ուղղված ցուցումները պարտադիր են հավատարմագրված լրագրողի համար:
(Հավելված 1-ը լրաց., փոփ.16.03.2011 N 7/19-Ն)
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար` |
Ռ. Նազարյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ ԿԸՀ 2006թ. սեպտեմբերի 27-ի
թիվ 19/55 որոշման |
|
ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն Թ Ի Վ_____
_______________________________________ կազմակերպության անվանումը
_______________________________________
ազգանուն, անուն, հայրանուն
Հավատարմագրված է մինչև ________________ 200 թ.
Հանձնաժողովի նախագահ` Կ.Տ.
Ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելիս
|
|
НАГОРНО-КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА
ЦЕНТРАЛЬНАЯ ИЗБИРАТЕЛЬНАЯ КОМИССИЯ
Удостоверение N______
____________________________________
наименование организации
____________________________________
Ф.И.О
Действительно до__________________________ 200 г.
М.П.
Председатель________________________Ф.И.О
Дата выдачи______________200 г.
|
(Հավելված 2-ը փոփ.16.03.2011 N 7/19-Ն)
|
Հանձնաժողովի քարտուղար` |
Ռ. Նազարյան |