ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"11" հոկտեմբերի 2005թ. |
N 401 |
ք.Ստեփանակերտ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը` համաձայն հավելվածի:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«11» հոկտեմբերի 2005թ.
թիվ 401 որոշման |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ
1. Քաղաքացիական կացության ակտերի (այսուհետ` ակտ) գրառումների վերականգնումը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) տարածքային մարմինների կողմից` այդ գրանցումները կորսվելու դեպքում:
2. Ակտի գրառումը վերականգնելու մասին դիմումը ներկայացվում է դիմողի բնակության վայրի ՔԿԱԳ-ի տարածքային մարմին:
Դիմումին կցվում են նաև`
ա) դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
բ) կորած ակտի գրանցման գտնվելու վայրի ՔԿԱԳ-ի համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքն ակտերի գրանցման գրքերում գրանցում չլինելու մասին.
գ) դիմողի ինքնակենսագրությունը (հոր, մոր, եղբայրների, քույրերի, երեխաների մասին տվյալների մանրամասն նշումով).
դ) դիմողի բնակության վայրի մասին տեղեկանք` նշելով նրա հետ համատեղ ապրող ընտանիքի անդամներին (հորը, մորը, եղբայրներին, քույրերին, երեխաներին) և նրանց մասին տեղեկություններ (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը և տարեթիվը, ծննդավայրը).
ե) ակտի գրառումը վերականգնելու համար անհրաժեշտ տեղեկությունները հաստատող փաստաթղթեր (զինվորական գրքույկի, աշխատանքային գրքույկի, կրթությանը վերաբերող փաստաթղթերի, ամուսնության, ամուսնալուծության, երեխաների, եղբայրների, քույրերի ծննդյան վկայականների պատճենները, ինչպես նաև տեղեկանք` տրված աշխատանքի վայրից և այլն).
զ) լուսանկար` 2 հատ 3x4 չափսի:
Դիմումին կարող են կցվել ծննդի մասին բժշկական տեղեկանքը, բուժական հիմնարկների, մանկապարտեզների, դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների կողմից տրված տեղեկանքները, ինչպես նաև տեղեկանքներ` տրված նախկին աշխատանքի և բնակության վայրերից, դիմողի ծննդյան ժամանակը հաստատող և այլ փաստաթղթեր: Անհրաժեշտության դեպքում ՔԿԱԳ-ի տարածքային մարմինը կարող է հարցումների միջոցով ստանալ այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
3. Ակտի գրանցման կորուստը պետք է հաստատված լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի հանրապետական ՔԿԱԳ-ի արխիվի կողմից, որը, ի պատասխան դիմողի կամ ՔԿԱԳ-ի համապատասխան մարմնի հարցման, տալիս է այդ գրանցման բացակայության մասին սահմանված ձևի տեղեկանք:
Ակտի գրանցման կորուստը հաստատող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի հանրապետական ՔԿԱԳ-ի արխիվը պարտավոր է ակտի գրանցման առկայությունն ստուգել դիմումում նշված ծննդյան վայրի ակտերի գրանցման գրքերով: Ստուգումը կատարվում է 7 տարվա գրքերում (այն տարվա համար, որը նշված է դիմումում, ինչպես նաև` դրան նախորդող 3 տարվա համար և դրան հաջորդող 3 տարվա համար):
4. Օտարերկրյա պետություններում ծնված քաղաքացիների (բացառությամբ Ադրբեջանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բռնագաղթածների) վերաբերյալ հարցումները կատարվում են նրանց դիմումներում նշված ակտերի գրանցման 1-ին և 2-րդ օրինակների գտնվելու վայրերի ՔԿԱԳ-ի համապատասխան մարմիններից:
5. Որդեգրման, հայրության որոշման, ազգանվան, անվան, հայրանվան փոխման, ամուսնության, ամուսնալուծության, մահվան մասին գրառումները վերականգնվում են միայն այն դեպքում, երբ առկա են հաստատող փաստաթղթեր այն մասին, որ համապատասխան ակտի գրանցում նախկինում եղել է (ակտերի գրանցման վերաբերյալ վկայականներ կամ այդ վկայականների հաստատված պատճեններ, անձը հաստատող փաստաթղթերում ակտերի գրանցման վերաբերյալ դրոշմակներ և այլն):
6. Ակտերի գրառումները վերականգնելու մասին դիմումները տրվում են այն անձանց կողմից, որոնց վերաբերում են այդ գրանցումները:
7. 18 տարին չլրացած երեխաներին վերաբերող ակտերի գրառումները վերականգնվում են նրանց ծնողների, որդեգրողների, խնամակալների ու հոգաբարձուների, ինչպես նաև այն անձանց և կազմակերպությունների դիմումների հիման վրա, որոնց դաստիարակությանն են հանձնված եղել այդ անչափահասները:
Սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց վերաբերյալ ակտերի գրառումները վերականգնվում են նրանց խնամակալների դիմումների հիման վրա:
Այն անձանց վերաբերյալ, որոնց նկատմամբ, ըստ նրանց առողջական վիճակի, հոգաբարձություն է սահմանված, ակտերի գրառումները կարող են վերականգնվել հոգաբարձուների դիմումների հիման վրա:
Ըստ անհրաժեշտության, ակտերի գրառումների վերականգնման մասին դիմումներով ՔԿԱԳ-ի տարածքային մարմիններ կարող են դիմել սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված` 16 տարին լրացած անչափահասները:
8. Ստացված դիմումը և դրան կից փաստաթղթերը մանրազնին ուսումնասիրվում, համեմատվում են ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից: Այն փաստերը, ինչպես նաև փաստաթղթերում առկա գրանցումները, որոնց հավաստի լինելը կասկած է հարուցում, ստուգվում են ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից` համապատասխան կազմակերպությունից, ՔԿԱԳ-ի այլ տարածքային մարմիններից հարցումներ կատարելու միջոցով:
9. Ծննդի մասին ակտի վերականգնվող գրառման մեջ անձի ծննդյան ժամանակը նշվում է առկա փաստաթղթերի հիման վրա (անձնագիր, անձնագիրը փոխարինող փաստաթղթեր, զինվորական գրքույկ, աշխատանքային գրքույկ, կրթությանը վերաբերող փաստաթղթեր, դիմողի ամուսնության, ամուսնալուծության, նրա երեխաների, ծնունդների գրանցումների պատճեններ և այլն), եթե ներկայացված փաստաթղթերում ծննդյան ժամանակի տարբերություններ չկան:
10. Երբ ներկայացված փաստաթղթերում նշված է միայն ծննդյան տարեթիվը, առանց նշելու ամիսը, ամսաթիվը, ապա ծննդյան ամիս և ամսաթիվ է ընդունվում տվյալ տարվա հուլիսի 1-ը:
Եթե ծննդյան ժամանակը սահմանված է տարվա առաջին կեսը, ապա ծննդյան ամիս և ամսաթիվ են ընդունվում տվյալ տարվա ապրիլի 1-ը, եթե` երկրորդ կեսը, ապա` նույն տարվա հոկտեմբերի 1-ը:
Եթե ծննդյան ժամանակի վերաբերյալ փաստաթղթում նշված են ծննդյան տարեթիվը և ամիսը` առանց ամսաթվի, ապա ծննդյան ամսաթիվն ընդունվում է համապատասխան ամսվա 15-ը:
11. Եթե բժշկական հիմնարկում մինչև 16 տարեկան երեխաների ծննդի մասին տվյալներ չկան, ապա ակտերի գրառումը վերականգնելու մասին դիմումը սույն կարգով սահմանված դեպքերում մերժվում է:
12. Ըստ անհրաժեշտության` նյութերն ստուգման համար ուղարկվում են դիմումն ընդունող ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի գտնվելու վայրի ոստիկանություն, որն այն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում վերադարձնում է ՔԿԱԳ-ի տարածքային մարմին` ստուգման արդյունքների մասին եզրակացության հետ միասին:
13. Ներկայացված փաստաթղթերի և ստուգման արդյունքների հիման վրա ՔԿԱԳ-ի տարածքային մարմինը ակտի գրառման վերականգնման վերաբերյալ քաղաքացու խնդրանքը բավարարելու կամ մերժելու մասին եզրակացության հետ միասին կազմում է գործ և ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն:
14. Ակտերի գրառման վերականգնումը մերժելու դեպքում ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի եզրակացության մեջ պետք է նշվեն մերժման հիմքերը:
15. Ակտերի գրառումը վերականգնելու կամ այն մերժելու մասին ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի եզրակացությունը հաստատվում կամ մերժվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից, որի մասին նշվում է եզրակացության վերին աջ անկյունում «Հաստատում եմ» կամ «Մերժում եմ» մակագրությամբ:
Ակտերի գրառումը վերականգնելու մասին ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի եզրակացությունը կազմվում է 2 օրինակից:
16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարը մերժում է ակտերի գրառման վերականգնման մասին ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից տրված եզրակացությունը, եթե ակտերի գրառման վերականգնման գործը կազմվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ, ակտերի գրառման վերականգնում կատարելու պահանջը հիմնավորված չէ, փաստաթղթերում առկա են տեղեկությունների ակնհայտ անհամապատասխանություններ:
Ակտի գրառման վերականգնումը մերժելու մասին դիմողին տրվում է գրավոր պարզաբանում մերժման հիմքերի մասին, բացատրվում է գրառման վերականգնման մերժումը բողոքարկելու կարգը և, նրա խնդրանքով, նրա կողմից ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են նրան, բացի դիմումից: Բոլոր վերադարձվող փաստաթղթերի լուսապատճենները և դիմումը պահվում են ՔԿԱԳ-ի համապատասխան մարմնում:
17. Ակտերի վերականգնված գրառման մասին արձանագրվում է ընթացիկ գրանցման գրքում, իսկ ծննդի մասին վերականգնված գրառումը` ծննդի մասին վերականգնված գրառումների արձանագրման գրքում:
Ծննդի մասին վերականգնված գրառումների համարակալումն սկսվում է 1-ին համարից, այնուհետև տարվա ընթացքում` ըստ հաջորդականության: Մյուս ակտերի գրանցման վերաբերյալ վերականգնված գրառումները համարակալվում են նախկին գրառման համարով` ավելացնելով «Վ» տառը և վերականգնված գրառման հերթական համարը:
Վերականգնված գրառման երկրորդ օրինակն ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի հանրապետական ՔԿԱԳ-ի արխիվ:
18. Ակտի գրանցման փաստը դատական կարգով հաստատվելու դեպքում ՔԿԱԳ-ի տարածքային մարմինն ակտի գրանցումն արձանագրում է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա` առանց եզրակացություն կազմելու: Դիմողը դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնում է իր մշտական բնակության վայրի ՔԿԱԳ-ի տարածքային մարմին` ակտի գրառումը վերականգնելու մասին դիմումի հետ միասին:
19. Ակտերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՔԿԱԳ-ի տարածքային մարմիններում գրանցած` օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ակտերի գրառումները վերականգնելու մասին դիմումները ներկայացնում են անձամբ կամ տվյալ պետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության միջոցով:
20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվող և ակտերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՔԿԱԳ-ի տարածքային մարմիններում գրանցած օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց ակտերի գրառումների վերականգնումը կատարվում է ընդհանուր կարգով:
21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարը իրավունք ունի ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի ներկայացրած նյութերը ոչ լրիվ լինելու դեպքում դրանք վերադարձնելու լրացուցիչ ուսումնասիրության` գրավոր նշելով գործում առկա թերությունները, փաստաթղթերում առկա տեղեկությունների անհամապատասխանությունները և այլն:
22. Ակտերի գրառումները վերականգնելու վերաբերյալ հարցերի քննարկումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում` հաշված ՔԿԱԳ-ի տարածքային մարմնում դիմումն ստանալու օրվան հաջորդող օրվանից: Ըստ անհրաժեշտության` այդ ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 2 ամիս` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից համապատասխան մակագրություն կատարվելու միջոցով: Յուրաքանչյուր առանձին դեպքում ժամկետը որոշվում է` ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից: ՔԿԱԳ-ի համապատասխան տարածքային մարմինը ժամկետի երկարաձգման մասին տեղեկացնում է դիմողին:
23. Ակտերի գրառումները վերականգնելու մասին դիմումների, ինչպես նաև սահմանված ժամկետի բացթողմամբ ծնունդների գրանցման մասին դիմումները գրանցվում են դիմումների հաշվառման հատուկ մատյանում` ըստ սահմանված ձևի:
24. ՔԿԱԳ-ի տարածքային մարմիններն ակտերի գրառումների վերականգնումներ կատարելու մասին տեղեկացնում են իրենց գտնվելու վայրի ոստիկանության մարմիններին, իսկ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերող ակտերի գրառումներում վերականգնումներ կատարելու մասին` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
25. Ակտի վերականգնված գրառման հիման վրա դիմողին տրվում է ակտի պետական գրանցման վկայական:
Ակտի վերականգնված գրառման հիման վրա տրվող վկայականների վրա դրվում է դրոշմակ` «Գրանցումը վերականգնված է» մակագրությամբ: Տրված վկայականի սերիան և համարը նշվում են վերականգնված ակտի գրանցման 2 օրինակի վրա:
26. Ակտի գրառման վերականգնման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |